Սոցցանցերի ամենամեծ խնդիրը հենց իրենք՝ սոցցանցերն են։ Դարի սկզբին, զրոյականներին, հարթակներում, որտեղ օգտատերերն էին արտադրում բովանդակությունը (User Generated Content), ամեն ինչ մոդերացվում էր ձեռքով։
Գոյություն ունեին ֆորումների մոդերատորներ, ադմիններ, որոնք անում էին նման գործ հիմնականում զուտ էնտուզիազմից ելնելով։ Արտադրվող բովանդակությունն էլ շատ չէր։ Վերջիվերջո, ցանցում նստած էր բնակչության մի քանի տոկոսը։
Նույնիսկ մեծ հարթակները հաջողացնում էին լուծել անընդունելի բովանդակությանը վերաբերող հարցերը կամ կամավոր մոդերատորների, կամ սակավաթիվ աշխատակիցների միջոցով։
Իհարկե, պարբերաբար լինում էին մեգա-անշնորհք դեպքեր: 2004-ին, օրինակ, Livejournal-ում ամերիկացի մի օգտատիրոջ ու զայրացած ռուսալեզու ամբոխների միջև տեղի ունեցած մի անախորժությունը նույնիսկ թափ հաղորդեց ինտերնետային ժարգոնի զարգացմանն ու տարածմանը։ Բայց ամեն դեպքում, հարաբերությունները հարթակներում ստացվում էր մի կերպ կարգավորել՝ նվազագույն զոհերով։
Բայց արդեն զրոյականների ավարտին շատ բան սկսեց փոխվել։ Ամենամեծ բանը, որ անվերադարձ կերպով շրջեց իրավիճակը, մարդկանց քանակն էր։ Սոցցանցերում և ընդհանրապես ինտերնետում օգտատերերի թիվը դարձավ անտանելի մեծ։ Խոսքն արդեն հարյուրավոր միլիոնների ու միլիարդների մասին էր։
Հենց զրոյականների ավարտին համակարգը սկսեց ճռռալ։ Դրա օրինակներից մեկը Յանդեքսի բլոգերային թոփն էր։ Երկար տարիներ գործում էր համակարգ, որը զննում էր բոլոր բլոգային հարթակները, գտնում էր ամենաազդեցիկ գրառումները և դրանցից կազմում թոփ շքերթ, որը կես ժամը մեկ թարմացվում էր։
Բայց մարդկանց քանակի աճը բերեց մանիպուլյացիաների, և Յանդեքսը 2009 թվականի նոյեմբերին փակեց թոփը՝ շրջելով տասնամյակն ու պատմական էջը։
Տասականներին սկսվեց այն, ինչը դժվար էր պատկերացնել։ Մարդկության կեսը մտավ ինտերնետ և սկսեց սոցցանցերում արտադրել աննկարագրելի քանակի բովանդակություն։ Միայն 2014-ին մարդիկ մոտ մեկ տրիլիոն լուսանկար էին արել։ Իսկ հիմա նույնիսկ հաշվելը բարդ կլինի։
Այս ամբողջ աննկարագրելի քանակի տեղեկատվությունը սկսեց լցվել սոցցանցեր։ Ընդ որում, սոցցանցերի թիվն էլ ժամանակի ընթացքում սկսեց կրճատվել։ Եթե դեռ տասը տարի առաջ ամեն երկրում ամենատարածված սոցցանցերի քարտեզը մի քանի տասնյակ անուն էր պարունակում, հիմա քարտեզի լեգենդը շատ աղքատիկ է։
Այսօրվա ամենահայտնի սոցցանցերից յուրաքանչյուրում հարյուրավոր միլիոններից մինչև միլարդների հասնող լսարան կա։ Ու այդ ամենը պետք է մոդերացնել։ Քանի որ այդ հարյուրավոր միլիոններից շատերը խմած են, ուռած են, ցնդած են, բեզարած են, տրաքած են, փախած են և այլն։ Եվ շատերը գերադասում են շփմանը այլ, ոչ պարկեշտ ձևեր։
Ու այս ամենը պետք է մոդերացնել, քանի որ հակառակ դեպքում գեղեցիկ չի ստացվում, էլ չասենք, որ խախտվում են բազմաթիվ երկրների բազմաթիվ օրենքներ։
Սոցցանցերը փորձում են աշխատանքի վերցնել հազարավոր մոդերատորների, միացնել արհեստական բանականություն։ Բայց միևնույն է․ ամեն մի գրառում պետք է մանրակրկիտ զննել, հաշվի առնելով տեղական բարքերը, հումորի հնարավոր դրսևորումները, տառասխալները, փոխաբերություններն ու հազար ու մի այլ մանրուք։ Ինչը ոչ մոդերատորները, ոչ արհեստական բանականությունը ունակ չեն անելու, եթե խոսքը հազարավոր բարբառների, մշակույթների և երկրների մասին է։
Քանի որ մարդավարի մոդերացնել մոտ երեք միլիարդ մարդու Ֆեյսբուքը ունակ չէ, այդ իսկ պատճառով մենք պարբերաբար տեսնում ենք գրառումներ այն մասին, որ այս կամ այն մեր ընկերոջն արգելափակել են մի անհասկանալի պատճառով, իսկ հաճախ՝ նույնիսկ առանց պատճառի։
Ու սա չի վերաբերում միայն Ֆեյսբուքին։ Նման խնդիրներ կան ամենուր։ Երևի միակ հարթակը, որտեղ գրեթե ոչինչ չի մոդերացվում, Տելեգրամն է։ Այնտեղ էլ հանդիպում ես հակառակ ծայրահեղությունների․ թմրադեղերից մինչև զարհուրելի նկարներ ու տեսանյութեր։
Ամեն դեպքում ակնհայտ է, որ հարթակները չեն դիմանում քանակական և որակական ճնշմանը։
Եվ ամեն օր մենք հանդիպում ենք անհեթեթ արգելափակումների կամ գրաքննությանը նմանվող դրսևորումների։ Պարզ է, որ երկար սա շարունակվել չի կարող։ Մարդիկ շուտով սկսելու են որոնել ավելի ազատ հարթակներ։ Կան մարդիկ, որ արդեն նման փնտրտուքների մեջ են։
Իրավիճակը փորձում է որակապես փոխել Ֆեյսբուքը, որը ստեղծել է այսպես կոչված Վերահսկողության խորհուրդ (Facebook Oversight Board), որը բաղկացած է փորձառու մասնագետներից։ Նրանք փորձում են վերստուգել առավել կարևոր կամ նախադեպային գործեր։
Բայց հասկանալի պատճառով, նման գործերի ընտրությունն ինքնին կարող է կողմնակալ լինել։
Վերջերս որոշում է կայացվել, որ արդեն օգտատերերը կարող են դիմել խորհրդին իրենց վերաբերող գործերով։ Սա, իհարկե, աննախադեպ մոտեցում է։ 2021-ի ապրիլի 13-ին Ֆեյսբուքը հայտարարեց, որ արդեն անհատները կարող են դիմել խորհրդին։ Հարկավոր է մուտք գործել ֆեյսբուքյան կամ ինստագրամյան հաշվով ու սկսել դիմելու գործընթացը։
Հարց է մնում, թե ինչքան ժամանակ կդիմանա այս համակարգը, հաշվի առնելով հնարավոր բողոքների քանակը։
Ամեն դեպքում պարզ է, որ սոցցանցերը պետք է լսեն անհատների ձայնը։ Հակառակ դեպքում՝ սիրուն չի ստացվի։
Սամվել Մարտիրոսյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: