2021.06.17,

Նյուսրում

Առաջին դեմքերի հեռուստաբանավեճից բացակայում էին հինգ թեկնածու

author_posts/gayane-asryan
Գայանե Ասրյան
facebook

Լրագրող

Հունիսի 20-ի ընտրություններից առաջ քաղաքական բանավեճի թեման նորից արդիական է դառնում։ Հանրային հեռուստաընկերությունը հրավեր է ուղարկել քաղաքական ուժերի առաջին դեմքերին հեռուստաբանավեճի մասնակցության համար։

Առաջին դեմքերի մասնակցությամբ բանավեճերը նախատեսված է երկու փուլով, հունիսին 16-ին եթեր է տրամադրվել համեմատաբար ավելի նոր գրանցում ունեցող քաղաքական ուժերի ներկայացուցիչներին, իսկ հունիսի 17-ին հին, նաև մրցապայքարի մեջ ակտիվ դերակատարներին։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը թեև հունիսի 17-ին Հանրապետության հրապարակում կուսակցության ամփոփիչ հանրահավաքին էր, սակայն անմիջապես հետո ներկայացավ բանավեճին։

Հեռուստաբանավեճին ներկա չէին հինգ քաղաքական ուժերի վարչապետի թեկնածուները՝ «Հայաստան» դաշինք, ՀԱԿ, ԲՀԿ, «Պատիվ ունեմ», «Ազատ Հայրենիք»։

Նիկոլ Փաշինյանի հետ Լևոն Տեր Պետրոսյանի բանավեճի թեմայով ՀԱԿ-ը պարզաբանել էր, որ «մի նոր նվաստացում կլինի մեր երկրի հաղթանակի խորհրդանիշ Տեր-Պետրոսյանի և Հայաստանի պարտության և նվաստացման խորհրդանիշ Նիկոլ Փաշինյանի միջև բանավեճի պատկերը»։

Փաշինյանի հետ բանավեճի պատրաստակամություն էր հայտնել ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։

Հիմնական մրցակիցներից Ռոբերտ Քոչարյանը ևս հրաժարվել է առաջին դեմքերի մասնակցությամբ բանավեճից։ Այս առիթով երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն ասել է, որ «Նիկոլ Փաշինյանի հետ նույն վայրում գտնվելն ամոթալի է, ուր մնաց՝ ինչ-որ բանի մասին բանավիճելը»: 

Չի կայացել նաև Քոչարյանի հետ Հանրայինի հետ նախատեսած հարցազրույցը: Քոչարյանը պատրաստ է եղել արտագնա հարցազրույցի, սակայն տեխնիկական խնդիրները հաշվի առնելով, Հանրայինը նրան հրավիրել է տաղավարային զրույցի։

Այս հարցազրույցը ևս չի կայանա, որովհետև, ըստ Սողոմոնյանի, «ցանկացած նախապայմանի առկայություն այս պարագայում արդեն խնդրահարույց է»: 

Նախորդ ընտրությունների ժամանակ հեռուստաբանավեճի հարցը շատ էր քննարկվում, արդեն փոխված ընտրական օրենսգրքով 2021-ի ԱԺ արտահերթ ընտրություններին հաջորդող ընտրությունների ժամանակ նախընտրական քարոզչության ժամանակ բանավեճերը դառնում են պարտադիր։

Նախընտրական բանավեճերի թեման, ձևաչափը և կանոնները որոշում է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը: Նախընտրական բանավեճերը հեռարձակվում են ուղիղ եթերով:

Բանավեճերից առնվազն մեկին պետք է հրավեր ստանան միայն կուսակցությունների (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակների առաջին համարի թեկնածուները: 

Այս ընտրություններին ընդառաջ Հանրային հեռուստաընկերության եթերում բանավեճերի համար մշակվել են վարքագծի կանոններ։ Քաղաքական ուժերի ներկայացուցիչները նախքան բանավեճային հաղորդումներին մասնակցելը ծանոթանում են և տալիս իրենց գրավոր համաձայնությունը ։

Կետերից մեկով «թեկնածուները չեն կարող օգտագործել վիրավորական խոսքեր (այդ թվում սեռական բնույթի), ռասայական վիրավորանքներ, ինչպես նաև «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝  արգելվում է օրենսդրությամբ արգելված արարքների կոչեր տարածելը»: 

Կոչի հեղինակը ուղիղ եթերում զգուշացվում է իրավախախտման մասին, իսկ կրկնակի կոչի դեպքում ուղիղ եթերը դադարեցվում է:

Բանավեճը վարողները կարող են միջամտել և ընդհատել ցանկացած թեկնածուի, որը չի պահպանում վերոնշյալ կանոնները։ 

Գայանե Ասրյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *