Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի՝ հրադադարի մասին համատեղ հայտարարությանը նախորդեց տեղեկատվական խառնաշփոթ Շուշիի գրավման վերաբերյալ։ Հայտարարությանը հետևեցին կեղծ ու չստուգված լուրեր խաղաղապահների, հակամարտության մասին միջազգային հայտարարությունների և հնարավոր հետևանքների վերաբերյալ
Շուշին գրավելու մասին իրարամերժ լուրերը
Նոյեմբերի 9-ին՝ հրադադարի համաձայնագրից ժամեր առաջ, Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրեց, որ Շուշին ամբողջությամբ գտնվում է հակառակորդի վերահսկողության տակ։
Այս գրառումը կասկածի տեղիք տվեց․ թե՛ օգտատերերը, թե՛ լրատվամիջոցները ենթադրեցին, որ Պողոսյանի էջը կարող է կոտրված լինել։ Պողոսյանը, սակայն, շուտով հաստատեց, որ հենց ինքն է գրառման հեղինակը, և տեղեկությունը ճիշտ է։
Տեղեկատվական խառնաշփոթը էլ ավելի մեծացավ, երբ Պողոսյանի գրառումից երկու ժամ անց վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, թե Շուշիի համար մարտերը շարունակվում են։
Նույն օրը գիշերը, սակայն, պարզ դարձավ, որ Շուշին գրավված է, և Հայաստանը ստորագրեց հրադադարի համաձայնագիր։
ՄԱԿ-ը խոսեց վարձկանների, ոչ թե ահաբեկիչների մասին
Նոյեմբերի 11-ին ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը հայտարարություն տարածեց Թուրքիայի կողմից Ադրբեջան վարձկաններ տեղափոխելու մասին։ Բաքուն և Անկարան շարունակ հերքում էին այս տեղեկությունը, ՄԱԿ-ի փորձագետները հաստատեցին, որ Սիրիայից իսկապես վարձկաններ են տեղափոխվել Հարավային Կովկաս։
Հայաստանը այս մարտիկներին անվանում էր «ջիհադիստներ» կամ «ահաբեկիչներ»։ ՄԱԿ-ը, սակայն, չէր օգտագործել նման տերմինաբանություն։ Չնայած դրան Հանրային հեռուստաընկերության վեբկայքը, Լոս Անջելեսում լույս տեսնող Զարթոնք Մեդիան և այլ լրատվականներ ՄԱԿ-ին զեկույցը լուսաբանեցին «ահաբեկիչները պետք է հեռացվեն» ձևակերպմամամբ։
Իր զեկույցում ՄԱԿ-ը նշել էր, որ Ադրբեջան տեղափոխված սիրիացի մարտիկները համապատասխանում են «վարձկան» բնորոշմանը։ Թե ինչու «ջիհադիստներ» կամ «ահաբեկիչներ» բնորոշումները այդքան էլ կիրառելի չեն այս դեպքում լսեք նաև media.am-ի «Խորանալու թեմա» փոդքասթի նոր թողարկման մեջ։
Խաղաղապահ զորքի ղեկավարը թաբասարան է, ոչ թե ադրբեջանցի
Նոյեմբերի 11-ին Արցախում ռուսական խաղաղապահ զորքի ղեկավար նշանակվեց գեներալ–լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։ Նույն օրը Վիքիպեդիայի նրա էջում անանուն մի օգտատեր ավելացրեց, թե Մուրադովը ազգությամբ ադրբեջանցի է։
Այս տեղեկությունը տարածվեց ադրբեջանական քարոզչական լրատվականներում, ապա հասավ նաև հայկական լսարանին։
❌ Տեղեկությունը կեղծ էր․ Մուրադովը ծնվել է Ռուսաստանի կազմում գտնվող Դաղստանի հանրապետությունում և ազգությամբ թաբասարան է։ Թաբասարանները Դաղստանի բնիկ ժողովուրդներից են։
«Ֆեյքերի ֆաբրիկան» ֆեյք էր
Նոյեմբերի 13-ին սոցցանցերում հայտնվեց տեսանյութ, որում մի խումբ քաղաքացիներ «բացահայտում են» զինվորի մայրերին հայհոյող ֆեյքերի ֆաբրիկա։
Շուտով պարզվեց, որ «ֆեյքերի ֆաբրիկան» Ինգո Արմենիա ապահովագրական ընկերության գրասենկան էր։ Ինգո Արմենիա հայտարարեց, որ խաթարվել է գրասենյակի բնականոն աշխատանքը և ընկերությունը դիմել է ոստիկանություն։
Media.am-ը ուսումնասիրեց տեսանյութը և պարզեց, որ այն իսկապես նկարահանվել է Ինգո Արմենիա ընկերության գրասենյակում, իսկ այնտեղ ներխուժած քաղաքացիները կապ ունեն analitik.am լրատվական կայքի և «ՎԵՏՕ» ծայրահեղ պահպանողական շարժման հետ։
Սոցցանցերում տարածվեցին մի շարք սխալ կամ կեղծ պատկերներ
Նոյեմբերի սկզբին համացանցում Արցախյան հակամարտության թեմայով մի քանի սխալ պատկեր տարածվեց։
❌ Քարտեզը, որով Հայաստանի հարավային սահմանը իբր անցնում էր Ադրբեջանին, սխալ էր՝ նոյեմբերի 9-ին ստորագրված համաձայնագրում այսպիսի կետ չկա։ Չնակած դրան քարտեզը տարածվեց սոցցանցերում։ Առանց որևէ աղբյուրի հղում տալու այն իր թվիթերյան էջում հրապարակեց «Ամերիկայի ձայն» լրատվականի լրագրող Անի Չխիկվաձեն։
Some are posting this a new agreed boundaries of the territory that Aliev presented. Armenia’s border with Iran seems erased here. It’s not confirmed and may be wrong. #Nagorno_Karabakh pic.twitter.com/TYKsrVd30v
— Ani Chkhikvadze (@achkhikvadze) November 9, 2020
❌ Ֆեյսբուքում տարածվեց հայ զինվորների և բնակիչների՝ Դադիվանքին հրաժեշտ տալը պատկերող լուսանկար։
Թեև բազմաթիվ մարդիկ իսկապես այս օրերին իսկապես գնացել են Դադիվանքին հրաժեշտ տալու, այս լուսանկարը հին էր․ այն հրապարակվել էր դեռ 2019-ին։
❌Հրադադարի համաձայնագրի ստորագրումից հետո սոցցանցերում նորից սկսեց շրջանառվել Նիկոլ Փաշինյանի կեղծ նամակը ՆԱՏՕ-ի ղեկավար Յենս Ստոլտենբերգին։ Այս փաստաթղթի պատճեն հայտվել էր դեռ ամռանը։ Մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը իր փոդքասթում մանրամասն անդրադարձել էր դրան։
❌Ռուսական Planeradar.ru կայքը թուրքական «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքը պատկերում էր Երևանի մոտակայքում թռչելիս։ Այս պատկերը տարածվեց սոցցանցերում։ Թռիչքների մշտադիտարկման այլ կայքերը նման բան չէին ցույն տալիս։ Ավելին՝ «Բայրաքթարը» Planeradar.ru-ում մի քանի ժամ շարունակ պատկերված էր նույն կետում՝ առանց շարժվելու, ինչը կարող է վկայել կայքի անսարքության մասին։ Պաշտպանության նախարարությունը հերքեց այս տեղեկությունը՝ այն անվանելով «ստահոդ»։
ԱԳՆ-ն հերքեց վարչապետին
Նոյեմբերի 16-ին ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնեց, որ «Խաղաղ գործընթացի որևէ փուլում չի եղել Շուշի քաղաքից հրաժարվելու հարց»:
Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը կարող էր խուսափել պատերազմից եթե «Ադրբեջանին հանձներ յոթ շրջանները՝ ներառյալ Շուշին»։
Նույն օրը հայտնի դարձավ Զոհրաբ Մնացականյանի՝ ԱԳ նախարարի պաշտոնից հրաժարվելու մասին։
Ֆրանսիան չէր բարձրացնում Հադրութի հարցը
Հրադադարի համաձայնագրի ստարգրանը չէին մասնակցում Մինսկի խմբի երեք համանախագահներից երկուսը՝ Ֆրանսիան և ԱՄՆ-ն։ Ստորագրումից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարություն տարածեց՝ նշելով, որ հաղաղության հաստատման գործընթացը պետք է երաշխավորի, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչները կարողանան մնալ իրենց տներում, իսկ տեղահանվածները՝ վերադառնան տուն։ Նույնը հայտարարեց նաև Ֆրանսիայի ԱԳ նախարարը։
Ֆրանսիայի հայտարարությունները համացանցի հայկական տիրույթում մեկնաբանվեցին որոշ սխալներով։ Այսպես, լրատվականները տեղեկությունը տարածեցին «Ֆրանսիան դնում է Հադրութի եւ մյուս բնակավայրերի հարցը» վերնագրով։
Իրականում, հայտարարությունների մեջ Հադրութի մասին որևէ խոսք չէր ասվում։
Հերքումներ
?Առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը հերքեց Սերժ Սարգսյանի փեսայի և Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի տարածած տեղեկությունը այն մասին, թե հայկական կողմը 4750 զոհ ունի։ Նիկողոսյանի խոսքով՝ դիերի փոխանակման գործընթացը դեռ ընթանում է, և այս պահին ոչ ոք չգիտի զոհերի վերջնական թիվը։
?Պաշտպանության նախարարությունը հերքեց տեղեկությունը այն մասին, թե նախարար Դավիթ Տոնոյանը զենք է վաճառել Թուրքիային և ներգրավված է եղել կոռուպցիոն գործարքներում։ ՊՆ-ն տեղեկությունը «լկտի սուտ» անվանեց։
Կարինե Ղազարյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: