2020.07.09,

Ստուգված է

France Arménie-ն և hraparak.am-ը չեն ընդունում կեղծ լուր տարածելու պատասխանատվությունը

author_posts/karine-ghazaryan
Կարինե Ղազարյան
facebook

Լրագրող

Հուլիսի 8-ին hraparak.am-ը, հղում անելով Ֆրանսիայում լույս տեսնող France Arménie ամսագրին, գրեց, թե Արսեն Թորոսյանը ֆրանսիացի բժիշկներ է հրավիրել Հայաստան, նրանց վճարել թվացյալ հումանիտար օգնության համար և այդ ամենը չի համաձայնեցրել Ֆրանսիայի կառավարության հետ։

Ըստ հրապարակման, ֆրանսիացիների այցը արժեցել է €200,000, իսկ բժիշները, որոնք մնացել են շքեղ «Մարիոթ» հյուրանոցում, յուրաքանչյուրը €1,800 աշխատավարձ են ստացել։ 

Լուրը վերատպեցին բազմաթիվ այլ լրատվականներ, այդ թվում ամենաայցելվող news.am կայքը։ Սակայն թե՛ France Arménie-ն, թե՛ hraparak.am-ը տարածել էին կեղծ տեղեկություն։ 

hraparak-ի հոդվածը France Arménie-ից

Media.am-ը կապ հաստատեց France Arménie-ի հետ, ինչպես նաև ուսումնասիրեց hraparak.am-ի հոդվածը և հետագա հերքումներին կայքի արձագանքը։ Այս երկու լրատվականներն էլ խուսափում են պատասխանատվությունից և հորդորում հարցերն ուղղել իրենց աղբյուրներին։ 

Հայաստանի կառավարությունը €200,000 չի հատկացրել, իսկ բժիշկները չեն վարձատրվել 

Բժիշկների այցը կազմակերպել էր Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը։ Media.am-ի հետ զրույցում գրասենյակը հերքեց շրջանառվող տեղեկությունը․ բժիշկները որևէ վարձատրություն չեն ստացել, իսկ ծախսերի նշվող չափը՝ €200,000, իրականությանը չի համապատասխանում։

Ավելին, ՀՀ կառավարությունը չի վճարել բժիշկների այցի համար։ Բժիշկները կատարել են կամավոր աշխատանք։ Առաջին խմբի այցը կազմակերպելը ֆինանսավորել է USAID-ը, իսկ երկրորդինը՝ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը։

ԱՄՆ դեսպանատնից մեզ տեղեկացրեցին, որ Covid-19-ի դեմ պայքարելու համար ԱՄՆ-ն արդեն $6,000,000 ԱՄՆ դոլարի աջակցություն է տրամադրել Հայաստանին։ $60,000 USAID-ի կողմից հատկացվել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակին՝ ֆրանսիացի բժիշկների չվերթի, գիշերակացի, օրապահիկի ու թարգմանիչների ծախսերը հոգալու համար։*

ԱՄՆ դեսպանատնից նաև հերքեցին բժիշկների վարձատրության մասին լուրը։ Տեղեկությունը հերքեց նաև ժամանած բժիշկներից Ալեքսանդր Մինյոնը՝ այն անվանելով «սրտխառնոց առաջացնող լուր»։ 

France Arménie-ի հրապարակման մեջ ասվում է, թե բժիշկների ընտրությունը արվել է առանց նրանց մասնագիտական կարողությունները և Covid-19-ի դեմ պայքարի փորձը հաշվի առնելու։ Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը, սակայն, Media.am-ին ասաց, որ բժիշկների ընտրությունը համակարգված է եղել նախարարության հետ։ ԱՆ-ն նշել է, որ հատկապես ռեանիմատոլոգի կարիք կա, և Ֆրանսիայից ժամանել էին հենց անեսթեզիոլոգներ և ռեանիմատոլոգներ։ 

Կեղծ տեղեկություն պարունակող հրապարակումից մի քանի ժամ անց hraparak.am-ը պատասխանեց հերքումներին․ «Այսօր նկատեցինք, որ կասկածի տակ է դրվել [France Arménie-ի] հրապարակման գոյությունը: Տեղադրում ենք ամսագրի 11-րդ էջի նկարը։ Խնդրո առարկա հոդվածը 11-րդ էջում է»։

Կայքը, սակայն, մանիպուլացնում է․ հերքումներում ոչ թե կասկածի տակ է դրվում սկզբնաղբյուրի գոյությունը, այլ ստուգվում է «Հրապարակի» տարածված տեղեկության իսկությունը։  

Սկզբնաղբյուրը մեկ բժշկի կարծիքն էր

Տեղեկությունը ի սկզբանե հրապարակվել էր France Arménie ամսագրի հուլիսյան համարում։ 

Այս ամսագիրը գլխավորում է Հարութ Մարտիրոսյանը, ով Ֆրանսիայի Հայ դատի հանձնախմբի (Comité de Défense de la Cause Arménienne) ղեկավարն է։ Այս կառույցը հիմնադրվել է 1965 թ․ Հայ Յեղափոխական Դաշնակցության կողմից և կապված է կուսակցության գործունեության հետ։ 

France Arménie-ին, հղում անելով ֆրանսահայ բժիշկ Ժան Միշել Էգերյանին, գրել է, թե ֆրանսիացի բժիշկների առաջին այցը Հայաստան կազմակերպվել է ոչ սովորական դիվանագիտական կապերով։ Հեղինակը (նրա անունը հայտնի չէ, հոդվածը մակագրված է «Հ․Մ․») նշում է, որ առաջին այցը համակարգված չի եղել Ֆրանսիայի համապատասխան պաշտոնական մարմնի հետ՝ «չնայած Երևանում Ֆրանսիայի դեսպանատան հայտարարությանը»։

ԱՄՆ և Ֆրանսիայի դեսպանները դիմավորում են Հայաստան ժամանած բժիշկներին

ԱՄՆ և Ֆրանսիայի դեսպանները դիմավորում են Հայաստան ժամանած բժիշկներին

Սա անհասկանալի հայտարարություն է․ դեսպանատունը Ֆրանսիան ներկայացնող պաշտոնական մարմին է, և բժիշկների առաջին խմբին օդանավակայանում դիմավորում էին թե՛ ԱՄՆ, թե՛ Ֆրանսիայի դեսպանները։ Արձագանքելով մամուլի հրապարակումներին դեսպանատունը հայտնեց, որ տեղեկացված է եղել այցի մասին և մշտապես կապի մեջ եղել բժիշկների հետ։ 

Media.am-ը կապ հաստատեց France Arménie-ի տնօրեն Հարութ Մարտիրոսյանի հետ։  Մարտիրոսյանը մեր հարցերին չպատասխանեց՝ հորդորելով բոլոր մանրամասները ճշտել բժիշկ Ժան Միշել Էգերյանից։ Էգերյանը առայժմ չցանկացավ մեկնաբանել հրապարակման մեջ արվող պնդումները, ինչպես նաև €200,000 ծախսված գումարի մասին տեղեկությունը։ 

Hraparak.am-ը սկզբնական հոդվածը վերաշարադրել է առանց ստուգելու և իր կողմից հավելումներով 

Hraparak.am-ի հոդվածը հեղինակած լրագրող Վահե Մակարյանը ոչ միայն France Arménie-ի տեղեկությունը տարածել է առանց ստուգելու, այլև կողմնակալ հռետորաբանություն է ավելացրել։ 

Այսպես, Մակարյանի տեքստում ֆրանսիացի բժիշկների «հումանիտար օգնությունը» արդեն չակերտավոր է, իսկ նախարար Թորոսյանը «ինքնագլուխ» է բժիշկներ հրավիրում Հայաստան։  

Մակարյանը նաև լրացուցիչ տեղեկություն է պարզել այն մասին, որ բժիշկների այցին օժանդակել է Նիս քաղաքի հայ համայնքից Սամսոն Օզարարատը։ Լրագրողը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Սամսոն Օզարարատը «Թուրքիայից սերած» է։ 

Նման տեսակավորումը՝ «Թուրքիայից սերածներ» և այլոք, խտրական է․ Թուրքիայում ծնվել են Սփյուռքում և Հայաստանում ապրող բազմաթիվ հայեր։ Իսկ Սամսոն Օզարարատ անունը հանդիպում է 1998 թ․ Սևծովյան տնտեսական համագործակցության գագթնաժողովին ՀՀ պաշտոնական պատվիրակության կազմում։  

Հուլիսի 9-ին Hraparak.am-ի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը առանձին անդրադարձավ իրենց հոդվածի հերքումներին։ Օհանյանը բողոքեց, որ իր գլխավորած լրատվամիջոցի «բերանը փակում» են և զարմացավ, որ «Հրապարակի» տարածած կեղծ տեղեկությունը հերքել են։ Օհանյանը նաև հորդորեց լրագրողներին չհերքել տարածվող  ապատեղեկատվությունը, քանի որ «իրար դեմ աշխատելը […] գործընկերային չէ»։ 

Կարինե Ղազարյան

* ԱՄՆ դեսպանատան մեկնաբանությունը տեքստում ավելացվել է հրապարակումից մի քանի ժամ անց:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *