Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայ գերիներին վերաբերող հարցի քվեարկությունը օրեր շարունակ հանրային քննարկման տիրույթում էր։ Հայ ռազմագերիներին վերաբերող հարցը, Ադրբեջանի ներկայացուցիչ Սամադ Սեյիդովի միջնորդությամբ, դրվել էր առանձին քվեարկության։ Ռուսաստանի 5 խորհրդարանականներ դեմ էին քվեարկել հարցի` օրակարգում ընգրկվելուն, իսկ 7-ը ձեռնպահ էին մնացել։ Հարցն, ի վերջո, ընդգրկվել էր ԵԽԽՎ լիագումար նստաշրջանի օրակարգ։
ՌԴ պետդումայի պատգամավոր Սերգեյ Պախոմովն իր և գործընկերների քվեարկությունը բացատրել էր տեխնիկական խնդիրներով՝ «Այդ հարցի վերաբերյալ քվեարկության ժամանակ ամբողջ պատվիրակության մոտ տեխնիկական խափանում է գրանցվել։ Մենք էլ այնքան էլ չենք հավատում զուգադիպություններին։ Մենք համապատասխան դիմում ենք ներկայացրել»։
Պախոմովի այս խոսքերը Հայաստանում շատերը արդարանալու անհաջող փորձ համարեցին, իսկ քվեարկության արդյունքը՝ ադրբեջանական լոբբիի հետևանք։
Media.am-ը փորձեց հասկանալ, թե ովքեր են ռազմագերիների հարցին դեմ քվեարկած պատգամավորները և որքանով է արդարացված պնդումը, որ նրանք փոխկապակցված են ադրբեջանական իշխանությունների հետ։
Ռազմագերիների hարցի՝ ԵԽԽՎ օրակարգ ընդգրկվելուն դեմ քվեարկած պատգամավորները
Իրինա Ռոդնինա
Իրինա Ռոդնինայի քվեարկությունը պետք է որ անակնկալ չլիներ. պատգամավորը նախկինում էլ իրեն դրսևորել է ոչ հայանպաստ նախաձեռնություններում։ Երկու տարի առաջ նա այցելել էր Բաքու և մասնակցել Խոջալուի իրադարձություններին նվիրված երթին, իսկ հարցազրույցի ժամանակ մեղադրել էր հայերին ոճրագործության համար, նշել, որ Ռուսաստանում մարդիկ գրեթե ոչինչ չգիտեն Խոջալուի ողբերգության մասին։ Նա նաև հանդիպում էր ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Այս հայտարարություններից հետո Երևանի ավագանու որոշմամբ «Իրինա Ռոդնինայի գեղասահքի դպրոցը» վերանվանվեց «Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցի»։ Իսկ Ռոդնինան իր հերթին արձագանքեց՝ «Թող անեն՝ ինչ ուզում են, դա նրանց գործն է: Ինչպես անվանես նավը, այնպես էլ կլինի նավարկությունը»։
Յուրի Ալեյնիկով
Ալեյնիկովի հարաբերությունները Ադրբեջանի հետ ևս կարող ենք բարիդրացիական համարել։ Նա ծնունդով Ադրբեջանից է` Մինգեչաուր քաղաքից։ Ալեյնիկովն ակտիվորեն մասնակցել և մասնակցում է Ադրբեջանի շահերին ուղղված նախաձեռնություններին։ Նա ընդգրկված է Ադրբեջանի Հանրապետության հետ կապի խորհրդարանականների խմբում։ 2012-ին կազմակերպել և մասնակցել է «Ռուսաստանը և Ադրբեջանը. 200 տարի միասին» կլոր սեղան քննարկմանը։
Ալեյնիկովի անունն, ի դեպ, կապվում է նաև կոռուպցիոն գործարքների հետ։ 2017-ին տարածվեց Բուլղարիայում ձեռքբերված նրա երկու բնակարանների լուրը։
Լեոնիդ Սլուցկի
Պետդումայի պատգամավոր, խորհրդարանի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկիի հարաբերությունները ադրբեջանական կողմի հետ ևս սերտ են։ 2016 թվականին Ադրբեջան այցի ժամանակ Ալիևն անձամբ էր ընդունել նրան։
Ադրբեջանի նախագահի խոսքով՝ Սլուցկին բազմիցս այցելել է Ադրբեջան, և նրա գործունեությունը ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերի, Եվրասիական ինտեգրացիայի ու հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում ծառայել է ԱՊՀ տարածությունում միջխորհրդարանական համագործակցության զարգացմանը:
2015-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և ՌԴ Պետական դումայի ԱՊՀ հարցերի, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի երրորդ համատեղ նիստից հետո Սլուցկին նաև ասել էր, որ Ադրբեջանը մեծ գումարներ է վճարում սպառազինության համար, իսկ Հայաստանը զենք է ստանում լրիվ այլ պայմաններով։
Սերգեյ Պախոմով, Նիկոլայ Ռիժակ
Պատգամավորներ Պախամովի և Ռիժակի՝ ադրբեջանական իշխանության հետ փոխկապակցվածության կամ մտերիմ հարաբերությունների վերաբերյալ տեղեկություն մեզ չհաջողվեց գտնել։ Վերջիններս իրենց հրապարակային ելույթներում որպես կանոն անկողմնակալ և չեզոք դիրքորոշում են հայտնել Ղարաբաղյան կոնֆլիկտի վերաբերյալ։ Միայն նշենք, որ Պախամովը կոռումպացված պաշտոնյայի համբավ ունի Ռուսաստանում. քաղաքական երկարամյա գործունեության ընթացքում նրա անունը բազմիցս ասոցացվել է մի շարք կոռուպցիոն գործարքների և չարաշահումների հետ։
Օֆելյա Սիմոնյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: