2020.06.05,

Ստուգված է

Հայաստանի ռեյթինգային կայքերում COVID-19-ի թեմայով ռուսերենից թարգմանությունները գերակշռում են

Կորոնավիրուսային համաճարակի պայմաններում COVID-19-ի թեմայով հայաստանյան լրատվամիջոցներում կարելի է հանդիպել կորոնավիրուսի մասին հավաստի, վստահելի կամ կեղծ ու մանիպուլատիվ նյութերի։

Մենք փորձել ենք պարզել, թե շուրջօրյա լրահոսի ռեժիմով աշխատող հայկական լրատվական ռեյթինգային կայքերը կորոնավիրուսի թեման լուսաբանելիս ինչ աղբյուրներից են օգտվում։ Դիտարկել ենք միայն այլ երկրներին վերաբերող նյութերը կամ ոչ հայկական լրատվամիջոցներից թարգմանությունները։

Առանձնացրել ենք կորոնավիրուսին և դրա հետևանքներին առնչվող կամ դրանց հետ կապված իրադարձային, վերլուծական, փորձագիտական նյութերը՝ մեկ շաբաթվա կտրվածքով՝ մայիսի 8-14-ն ընկած ժամանակահատվածում։

Ուսումնասիրել ենք 5 կայք՝ ըստ similarweb.com կայքի ռեյթինգի։ Դրանք են 1in.am, news.am, tert.am, lurer.com, armeniasputnik.am կայքերը։

1in.am

Մեկ շաբաթվա ընթացքում 1in.am կայքը կորոնավիրուսի և դրա հետ առնչվող թեմաներով 185 նյութ է հրապարակել (չհաշված հայաստանյան նորությունները)։

Ակտիվ հղումները առկա են միայն 3 հոդվածի դեպքում։ Դրանցից մեկն ունի ակտիվ հղում նշված նյութին, մեկը՝  սկզբնաղբյուր կայքին և երրորդի դեպքում որպես սկզբնաղբյուր բերված է Age պարբերականը՝ ակտիվ հղմամբ, սակայն այդ հղումը տանում է gazeta.ru կայք, որտեղ նշվում է, որ էջը չի գտնվել։

11 հրապարակման դեպքում ընդհանրապես բացակայում է որևէ աղբյուրի, հայտարարության, հեղինակի հիշատակումը։

Նյութերի զգալի մասը անորոշ հիշատակումներով է՝ հանդիպումների, ասուլիսների, հետազոտական կենտրոնների և այլն։

47-ի դեպքում աղբյուրները պետական կառույցներ են, հետազոտական կենտրոններ, հայտարարություններ։

Հաճախ այդ աղբյուրների հիշատակումները շատ ընդհանրական են։ Օրինակ, «կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն» կամ «վիճակագրական տվյալների համաձայն»։ Կենտրոնների անվանումներն ընդհանրապես չեն ներկայացվում։

Սրանք հիմնականում վիճակագրական ամենատարբեր տվյալների վերաբերող նյութեր են՝ օրական թարմացումները առանձին երկրների համար, աշխարհում կորոնավիրուսային ցուցանիշները, կամ փորձարկումներ, հայտարարություններ գիտնականների կողմից, լրատվամիջոցների տվյալներ, որոնք նորից առանց հստակ հղումների են։

Հաճախ որպես աղբյուր նշվում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալները, սակայն գրեթե բոլոր նյութերում դրանք կամ առանց ակտիվ հղումների են, կամ էլ վերցված չեն անմիջապես այդ աղբյուրից, այլ միջնորդավորված են այլ լրատվամիջոցներով:

Շատ նյութերի իսկությունը դժվար է ստուգելը, քանի որ և՛ առաջնային, և՛ երկրորդական աղբյուրին հղումը բացակայում է։ Այդպիսի նյութերից մեկում, օրինակ, վերնագրում ասվում է, որ ԱՀԿ ներկայացուցիչը հայտնել է կորոնավիրուսի պատվաստանյութի ստեղծման և արտադրման ժամկետները։ Սակայն նյութը կարդալիս տեսնում ենք, որ դա վերցված չէ ԱՀԿ-ի որևէ պաշտոնական աղբյուրից։ Նյութը, ինչպես նշված է, Ռիա Նովոստիինն է, որն էլ իր հերթին հղում է անում Россия 24 հեռուստաալիքի եթերին, որի ընթացքում խոսել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը։ Նյութի իսկությունը ստուգելու համար նախ պետք է անցնել այդ լրատվամիջոցներով, գտնել հրապարակումները և ապա պարզել, թե ով է Մելիտա Վույնովիչը և արդյոք նա նման բան ասել է, թե ոչ։

Մեկ այլ նմանատիպ նյութ վերնագրված է այսպես՝ «Որքան ժամանակ է COVID-19-ն ապրում մակերեսների վրա՝ ըստ ԱՀԿ-ի»։

Նյութի աղբյուրը Ռիա Նովոստին է, որը հղում է անում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Մարգարետ Հարիսին, որն էլ, ըստ նյութի, պնդում է անում՝ վկայակոչելով հետազոտության վերջին տվյալները։ Բայց թե ինչ հետազոտություն է դա և որտեղից այդ տվյալները, չի նշվում։

Ռիա Նովոստիի կայքում՝ ria.ru-ում փնտրելիս նշված ամսաթվով ու թեմայով նյութ կա, որը, սակայն, այլ վերնագրով է և նյութից բացակայում է 1in.am-ում հրապարակված նյութի երկրորդ հատվածը։

Այս նյութի վերնագիրը ռուսերեն թարգմանելիս, ապա համացանցում փնտրելիս հայտնվում է մեկ այլ նյութ՝ lenta.ru-ինը։ Նյութի թե՛ վերնագիրը, թե՛ տեքստը, ի տարբերություն ria.ru-ի նյութի, նույնությամբ կրկնում է հայկական կայքում տեղադրված տարբերակին։

Ակնհայտ է, որ 1-in.am-ն իր նյութը թարգմանել է lenta.ru-ից՝ բառացիորեն մեջբերելով այս հատվածը՝ «Արդյունքների մասին խոսել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) արտակարգ իրավիճակների ծրագրի տնօրեն Մայքլ Ռայանը: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին», և քանի որ հայկական լրատվամիջոցը lenta.ru-ն որպես աղբյուր չի հիշատակել, տպավորություն է, թե նյութը թարգմանվել է Ռիա Նովոստիից։

«Չինացի գիտնականը անվանել է COVID-19-ի ամենավտանգավոր հատկությունը» վերնագրով նյութը միջնորդավորված է ոչ թե մեկ, այլ երկու ռուսական կայքերով։ «Նոր «տեսակի կորոնավիրուսի ամենավտանգավոր հատկությունը բարձր վարակելիությունն է՝ ասել է չինացի վիրաբույժ պրոֆեսոր Չժուն Նանշանը: Այդ մասին հայտնում է RIA Novosti-ն»,- ասվում է նյութում, որը, ինչպես պարզվում է, թարգմանվել է ոչ թե RIA Novosti-ից, այլ gazeta.ru-ի նյութից, որը տեղեկությունը վերցրել է RIA Novosti-ի կայքից։ Միայն RIA Novosti-ի նյութում ակտիվ հղում կա, սակայն այն ոչ թե կոնկրետ նյութի հղումն է, այլ ընդհանուր կայքինը։

News.am

News.am-ի դեպքում դիտարկել ենք ընդհանուր լրահոսը և առողջապահական բաժինը։ Մեկ շաբաթվա ընթացքում այս երկու բաժիններում հրապարակվել է կորոնավիրուսի հետ առնչվող 198 նյութ։

Առողջապահական բաժնում (med.news.am) հաճախ են հանդիպում կորոնավիրուսի մասին թեզեր և փորձագետների կարծիքներ։ Այդ նյութերում տեղեկատվության աղբյուրների փոխարեն երբեմն ընդհանուր հղումներ են գիտնականների խոսքին, հետազոտություններին, հետազոտական կենտրոններին և այլն։

Օրինակ՝ «Օգտակա՞ր է սոցիալական մեկուսացումը կորոնավիրուսի դեմ պայքարում» վերնագրով նյութում ընդհանրապես չկա որևէ աղբյուր։ Խոսելով կորոնավիրուսի տարածման վրա մեկուսացման ազդեցությունից՝ պնդումները վերագրվում է անորոշ աղբյուրի՝ ամերիկացի գիտնականներին։ Հստակ չէ, թե ինչ գիտնականների մասին է խոսքը, որտեղ է հրապարակված նրանց կարծիքը։

Այդպիսի մի շարք նյութեր կան, որտեղ  աղբյուրը  Մելբուռնի Օրիգեն եւ Լա Տրոբ համալսարանի հետազոտողների նոր աշխատանքն էՑզինինի բժշկական համալսարանի գիտնականների հետազոտությունը և այլն, իսկ որևէ լրատվամիջոցի կամ հրապարակման հղում բացակայում է։

Ինչպես 1in.am-ի դեպքում, այնպես էլ այստեղ, հաճախ են հանդիպում  հրապարակումներ, որտեղ հղում է արվում հեղինակավոր կայքերի կամ հետազոտությունների, որոնք, ինչպես պարզվում է, թարգմանված են ռուսական կայքերի միջնորդավորմամբ։ Մեխանիզմը նույնն է, ինչպես վերևում արդեն նշեցինք։

Lurer.com

Luere.com կայքում մեկ շաբաթում կորոնավիրուսին առնչվող թեմաներով 57 նյութ է հրապարակվել։ Կայքի նյութերը հիմնականում առանց ակտիվ հղումների են։ Միայն երկու նյութի դեպքում կա ակտիվ հղում՝ մեկը հրապարակմանը, մյուսը՝ ընդհանուր կայքին։ Մնացած բոլոր դեպքերում կամ բացակայում են աղբյուրները, կամ դրանք հիշատակվում են՝ առանց ակտիվ հղման։

Հաճախ միայն նյութերի վերնագրում է նշվում, թե որ կայքից է լրատվամիջոցը վերցրել տեղեկությունը։ 

«Հայտնի է՝ որն է տան մեջ ամենավտանգավոր վայրը, որտեղ հնարավոր է վարակվել կորոնավիրուսով» հրապարակման դեպքում, օրինակ, վերնագրում նշված է «Ռիա Նովոստի»-ն՝ որպես աղբյուր, իսկ նյութի տեքստում ներկայացվում է կարծիք, որ «վերելակը և հենասյուները բնակելի շենքում գտնվող այն վայրերն են, որտեղ կա կորոնավիրուսով վարակվելու ամենամեծ հնարավորությունը»։

Որպես մեջբերման հեղինակ հրապարակման մեջ անորոշ նշում է՝ «բացատրել է կենսաբանը», սակայն որևէ հիշատակում չկա, թե ով է այդ կենսաբանը, որտեղից, ինչ հանգամանքներում կամ փորձագիտական ինչ հիմքերով է նման եզրակացություն արել։ Ria.ru կայքի հրապարակումն էլ, որտեղից հավանաբար թարգմանվել է նյութը, պարզվում է՝ նյութը թարգմանել է մեկ այլ ռուսական աղբյուրից։

Մեկ այլ նյութում ընդհանրապես չկա ո՛չ սկզբնաղբյուր լրատվամիջոց, ո՛չ որևէ հետազոտության հղում։ Միայն նշվում է, որ «լեհ գիտնականները մշակել են կորոնավիրուսով վարակվելու դեպքում մահվան հավանականության հաշվիչ» և մեկ անգամ նշվում գիտնականի անուն՝ հետևյալ ձևակերպմամբ․ «ասաց հաշվիչի գլխավոր մշակող, բժշկական գիտությունների թեկնածու, Պետեր Բանդոշը»։ Տպավորություն է, թե նշված գիտնականը հենց lurer.com-ի խմբագրությանն է նման բան հայտնել։

Ինչպես վերևում արդեն նշեցինք, հաճախ ռուսական աղբյուրները ոչ ռուսական հեղինակավոր լրատվամիջոցներից կամ հետազոտական կայքերից թարգմանում են կորոնավիրուսի հետ կապված փորձագիտական նյութեր, սակայն որոշ հատվածներով՝ ոչ ամբողջությամբ։ Հայկական լրատվամիջոցներն այդ նյութերը վերցնում են ոչ թե սկզբնաղբյուրներից, այլ ռուսական կայքերից։

Օրինակ «Հայտնի է՝ որն է կորոնավիրուսից մահացությունը կիսով չափ նվազեցնելու միջոցը» նյութում խոսվում է կորոնավիրուսից մահացության ու վիտամին D-ի մասին։ Վերնագրում նշված է սկզբնաղբյուրը՝ Medical Xpress, չկա ակտիվ հղում։

Այս նյութը համացանցում փնտրելիս գտնում ենք ռուսական տարբերակը՝ ria.ru կայքում, որտեղ ակտիվ հղմամբ նշված է սկզբնաղբյուրը։ Հայկական կայքը տեղեկությունն ակնհայտորեն վերցրել է ռուսական կայքից՝ չնայած հղում չի արել։ Անգամ գլխավոր լուսանկարն է ռուսական կայքինը, մինչդեռ սկզբնաղբյուր հրապարակումն այլ լուսանկարով է։

Սկզբնաղբյուր կայքում նյութը վերնագրված է այսպես՝ «Վիտամին D-ն, ըստ երևույթին, դեր է խաղում  COVID-19-ից մահացության ցուցանիշների վրա» (Vitamin D appears to play role in COVID-19 mortality rates), սակայն ռուսական լրատվամիջոցում հենվել են հետազոտության տեքստի մի ակնարկի վրա՝ «Մեր վերլուծությունը ցույց է տալիս, որ այն կարող է լինել նույնքան, որքան մահացության մակարդակը կիսով չափ կրճատելը» (“Our analysis shows that it might be as high as cutting the mortality rate in half”) և վերնագրել, որ հայտնի է կորոնավիրուսից մահացությունը կիսով չափ նվազեցնելու միջոցը։

Armeniasputnik.am

«Հայտնի է՝ որն է կորոնավիրուսից մահացությունը կիսով չափ նվազեցնելու միջոցը» նյութը ria.ru-ի նույն տեսքով հրապարակված է նաև մեր դիտարկած հաջորդ լրատվամիջոցում՝ armeniasputnik.am կայքում։ Սակայն այստեղ արդեն առկա է Ռիա Նովոստիի հրապարակման ակտիվ հղումը։

Armeniasputnik.am-ում, համեմատած մյուս լրատվամիջոցների հետ, կորոնավիրուսի թեմայով մեկշաբաթյա հրապարակումներն ամենաքիչն են՝ 28 նյութ։

Այս կայքում ևս կիրառված է նույն մոտեցումը, ինչ վերևում նշված լրատվամիջոցներում։ Նյութերի որոշ մասը միջնորդավորված է ռուսական լրատվամիջոցներով։ Սովորաբար սզբնաղբյուրում նյութն ավելի ծավալուն է, ռուսական կայքերում թարգմանվում է դրանց միայն մի քանի հիմնական ասելիք, ինչի հետևանքով կարևոր դետալները երբեմն անտեսվում են ու դուրս մնում ասելիքից։

Tert.am

Tert.am-ը մեր դիտարկած  լրատվամիջոցներից ամենահարուստն է հղումներով։ Մեկ շաբաթվա ընթացքում կորոնավիրուսին առնչվող թեմաներով հրապարակված 191 նյութից առանց ակտիվ հղման նյութերը 26-ն են, որոնցից մի մասը Թուրքիային և Ադրբեջանին վերաբերող նորություններ են, մյուս մասը իրադարձային նյութեր կամ վիճակագրական տեղեկություններ։

Կայքում, համեմատած մյուսների հետ, ավելի քիչ են փորձագիտական, գիտական նյութերն ու թեզերը։

Այստեղ ևս մեծ թիվ են կազմում միջնորդավորված թարգմանությունները։ Տարբերությունը մյուս կայքերից այն է, որ հիմնականում նշվում է սկզբնայբյուրը և միջնորդող լրատվամիջոցի անվանումը, որից թարգմանվել է հրապարակումը՝ ակտիվ հղում անելով երկու աղբյուրին էլ։ Սակայն դրանից մոտեցումը չի փոխվում, որովհետև այս դեպքում էլ հայկական լրատվամիջոցում հայտնվում են ռուսական մեդիաբովանդակությանը կրկնող նյութեր։

Ընդհանուր աղբյուրներից օգտվելու արդյունքում լրատվական կայքերի բովանդակությունը քիչ է տարբերվում միմյանցից։ Հաճախ հայկական տարբեր լրատվամիջոցներում հանդիպում են իրար կրկնող նյութեր, որոնցից մեկի դեպքում կարող է նշված լինել աղբյուրը, իսկ մյուսի դեպքում՝ ոչ։ Բայց դա բովանդակային առումով չի ազդում հրապարակումների վրա։

Ամփոփում

Այսպիսով, ուսումնասիրված բոլոր 5 լրատվամիջոցների ամենատարածված աղբյուրները ռուսական են՝ 4-ի դեպքում «Ռիա Նովոստի» և 1-ի դեպքում ՏԱՍՍ ռուսական տեղեկատվական գործակալությունները։

Երկու լրատվամիջոցների դեպքում գրեթե բացակայում են ակտիվ հղումները սկզբնաղբյուր կայքերին կամ նյութերին (1in.am, lurer.com)։ Մեկի դեպքում 198-ից միայն 32 նյութում կան ակտիվ հղումներ կայքերին կամ նյութերին (news.am)։ Մյուսի դեպքում՝ 191-ից ակտիվ հղումներ չունեն միայն 26-ը (tert.am), իսկ armeniasputnik.am կայքի դեպքում 28 նյութից 15-ը ունեն ակտիվ հղում նյութին կամ կայքին։

Չնայած հայկական այս լրատվամիջոցներում որպես բազմաթիվ նյութերի սկզբնաղբյուրներ նշվում են արտասահմանյան հեղինակավոր կայքերը, սակայն մեր հետազոտությունը ցույց տվեց, որ դրանք հաճախ վերցված են ոչ թե այդ սկզբնաղբյուր կայքերից, այլ թարգմանված են ռուսական աղբյուրներից։ Երբեմն այդ տեղեկությունները միջնորդավորված են երկուսից ավելի աղբյուրներով։

Հայկական լրատվամիջոցներին ռուսական աղբյուրների միջնորդությամբ են հասնում անգամ տարբեր երկրներին վերաբերող վիճակագրական տվյալները, միջազգային պաշտոնական ինֆորմացիան։

Նման դեպքերում չի բացառվում միակողմանի տեղեկություն ստանալու վտանգը, քանի որ յուրաքանչյուր երկիր՝ այդ թվում Ռուսաստանը, ունի իր շահերը, և ռուսական լրատվամիջոցները կարող են միջազգային լրահոսից ընտրել և թարգմանել կորոնավիրուսին վերաբերող միայն այն ինֆորմացիան, որը հարմար է իրենց շահերին կամ այդ ինֆորմացիան ներկայացնել իրենց հարմար տեսանկյունից։

Կորոնավիրուսի թեմայով ռուսական լրատվամիջոցում տարածված նյութերի մասին The Guardian-ում հրապարակված «Ռուսական լրատվամիջոցները Covid-19-ի ապատեղեկատվություն են տարածում» վերնագրով հրապարակման մեջ նշվում է, որ ԵՄ մոնիթորինգային խումբը մոտ երկու ամսում ռուսական աղբյուրներից 80 օրինակ ապատեղեկատվություն է հավաքել։

«Հետազոտողների խոսքով, ապատեղեկատվություն ստեղծելու փոխարեն, ռուսական աղբյուրները ուժեղացրել են այլ վայրերում՝ օրինակ Չինաստանում, Իրանում կամ ԱՄՆ-ում ծագած տեսությունները։ Այս մարտավարությունը նրանց թույլ է տալիս խուսափել ապատեղեկատվություն ստեղծելու մեղադրանքներից` փոխարենը պնդելով, որ իրենք ուղղակի հաղորդում են այն մասին, ինչ հաղորդում են ուրիշները»,-ասվում է հրապարակման մեջ։

Ընտրողաբար թարգմանված կամ սկզբնաղբյուր նյութի հիման վրա կազմված հրապարակումները նույնությամբ հայտնվում են հայկական մեդիա դաշտում։ Սակայն լրատվամիջոցները ընթերցողին այս մասին հիմնականում չեն տեղեկացնում։

Մարգարիտա Ղազարյան
Հոդվածը պատրաստվել է որպես ուսումնական նյութ՝ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի Փաստերի ստուգման ուսումնական ծրագրի շրջանակներում


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *