2020.08.05,

Տեսակետ

«Վիրուսն արտասովոր է, շատ վտանգավոր, դավադիր, անկանխատեսելի»

Օրթոպեդիկ հիվանդանոցը վերջին տասնամյակներում չորրորդ անգամ  է հայտնվում արտակարգ իրավիճակում: Նախորդ իրադրությունները՝ 1988-ի երկրաշարժ, արցախյան պատերազմ, ապրիլյան քառօրյա, անմիջական կապ ունեին հիվանդանոցի մասնագիտացման՝ վնասվածքաբանության հետ: 

Կորոնավիրուսի համավարակի դեմ պատերազմական մաքառումը վերջինն է ու անսովորը…

Օրթոպեդիայի և վնասվածքաբանության գիտական կենտրոնի փոխտնօրեն Կարեն Պողոսյանը համակարգում է կորանավիրուսի դեմ պայքարը: Իրերի բերումով նրա հետ հարցազրույցն էլ է անսովոր՝ հեռակա:

Մենք սկսե՞լ ենք հաղթահարել համավարակը, թե՞ վաղ է ուրախանալը: 

Կարծում եմ՝ արդեն սկսել ենք հաղթահարել, որովհետև նախկինում հիվանդանոցում ազատ տեղ գրեթե չէր մնում, և՛ թերապևտիկ, և՛ վերակենդանացման բաժանմունքները աշխատում էին ամբողջ ծանրաբեռնվածությամբ: Հիմա ունենք 40 ազատ թերապևտիկ ու 2-3 ռեանիմացիոն մահճակալ։ 

Չնայած դրական տեղաշարժին, կարծում եմ վաղ է ուրախանալը, պետք չէ թուլացնել զգոնությունը, այլապես կունենանք վատ սցենարների կրկնություն։ 

Հուսով եմ, ազգովի կշարունակենք կրել դիմակներ և հետևել պարետատան կանոններին։

Բժիշկները խոցելի խմբում են: Ինչպե՞ս վերաորակավորվեց կոլեկտիվը՝ լուր ստանալով, որ համավարակ է:

Մարտի 20-ին առողջապահության նախարարի հրամանով կենտրոնի հիվանդներին ուղարկեցինք այլ բուժհիմնարկներ և վերապրոֆիլավորվեցինք որպես նոր կորոնավիրուսի դեմ պայքարի կենտրոն։ Բառացիորեն մեկ օր հետո ընդունեցինք առաջին հիվանդներին։ 

Դժվար և ծանր օրեր էին, վերապրոֆիլավորվելը մեկ բառ է, բայց իրականում շատ արագ լուծում պահանջող հազարավոր խնդիրներ են՝ սկսած հիվանդասենյակների ու բաժանմունքների ձևափոխումից, թթվածնային ապահովումից, հակահամաճարակային կանոններ մշակելուց և կիրառելուց։ 140 թերապևտիկ մահճակալից ընդլայնվեցինք մինչև 160, բացեցինք նաև 10 մահճակալանոց բաժանմունք հատուկ խնամքի կարիք ունեցողների՝ նոր կորոնավիրուսով վարակված, դժվար տեղաշարժվող կամ ընդանրապես չտեղաշարժվող հիվանդների համար։ 

Վերակենդանացման բաժանմունքը 6 մահճակալից ընդլայնվեց մինչև 22 մահճակալ։ Աշխատանքը հսկայական էր և ուժերի գերլարում էր պահանջում։ 

Սակայն ամենադժվարը կոլեկտիվը համախմբված պահելն էր, որովհետև մարդիկ չգիտեին, թե ինչ է սպասվում իրենց, վախենում էին վարակվել ու վարակել իրենց ընտանիքի անդամներին։ Կարիք էր լինում յուրաքանչյուրի հետ զրուցել, երբեմն մի քանի անգամ, հավաստիացնել, որ ամեն ինչ արվում է հանուն մեր ազգաբնակչության, որ մենք պարտավոր ենք ու լավ է լինելու։ 

Խոստումս գրեթե կատարել եմ՝ չորս ամսվա աշխատանքի ընթացքում, առ այսօր ոչ մի վարակված աշխատակից չունենք: Ես պատասխանատու եմ մնացողների ու պայքարողների համար։ 

Իհարկե, կլինեն նաև վերջին պահին հայտնվողներ, կվերցնեն դափնիները և բոլորից բարձր կգոռան, և դա էլ է սպասելի։ 

Ես հպարտ եմ մեր կոլեկտիվով, ոչ մեկը չհարցրեց աշխատավարձի չափը, երբևէ չտրտնջացին պայմանների կամ գերծանրաբեռնված աշխատանքի համար՝ իսկական կռիվ գնալու ընկերներ։

Վիրուսի արտասովոր լինելը՝ բժշկական, հոգեբանական տեսակետից, ի՞նչ բարդությունների է առերեսում: Նաև ինչպե՞ս ենք ընկալում լուրերը, երբ իրավիճակն անընդհատ փոփոխվում է:

Վիրուսը ոչ միայն արտասովոր էր, այլև շատ վտանգավոր, դավադիր և ընդհանրապես չուսումնասիրված ու անկանխատեսելի։ 

Պայքարելու և նվազագույն կորուստներ ունենալու համար կարիք եղավ անընդհատ կարդալու, քննարկելու, սովորելու, նաև անփոխարինելի դառը փորձ ձեռք բերելու։ 

Հոգեբանական տեսակետից նույնպես դժվար էր, հատկապես հիվանդների համար, որոնց պետք էր հարմարվել այն մտքին, որ հարազատներն իրենց չեն այցելելու, մտնելով վերակենդանացման բաժանմունք՝ կորցնելու են կապը արտաքին աշխարհի հետ, կորցնելու են հարազատներ ու չեն կարողանալու վերջին հրաժեշտ տալ։ 

Հոգեբանական տրավմաների շատ դեպքեր ունեցանք և ունենում ենք։

Ձեր խոսքն ու կեցվածքը էկրանից վստահություն են ներշնչում: Այդ վստահությունը փոխանցվում է լսարանին, եթե հեռուստատեսությամբ խոսում են բժիշկները, ոչ թե քաղաքական գործիչները:  

Անկեղծ ասած՝ գրեթե ժամանակ չի լինում նայելու ինչպես եմ երևում էկրանից, որևէ ջանք չեմ էլ գործադրում, փորձում եմ մաքսիմալ օբեյկտիվ լինել և իմ խոսքով օգտակար լինել՝ հաղթահարելու համավարակը։ 

Կարծում եմ՝ յուրաքանչյուր մարդ պետք է գիտակցի իր խոսքի արժեքը, առավել ևս, եթե այդ խոսքով կարող ես ազդել մյուսների կարծիքի և որոշումների վրա։ 

Ինչո՞վ կբացատրեք համընդհանուր թերահավատությունը, դավադրության տեսությունների տարածումը: Որո՞նք են վիրուսին չհավատացող հիվանդների փաստարկները:

Փաստարկներին չեմ ուզում անդրադառնալ, որովհետև դրանք բոլորն էլ անհիմն, երբեմն ծիծաղելի ու անհեթեթ են։ 

Համընդհանուր թերահավատությունը գալիս է ինֆորմացիայի պակասից և վտանգի անտեսանելի ու թվացյալ անհասանելիությունից:

Բայց երբ հիվանդանում էին հենց չհավատացողները կամ նրանց ընտանիքի անդամները, լրիվ ուրիշ մարդ են դառնում։ 

Օրինակ, ունեինք սարսափելի թոքանկարով երիտասարդ հիվանդ, որը հրաժարվում էր դեղերից, չհավատալով հիվանդությանը: Այնքան բարդացավ վիճակը, որ վերակենդանացման բաժանմունքում անցկացրեց 10 օր, անհույս վիճակից մեծ դժվարությամբ դուրս եկավ, բայց դուրս գրման օրը մոտեցավ ինձ ու հայտարարեց, որ իրեն այս 20 օրը անիմաստ ու անտեղի էին պահել հիվանդանոցում։

Երբ արհեստական շնչառության սարքերին միացրած, ծայրահեղ ծանր, անհույս հիվանդները քայլելով տուն էին գնում. դա բոլորիս պայքարի հաղթանակն էր։ 

Կորուստներ և հիասթափություններ նույնպես ունեցանք, յուրաքանչյուր պացիենտի մահ մի կտոր պոկում է մեր հոգուց, ինչպես սահմանին զոհվածի մասին ամեն գույժ։ 

Եղե՞լ են հուսահատության պահեր, և ինչի՞ց:

Շուրջ երկու ամիս հիվանդանոցից տուն չեմ գնացել և հասկացել, որ ցանկացած ծանրաբեռնվածություն մարդու համար հաղթահարելի է, անգամ բազմաթիվ անքուն գիշերներից հետո կարելի էր աշխատել և արագ ու ճշգրիտ որոշումներ կայացնել։ 

Հուսահատության պահեր եղան ապրիլյան պատերազմի օրերին, երբ տասներորդ վիրավորի վերջույթը փրկել փորձելուց հայտնեցին, որ ևս 6 վիրավոր են բերել, թվաց դժոխքը մեզ այցի էր եկել։ 

Զգացմունքները և էմոցիաները անտեղի են, երբ քեզանից կյանք է կախված, բայց երբ կորցնում ես հարազատի, որը քեզ վստահել է իր կյանքն ու առողջությունը, մեջդ դատարկվում է: Երեք այդպիսի ծանր հարված արդեն ունեցա, բոլորն էլ, ցավոք, մեր կենտրոնում։

Ինչպիսի՞  ժողովուրդ ենք, վիրուսի մարտահրավերի առջև:

Քիչ կարգապահ, չենթարկվող, աղմկոտ, բայց մեծ հույսերով ու կարիքի դեպքում համախմբվող և միմյանց ձեռք պարզող։

Մեր բժշկությունը ինչո՞վ պատրաստ չէր այս կռվին:

Ամբողջ աշխարհի բժշկական հանրությունը պատրաստ չէր, անգամ զարգացած երկրների, բայց հիմա ոչ միայն պատրաստ ենք նյութատեխնիկական բազայով, այլ նաև կուտակված փորձի հաշվին կարող ենք օգտակար լինել շատ այլ երկրների։

Համավարակի հետ ապրելը նոր ապրելակե՞րպ է լինելու:

Համավարակի հետ ապրելը պարտադրված անհրաժեշտություն է, ինչպես չենք կարող փոթորիկը կամ կայծակը բացառել, այնպես էլ համավարակը: 

Պետք է պատրաստվել ու պայքարել՝ մինիմալ կորուստներով դուրս գալու համար։ 

Շնորհակալ ենք՝ վիրուսի դեմ պայքարող  բոլոր բուժաշխատողներին, որոնք իրենց առողջության գնով վաղվա հույսի ճանապարհ են բացում: Բայց ուզում եմ պատմեք նաև, թե ինչ հուշեր ունեն օրթոպեդիկի հնաբնակները, երբ 1990-ի մութ տարում երգչուհի Շերն իր հայաստանյան եզակի այցի ժամանակ եղել է վնասվածքաբանության կենտրոնում, օգնություն տրամադրել երկրաշարժից  տուժածներին:

Պատմում են, որ նույնպես շատ ծանրաբեռնված ու նվիրված են աշխատել, նույնպես օրերով տուն չեն գնացել, բայց մեկ տարբերությամբ՝ չի եղել վարակվելու վտանգ։

Երգչուհու մասին պատմում են, որ շատ բարեհամբյուր է եղել ու նվերներ է տվել բոլոր երեխաներին։ Նկարներ, ցավոք, չեն պահպանվել:

Երբ աշխատանքով տարված ես լինում, նկարվելու ժամանակ առանձնապես չի մնում։

Հարցազրույցը Գայանե Մկրտչյանի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *