Վարչապետ Փաշինյանը՝ ինքն իրեն հակասելով, հայտարարեց, թե Հայաստանը չի հասցրել գնել Սու-30ՍՄ կործանիչների համար նախատեսված հրթիռներ։ Այս հայտարարությունը ստիպեց հիշել ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանի՝ մի քանի ամիս առաջվա ասուլիսը, որտեղ նա պնդում էր, թե Հայաստանը կործանիչները անօգուտ է գնել, քանի որ դրանց հրթիռները Ռուսաստանում արգելված է արտահանել։
Media.am-ը պարզեց, որ Փաշինյանի և Հակոբյանի խոսքում կա հակասական կամ ոչ ճշգրիտ տեղեկություն։
Հայկական Սու-30ՍՄ-երը կիրառել են չկառավարվող հրթիռներ
Մարտի 20-ին Օհանավան համայնքում իր ելույթի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Հայաստանը չէր հասցրել Սու-30ՍՄ կործանիչների համար հրթիռներ ձեռք բերել (տեսանյութում 19:30-ից)․ «Այո, մենք ինքնաթիռը առել ենք, մայիսին ա ինքնաթիռը էկել, և այո, հրթիռները չենք հասցրել մինչև պատերազմը ձեռք բերել։ Բա ինքնաթիռները դուք ձեռք բերեիք, որ մենք էլ հասցնեինք հրթիռները ձեռք բերեինք»։
Մի քանի լրատվամիջոցներ նշեցին, որ Փաշինյանի այս խոսքերը հակասում են իր՝ նախկինում արած հայտարարությանը։
2020 թ․ հուլիսի 3-ին Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում գրել էր․ «Մեր «Սու30CM»-ները երեկ «մարտական խոցումով» առաջին վարժական թռիչքներն են իրականացրել, փորձարկելով երկինք-երկիր հրթիռներ՝ «գրոհային գործողության» համար»։ Փաշինյանի հրապարակած տեսանյութում իսկապես երևում են Սու-30ՍՄ-ին կցված հրթիռները։
ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը նույնպես ասել էր, որ վարժանքների ժամանակ կիրառվել են տարբեր տեսակի հրթիռներ:
Սու-30ՍՄ-երը կարող են օգտագործել տարբեր տեսակի զինամթերք․ ավիացիոն ռումբեր, չկառավարվող հրթիռներ և կառավարվող հրթիռներ։ Վերջիններս կարող են խոցել թիրախներ օդում («օդ-օդ») կամ գետնի վրա («երկինք-երկիր»)։
Ռազմական վերլուծաբան Հայկ Խաչիկյանը մեզ հետ զրույցում նկատեց, որ Փաշինյանի հրապարակած տեսանյութում երևում էր չկառավարվող ավիացիոն հրթիռների օգտագործում, այլ ոչ թե կառավարվող «երկինք-երկիր» հրթիռ, ինչպես պնդել էր Փաշինյանը։
Հայաստանի զինանոցում կան հրթիռներ։ 2019 թ․ հրապարակված այս տեսանյութում հայկական Զինված ուժերի Սու-25 գրոհիչների վրա երևում է Б-8М1 բլոկը, որից արձակվում են չկառավարվող ավիացիոն հրթիռներ։
Նույն տեսանյութում կարելի է տեսնել նաև Սու-25-երի կողմից չկառավարվող հրթիռների օգտագործումը։
Ավելին՝ 2016 թ․ սպառազինության ArmHighTech ցուցահանդեսին Հայաստանը ներկայացրել էր սեփական արտադրության չկառավարվող հրթիռներ։
Այսպիսով՝ վարչապետի խոսքը հակասական է։ Նախ՝ Փաշինյանը չէր մանրամասնել, թե հատկապես ինչ տեսակի հրթիռներ Հայաստանը չի հասցրել գնել։ Հայկական զինանոցում կան չկառավարվող տեսակի տարբեր հրթիռներ, և Սու-30ՍՄ-երը դրանք կիրառել են զորավարժությունների ժամանակ։
Անցած տարվա հուլիսին Փաշինյանը հայտարարել էր «երկինք-երկիր» տեսակի հրթիռների օգտագործման մասին, չնայած որ բաց աղբյուրներում դրանց կիրառման վերաբերյալ որևէ ապացույց չկա։ Մեծ է հավանականությունը, որ այդ օրը կիրառվել են ոչ թե «երկինք-երկիր», այլ հայկական զինանոցում առկա չկառավարվող ավիացիոն հրթիռները։
Նշենք, որ կան նաև կառավարվող «օդ-օդ» տեսակի հրթիռներ, որոնք հայկական Սու-30ՍՄ կործանիչները դեռևս չեն կիրառել։
Գլխավոր շտաբի նախկին պետը հայտարարել էր, որ Հայաստանը Սու-30ՍՄ-երը գնել է առանց «օդ-օդ» հրթիռների
Դեռևս անցած տարվա նոյեմբերին ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը քննադատեց Սու-30ՍՄ կործանիչների ձեռքբերումը։ Ըստ Հակոբյանի՝ Ռուսաստանից ձեռք բերված Սու-30ՍՄ կործանիչները առանց զինամթերքի են եղել, քանի որ Ռուսաստանը 130 կմ հեռահարությամբ «օդ-օդ» հրթիռներ չի վաճառում այլ երկրի, ինչի պատճառով էլ մեր ՍՈւ–երը չեն օգտագործվել պատերազմի ժամանակ:
«Չի կարա այսօրվա իշխանությունը հերքի, որ ինքը զենք ա ձեռք բերել` չկարդալով Ռուսաստանի կառավարության որոշումը, որ զինամթերքը իրենց չեն վաճառելու։ Այն զինամթերքը, ինչի համար որ ձեռք են բերել, որը գովազդում են, որ դա հակաօդային «օդ-օդ» հրթիռներ կարա կրակի մինչև 130 կմ, Ռուսասանի կառավարության որոշմամաբ արգելված ա այդ զինամթերքը երկրորդ երկրին վաճառել։ Եվ դրա համար մեր Սու-երը գտնվում են այսօր երկրում՝ առանց զինամթերքի»,- ասել է Հակոբյանը։
Այս հայտարարության մեջ մի քանի պնդում կա․
? Հայաստանի կառավարությունը գովազդում էր, որ Սու-30ՍՄ-երը կարող են կրակել 130 կմ հեռահարություն ունեցող «օդ-օդ» հրթիռներ,
? Ռուսաստանի կառավարությունը գաղտնի որոշմամբ արգելել է 130 կմ հեռահարության հրթիռների վաճառքը երկրորդ երկրներին,
? Հայաստանի իշխանությունները այս արգելքին ուշադրություն չեն դարձրել, դրա համար կործանիչները կանգնած են՝ առանց զինամթերքի։
Ռուսաստանն արտադրում է արտահանման (էքսպորտային) և ներքին օգտագործման համար նախատեսված տարբեր զինատեսակներ։ Օրինակ` Իսկանդեր օպերատիվ մարտավարական հրթիռային համակարգերն ունեն Իսկանդեր M և Իսկանդեր E տեսակներ, որոնցից առաջինը միայն ներքին օգտագործման համար է և արտահանման ենթակա չէ։ Սակայն Սու-30ՍՄ 130 կմ հեռահարությամբ «օդ-օդ» հրթիռների համար մեզ չհաջողվեց գտնել նման արգելք։
Media.am-ը Մովսես Հակոբյանին հարցրեց, թե ՌԴ կառավարության հատկապես ո՞ր որոշման մասին է խոսքը։ Հակոբյանը պատասխանեց, որ մենք չենք կարող տեսնել որոշումը, քանի որ այն գաղտնի է։ Նրա խոսքով՝ կա զինատմթերքի ցանկ, որն արգելված է այլ երկրի վաճառել։ Սու-30-ի պարագայում խոսքը միայն 130 կմ հեռահարությամբ «օդ-օդ» հրթիռներին է վերաբերում։ Մովսես Հակոբյանը չմանրամասնեց, թե հատկապես ինչ տեսակի հրթիռների մասին էր խոսում՝ նշելով, որ այդպիսի տեղեկության չի տիրապետում։
«Օդ-օդ» հրթիռները լինում են փոքր, միջին և մեծ հեռահարության։ Մովսես Հակոբյանը խոսում էր մեծ՝ 130 կմ հեռահարություն ունեցող «օդ-օդ» հրթիռի մասին։ Media.am-ին, սակայն, չհաջողվեց գտնել ՀՀ կառավարության խոստումներ՝ հենց 130 կմ հեռահարությամբ հրթիռներ կիրառելու մասին։
ՌԴ-ից արտահանման համար նախատեսված բոլոր հեռահարությունների (փոքր, միջին, մեծ) «օդ-օդ» հրթիռներ կարելի է գտնել պետական «Рособоронэкспорт» կազմակերպության կայքում («Рособоронэкспорт»-ը արտահանման գծով ՌԴ պետական միջնորդ կազմակերպությունն է)։ Ստացվում է՝ Ռուսաստանում չկա արգելք՝ մեծ հեռահարության հրթիռներ վաճառելու։
Սու-30ՍՄ կործանիչները կարող են կրել տարբեր տեսակի ռումբեր և հրթիռներ։ Դրանցից «օդ-օդ» տեսակի են Р-77, Р-73 և Р-27 փոքր և միջին հեռահարության կառավարվող հրթիռները և դրանց կատարելագործված տարբերակները։
Սու կործանիչների վրա օգտագործվող «օդ-օդ» հրթիռները ունեն արտահանման համար նախատեսված տարբերակներ։
2019 թ․ Ռուսաստանը Հնդկաստանին վաճառեց Սու-երի համար նախատեսված Р-27 (մինչև 100 կմ), Р-73E (մինչև 40 կմ) և Р-77 (մինչև 110 կմ) տեսակի շուրջ հազար հրթիռ։
Iz.ru-ն նշում է, որ Հնդկաստանը, ամենայն հավանականությամբ, ընտրել է հրթիռների ոչ թե մեկ, այլ մի քանի կատարելագործված տարբերակներ։ Interfax-ը հայտնում է, որ դրանք օգտագործվելու են Հնդկաստանի ռազմաօդային ուժերի Սու-30ՄԿԻ կործանիչների համար։
Այսպիսով՝ Մովսես Հակոբյանը 130 կմ հեռահարությամբ հրթիռների մասին իր պնդումները հիմնավորում է գաղտնի փաստաթղթով՝ միաժամանակ նշելով, որ չգիտի, թե հատկապես որ հրթիռների մասին է խոսքը։ Ռուսաստանը արտահանում է բոլոր հեռահարությունների «օդ-օդ» հրթիռներ։ Սու-30 կործանիչներում օգտագործվող «օդ-օդ» հրթիռները նույնպես ունեն արտահանման համար նախատեսված տարբերակներ։ Ավելին՝ չնայած որ Մովսես Հակոբյանը պնդում էր, թե 130 կմ հեռահարությամբ հրթիռները «գովազդվել են», սակայն բաց աղբյուրներում կառավարության նման խոստում չի հիշատակվում։ Մովսես Հակոբյանի խոսքից հասկանալի չէ նաև, թե ինչու Հայաստանը պետք է Սու-30ՍՄ-երի հետ կիրառի հենց 130 կմ և ոչ թե այլ հեռահարության հրռիթներ։
Սու-30ՍՄ-ի արժեքը
Ժամանակին Սու-30ՍՄ-ների ձեռքբերումը քննադատության արժանացավ՝ կործանիչների բարձր արժեքի պատճառով։ Փորձենք հասկանալ՝ ինչ ծախս է ենթադրում այս զինատեսակի գնումը, և որքան է դրա շուկայական միջին գինը։
2014 թ․ սեպտեմբերին ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարություն տարածեց, որ ինքնաթիռներ արտադրող «Իրկուտ» գործարանի հետ կնքել է 7 Սու-30ՍՄ ինքնաթիռների, ինչպես նաև ինքնաթիռների շահագործումն ապահովող միջոցների վաճառքի պայմանագիր։ Պայմանագրի ընդհանուր արժեքն էր 13 միլիարդ ռուբլի (մոտ 360 միլիոն դոլլար այն ժամանակվա փոխարժեքով)։ Ստացվում է մոտ 51–52 մլն դոլլար՝ յուաքանչյուր ինքնաթիռի համար։ Սակայն վճարված գումարը միայն զինատեսակի համար նախատեսված չէ։
Օրինակ Ղազախստանը 2014-ին գնեց Սու-30ՍՄ 4 կործանիչ, որի արժեքը 5 մլրդ ռուբլի էր (մոտ 130 մլն դոլլարային փոխարժեքով), սակայն տարբեր աղբյուրներ, այդ թվում ռազմական լրագրող, լուսանկարիչ Գրիգորի Բեդենկոն նշում են, որ «Իրկուտի» հետ պայմանագիրը ներառում է նաև ղազախ օդաչուների պատրաստումը, տեխնիկական հսկողությունը, սպասարկումը։
2015 թ․ վերջին հայտարարվեց նոր պայմանագրի կնքման մասին, որով Ղազախստանը ձեռք էր բերել 6-7 միավոր Սու-30ՍՄ՝ 10 մլրդ ռուբլով (մոտ 160 մլն դոլլարային փոխարժեքով)։
2017-ին հայտնի դարձավ, որ Բելառուսը և Ռուսաստանը կնքել են պայմանագիր «Իրկուտ» գործարանի արտադրության 12 Սու-30ՍՄ կործանիչ գնելու կապակցությամբ։ 2019-ին հայտարարվեց, որ կործանիչների առաջին զույգն արդեն Բելառուսում է։ 12 կործանիչների արժեքը տարբեր գնահատականներով 600 մլն դոլլար է կազմել։ Այսինքն՝ յուրաքանչյուր ինքնաթիռ արժեցել է 50մլն դոլլար։
Ինքնաթիռներ արտադրող «Իրկուտ» կորպորացիայի փոխտնօրեն Սերգեյ Տրետյակը մի առիթով նշել էր, որ ՀԱՊԿ շրջանակներում տեխնիկան վաճառվում է Ռուսաստանի զինված ուժերի համար գործող գներով։
Ինչպես ՍՈւ-27-ի, այդպես էլ ՍՈւ-30-ի թռիչքի մեկ ժամը գնահատվել է 40 հազար դոլլար։
Այս օրինակները ցույց են տալիս, որ Սու-30ՍՄ մեկ կործանիչի արժեքը կարող է տատանվել 25-50մլն դոլլարի սահմաններում՝ չհաշված ինքնաթիռի շահագործման համար անհրաժեշտ լրացուցիչ գույքի, անձնակազմի (պատրաստման և աշխատավարձի) և այլ ծախսեր։
Կարինե Ղազարյան
Օֆելյա Սիմոնյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: