2020.12.09,

Նյուսրում

Օտար պետության ալիքները կրկին կլինեն հանրային մուլտիպլեքսում

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

2021-ի հունվարին հայտնի կդառնա, թե որ հեռուստաընկերություններն են հեռարձակվելու հանրային մուլտիպլեքսում՝ մոտակա յոթ տարիներին:

2020-ի ամռանը ընդունված «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքը սահմանել է լիցենզավորման ու հանրային մուլտիպլեքսում անվճար հեռարձակվելու նոր կանոններ:

Համաձայն դրանց՝ օտարերկրյա հեռարձակողները չեն կարող մասնակցել հանրային մուլտիպլեքսի սլոթերի մրցույթին, քանի որ դա հակասում է ՀՀ տեղեկատվական անվտանգությանը: Եվ նշանակություն չունի, թե որ լեզվով են դրանք հեռարձակվում:

Այդ մասին պնդել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը (ՀՌՀ), որի նախագահ Տիգրան Հակոբյանը ասել է. «Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ աշխարհում չկա որևէ այլ երկիր, որտեղ հանրային մուլտիպլեքսում լինեն հասարակական, քաղաքական ուղղվածություն ունեցող օտար հեռուստաալիքներ»:

Եվ քանի որ անվճար հեռարձակման տեղերը (սլոթերը) սահմանափակ են, հանձնել նրանց օտար պետություններին, նշանակում է անտեսել տեղական հեռարձակողների շահերը, ինչպես նաև հանրային շահը՝ ստորադասելով ՀՀ պետական լեզվով ու սեփական պետության օրակարգը ներկայացնող ծրագրերի կարևորությունը:

Օտար պետության ալիքները կարող են տեղ գտնել ՀՀ հանրային մուլտիպլեքսում միայն մեկ դեպքում. եթե դա որոշի ավելի բարձր պետական ատյանը՝ կազմելով այլ պետության հետ միջպետական, միջկառավարական կամ միջազգային համաձայնագրեր:

Եվ հիմա Հայաստանի ու Ռուսաստանի միջև պատրաստվում է նոր համաձայնագիր, որի համաձայն՝ հանրային մուլտիպլեքսում տեղ կգտնեն երեք ռուսաստանյան ալիքներ՝ ВГТРК, «Культура», «1-й канал»:

Այդպիսով, 12 սլոթերից (6 համապետական և 9 մայրաքաղաքային) 3-ը առանց մրցույթի կտրամադրվի օտար պետության հեռուստաընկերություններին:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը և ՌԴ թվային զարգացման, կապի և զանգվածային հաղորդակցության նախարարությունն արդեն պատրաստել են համաձայնագիր:

Զանգվածային հաղորդակցության բնագավառում համագործակցության մասին այդ համաձայնագիրն անփոփոխ կթողնի ռուսաստանյան ալիքների հեռարձակման ձևաչափը: Այն ձևաչափը, որը ՀՀ կառավարությունը փորձում էր փոխել, սակայն չկարողացավ (կամ չցանկացավ) անել:

Համենայնդեպս 2020-ի աշնան սկզբին հայտնի էր, որ Հայաստանն իր հանրային մուլտիպլեքսում 2021-ից սկսած ներառվելու էր միայն ռուսաստանյան ВГТРК ալիքը, իսկ ամերիկյան CNN-ը և ռուսաստանյան «1-й канал»-ը նախորդ տարիների պես չպիտի լինեին այդ ցանկում:

Սակայն, փաստորեն, ստացվեց, որ շատ արագ իրավիճակը փոխվեց, սլոթերի մրցույթի ամփոփումից մեկ ամիս առաջ, նոր պայմանագիր է կնքվելու: Եվ մենք շարունակելու ենք անվճար հեռարձակել ռուսաստանյան ալիքները ևս յոթ տարի:

Ինչը, բնականաբար, կազդի հայաստանյան հեռուստաընկերությունների մրցակցության վրա, քանի որ մրցութային սլոթերի համար հայտ ներկայացրած հեռուստաընկերությունները ավելի քիչ շանս կունենան հեռարձակվելու ՀՀ հանրային մուլտիպլեքսում:

Բնականաբար, դա կազդի նաև ընդհանուր մեդիա դաշտի վրա:

Նունե Հախվերդյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *