2020.03.28,

Քննադատ

Թանգարանները վիրտուալ տարածքում առաջարկելու շատ քիչ բան ունեն

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Որոշելով վիրտուալ թափառել հայաստանյան ամենամեծ արվեստի պահոցի բաժիններով, չեք հանդիպի արվեստի գործերի վերատպությունների՝ բարձր որակով: Կամ նույնիսկ՝ վատ որակի:

Օրինակ, Հայաստանի պետական պատկերասրահի«Հավաքածուներ» բաժինների թե՛ տեքստը, թե՛ դիզայնը, թե՛ հենց արվեստի գործերի լուսանկարների որակը անցյալ դարի տեխնոլոգիական հորձանուտում են:  

Խեղդվում են առանց ներկայության վիրտուալ տարածքում, և որքան հասկանում ենք հենց կայքից, նման նպատակ պատկերասրահի տնօրինությունը չի ունեցել արդեն վաղուց:  

Բացում ես էջն ու միանգամից փակում, քանի որ միջավայր չկա: Կան միայն խորհրդային տարիներից ձգվող չոր հաշվետվությունների նման նկարագրություններ՝ առանց կտավների, քանդակների ու կիրառական իրերի պատկերների: 

Ոչ միայն պատկերասրահի, այլ շատ թանգարանների Ֆեյսբուքյան էջերում կա այսպիսի տեքստ.

«Կորոնավիրուսով պայմանավորված համաշխարհային ճգնաժամը չի կարող խաթարել մեր թանգարանների և գրադարանների առաքելությունը: Փակ լինելով հանդերձ, այս հաստատությունները շարունակում են մնալ գիտելիքի և տեղեկատվության բաց և հասանելի աղբյուր բոլորի համար: Հայաստանում թանգարանները և գրադարանները ցուցաբերել են հանրային շահը սպասարկելու լիարժեք պատասխանատվություն և պատրաստակամություն»:

Այս երկար տեքստը մեջբերել ենք, որ հնարավոր լինի պատկերացնել՝ թանգարանները (հատկապես հսկա ու հարուստ պետական պահոցը) ինչպես են պատկերացնում իրենց «առաքելությունը»:

Դա ընդունված քայլ է. երբ չես կարող լինել պահանջված, հարկավոր է երկար ու պաթետիկ տեքստերով քողարկվել:

Թե ինչպես են թանգարանները պատրաստվում լինել «գիտելիքի ու տեղեկատվության բաց ու հասանելի աղբյուր», կարելի է տեսնել ՀՀ կառավարության այս տեսանյութում:

Պետությունը առաջարկել է տարբեր թանգարաններին աշխատել #տնիցթանգարան, #թանգարանըկգատուն հեշթեգներով՝ սոցիալական մեդիայում պատմելով որևէ նմուշի մասին:

Պետական պատկերասրահն, օրինակ, որպես նորույթ, հրապարակելու է լուսանկարներ, որոնք «պատկերասրահի 100-ամյա պատմության խոսուն վկաներն են», իսկ տուն-թանգարանները շրջանառելու են որևէ նմուշի լուսանկար:

Առաջարկվում է լուսանկարել այն գիրքը, որը կարդում ենք ու ուղարկել «ամենայն հայոց բանաստեղծի» տուն-թանգարանի էջին: Ու նաև թանգարանների ու գրադարանների աշխատակիցները հեքիաթներ են կարդալու, ձայնագրելու ու տարածելու, «որ երեխաները մենակ չմնան»:

«Տանը մնա, թանգարանը կգա տուն: Հայաստանում գործող մշակութային կառույցները արագ ինքնակազմակերպվեցին ու փակ դռներն այցելուների առջև բացեցին վիրտուալ տիրույթում»,- ասում է լրագրողն այնքան փափուկ-ուրախ ձայնով, որ թվում է ամեն ինչ հիանալի է (խորհրդային ժամանակ այդ ձայնով էին կարդում լուրերը պիոներ հաղորդավարները):

Նման գովազդային-ճանաչողական նյութերի թերությունն այն է, որ երբեք ոչ մի թերություն չի նկատվում: Ընդհակառակը՝ գովերգվում է ներկա իրավիճակը որպես հաջողության բնականոն փուլ:

Ոչ, թանգարանները արագ չկազմակերպվեցին, մեծ մասն ընդհանրապես չի պատկերացնում, թե ինչպես է պետք ինքնակազմակերպվել և բացել պահոցները այն պարզ պատճառով, որ վիրտուալ պահոցներ չկան կամ շատ նվաղ են: 

Մի կողմ դնենք այս գովազդային-իրազեկող ռեպորտաժի ընդհանուր պատանեական ոճը: 

Հարցն այլ է. բնականաբար, բոլորս գիտենք, որ շատ քիչ թանգարաններ ունեն բարձրորակ թվայնացված նմուշներ ու օգտագործում են դրանք մուլտիմեդիա ցուցադրություններ պատրաստելու, ակտուալ համատեքստում տեղադրելու կամ նույնիսկ անսպասելի համատեքստեր հնարելու առիթները: 

Համատեքստը սովորաբար նույնն է՝ հայ մեծերը, մեր վեհ ժառանգությունը, մեր նվիրյալները, մեր պանծալի նվաճումները և այլն:

Կամ էլ՝ կանանց հերթական «միամսյակի» առիթով կանանց (մուսաների) դիմանկարներն են դնում շրջանառության մեջ, որպես գարնանային արձագանքի վատ ավանդույթ:

Այսինքն, միշտ ընտրվում է «անվրեպ», ուսուցողական, հեշտ ու փառաբանող ճանապարհը՝ թե՛ նմուշները ընտրելու, թե՛ դրանց ուղեկցող տեքստ գրելու, թե՛ այդ ամենը ներկայացնելու համար:

Եվ եթե աղքատիկ թվային ու որևէ արդիական ներկայությունը սոցիալական մեդիայում ու կայք-հասցեներում համարենք դառը իրականություն, այսքան տհաճ զգացում չէինք ունենա:

Ինչպես ասում էր դասականը՝ ըմբռնումով կմոտենային խնդրին: Առանց որևէ խուճապի: Բայց կառավարությունը այդ մասին ոչինչ չի ասում: Ընդհակառաը՝ ասում է, որ ամեն ինչ լավ է այսօր:

Հայաստանում հայտարարված արտակարգ դրությունը լավ առիթ է մտածելու, ի վերջո, այսօրվա մասին: Իսկ ցանկացած թանգարան, միշտ այսօրվա մասին է, անկախ ժամանակից, թե երբ և ինչի համար է այն ստեղծվել:

Կա ընդունված մոդել, որն օգնում է հասկանալ, թե ինչ երկրում ես. եթե ուզում ես տեսնել, թե ինչպես է պետությունն ինքն իրեն ընկալում, մտիր պետական պատկերասրահ: 

Թանգարանը լինելով դժվար վերափոխվող տարածք, հիմա Հայաստանում կատարում է այն նույն դերը, ինչ կատարել էր Սովետում: 

Այն ամրապնդում է իշխանական տեսակետը առավել բարդ ֆորմայով: Սկսած մուտքից, վերջացրած նմուշների դասավորությամբ այն ցույց է տալիս, թե ինչ կարծիքի է իշխանությունն իր ու քաղաքացիների հետ հաղորդակցվելու մասին:

Հաղորդակցվում է ուղղահայա՞ց, թե՞ հորիզոնական: Ինչպե՞ս է փորձում պատմել իր պատմությունը՝ վեհը, բարձրը, անվեհերը կազմաքանդելով ու մտորումների նյութ դարձնելո՞վ, թե՞ պարզապես ասում է՝ ընդունիր, հիացիր ու լռիր:

Օնլայնում ի՞նչ կա

Հայաստանի պետական պատմության թանգարանը ունի կայք, որտեղ երևում է, թե ինչ է ուզում թանգարանն անել ապագայում: Իսկ վիրտուալ շրջայցերը օգնում են պատկերացում կազմել թանգարանի նախասրահի մասին: Քիչ բան է թվայնացված, բայց մոտեցումը հասկանալի է: 

Բարձր որակի լուսանկարներով կարելի է ծանոթանալ Սերգեյ Փարաջանովի որոշ աշխատանքների հետ:

Վիրտուալ հանդիպումներ է առաջարկում Կոմիտասի տուն թանգարանը, հիմնականում տեսնում ենք դահլիճները, Կոմիտասի իրերը, նամակները: Այս թանգարանն ընտրել է ամենահասանելի ձևը՝ կարանտինի պայմաններում աշխատելու: Պատմում է մի նշանակետ-թեմայի մասին: Երաժշտությունն ու ֆիզիկական իրերը դասավորելով այնքանով, որքանով կարելի է այս իրավիճակում:

Նման կերպ վարվում են հիմնականում տուն-թանգարանները՝ սոցիալական մեդիայում իրենց ունեցածը առանձին-առանձին ներկայացնելով: Որպես կանոն ուղեկցող տեքստերը ավելին չեն, քան առարկաների ու ցուցանմուշների նկարագրություն:

Թանգարանները առանձին հավելվածներ չունեն, կա YerevanMuseum-ը, որը օգնում է գտնել թանգարանների ու միջոցառումների օրերն ու հասցեները: Իսկ 360 stories ցանցը մոտավորապես մի քանի տասնյակ հայաստանյան թանգարանների, ռեստորանների կամ տուրիստական ուղղությունների հավաքածու է: Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը ունի VR հավելված, որտեղ եռաչափ մոդելավորվում է Սարյանի նկարը:

Առանձին թանգարաններ ունեն նաև իրենց մուլտիմեդիա ցուցադրությունները: 

Ներկայանալու հարթակները թե՛ կարանտինից առաջ, թե՛ կարանտինի օրերին Ֆեյսբուքն ու Ինստագրամն են:

Թանգարանները սոցիալական ցանցերում հիմնականում գովազդում են իրենց միջոցառումները, անելիքները, արդեն կատարված միջոցառումների ամփոփումները:

Իհարկե, պարբերաբար թանգարաններից կյանք են մտնում արդիական նախագծեր ու գաղափարներ: Եվ հիշատակված թանգարանների ցանկը ամբողջական չէ:

Իրն ու լսարանը

Թանգարանների գործունեության կարևոր փուլ է մարդու ու ցուցանմուշի (իրի, կտավի, ծավալային օբյեկտի, փաստաթղթերի և այլն) հանդիպումը դեմ-դիմաց, հենց այսօր: 

Որ կայանա «այսօր»-ը, իրն իր կենսագրության մեջ պետք է ներառի ոչ միայն դարերի գնահատականը, այլ նաև «երեկ»-ը՝ իր բոլոր հակասություններով: Պարզ ասած, ոչ թե լինի պարզապես լավ նմուշ, այլ լավ նմուշ այսօր: 

Դրան օգնում է դիզայնը, ներկայացման ձևը, հարցերը, որոնք ծագում են դիտողի մոտ: Այդ ամենը կախված է թանգարանների աշխատողների ու կուրատորների հմտությունից, որի շնորհիվ ժամանակները մոտենում, բախվում, փոխլրացնում են իրար: 

Օգնում են գտնել փոքր, լոկալ տարածքներ, որտեղ կարող են առաջանալ հաղորդակցության նոր ձևեր: 

Իսկ դրանք չեն առաջանա, եթե չհրաժարվենք «Հայ մեծեր», «Մեր ժամանակի հերոսներ», «Գարունն ու կինը» շարքերի շահարկումից՝ ընդունելով, որ գավառական ինքնաներկայացումը, պատմության ու արվեստի անհարկի դեկորացումը, գեղեցկացումը արդեն սպառված են: 

Արվեստը գեղեցիկը չէ, այլ երկխոսության հնարավորությունը: 

Իսկ որպեսզի այդ երկխոսությունը կայանա, հարկավոր է մտապահել, որ հանդիպումը միշտ այսօր է և այսօրվա մասին: Ինչի մասին էլ լինի սոցիալական մեդիայի գրառումը կամ ցուցանմուշի պատմությունը, դա արվելու է հորիզոնական դիրքերից: Ոչ թե խրատական-հիացական, այլ ներքին խոհի վրա հիմնված: 

Սա այն պահանջն է, որը ուզենք, թե չուզենք, հնարավոր է միայն  ցուցանմուշների թվայնացմամբ: 

Որ հնարավոր լինի մոտենալ, զննել, շոշափել շրջել ու անգամ տակնուվրա անել: Թվային տարբերակն, օրինակ, ավելի համար է «շոշափելու» համար, քանի որ լավ որակը դետալների ճշգրտությունն է: 

Առանց թվայնացված նմուշների հնարավոր չէ նաև համագործակցությունը թանգարանների միջև: Եթե օրինակ, մեզ առաջարկում են տեսնել Կոմիտասի գրչամանը, շատերի մոտ կարող է ցանկություն առաջանալ տեսնել նաև Խաչատուրյանի գրչամանը: Ընդհանրապես բոլորի գրչամանները: 

Անհրաժեշտ է, որ բոլոր ցուցանմուշների պատկերները եւնենան մոտավորապես նույն որակն  ու ազատ օգտագործման հնարավորություն, որ դրանցով կառուցվի պատմություն: 

Առանց թվայնացված պահոցների չի ստացվի նաև հրավիրել դիտողին՝ ինքուրույն փորփրել արվեստի ու պատմության շերտերում, անել բացահայտումներ, նոր համատեքստեր ստեղծել: 

Եվ ուրեմն, բոլոր թանգարանների համար առաջնային ու դրանով իսկ՝ կուրատորական դաշտ բացող տարածք է ցուցանմուշների թվայնացումն առավելագույն բարձր որակով: 

Հասկանալի է նաև, որ այդ մասին քիչ թանգարաններ են հոգացել ժամանակին, և առավելևս հիմա չունեն ժամանակ հոգալու: 

Երբ փակվեց ֆիզիկական տարածքը, շատ թանգարաններ մոլորեցվեցին, քանի որ հասկացան, որ ցուցադրելու բան չունեն:

Անգամ երբ ավարտվեն մեկուսացումն ու արտակարգ իրավիճակը, միևնույն է մարդիկ ավելի շատ ձգտելու են հանդիպել վիրտուալ: Թեկուզ միայն այն պատճառով, որ դա կենսակերպի մաս է, ինչպես նաև կենսակերպի մաս է արվեստի հետ հարաբերվելը:

Կարող ենք արվեստին ու պատմության դրվագներին հանդիպել պատահականորեն՝ սքրոլ անելով ցանցերը, կամ նպատակաուղղված այցելելով թանգարանի կայք: 

Այդպես յուրաքանչյուրը կկարողանա իր համադրումներն անել՝ օգտագործելով եղած ցուցանմուշները: Եվ դրանով իսկ՝ կատարել արվեստի ակտ: 

Արվեստը նեղացնում է դաշտը, հրավիրում ուշադրություն դարձնել այն մանրուքների վրա, որոնք անտեսանելի էին ընդհանուր աղմուկի մեջ ու արդյունքում նոր կոմունիկացիա է կառուցում: 

Բայց չմոռանանք, որ թանգարանը հիմնական իմաստների և հիշողության պահապանն է: Եվ հիմա շատ բան վերաիմաստավորվել է, իսկ թանգարանները նույնն են, ինչ հիսուն տարի առաջ, քանի որ այնտեղ միտքը կոնսերվացվել է: 

Միտքը դարձել է փոշոտ արխիվ, որտեղ մաքուր օդ չի մտնում, քանի որ նորից ու նորից ֆեյք կառույցներ են մեզ առաջարկում՝ ասելով, որ թանգարանները ունեն դարերից եկող «առաքելություն», նկարիչը՝ նկարում է մուսային, միջնադարյան հմայիլը՝ զարդանախշով է արժեքավոր, իսկ արվեստը միշտ գեղեցիկ է:

Արժե հիշել, թե ինչպես օրինակ, մեկ դար առաջ ժամանակակից արվեստը սկսեց վերափոխել թանգարանների դերը, երբ Մարսել Դյուշանը տեղադրեց իր հայտնի «Շատրվանը»:

Կորոնավիրուսից մեկուսացումը նման «Շատրվան» է: Լավ կլինի, որ դառնա:

Ի վերջո, որքան շատ լինեն արվեստի ու պատմության շերտերի հետ երկխոսելու առիթները, այնքան ավելի արագ կհասկանանք, որ թանգարանի դերը կոնսերվացնելը չէ, այլ անընդհատ նորովի բացվելը՝ առանց ավելորդ գեղեցկությունների ու պաթետիկ խոսքերի:

Նունե Հախվերդյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *