2021.04.01,

Նյուսրում

Լսարանի աճ, ֆինանսական անկում. Հայաստանի ռադիոն համավարակի օրերին

author_posts/christian-ginosyan
Քրիստիան Գինոսյան

Մուլտիմեդիա լրագրող

Ռադիոն մեդիայի այն ոլորտն է, որը գրեթե ամբողջովին կախված է բիզնեսի գործունեությունից ու գովազդից։ Գաղտնիք չէ, որ կորոնավիրուսի տարածման պատճառով հայտարարված «լոքդաունի» արդյունքում շատ ձեռնարկություններ կարճ, իսկ որոշ դեպքերում՝ երկար ժամկետով, փակվել էին կամ սառեցրել իրենց գործունեությունը՝ չունենալով որևէ առիթ կամ հնարավորություն գովազդելու ապրանք կամ ծառայություն։

Այնպես էր ստացվել, որ տեղեկատվական առաջնագծում կարևոր դեր խաղալու և իր լսողներին համավարակի մասին օպերատիվ լրահոս տրամադրելու հետ մեկտեղ, ռադիոն կանգնել էր խոշոր ֆինանսական ճգնաժամի առջև, որը շարունակվում է մինչ օրս։ Այդպես է ողջ աշխարհում։

Կորոնավիրուսի հասցրած վնասներից խուսափելու համար 850 կայան ունեցող ամերիկյան «iHeartMedia» կորպորացիան ստիպված էր 250 միլիոն դոլարով կրճատել ծախսերը։ Ռուսաստանում ռադիոյի գովազդային շրջանառությունը 2020-ի ապրիլին նվազել է ավելի քան 49%-ով, երկրի որոշ շրջաններում նվազումը հասել է մինչև 90%։ 

Սակայն տնտեսական վնասները միակ փոփոխությունները չեն, որոնց հանգեցրել է կարանտինային շրջանը։ Բարսելոնայի Պումպեու Ֆաբրա համալսարանում կատարված ուսումնասիրության համաձայն՝ աշխարհի տարբեր ծայրերում նկատվել է ռադիոլսողների թվի ու լսելու ժամանակի նշանակալի աճ։ ԱՄՆ-ում այդ թիվը մեծացել է 28%-ով, Հնդկաստանում` 23%, Հարավային Աֆրիկայում` 36%, Իտալիայում՝ 2,8%։

Հայաստանում այս պահին գործում է 24 ռադիոկայան, որոնցից 4-ն ունեն հանրապետական, իսկ 20-ը քաղաքային կամ մարզային ծածկույթ։ Շուրջ 27 տարի գործող տեղական մասնավոր կոմերցիոն ռադիո ոլորտն անցել է զարգացման տարբեր փուլեր, հաղթահարել թվայնացման ռեսուրսատար պատնեշն ու պահել իր դիրքերը որպես արդիական մեդիում։ 

Այսօր հայկական լսողական ծրագրեր հեռարձակողները կանգնած են նոր մարտահրավերի առջև՝ շարունակե՞լ սեփական գոյությունը, թե՞ ոչ։

Առաջին հարված․ աշխատաոճի փոփոխություններ

Պահանջը ամենուրեք նույնն էր՝ սոցիալական հեռավորության պահպանում, դիմակի պարտադիր կրում, նույն վայրում հավաքված մարդկանց սահմանափակ քանակ։ Դրանց գումարվում էին նաև արտակարգ դրությամբ պայմանավորված զգուշավորությունն ու ինքնախմբագրումը, քանի որ պաշտոնապես գործում էր տեղեկատվության տարածման սահմանափակում։

«Լրատվական ռադիոյի» փոխտնօրեն Դավիթ Խումարյանն ասում է, որ իրենց ռադիոն երկու խոսող մարդու ռադիոկայան է․ «Եվ երբ ասում են, որ այդ երկու մարդիկ չպիտի իրար հանդիպեն, որովհետև կարող են մեկը մյուսին վարակել, դա բերում է կայանի կոլապսի, որի մեջ մենք երկար ժամանակ եղել ենք»։ 

Խումարյանը պատմում է, որ աշխատավայրում, կորոնավիրուսի զանգվածային ապատիայի փուլով անցնելուց անմիջապես հետո, մի քիչ փոխել են տաղավարի կահավորանքը, որ մարդիկ իրարից ավելի հեռու նստեն: Խմբագրությունում փոփոխել են համակարգիչների շարվածքը` փորձելով ապահովել մեկից-մեկուկես մետր հեռավորություն: 

«Այս ամենը պահանջել է ոչ թե մեծ ներդրումներ, այլ խմբագրությունում նյարդային ֆոն, մարդկանց անհարմարություն», – ասում է նա:

«Ռադիո Հայ ցանց» և «FM 105.5 Yerevan» ռադիոկայանների տնօրինությունը 2020-ի մարտ ամսվանից մտցրել է աշխատավայր գալու սահմանափակումներ՝ ամբողջ եթերը ապահովելով տնից. հաղորդումները դուրս էին գալիս ձայնագրված տարբերակով, փլեյլիստեր կազմելը, ծրագրավորումը ու եթերին հետևելու աշխատանքները նույնպես հեռավար էին: «Հայ ցանցը» դադարել էր թողարկել հյուրերով հաղորդումներ: 

«Ռադիո Վան» և «Ռուսսկոյե Ռադիո» կայաններում աշխատանքը նույնպես չի դադարել։ «Ռադիո Ալֆա» հոլդինգի հիմնադիր տնօրեն Շուշանիկ Արևշատյանի խոսքով՝ իրենք պակասեցրել էին աշխատավայր գնացող մարդկանց քանակը․ ովքեր կարող էին՝ տնից էին աշխատում, իսկ եթերն ապահովում էին հաղորդավարները։ 

Հանրային ռադիոյի հաղորդավար և ծրագրավար Լուսինե Մուրադյանը նոր փոփոխությունների նկատմամբ իրենց կայանի արձագանքը գնահատել է «զուսպ ու կշռադատված», քանի որ իրենք սովոր են աշխատել ֆորսմաժորային իրավիճակներում, որից դուրս գալ իրենց օգնում է աշխատանքային բազմամյա փորձը։ Մինչև կարանտինը Հանրայինում կար մոտ 60 հաղորդում, որոնք լույս էին տեսնում ձայնագրված տարբերակով։ Այդ բոլորն անցան հեռավար ռեժիմին՝ տան ձայնագրություններով։ «Առաջինի» թվային ադապտացիաների շարքում տեղ գտան նաև կենդանի համերգները, որոնց փոխարինեց երաժիշտների հետ տեսակապը։

Մուրադյանը համավարակի պայմաններում աշխատելու ևս մի առանձնահատկություն է առանձնացրել՝ եթերում դիմակներով խոսելը, ինչն իրենց համար միակ դժվարությունն էր, որը խանգարում էր տեսնել հյուրին, հյուրին էլ՝ իրենց դեմքի արտահայտությունները։ 

«Բայց դրանից էլ պատվով դուրս եկանք՝ խստագույնս պահպանելով համաճարակային բոլոր կանոնները»,- ասում է նա։

«Ռադիո Մարշալում» եղել է մի ժամանակահատված, երբ եթերն այքան էր կրճատվել, որ մնացել էին միայն լուրերը։ Այդպես է շարունակվել կարանտինի համարյա ամենասկզբից մինչև սեպտեմբեր։ Նման որոշում էր կայանը կայացրել էր հեռավար եթերին անցնելու դժվարություններից խուսափելու համար։ 

«Լրատվական ռադիո», լուսանկարը՝ Քրիստիան Գինոսյանի

Բովանդակային փոփոխություններ 

Բովանդակության փոփոխությունն անխուսափելի էր, քանի որ կորոնավիրուսը առանքցային թեմա էր բոլոր լրատվամիջոցների համար։ Հատուկ հաղորդումներ էին ստեղծվում ու ձայնագրվում վարակի ու համավարակային իրավիճակի մասին։

«Լրատվական ռադիոն» սկսել էր «Համաճարակից հետո» հաղորդաշարը, որի շրջանակներում պատմում էին երկրում սպասվող տնտեսական ազդեցությունների մասին, բայց Խումարյանը կարծում է, որ «տնտեսագետների ու ձեռնարկատերերի կողմից հնչած բոլոր այդ մտքերը չաշխատեցին, որովհետև համաճարակից հետո եկավ պատերազմ, որը լիովին փոխեց տնտեսության մատրիցան»:

«Իմ Ռադիո» երիտասարդական ալիքի հաղորդավար Համլետ Առաքելյանի համոզմամբ՝ իրենց կայանը բում է ապրել համավարակի օրերին, որովհետև ստանդարտ ձևաչափերը, օրինակ` առավոտյան ծրագիրը, կասեցրել էին ու մտածել նորերը, որոնք հնարավոր էր կազմակերպել հեռավար։ 

Այդպես է ծնվել ռադիոկայանի այսօրվա ամենահաջողված ու ռեյտինգային նախագծերից մեկը` «Շատ պոետիկ ռինգը», որը կարանտինից հետո շարունակվեց երկրորդ եթերաշրջանով, արդեն ստուդիայում: «Իմ Ռադիոյի» բովանդակային նորարարություններից էր նաև «Թատրոն կարանտին» հաղորդաշարը, որի գաղափարն ու գլխավոր նպատակը արվեստ ու թատրոն սիրող մարդկանց առօրյան հետաքրքիր դարձնելն էր: Ռադիոկայանը բեմական արվեստի մի վարպետի էր կանչում և ուղիղ եթերում պիես բեմադրում: 

Ռադիոյի տրանսֆորմացիա՝ էքսպերիմենտներ անելու ժամանակը

Քիթ Դեյքինը, ԱՄՆ-ում 14 կայան ունեցող ռադիոընկերության ծրագրավորողը, պատմել է նման ճգնաժամային իրավիճակներում ռադիոյի ստեղծագործական ազատության մասին. «Հիմա էքսպերիմենտներ անելու ժամանակն է։ Գովազդի բացակայության պատճառով մենք ավելի շատ ազատ եթերաժամանակ ունենք։ Ես մեր երաժշտական կայաններից մեկում միացնում եմ այն երգերը, որոնք բոլորն անգիր գիտեն ու մեզ հետ հավասար կերգեն։ Կայաններից մեկում էլ «կեղծ» համերգներ ենք կազմակերպում՝ հեռարձակելով կատարողների կենդանի ալբոմներից թրեքեր»։

Հայկական իրականությունում նման ճանապարհով է գնացել «Ռադիո Վանը», որտեղ ռադիոն բաժանվել է երկու մասի։ Մեկը, ինչպես Արևշատյանն է ասում, ոչ մի գումար չբերող եթերն է, մյուսը՝ դրանից դուրս տարբեր մեդիումներով  արտադրանքն ու սոցիալական մեդիան։ Իրենց կենդանի ստուդիան ձայնագրելու համար վարձակալությամբ տրամադրում են երաժիշտներին ու երաժշտական կոլեկտիվներին, զբաղվում են երաժշտական գործիքավորմամբ։ 

Շատ դեպքերում իրավիճակը նման էր զրոյից ռադիո հիմնադրելուն։ Եվ դա ուներ իր դրական կողմերը։

«Ռադիո Վան», լուսանկարը՝ Քրիստիան Գինոսյանի

Համավարակի դրական կողմերը

«Կորոնավիրուսն այդքան էլ վատ չէր, ևս մեկ փորձություն էր, որը կազմակերպությունը պիտի հաղթահարեր։ Փորձությունները կոփում են, ցույց են տալիս, թե ինչքան ամուր ես, որքանով ես ղեկավարում ճգնաժամերը, որքանով ես կարողանում դուրս գալ այս կամ այն իրավիճակից», – ասում է Շուշանիկ Արևշատյանը։

Եթերից դուրս նախագծերի շրջանակներում «Վանը» ինտենսիվ կերպով աշխատեցնում էր Յություբը, Տիկտոկն ու Ինստագրամը։ 

«Համագործակցեցինք աշխարհի հետ, արտահանեցինք մեր ծառայությունները, աուդիոգրքեր ձայնագրեցինք, նոր, հաջող ու անհաջող նախագծերի վրա աշխատեցինք, վաճառեցինք դրանք ու հովանավորներ գտանք։ Օգտագործեցինք մեր լեզուների իմացությունները՝ ռուսերեն, հայերեն, անգլերեն, իսպաներեն, չինարեն․․․», – պատմում է Արևշատյանը։

Նոր փորձարկումներ եղան նաև այլ ռադիոկայաններում։ Հիմնական գործիքը տեսակապն էր, ինչը բոլոր կայաններին թույլ էր տալիս ընդլայնել տեսադաշտն ու ֆիզիկական սահմանները չընկալել որպես խոչընդոտ։ 

«Մեր ծրագրերում ներառեցինք նաև տարբեր աշխարհամասերում գտնվող գտնվող հայերին՝ լսելի դարձնելով նաև նրանց ձայնը», – ասում է Հանրայինի ծրագրավար Լուսինե Մուրադյանը։ 

Հանրային ռադիոն սոցիալական կայքերում վերբեռնում էր կարճ տեսանյութեր, որոնք ցույց էին տալիս, թե ձայնային աշխարհի մարդիկ ինչպես են տնից աշխատում, ովքեր են իրենց խանգարում և ինչ իրավիճակներում են հայտնվում։ 

Մուրադյանը մի զավեշտալի դրվագ էր հիշել, թե ինչպես էին մինչև դիմակների պարտադիր դառնալը որոշել հաղորդումներից մեկի եթերում խոսել հակագազերով։ 

«Բացի հակագազով շնչելու և խոսելու բարդություններից անընդհատ մտածում էինք՝ ինչպես անել, որ հակագազի վերջնամասը խոսափոխին չդիպչի», – հիշում է հաղորդավարը։

Չնայած «Ռադիո Մարշալ»-ում հաղորդաշարերի մեծ կրճատումներին՝ այստեղ այլընտրանքը նույնպես տեսակապն էր։ «Ռադիո Մարշալում» ՀՌՀ Լրագրության ամբիոնի հետ համատեղ պատրաստվող «Поколение ЧЕ» ծրագրի հաղորդավար և համակարգող Թամարա Հակոբյանը պատմում է, որ իրենք զրուցում էին «Zoom» հավելվածի միջոցով, այնուհետև մոնտաժում և տեղադրում Ֆեյսբուքում։ Բացի դրանից, կայանը լրագրության ֆակուլտետի ուսանողների համար ստեղծեց փոդքաստինգի սեփական հարթակ։

«Իմ Ռադիոյում» կարծում են, որ կարանտինն իրենց կայանի համար շատ արդյունավետ շրջան է, ընդգծելով այն միտքը, որ ճգնաժամային իրավիճակներում իրենք միշտ լավագույն ցուցանիշներն են գրանցում: 

«Տեխնիկական առումով` հասկացանք, որ տնից նույնպես հնարավոր է նորմալ որակի ձայն ստանալ, սկսած` հեռախոսի վրա գուլպա հագցնելուց, մինչև սավանների տակ փակված ձայնագրելն ու տանը, սեփական համակարգիչներով մոնտաժելը և ձայնագրությունն ուղարկելը: Սովորեցինք այդ ամենն ու հմտացանք: Նախկինում տեսազանգերի միջոցով հաղորդումներ չէինք ստանում», – ասում է Համլետ Առաքելյանը։

Գովազդ, ֆինանսական ճգնաժամ

PwC միջազգային ցանցի հետազոտության համաձայն՝ ռադիո գովազդի եկամուտն ամբողջ աշխարհում 2015-ից սկսած ամեն տարի կրճատվում է, ռադիոն կորցնում է իր նշանակությունը լայն հասարակության շրջանում։

Հայաստանյան ռադիոկայաններում գովազդը տեղադրում են տարբեր եղանակով, թե՛ աշխատելով գովազդային գործակալությունների հետ, որոնք միաժամանակ նաև սպասարկում են հեռուստատեսությանը, թե՛ ինքնուրույն ու ուղիղ կապի միջոցով գովազդատուի հետ, թե՛ sales house-ների շնորհիվ։

Վերջին տարբերակից են օգտվում «Ռադիո հայ» ու «Ռադիո Ալֆա» հոլդինգները։ 

«2010-2011 թվականներից համագործակցում ենք «Ռադիո Վան» և «Ռուսսկոյե Ռադիո» կայանների հետ` միասին վաճառելով մեր գովազդային ժամանակի 30-40%-ը», – ասում է «Ռադիո Հայ» հոլդինգի տնօրեն Անդրիաս Ղուկասյանը։

«Ռադիո Հայ», լուսանկարը՝ Քրիստիան Գինոսյանի

«Ռադիո Հայը»-ը սովորական ամիսներին ունի 10 գովազդատու,  տոնական-առևտրային սեզոններին այդ թիվը հասնում է մինչև 15-ի, իսկ 2020-ի ապրիլին ունեցել է 2-3-ը՝ կրճատելով գովազդային ողջ շրջանառության մոտ 70%-ը: 

Նույն վիճակը շարունակվել է մայիս և հունիս ամիսներին։ Հուլիսին նկատվել են դրական փոփոխություններ և արդեն սեպտեմբերին, 2019-ի սեպտեմբերի համեմատ գովազդային շրջանառությունը 70-80%-ով վերականգնվել է: Դրանից հետո, պատերազմի մեկնարկից գրեթե մինչև դեկտեմբերի վերջ, բոլոր գովազդատուները կասեցրել են իրենց ծրագրերը: 

«Ռադիո Վանում» եկամուտները նվազել են 85%-ով, ինչը կայանին հասցնում է փակման եզրին։ 

Արևշատյանը պատմում է․ «Եթե անցյալ տարվա մարտին ունեինք 10 միլիոն դրամի շրջանառություն մեկ ռադիոյով, ապրիլին ունեինք 3 միլիոն, մայիսին՝ 4 միլիոն։ Ամփոփելով 2020 թվականը՝ կարող եմ ասել, որ «Ռուսսկոյե ռադիոն» դուրս է եկել շահույթով, իսկ «Վանը»՝ պակասորդով։ Արդյունքում մեր հոլդինգը զրոյի վրա է, դրա շնորհիվ էլ պարտքեր չունենք»։ 

Գովազդային շրջանառության կորուստը «Լրատվական ռադիոյում» կազմել է 80%, կայանի գովազդային հաճախորդների քանակն այս պահին 6-ն է՝ նախկին 15-ի փոխարեն:

«Գովազդը ներդրում է ապագայի մեջ։ Երբ գործարարն ապագա չի տեսնում երկրում, հետևաբար ներդրում չի անում: Եթե երկրում լոքդաուն է, գովազդատուի աշխատանքն ու ծառայությունը փակ է, ո՞վ պիտի գովազդ պատվիրի, փակ ձեռնարկությունը հո՞ չի գովազդելու», – ասում է Խումարյանը։ 

Դավիթ Խումարյանը համեմատել է 2019-ի նոյեմբերի շրջանառությունը 2020-ի նոյեմբերի շրջանառության հետ․ տարբերությունը կազմել է 70%: 2019-ի նոյեմբերին ռադիոկայանն իր վաճառքի մասնագետներին տվել է այնքան բոնուս, որքան կազմել է 2020-ի նոյեմբերի ողջ շրջանառությունը։ Այժմ «Լրատվականը» մոտենում է 2019-ի իր գովազդային շրջանառության 50%-ին։ 

«Ռադիո Հայում» փաստում են գովազդատուների ետ վերադառնալու մասին, բայց ոչ նախկինի նման, այլ շատ ավելի փոքր մեդիապլանով` կեսի չափով:

«Ռադիո Վան», լուսանկարը՝ Քրիստիան Գինոսյանի

«ՌադիոԿոնտռոլ ՍՊԸ»-ն Հայաստանի ռադիոկայանների գովազդի մոնիթորինգային կազմակերպություն է, որից ռադիոկայաններն ու գովազդային գործակալությունները վերցնում են հաշվետվություններ, իմանալու, թե իրենց մրցակիցները որքան ու ինչ գովազդ ունեն։ 

Կազմակերպության մարքեթինգի տնօրեն Տիգրան Մելիքյանն ասում է, որ կորոնավիրուսի տարածման ժամանակ իրենք նույնպես կրել են վնասնել՝ քչացել են պատվերները, աշխատակիցների աշխատաժամանակը 6 ժամից կրճատվել, դարձել է 3,5 ժամ։ 

Խոշոր գովազդատուներից՝ կապի ոլորտի ներկայացուցիչներ Ucom-ը, MTS-ը, Beeline-ը, լիովին բացակայում էին, և, չնայած, պակասել էին նաև բուքմեյքերական կազմակերպությունների ու օնլայն խաղատների պատվերները, 2020-ի ապրիլին «Վանի» գրանցած եկամտային ամենացածր ցուցանիշը՝ 3 միլիոն դրամը, ռադիոն ստացել էր տոտալիզատորներից՝ «Վիվառո», «Ադջարաբեթ»։ 

Լսարանի կտրուկ աճ, ֆինանսական ռեսուրսների կտրուկ անկում

«Լրատվական ռադիոն» հայ ռադիոլսողի վատ օրվա ռադիոկայանն է, որովհետև երբ երկրում ամեն ինչ լավ է, մեծ հաշվով լուրեր լսելու կարիք չկա: Ու, դժբախտաբար, լրատվական ծառայություններին մարդիկ սկսում են հետևել այն ժամանակ, երբ երկրում որևէ խնդիր կա, ուստի այս ճգնաժամի ընթացքում լսողների թիվը նույնպես աճել է: Մեր մարքեթինգի բաժինը շատ տխուր է, որ չի կարողանում մոնետիզացնել այդ լսելիության աճը», – ասում է կայանի փոխտնօրենը:

Հայաստանում ռադիո ռեյտինգների չափման գործիք չկա։ 

Հեռուստատեսության և ռադիո հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի խոսքով՝ ժամանակին արվում էին հեռախոսային մեթոդով չափումներ, իսկ այսօր կան ռադիոկայաններ, որոնք իրեց լսողների քանակը տեսնում են ինտերնետային տիրույթում, ինչը չի ներկայացնում ամբողջ պատկերը։

Հեռուստաալիքների դեպքում կան առանձին կազմակերպություններ, որոնք հաշվում են GRP-ները, բաժիններն (CRR, Effiecienncy Ratio) ու սեգմենտները։ Ռադիոյի դեպքում այդպես չէ։ Հայաստանում ռադիոյի վարկանիշների չափման գործիքակազմի բացակայությունը պայմանավորված է աղքատ շուկայով ու թանկ տեխնոլոգիաներով։ Ի տարբերություն հեռուստաշուկայի՝ ռադիոյում գովազդի ծավալները փոքր են:

«Լրատվական ռադիոն» այդ հարցը լուծել է Gallup international-ի Հայաստանյան ներկայացուցիչ MPG (Էմ Փի Ջի ՍՊԸ) ընկերությանը պարբերաբար պատվիրելով սեփական օգտագործման համար փակ հարցումներ, պարզելու, թե իրենց լսողներն ինչ սեռատարիքային խմբի ներկայացուցիչներ են, ինչ կրթություն ունեն, որքան է նրանց ֆինանսական եկամտի չափը և այլն։ 

«Ռադիո Հայը» լսողների աճի գնահատման հետազոտություն չի կատարել, սակայն այդ աճի միտումը նկատել է դեռևս անցյալ տարվա ամռանից։ 

«Վանը» չափումների միջոցով իրավիճակը պարզելու փոխարեն 2021-ի փետրվարին «Էմ Փի Ջի» ընկերության կողմից ստացել է «Տարվա լավագույն ռադիո» մրցանակը, որը հիմնված է 2020-ի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին ընկերության կողմից իրականացված հեռախոսային հարցումների արդյունքների վրա։ 

«Ռադիո Հայ», լուսանկարը՝ Քրիստիան Գինոսյանի

Աշխատակիցներ

Ռադիո հոլդինգներից երկուսի ֆինանսական պուհաստային ֆոնդերը թույլ են տվել համաճարակի ճգնաժամային ամիսներին ապասարկել ընթացիկ, ամրագրված աշխատավարձային ծախսերը, սակայն դրանք սպառվել են հետո՝ պատերազմի պատճառով: 

«Վան»-ում այդ ֆոնդը զգալիորեն պակասել է, բայց հաջողվել է խուսափել պարտքերից։

«Ռադիո Հայ»-ը, լինելով երեք հոլդինգներից միակը, որն ունի հանրապետական ծածկույթ, մոտ 4 միլիոն դրամի պարտքեր է կուտակել։ 

«Մեր մարտավարությունը հետևյալն էր՝ չուշացնել հարկերը, բանկերի վճարներն ու աշխատավարձերը՝ մյուս մատակարարների հաշվին։ Հիմա բոլոր պարտքերը հավաքել ենք, գումարած աշտարակների վարձավճարները, ինչն այս ոլորտի ամենածախսատար բանն է։ Հույս ունենք, եթե իրավիճակը կրկին չապակայունացվի, մինչև 2021-ի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներ, փակել դրանք», – ասում է Անդրիաս Ղուկասյանը: 

Կայանը կրճատել է աշխատակիցների քանակը պատերազմի պատճառով՝ դեկտեմբեր ամսին․ «Ամեն կերպ փորձել ենք կորոնավիրուսը չդարձնել մարդկանց աշխատանքի կորստի պատճառ` ֆիքսելով բոլոր աշխատատեղերը, որպեսզի մեր աշխատողներին ետ բերենք»: 

Այստեղ պատերազմի արդյունքում կրճատվել է նաև 4 հաղորդում, իսկ պլանավորած երկու հաղորդաշարեր չեղարկվել են։

«Լրատվական ռադիոյում» քննարկել են ճգնաժամային իրավիճակում ֆինանսական լուծումներ գտնելու տարբերակներ և եկել այն կոլեկտիվ մտքին, որ ավելի լավ է իջեցնել բոլորի աշխատավարձերը, քան կրճատել գործընկերներից մի քանիսին։

«Ոչ մի կերպ չենք վերադարձել նախկին ցուցանիշներին ու նույնիսկ հետ ենք գնում։ Միշտ աշխատել ենք հոնորարներով, վարձատրել ենք այնքան, որքան մարդիկ աշխատել են։ Հիմա աշխատակիցներն աշխատում են, որքան կարողանում են, մենք էլ վճարում ենք այնքան, որքան կարողանում ենք», – ասում է Խումարյանը։ 

Երեք հոլդինգների սեփականատերերն էլ խոշոր հարված են համարում ոչ թե կորոնավիրուսը, այլ՝ նախ պատերազմը, հետո՝ երկրի ներկայիս քաղաքական իրավիճակը։ 

«Մենք դեռ գտնվում ենք մեր ֆինանսատնտեսական ճգնաժամի առաջին փուլում, ամեն ինչ մի քանի անգամ ավելի կվատանա աշնանը», – կանխատեսում է «Վանի» տնօրեն Արևշատյանը։

«Լրատվական Ռադիո», լուսանկարը՝ Քրիստիան Գինոսյանի

Կառավարության օժանդակություն

Հայաստանի Հանրապետության կառավարության 2020-ի հուլիսի 2-ին ընդունած N 1137-Ն որոշման երկրորդ կետի համաձայն՝ Հայաստանի հանրային մուլտիպլեքսում հեռարձակող հեռուստաընկերություններին և FM հաճախականությունների  տիրույթում հեռարձակող լիցենզավորված ռադիոընկերություններին տրամադրվել է 78,300,000  դրամի չափով աջակցություն։

«Մենք կառավարությունից միայն մեկ անգամ ստացել ենք 500 հազար դրամ, որը ոչ օգնություն էր, ոչ սուբսիդիա, այլ զուտ գովազդային արշավի շատ չնչին գումար։ Խոսքն այն սոցիալական գովազդային արշավի մասին է, որը մենք արեցինք շուրջ հինգ ամիս, Առողջապահության նախարարության պատվերով», – ասում է  Արևշատյանը։

Անդրիաս Ղուկասյանի համոզմամբ՝ «Ռադիո Հայ» հոլդինգն իրականացրել է մեծ ծավալով քարոզչական արշավներ՝ լուսաբանելով կորոնավիրուսի վերաբերյալ բոլոր կառավարական, պետական ծրագրերը, ինչի համար, լուրերից ու գովազդից անջատ, ստեղծել էր նոր հաղորդաշարային բլոկ:

«Եթե հաշվենք մեր ռադիոկայանի վաճառքի գներով, այդ գովազդի ծավալը կազմել է 5 միլիոն դրամ` իրենց տված օժանդակության գումարից 10 անգամ ավելի։ Այնուամենայնիվ, կարծում ենք, որ կառավարությունն արել է այնքան, որքան կարողացել է», – ասում է Ղուկասյանը։

Հարևան Վրաստանում այսպիսի խնդիր նույնպես կա, օրինակ՝ «Կոմերսանտ»  մեդիա հարթակի կառավարման խորհրդի նախագահ Գոգա Սամուշիան կարծում է, որ անհրաժեշտ է հարկային արտոնություններ մտցնել իրենց երկրում ռադիո ոլորտի համար՝ ազատելով լսողական մեդիան ԱԱՀ-ից, ինչպես տարիներ առաջ, որպես ցածր եկամուտ ունեցող ԶԼՄ, արեցին տպագիր մամուլի հետ։ 

Հեռարձակողներին ընդառաջ է գնացել Ռուսաստանի Թվային զարգացման, կապի և զանգվածային հաղորդակցության նախարարությունը, որը 2020-ի հուլիսի 15-ին ընդունել է հրաման՝ լիցենզիոն պահանջների կրճատման, հաղորդիչների ուժգնության նվազման, գիշերային ժամերին հեռարձակման ծավալի փոքրացման, մոնո հեռարձակման ռեժիմին անցնելու և նույնիսկ հաղորդիչների աշխատանքի մինչև երեք ամիս դադարեցման մասին, ինչը թույլ է տվել զգալիորեն կրճատել կապի ծառայությունների ծախսերը։

FM ռադիոն տասնամյակներ շարունակ ապահովում է շուրջօրյա տեղեկատվություն ու ժամանց՝ շատերին արդեն հարազատ դարձած ձայներով, և տեսականորեն, միլիոնավոր մարդկանց տանը մնալ ստիպող համաշխարհային ճգնաժամի ժամանակ այն պետք է իդեալական հարթակ լիներ առօրյան հետաքրքիր դարձնելու համար։ Նաև դառնար համավարակի վտանգները նվազեցնող միջոցառումների մասին պատմող հրատապ մեդիա։

Փաստացի, նախորդ մեկ տարվա ընթացքում մարդիկ ռադիո լսում էին սովորականից ավելի հաճախ, իսկ ռադիոն որպես ոլորտ խրվում էր խոշոր ճգնաժամի ճահճի մեջ, որից մինչ օրս դուրս չի եկել։ 

Քրիստիան Գինոսյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *