2020.07.16,

vox populi

«Սահմանամերձ համայնքները տարածում են վիրտուալ թռուցիկներ հավաստի աղբյուրների մասին»

Այսօր սահմանամերձ Այգեձոր համայնքում չկա ընտանիք, որտեղ մեկ կամ մի քանի անդամ չունենան իրենց անձնական էջերը սոցցանցերում: Տեղեկատվական դաշտում ճիշտ կողմնորոշվելու տեսանկյունից առաջին հայացքից սա կարող է վտանգավոր թվալ. մարդիկ ինչքան շատ են կարդում, լսում, այնքան շատ են խճճվում և չեն կարողանում տարբերակել կեղծ ու հավաստի տեղեկատվությունը:

Տավուշում ռազմական գործողությունների հենց առաջին օրերից կոչեր հնչեցին ցանցերում հետևել միայն պաշտոնական լրահոսին: 

Սահմանին ապրող մարդու համար դա մի քիչ դժվար է: Նախ՝ որովհետև կրակոցները բոլորիս ականջներում են, և իրավիճակն այլ կերպ ենք զգում, երկրորդ՝ մենք ունենք տեղեկատվական տարբեր աղբյուրներ՝ զինվորական ծանոթներ, բարեկամներ, ընտանիքի անդամ:

Պաշտոնական լրահոսին հետևելու կոչերը սկսեցին ավելի լավ աշխատել, երբ առաջին օրերին առաջացած ինֆորմացիայի պակասը սկսեց լցվել պաշտոնական հաղորդագրություններով և հայտարարություններով: 

Սկզբում ասում էին, թե չկա ինֆորմացիա, զանգենք իմանանք, սկսում հարց ու փորձ անել, տեղեկությունների հեղեղը առաջ էր բերում սխալ, ոչ վերջնական, ուռճացված նորություններ: Բայց անգամ այդ իրավիճակում մարդիկ զգույշ էին, իրենց լսածը վերլուծում էին, համադրում և ամենակարևորը՝ չէին շտապում տարածել:

Վերջին մի քանի օրերին որոշակի պարբերականությամբ ստանում ենք պաշտոնական ինֆորմացիա, որն ազդում է սահմանագծի բնակավայրերի մարդկանց տրամադրությունների և հանգստության վրա: Պարզ իրավիճակ է՝ խուճապ չկա:

Խուճապ լինում է այն դեպքում, երբ չգիտես, թե ինչ է կատարվում, որտեղ են ընթանում ակտիվ գործողություններ, քանի զոհ կա, ինչպես է վիրավորների վիճակը: 

Տեղեկատվական դաշտի թափանցիկ աշխատանքը և տեղեկությունների հետ վարվելու մարդկանց կարողությունները մեզ դնում են կրկնակի շահեկան վիճակում:

Ցանցերում հանդիպել եմ, թե ինչպես են սահմանամերձ համայնքների շատ աշակերտներ, ուսուցիչներ կամ պարզապես մեդիագրագետ օգտատերեր տարածում վիրտուալ թռուցիկներ հավաստի աղբյուրների մասին: 

Եթե անգամ լինում են մեկ-երկու սայթաքումներ, դրանք հիմնականում տեղանքների անունների կամ բնակավայրերից կադրերի հետ են կապված, անձնական կապերով, հեռախոսով կամ այլ կապի միջոցով խնդրում ենք հեռացնել գրառումը: 

Այսինքն, լավ իմաստով իրար հետևում ենք, որ պահպանվի տեղեկատվական հիգիենան:

Հիմնական խնդիրը մնում է մարդկանց հորդորելը, որ հեռախոսով չխոսեն իրավիճակի մասին, զինվորականների, տեղանքների անուններ չտան: Նման զրույցները չի ստացվի հանրայնորեն վերահսկել, կարծում եմ, հնարավոր է լինեն նման միջադեպեր:

Վերջին տարիներին Այգեձորի դպրոցում տարբեր առիթներով հաճախ ենք խոսել հավաստի աղբյուրների մասին երեխաների, ուսուցիչների հետ: Երեխաները հիմա ցանցերում մի քիչ պասիվ են, քիչ են տարածում տեղեկություններ: Իսկ եթե տարածում են, ապա միայն պաշտոնական աղբյուրներից: 

Այս պասիվության պատճառը կարող են լինել տեղեկատվական դաշտում զգուշավորությունը, սթրեսային վիճակը կամ պարզապես ինֆորմացիայի լիարժեքությունը:

Ընդհանուր առմամբ, այս պահին չունենք տեղեկատվության բաց և կասկած, որ ինչ-որ բաներ մեզանից թաքցնում են: Այդպես չէր 2016-ի ապրիլին, երբ մարդիկ փնտրում էին տեղեկություններ ամենաանհավանական աղբյուրներից, եթե անգամ չէին էլ հավատում՝ տարածում էին, որովհետև ուզում էին որոշակիություն:

Տեղեկատվական հեղեղում ճիշտ կողմնորոշվելու համար վերջին տարիներին դպրոցում և դպրոցից դուրս եղել է կրթական, քարոզչական աշխատանք, որը մտել է ընտանիք, հասել ծնողներին, հարևաններին, բարեկամներին։ 

Եվ գիտելիքի այդ շղթան հիմա հնարավորինս լավ աշխատում է:

 

Հայկ Ծաղկյան
Տավուշի մարզի սահմանամերձ Այգեձոր գյուղի միջնակարգ դպրոցի
փոխտնօրեն,  քիմիայի ուսուցիչ 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *