2012.05.04,

Քննադատ

Մաշտոցի այգու ակտիվիստներն ու «Առաջին լրատվականի» բոյկոտը

author_posts/gegham-vardanyan
Գեղամ Վարդանյան
twiterfacebook

Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող:

Youtube-ում դիտեցի տեսանյութը, որտեղ Մաշտոցի պուրակի ակտիվիստները հրաժարվեցին զրուցել Հանրային հեռուստաընկերության «Առաջին լրատվականի» նկարահանող խմբի հետ: Տեսանյութը վերնագրված է «Հ1-ի աշխատակիցը Մաշտոցի պուրակում 01.05.2012»:

Ըստ երեւույթին՝ ակտիվիստները լրագրողներին նկարահանել են մայիսի 1-ի երեկոյան, երբ նախագահ ՍերԺ Սարգսյանը քաղաքապետ Տարոն Մարգարյանին արդեն ասել էր հայտնի «Տարո՛ն ջան, ինքդ էլ ես տեսնում, որ սա այդքան էլ գեղեցիկ չէ»-ն ու պարզ էր, որ կրպակներն ապամոնտաժվելու են: Ու այդ արդեն պարզ իրավիճակում Մաշտոցի պուրակ է գալիս «Առաջին լրատվականի» նկարահանող խումբը: Իսկ ակտիվիստները հրաժարվում են զրուցել լրագրողների հետ, ասում են՝ ու՞ր էիք մեր պայքարի 80 օրերին: Արդա՞ր է ակտիվիստների դիրքորոշումը: Մասնագիտական համերաշխությունս  «Առաջին լրատվականի» գործընկերներիս կողմն է, բայց նրանց դիրքերն իրոք խոցելի են:

Ձմռան ցրտին Երեւանի կենտրոնում գտնվող պուրակի համար պայքարած մարդիկ Հանրային հեռուստատեսության եթերում չեն երեւացել կամ առանց պաշտոնական առիթի գրեթե չեն երեւացել: Ու հիմա, նախընտրական շրջանում, երբ ՀՀ նախագահն ու ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին համարը նույն ցուցակի չորրորդ տեղը զբաղեցնող քաղաքապետի հետ արձագանքում է ակտիվիստների պայքարին, «Առաջին լրատվականի» նկարահանող խումբը ցանկանում է լսել ակտիվիստներին:

Պուրակի պաշտպաններն ասում են, որ
ա. բոյկոտում են «Առաջին լրատվականին»
բ. վստահ չեն, որ իրենց խոսքերը խեղաթյուրված չեն ներկայացվի Հանրային հեռուստաընկերության եթերում:

Ու սա լավագույն արձագանքն է կամ ժամանակակից տերմինոլոգիայով՝ «ֆիդբեքն» է, որը կարող է ստանալ Հանրային հեռուստաընկերությունը: Երեւանի կանաչ (այսինքն՝ հանրային) տարածքների պաշտպանությամբ մտահոգ տասնյակ երիտասարդներ պատասխանում են «Առաջին լրատվականի» լրատվական քաղաքականությանը բոյկոտով: Բնական քայլ է: Ինչպես որոշ պետական գերատեսչություններն են ընտրում լրատվամիջոցների, ում հետ չեն աշխատում, այնպես էլ քաղաքացիներն են ընտրում լրատվական ծրագրերի, որոնց հետ չեն համագործակցում:

Մի քիչ էլ դետալների մասին: Տեսանյութում երեւում է, թե որքան լավ է աշխատում «Առաջին լրատվականի» օպերատորը: Նա հանգիստ զրուցում եւ հնարավորինս պարզ բացատրում է իր աշխատանքային խնդիրը: Ու թեեւ նրան չեն վստահում, բայց տպավորություն է, որ Հանրային հեռուստաընկերության մասին ձեւավորված կարծիքը փոքր-ինչ փոխվում է:

Ու էլի մի բան: Տեսանյութում երեւում է, որ Մաշտոցի այգու ակտիվիստները «Առաջին լրատվականի» ու այդ հաղորդման լրագրողների մասին կարծրատիպային պատկերացում ունեն: Գուցե հանրային տարածքների պաշտպանները փորձեի՞ն օգտագործել Հանրային հեռուստաընկերությամբ արտահայտվելու հնարավորությունը, որն իրենց ակտիվորեն առաջարկում էր օպերատորը: Հասկանում եմ, որ հանրային տարածքների պաշտպանները մշակված լրատվական քաղաքականություն չունեն ու ստեղծված իրավիճակում հաղթեց բոյկոտի գաղափարը:

Բայց այդ բոյկոտը «Առաջին լրատվականի» համար ազդանշանի պես մի բան է, որը ցուցադրում է՝ Հանրային հեռուստաընկերության կարծրատիպեր կան ու դրանք բացասական կարծրատիպեր են:

Գեղամ Վարդանյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *