2012.06.07,

Քննադատ

Կյանքեր եւ կայքեր

Եթե հիշում եք, ես իմ էս առցանց հոդվածների ամենասկզբներում անդրադարձա, որ ավելի շատ թերթերի գործունեությանն եմ հավատ ընծայում, քան կայքերի, բայց այս կարճ ժամանակամիջոցում ճիշտ հակառակ եզրակացությանը հանգեցի, եւ պատճառն ամենեւին էլ այն չէ, որ ինքս եմ կոնկրետ այս կայքի համար գրում ու անհաստատ մտքերովս կիսվում համացանցի հաճախորդների հետ:

Այս ընտրությունները դեռեւս չսկսված`հարամվեցին: Խոսքը վերաբերում է քարոզարշավի ամենավերջին օրը Հանրապետության հրապարակում տեղի ունեցած դժբախտությանը:

Հրապարակային հրդեհն ու դժբախտությունը նախորդեցին նախընտրական լռության օրվան, եւ լռության օրը լույս տեսած հատուկենտ թերթերը դժբախտության մասին համոզիչ ու սպառիչ տեղեկատվություն չէին տալիս, իսկ հաջորդ` արդեն ընտրության օրն ընդհանրապես թերթերը լույս չտեսան: Նախընտրական շրջանում որոշակի օբյեկտիվությամբ աչքի ընկած մեր հեռուստաալիքներն էլ պատահարից տուժած եւ հիվանդանոցներում գտնվող մարդկանց վիճակի մասին սպառիչ տեղեկատվություն չէին տալիս:

Հույսներս լրատվական ու զանազան այլ կայքերն էին, որոնցից մի քանիսն էդ լռության օրն ու ընտրության օրը հնարավորինս սրտացավորեն աշխատեցին` որոշակի տեղեկատվություն ապահովելով ու հրամցնելով, եւ եթե հրդեհից տուժածների վիճակի մասին որոշ բան իմացանք, առաջին հերթին համացանցային լրատվամիջոցների շնորհիվ էր:

Ես, ճիշտն ասած, մեր սերիալների ու դրանց լեզվի մասին սկսած մտորումներս շարունակել էի, բայց հիմա դրանք մի կողմ եմ դրել եւ ահա սա եմ գրում, որովհետեւ հիմա դրանք, մանավանդ կարդալու առումով, չափազանց  ժամանակավրեպ են, եւ համոզված եմ` մինչեւ էս գրածս ձեզ հասնի, էս գրածս էլ է հնանալու, որովհետեւ հիմա մեր երկրում իրադարձությունները ժամ առ  ժամ են փոխվում, եւ միակ հրատապ ու չհնացող խոսակցությունն իմ սկսած խոսակցությունն է մեր ուշանալու մասին:

Եթե ուզում ենք` մեր թերթերը գոյատեւեն ու դիմանան լրատվական կայքերի հետ մրցակցությանը, պիտի սինքրոն կապ ապահովեն տպարանների հետ կամ, լավագույն դեպքում, իրենց սեփական տպարաններն ունենան, այլապես մշտապես հետ են մնալու շուրջկալած իրադարձություններից ու կյանքից (անկախ ինձանից գրեցի կայքից, հետո դարձրի կյանքից): Եվ այս վիճակից թերթերի ու թերթ կարդացողների միակ ելքն ու տարբերակն այն է, որ տպարաններն էլ արտակարգ ու գերլարված օրերին աշխատեն` անկախ նրանից` լռությա՞ն օր  է, թե՞ հանգստյան, այսինքն` տպարաններն իրենք էլ  ֆինանսապես ու ամեն ինչով կախված լինեն թերթերի գոյությունից:

Բայց այսօր ունենք այն, ինչ ունենք, եւ այսօրվա դրությամբ էլի կախված ենք մնալու կայքերից, եւ կայքերում ստիպված ենք լինելու ոչ թե մեր սերիալների մասին վերլուծություններ ու դատողություններ անել, այլ ընդամենը ասել ու անել այն, ինչը մեր թերթերն այսօր ի վիճակի չեն ասել ու անել:

Բայց կայքերն էլ խորհելու լիքը խնդիրներ ունեն, եւ եթե հույսերը դնեն ինձ նման դանդաղախոհ ու դեռեւս համակարգչային արհեստին ու արվեստին չտիրապետող վերլուծաբանների վրա, իրենք էլ մրցակցությանն ու մեր էս բազմամարդ իրականությանը չեն դիմանա:

Ուզենք թե չուզենք, ժամանակը համակարգչին կպած ու համակարգչից պոկ չեկող լրագրողներինն է:

Իսկ ինչ վերաբերում է մեր սերիալների ու դրանց լեզվի վերլուծություններին, դրանք միշտ էլ կհասցնենք անել, որովհետեւ գերլարված ու գերհագեցած օրերին միշտ էլ հաջորդում են  համեմատաբար խաղաղ օրեր: Ապրենք հույսով ու հավատով:

Արմեն Շեկոյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *