Պարզվեց, որ մեր դասական երկերից Շիրվանզադեի «Պատվի համարն» ամենաժամանակակիցն է, թեման էլ՝ չհնացած։ Նույն հեղինակի «Քաոսի» էկրանավորումը պարզորոշ ցույց տվեց, որ օտարազգի կին ունենալու հիմքով ժառանգությունից զրկելը անհավաստի ու ժամանակավրեպ է։
Ընդհանրապես, Շիրվանզադեն բախտավոր հեղինակ է, նա մասնակցել է իր պիեսների բեմադրություններին Թիֆլիսում ու Բաքվում, հատկապես երբ գլխավոր դերակատարը մորաքրոջ որդի Հովհաննես Աբելյանն է եղել, իր կենդանության օրոք տեսել է 1926-ին նկարահանված «Նամուսը», 1935-ին Սունդուկյանի թատրոնում «Մորգանի խնամին» պիեսի անդրանիկ բեմադրությունը։
Տեսակի մրցավազք
Կարանտինային այս ամիսներին hեռուստատեսությունը խոշորացույցի տակ է, և հեռուստացույց են դիտում նաև նրանք, ովքեր միայն արտադրել են ու վազքի մեջ իրենց արտադրանքը էկրանին, սպառողի հայացքով, չեն նայել:
Պրոդյուսերներից մինչև մտահղացողներ ու դերասաններ, որոնք այդ գործով տուն են պահել, հիմա ունեն սեփական հեռուստաարտադրանքը վայելելու պատեհություն։ Ժամանակ ունեն գնահատելու, թե արժեր այդքան ֆինանս, ռեսուրս ծախսել:
Գուցեև հաճելի է տեսնել, թե ինչպես եռյակներից մեկի երկյակ անսեռ «էրեխեքին» (փայտից նարնջագույն խաղալիք արջուկների տղան կամ աղջիկը որն է) օրը մի քանի անգամ միմյանցից առևանգում են: Արջուկներն էլ՝ որ նվոց, ոչ գվոց: Խոսքը «Անհասցե ծնվածներ»-ների մասին է, և մարդկանց 90 տոկոսը կհասկանա ինձ:
Հայկական եթերը ողողած ֆիլմերը հստակ բաժանում ունեն, անգամ կարելի է «ձեռագիր» ասել: Ագրեսիվ ֆիլմաշարի բույլ, երբ հայհոյում, ծեծում, սպանության փորձ են անում և առևանգում ամենքն ամենքին, ամեն մի ծնող իր զավակին և հակառակը: Տարիներ տևող այդքան բուռն կրքերից հետո ավարտվում են չորս հոգանոց հարսանիքին հնչած խրատական ճառով:
Մյուս տեսակի ֆիլմերում ծորուն-թախծոտ ու անբախտ-լալահառաչ մի հարատև վիճակ է, ձեռի հետ ու պահի տակ էլ՝ ագրեսիա։
Երրորդ տեսակի ֆիլմաշարում աննորմալ ու աննամուս բաներ չկան, գեղեցիկ աղջիկներ ու տղաներ են, կենցաղային բարբաջանք, բայց՝ ոչնչի շուրջ:
Անուններ տալու հարկ էլ չկա, քանի որ սույնը տասնամյակներով է արվում, և բարդ չէ գուշակել ֆիլմը, ռեժիսորին, սցենարիստին, հեռուստաընկերությունը։
Դասականի էկրանավորումը՝ խթան ընթերցանության համար
Մի քանի տարի առաջ Հանրայինը հազարավոր մասանոց լալկան ֆիլմերը փոխարինեց 16 մասանոց ժամանակակից «նովելաշարերով», սակայն այդ կրճատումը սոսկ մեխանիկական էր։ Սցենարիստն «ինկոգնիտո» էր (չէր նշվում), ֆիլմերը՝ դատարկահունչ։
Ապա անցան դասականների էկրանավորմանը, և արձանագրվեց հետաքրքիր իրողություն։
Վարդգես Պետրոսյանի «Վերջին ուսուցիչը» ֆիլմաշարի ցուցադրությանը հաջորդեց բուհերում հանդիպումներ ստեղծագործական խմբի հետ, գրքի քննարկումներ։ Առավել ուշագրավ էր, որ ֆիլմը խթան հանդիսացավ, որ գիրքը վաճառվի, և «Վերջին ուսուցիչը» գրախանութներում մտավ ամենաշատ վաճառվող գրքերի ցանկերի մեջ, դարձավ բեսթսելեր:
Ընդ որում, աճող հետաքրքրությունը տարածվեց նաև հեղինակի մյուս գրքերի վրա՝ «Ապրած և չապրած տարիներ» և այլն։ Դասական գործի էկրանավորումը հետաքրքրություն է առաջացնում գրքի, հեղինակի նկատմամբ։ Երբեմն նաև՝ անկախ գրական արժանիքներից։
Օրինակելի էկրանավորում
Մոդայիկ չէ Հանրայինի մասին լավ բան ասելը, մանավանդ որ շատ հաճախ ենք արձանագրում՝ ոչինչ չի փոխվել, ոչ ոք չի մոռացվել, անգամ հին ու բարի Քեշիշյանը։ Նա է «Պատվի համարի» ռեժիսորը։
Տարիներ առաջ, 2008-ին Հրաչ Քեշիշյանը դասականի էկրանավորման տխուր փորձ էր ունեցել նույն Հանրայինում։
Ռեմարկի «Երեք ընկեր» վեպի կեղծ, մեխանիկական ադապտացիա. համաշխարհային պատերազմը փոխարինվել էր արցախյան պատերազմով, պլյուս՝ մի հմայիչ Նազենի Հովհաննիսյան և վերջ։
«Պատվի համարը» էկրանավորման հաջողված օրինակ է (սցենարի հեղինակ Անահիտ Աղասարյան)։ Շատերն են հիշում «Երևան» ստուդիայում 1956-ին նկարահանված սև-սպիտակ արդեն դասական ֆիլմը (Էլիզբարյան – Հրաչյա Ներսիայան, Սաղաթել – Ավետ Ավետիսյան , Մարգարիտ – Վարդուհի Վարդերեսյան, Սուրեն – Կարպ Խաչվանքյան)։
Հանրայինի ֆիլմում քիչ բան է ուղղակի հիշեցնում հին ժամանակները, մտապահված ֆրազներն ընդամենը՝ «Սաղաթել, գնանք կլուբ», «հայրն այրեց աղջկա պատիվը»:
Հանրայինի ֆիլմին սկզբում քիչ մարդ էր հետևում, վանում էին քեշիշյանական բեմադրված օրգիաները։ Սրա բացատրությունը պիտի փնտրել հենց ռեժիսոր Քեշիշյանի խոսքում․ «Մենք փորձում ենք ստանալ հուզական, գեղեցիկ, ժամանակակից ու հետաքրքիր ֆիլմ՝ ժամանակ առ ժամանակ հղումներ անելով դասականի պատկերացրած ժամանակաշրջանին, այսինքն՝ պատմությունը պատմելով ոչ միայն 2020-ի կենցաղի միջոցով, այլ նաև որոշակի երևակայություն մտցնելով այդ կենցաղում, ճաշակ թելադրելով»։
Եթե իրադարձությունները զարգանում են մեր օրերում, ոչ թե 20-րդ դարում, չի նշանակում անպայման խելահեղության ցուցադրություն։
Նրա պատկերացրած խաղամոլ, անառակ որդի Սուրենի առօրյան ու հագուկապը, նեգատիվ դիսկոն, անհամոզիչ, հիպերբոլացված վարքը ամենևին էլ կերպարի ու ֆիլմի օգտին չէին։
Կյանքը միայն սև-սպիտակի հակադրություն չէ, կան նաև նյուանսներ, բնավորոթյան դրական գծեր՝ հումորը, հարազատասեր լինելը։ Ինչպես ասում են, կերպարը բամբասված էր։ Ամեն ինչում՝ հագուկապի մեջ, տան կահավորության, բարձրադիր սպասքով ու ուտելիքներով մշտապես ծանրաբեռ սեղանի, ծանրումեծ, վանող շքեղություն կար։
Ձյունաթույր ճերմակի մոնոտոն ագրեսիվությունն ամենևին էլ աչք շոյող ու գեղեցիկ չէր, հետաքրքիր ինտերյեր չէր։ Աչք շոյելուց առավել կարևոր էր սյուժեից ու իրավիճակից բխող հավաստիությունը։
Անցնենք ֆիլմի գովական մասերին՝դրականին։
Բարխուդարի դերում՝ Ռաֆայել Քոթանջյան
Մի բանում ֆիլմն աներկբա հաջողված է՝ ճիշտ դերաբաշխում, լավ դերասանական խաղ, նոր դեմքեր, նոր կերպար։
Մանե Մխոյանի Մարգարիտը նույնքան իդեալական է ու անթերի, ինչպես Շիրվանզադեի պիեսում։ Արտաքնապես էլ էլեգանտ, չափավոր ժամանակակից։ Նրա խաղն անհամոզիչ էր՝ իբրև Օթարյանի դատապաշտպան, հավաստի ու հուզիչ՝ իբրև սիրահար աղջիկ, կրտսեր եղբոր համար մտահոգ քույր, կարեկից՝ մոր հանդեպ, և հոր կերպարով հպարտ դուստր։
Բոլոր հարաբերություններում դերասանուհու զուսպ խաղը հավաստիություն է տալիս նրա վարքագծին։ Հաջողված մուտք կարելի է համարել։
Իդեալական և համակրելի կերպար է նաև Սոս Ջանիբեկյանի Արտաշես- Արտո Օթարյանը։ Արտաքուստ դյուրահավատ, պարզամտության աստիճանի, սակայն ինքնավստահ ու հաստատակամ՝ ճշմարտությանը հետամուտ իր քայլերի մեջ։
Աննա Էլբակյանի Երանուհին օրինավոր, տառապող կերպար է, ընտանիքի մոր նոր տեսակ։ Մեղմ հանդիմանանքը փոխարինվել է ցցուն ընդվզումով, լռելյայն տառապանքը՝ գործնական հավատքով։
Էլիզբարյանների դղյակի աչքի ընկնող տեղում շրջանակի մեջ Հրաչյա Ներսիսյանի լուսանկարն է, իբրև պատիվ ու յուրատեսակ հիշեցում, որ նա է դասական, իր ժամանակի լավագույն Էլիզբարյանը։
Ալեքսանդր Խաչատրյանը ստեղծել էր միանգամայն այլ Էլիզբարյան, ժամանակակից հակասական էություն։ Պատկառելի արտաքինի տակ առկա է խոշոր գործարարի թաքցված գիշատչություն։ Եթե պիեսում հերոսը բավարարվում է ընկերոջ փայ-բաժինը հափշտակելով, մեզ ժամանակակից մեծահարուստը նաև մրցակցին կյանքից զրկելու պատվիրատու է։ Ու պարգևատրել, իր հարկի տակ է պատսպարել խամաճիկ մարդասպան Բարխուդարին։ Մեծ գաղտնիքը հարազատացրել- միավորել է նրանց։
Հանցակից Բարխուդարը ներմուծված կերպար է։ Ռաֆայել Քոթանջյանի Բարխուդարը ընտանիքի պահապան ոգին է, յուրատեսակ Ֆիրս (Չեխով «Բալենու այգի»)։ Արտաքուստ զառամյալ, համարյա առանց խոսքի, միայն խորաթափանց հայացքով կառավարում է տան ողջ ելումուտը։ Գիտե ով երբ է տխուր և ով կարող է այդ պահին մխիթարել, որ պահին Էլիզբարյանն ունի սիրելի դստեր կարեկցանքի կարիքը, ինչ բառերով կամ արարքով (ուսերին թիկնոց գցելով) մխիթարել տխրամած Երանուհուն։
Ծեր քոթուկ է, ինտելիգենտ, խորագիտակ, ծածկամիտ, սակավաբառ, սահմանափակ շարժումներով, խորհրդավոր։ Վերջին պահին ինքն էլ լուծում է թնջուկը, ինքնաբացահայտվում և հանձնվում օրինապահներին։
Ֆրունզ Ամիրխանյանի Սաղաթելը Ավետ Ավետիսյանի մոնոմենտալ կերպարից տարբեր է ու ամբողջական։ Ընտանեկան հակասություններն օգտագործում է ի շահ իրեն, տանտիրոջը ծառայում է կենվորի խոնարհությամբ և հին բարեկամի իրավունքով։ Երանուհու համար կարեկից եղբայր է, հուշարար- չարագործ է, երբ պետք է հանցանքի հետքերը վերացնել։ Շվայտ Սուրենի հետ հարաբերություններում սաստող քեռայր է ու վաշխառու՝ միաժամանակ։
Դրամատիկ սկսված, արմագեդոն-տրագիզմի հասցված ֆիլմն ավարտվում է զարմանալիորեն, մինչևիսկ անհարկի երջանիկ: Մի քիչ ավելին, քան բարի ավարտ։
Շնորհակալ մոր նվիրած ու սեփական մոր ձեռքով ամրացված արծաթե կախազարդը, հրաշքով փրկում է հերոսուհուն ինքնասպանությունից։ Անառակ որդին սիրո ազդեցությամբ դարձի է գալիս ու գնում հարցազրույցի՝ աշխատանքի ընդունվելու համար, Վարդիթեր-Ռոզին վերամիավորում է իր ընտանիքը հանուն երեխայի, անգամ ամուլն է պտղավորվում։
Հեղինակների հուշումով` նաև հավատի շնորհիվ ամեն ինչ իր բարեհաջող լրումն է գտնում շքեղ տարտարոս հիշեցնող այս փակ աշխարհում։
«Պատվի համարի» ցուցադրությունը համընկավ կարանտինին, ուստի կարևորվեց ոչ միայն ժամանցային, այլև կրթական բաղադրիչը։ Հանկարծ ու գրականության կամ թատրոնի պատմության քննություն տալիս աչքի առաջ չունենան ֆիլմի սյուժեն, ինչպես ժամանակին «Պեպո» ֆիլմը բարաթի պահով «սրբագրեց» Սունդուկյանի պիեսը։
Գայանե Մկրտչյան
թատերագետ
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: