Հայաստանի սահմանին իրավիճակը պարբերաբար սրվում է, ձեռնարկվում են ռազմական գործողություններ, և սահմանամերձ գյուղերը, որոնք ռմբակոծվում են ու գտնվում վտանգի տակ, հայտնվում են բոլորիս ուշադրության կենտրոնում: Եվ առաջին հարցը, որը ծագում է լրատվականների մոտ՝ ինչպե՞ս լուսաբանել դեպքերն, ու որքանով է լուսաբանման տարբերակը նպատակահարմար:
2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմը մեծ դաս էր նաև լրատվամիջոցների համար, որոնք առավել զգուշավոր ու համախմբված էին, թե՛ ներքին որոշմամբ, թե՛ պետության պարտադրանքով՝ սահմանափակելով սեփական իրավունքները հանուն չվնասելու սկզբունքի:
2020-ին իրավիճակը այլ է: Թեև հայ-ադրբեջանական բախումները Տավուշի մարզում, որոնք սկիզբ առան հուլիսի 12-ին, այդքան ինտենսիվ չեն, որքան 2016-ին, սակայն արդեն երրորդ օրն է սահմանը գլխավոր թեման է, ցավը ու մտահոգությունը:
Թերևս հենց այդ երեք բառի միասնությունն էլ դրդեց մի քանի լրատվամիջոցների շտապել վտանգավոր գոտի ու ուղիղ հեռարձակում անել սահմանամերձ գյուղերից: Գլխավորը, ցավը, անորոշ ապագան այն նյութն են, որը կարելի է պահանջված համարել միշտ:
Այդպես թերևս մտածեցին այն լրագրողական խմբերը, որոնք լայվեր արեցին Չինարի, Մովսես գյուղերից՝ ցույց տալով բնակիչներին, դիրքերը, գյուղում կատարվող իրադարձությունները, զինվորական համազգեստով մարդկանց, բնությունը և միջդիրքային փոխհրաձգության ձայները:
Առաջին հարցը, որը ծագում է այդ լայվերը նայելիս, սա է՝ իսկ ինչու՞ հենց ուղիղ հեռարձակում, այլ ոչ թե ռեպորտաժ, որտեղ կարելի էր խմբագրել կադրերը, խոսքը, տեսարանները: Արա՞գ էր հարկավոր: Այդ դեպքում, հարց երկրորդ՝ ի՞նչն էր պետք լուսաբանել այդքան արագ:
Պարզապես գնալ սահման ու մանկամիտ դեմքի արտահայտությամբ բոլոր պատահած մարդկանց հարցեր տալը ոչ միայն անվտանգ չէ, այլև պարզապես անօգուտ: Բացի թերևս լրագրողի ինքնասիրությունը շոյելու կասկածելի հաճույքից:
Թերթ-ի ու Արմնյուզի համատեղ նկարահանած ու ուղիղ ռեժիմով հեռարձակվող մոտ 20 րոպե տևողությամբ լայվը սահմանամերձ Չինարի գյուղից հենց այն ոչինչ չասող նյութերից էր, երբ ուզում ես ասել՝ գուցե մի քիչ մտածեք, լայվ մտնելուց առաջ:
Ամեն մեկի հետևից վազել ու խնդրել մեկնաբանել կրակահերթերն ու ակնկալիքները (նաև հոգևորականին), հիշեցնում է այն մասին, որ միգուցե լրագրողին գործուղման ուղարկած լրատվամիջոցը լավ չի պատկերացնում իր դերը: Պարզապես ասել է՝ գնա, տես, ինչ կա, ինչ տեսնես, նկարի ու ուղիղ եթեր մտիր, որքան կարող ես արագ:
Factor.am-ի նյութը այդ նույն շարքից է: Երբ լրագրողը գնում է սահմանամերձ Մովսես գյուղ ու լավ չի պատկերացնում, թե ինչ է նկարելու: Եվ քանի որ չգիտի, որոշում է լայվ մտնել ու ինչ պատահի նկարահանել ու ինչ հարց պատահի տալ:
Հարցեր բնակիչներին՝ թե ինչ կարծիքի են իրավիճակի մասին, հարցեր, թե ինչ զինատեսակներից են կրակում (ասենք, եթե սխալվեցին ու «Կատյուշան» շփոթեցին «Գրադի» կամ ավտոմատային կրակահերթի հետ, ի՞նչ է լինելու, ի վերջո, նրանք զինտեխնիկայի փորձագետ չեն):
Թերթ-ի լրագրողն էլ մոտենում է զինվորական հանդերձանքով զինված մարդկանց ու առանց վայրկյան անգամ վարանելու հարցնում՝ կասե՞ք ինչ գործողություն եք պատրաստվում իրականացնել:
Լրագրողը երևի սպասում էր, որ իրենց պիտի բացատրեն գործողությունների հաջորդականությունը, ռազմավարությունը, դիրքային փոփոխությունները և այլն:
Factor.am-ի լրագրողն անընդհատ գյուղացիներին հարցնում էր՝ ո՞րն է հարցի հանգուցալուծումը: Բնականաբար, հարցը չի կարող ունենալ պատասխան: Բայց լրագրողը միևնույն է համառորեն դա էր հարցնում:
Կամ էլ հարցնում՝ ինչու՞ Ադրբեջանը դիմեց նման սադրիչ գործողության: Հետաքրքիր է, թե լրատվամիջոցը ի՞նչ պատասխան է ակնկալում, այն էլ ուղիղ եթերում: Որ իրոք Մովսես գյուղի բնակիչը կտա՞ սպառիչ ու լիարժեք պատասխան: Դժվար թե:
Լրատվամիջոցը պարզապես հարցնում է, որ տեսնի, թե ինչ դուրս կգա:
Այդ մոտեցումը՝ գնանք, տեսնենք, թե ինչ դուրս կգա, արդեն այնքան է տարածվել, որ ուղիղ կերպով վնասում է բոլոր ոլորտներին:
Եվ իհարկե, առաջին հերթին Զինված ուժերի աշխատանքին, որն այս օրերին ամենից վեր է: Առավելևս լրատվամիջոցների իրավունքներից: Կամ ավելի ճիշտ՝ իրավունքների երկակի ու լղոզված կիրառումից:
Ներքին ու արտաքին կոդեքսներից զուրկ լրատվամիջոցները համարում են, որ կարելի է ամեն ինչ:
Օրինակ, միկրոֆոնը վերցնել ու վազել գյուղացիների, զինծառայողների հետևից այնպես, ինչպես դա անում են ԱԺ միջանցքներով՝ պատգավորների հետևից վազելով։ Իսկ երբ նրանց կշտամբում են, որ արտառոց իրավիճակում ու բախումների ժամանակ հարկ է լինել զգոն ու զերծ պոռոտախոսության գայթակղությունից, ուրեմն սահմանափակվում է իրենց խոսքի ազատությունը:
Նման միամիտ ու միաժամանակ ինքնավստահ ուղիղ հեռարձակումների վտանգների մասին շատ է գրվել: Բայց կարծես հիմա 2020-ին այդ զրույցը պետք է նորից սկսել զրոյից:
Լռելու, մտածելու, ինքնախմբագրվելու իրավունքը դեռ ոչ ոք չի դրել արգելքի տակ: Եվ հաստատ, 1-2 րոպե տևող ստենդափը բավական էր ցույց տալու համար, որ լրատվամիջոցը պատվիրակել է իր աշխատակցին թեժ գիծ, իսկ հիմա մտածված է մոնտաժելու կադրերը:
Ի վերջո, լրատվամիջոցը գիտակցում է, որ ուղիղ եթերը անկանխատեսելի է, ու կադրում կարող է հայտնվել այն, ինչը չպիտի հայտնվի:
Այո, կան իրավիճակներ, երբ լրագրությունը առաջնային չէ: Եվ լրագրողն էլ հերոս չէ, որը ուղիղ կապով բան պիտի պատմի, թեև բան չունի պատմելու:
Պատերազմական գործողությունների լուսաբանման մեծ փորձ ունեցող լրագրողները արագ լինելու գայթակղությունը ոչ միայն զսպում են, այլև ուղղակի սպանում: Կարելի է, օրինակ, այստեղ լսել Էդիկ Բաղդասարյանին, որի փորձը նման իրավիճակներում անգնահատելի է:
Կամ այստեղ Թաթուլ Հակոբյանին, որը գրեթե բոլոր լարված իրավիճակներում պատրաստում է ռեպորտաժներ և ֆիլմեր ու իր համար մշակել է պատերազմական գործողությունների հստակ կոդեքս: Հուլիսի 14-ին Ֆեյսբուքում նա գրեց, որ աշխատելով առաջնագծում, բնականաբար, կապի մեջ է բանակի հետ և գիտի՝ ինչ տալ ու ինչ չտալ եթեր։
«Այո, այս օրերին մեր ամեն զինվորի կյանքը ավելին է, քան 1000 ռեպորտաժ։ Եվ ես առաջնորդվում եմ հենց այդ սկզբունքով»:
Ներքին խմբագրի դերը նման իրավիճակներում ոսկու գին է: Հակառակ դեպքում, խմբագիրները կգան դրսից և կլինեն ավելի դաժան ու միակողմանի:
Հուլիսի 13-ին ՊՆ-ն տարածեց կոչ ԶԼՄ-ներին, որ «ձեռնպահ մնան հավանական մարտական գործողությունների տարածք հանդիսացող գոտիներ, այդ թվում նաև սահմանամերձ բնակավայրեր մուտք գործելուց և, առավել ևս, ուղիղ հեռարձակում իրականացնելուց»:
ՊՆ-ն պայմանավորեց դա ոչ մի միայն տեղի բնակիչների, այլև տվյալ տարածքներում տեղակայված հայկական զինված ուժերի ստորաբաժանումների անվտանգությամբ։
Այդպիսով՝ «փաստացի, հնարավորություն ընձեռելով հակառակորդին ուղիղ եթերի ռեժիմով դիտարկել մեր տարածքում տեղի ունեցող գործողությունները, ինչը բացարձակ անթույլատրելի է»։
Արդեն հուլիսի 14-ին, Հետքը գրեց, որ իր լրագրողների մուտքը Տավուշի մարզի Բերդ քաղաք արգելվել է, ոստիկանները թույլ չեն տվել հետաքննող լրագրողների խմբին մտնել քաղաք:
Թերևս այդ արգելքը նախորդ լայվերի արդյունք էր: Ոչնչով չարդարացված ու աննպատակ լայվերի:
Նունե Հախվերդյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: