Տեղեկատվական պատերազմի դաշտում Ադրբեջանը շարունակում է կիրառել կեղծ էջերի ծուղակը։ Մենք արդեն գրել ենք կեղծ և կոտրված հաշիվներով ապատեղեկատվություն տարածող ցանցի մասին։ Այս անգամ ամփոփել ենք պատերազմական իրավիճակի մասին տեղեկություն փոխանցող հիմնական անձանց, որոշ լրատվականների անունով բացված կեղծ հաշիվների և կայքերի օրինակները։
Հանրային հեռուստաընկերության «Լուրեր»-ի ֆեյսբուքյան կեղծ էջ
Հանրային հեռուստաընկերությունը հոկտեմբերի 10-ին տեղեկացրեց, որ լրատվական ծառայության տարբերանշանով և անվամբ բացվել է ֆեյսբուքյան կեղծ էջ:
Իրական (✅) և կեղծ (❌) հաշիվներն այս դեպքում բավական հեշտ է տարբերակել։ Թեև որպես գլխավոր նկար օգտագործված է «Լուրեր»-ի հայտնի տարբերանշանը, սակայն ուշադրություն դարձնենք էջում առկա տեղեկությանը․
✅ ստեղծվել է ավելի վաղ՝ 2018 թվականի սեպտեմբերին
❌ կեղծ էջը՝ 2020-ի հոկտեմբերի 10-ին
✅ ունի ավելի մեծ լսարան՝ մոտ 180, 000
❌ 6 հավանում (հոկտեմբերի 10, 22։00-ի դրությամբ)
✅ “About” բաժնում կան կոնտակտային տվյալներ, կայքի և սոցցանցային այլ հաշիվների հղումներ
❌ չկա կոնտակտային տվյալ, բայց կա խայծ նկարագրություն՝ «Հետևեք «Լուրեր» լրատվականի էջին՝ կարևոր ու հավաստի տեղեկատվություն ստանալու համար»։
Արծրուն Հովհաննիսյանի անունով Ինստագրամի կեղծ էջ
Հայաստանի ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հոկտեմբերի 10-ին տեղեկացրեց, որ իր անունով կեղծ հաշիվ կա Ինստագրամում ու տվեց իր իրական հաշվի հղումը։
Նկարում երևացող էջն Ինստագրամում այլև հնարավոր չէ գտել։ Փոխարենը կա “ArtsrunHovhannisyanOfficial” անունով, 3 տարբեր գրությամբ էջ, որոնք շատ մեծ լսարան չունեն։
Համահայկական հիմնադրամի անունով ֆիշինգային կայք
Հոկտեմբերի 8-ին հրապարակվեց, որ ցանցում հայտնվել են ֆիշինգային կայքեր՝ ստեղծված իրական ֆոնդերի նմանությամբ։ Դրանցից մեկն այս օրերին համահայկական դրամահավաքի հիմնական հարթակի նմանությամբ էր։
Մեկ սիմվոլի տարբերությամբ (armeniafundejoinme.org, իրականը՝ armeniafund.ejoinme.org) ստեղծվել է կեղծ կայք։ Այստեղ մուտք գործելուց հետո տրվում է նախազգուշացում, որ կայքը ֆիշինգային է։ Զգուշացմանը չհետևելու և մուտք գործելու դեպքում՝ կյուրացվեն անձնական տվյալները, իսկ փոխանցվող գումարը կհայտնվի կեղծարարների ձեռքում։
Արցախի ՊԲ հրամանատարի անունով կեղծ հաշիվ Թվիթերում
Արցախի ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանի անունով հոկտեմբերի 6-ին բացվել էր կեղծ հաշիվ Թվիթերում։ Այն այլևս գոյություն չունի։
Շուշան Ստեփանյանի անունով Թվիթերում գործում է երկու կեղծ հաշիվ
ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն այս տարվա հուլիսին է Թվիթերում հաշիվ բացել։ Նրա հաշվի անունն է՝ @ShStepanyan։ Մեկ սիմվոլի տարբերությամբ այս պահին հասանաելի է @ShStepanyans հաշիվը, որը գործում է 2016 թվականից։ Այն ապատեղեկատվություններ է տարածում և կիսում է իրական հաշվի հրապարաումները։
Այս կեղծ էջը այս պահին թրոլինգ է անում՝ կոչ անելով report անել իրական էջը։
Իսկ թրոլինգի հեղինակը, ինչպես իր էջում խոստովանել է, հոկտեմբերին ստեղծված @obabeyleri հաշիվն է։
Նորից մեկ սիմվոլի տարբերությամբ գոյություն ունի նաև @ShStepanjan հաշիվը, որի կեղծ լինելը շատ ավելի հեշտ է տարբերակնել։ Այն ստեղծվել է 2020-ի հոկտեմբերին, ունի քիչ հետևորդ, իսկ ստեղծած բովանդակությունը ադրբեջանական պորպագանդա է։
Շուշան Ստեփանյանի անունով կեղծ էլ․ հասցե, ՏիկՏոկ և Ինստագրամ հաշիվներ
ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հոկտեմբերի 4-ին գրեց, որ իր անունով բացված կեղծ [email protected] էլ․ հասցեից ուղարկվում են նամակներն ու հաղորդագրություններ։ Նա լրագրողներին հիշեցրեց, որ ՊՆ պաշտոնական գրություններն ուղարկում է միմիայն գերատեսչության էլեկտրոնային հասցեից։
Դրանից երկու օր անց՝ հոկտեմբերի 6-ին Ստեփանյանը տեղեկացրեց, որ ՏիկՏոկ և Ինստագրամ հարթակներում էջեր չունի։ Ինստագրամի կեղծ հաշիվն այլևս հասանելի չէ։
«Հրապարակ»-ի կեղծ էջը Ինստագրամում
Media.am-ն արդեն անդրադարձել է Ինստագրամում ստեղծված Hraparak.am-ի կեղծ էջին՝ hraparak_tv-ին։ Հաշիվը, ներկայանալով որպես լրատվամիջոց, խնդրում է հետևորդներին․ «Լուսանկարեք կամ տեսագրեք ձեր հանդիպած իրադարձությունները և ուղարկեք մեզ հրապարակելու համար»:
Ամենայն հավանականությամբ, հաշիվը կառավարվում է Ադրբեջանից․ այն տեղադրում է տեղեկություն իբր սպանված հայ բարձրաստիճան զինվորականների, գրավված հայկական դիրքերի, մեծ կորուստների մասին։ Էջը ստեղծվել է մի քանի ամիս առաջ, սակայն ակտիվորեն հրապարակումներ սկսել է անել վերջին օրերի հայ-ադրբեջանական բախումների ժամանակ։
Էջը ունի նաև տարբերանշան, որը երբեմն տեղադրվում է հրապարակվող լուսանկարների վրա։ Դրա բովանդակությունը տարածվում էր ֆեյսբուքյան երկու էջում, որոնք այլևս հասանելի չեն։
Ի դեպ, Ֆեյսբուքը հոկտեմբերի 8-ին հեռացրեց ադրբեջանական 589 հաշիվ և 7,906 էջ, 447 Ինստագրամի հաշիվ։ Դրանք ունեին փողկապակցված ոչ իրական վարք։ Ակտիվ էին Ադրբեջանի ժամանակով աշխատանքային օրերին և ժամերին։ Ֆեյսբուքի հետաքննությունը կապում է այս ցանցը իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության երիտասարդական միության հետ։ Դրանք մեկնաբանում էին տեղական և տարածաշրջանային լուրեր, ներառյալ ղարաբաղյան էսկալացիան՝ գովաբանելով Ալիևին և իր կուսակցությանը, քննադատելով ընդդիմությանը։
Buzzfeednews.com-ը այս առիթով գրեց, որ Ֆեյսբուքն այս ցանցի մասին գիտեր շուրջ մեկ տարի։ Այս հեռացրեց բացահայտումը կատարած աշխատակցին, իսկ շաբաթներ անց՝ ցանցը։
Արշալույս Բարսեղյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: