Գաղտնի տեսաձայնագրման սարքերի վաճառքն օրենքով սահմանափակված չէ: List.am կայքում ազատ վաճառվում են ձայնագրող սարքերի բազմաթիվ տեսակներ: Դրանք առաջին հայացքից կասկածի տեղիք չեն տալիս, որ գաղտնի պայմաններում տեսագրելու կամ ձայնագրելու համար են:
Գաղտնալսող սարքերը տեղադրված են USB կրիչի, մեքենայի բանալու, էլեկտրոնային մեծ ժամացույցի, գրիչի, հագուստի կախիչի, ձեռքի ժամացույցի և առօրյայում մեծ կիրառություն ունեցող իրերի մեջ: Կան նաև GPS-ի այնպիսի սարքեր, որոնք աննկատ հնարավոր է ամրացնել ցանկացած մեքենայի ու հետևել դրա տեղաշարժին: Մեծ մասի համար վաճառողները նաև երաշխիք են տրամադրում:
Վաճառողներն իրական մարդիկ են և չեն զլանում վաճառքից առաջ մանրամասն բացատրել օգտագործման ձևերը: Ավելի մատչելի են այն սարքերը, որոնք տարածքում փնտրում և գտնում են գաղտնի տեսաձայնագրող հարմարանքները:
Լրագրողներն ու գաղտնի ձայնագրությունները
Մեդիա փորձագետ Արթուր Պապյանն ասում է, որ նման սարքավորումների վաճառքը պետք է օրենքով կարգավորել և թույլ տալ դրանց կիրառություն այն դեպքերում, երբ անձն ուզում է ապահովել միայն իր անվտանգությունը:
Լրագրողների համար գաղտնի տեսաձայնագրումը, ըստ նրա, լուրջ էթիկական հարց է. «Կարծում եմ՝ լրագրողի կողմից գաղտնի տեսաձայնագրման որոշումը պետք է լավ պատճառաբանված լինի: Այդ քայլին պետք է գնալ այն դեպքում, երբ տեղեկատվություն ստանալու բոլոր միջոցները սպառված են, բայց կա գաղտնի պահվող տեղեկատվության հանրայնացման լուրջ հասարակական շահ: Լրագրողը պետք է պատրաստ լինի պատասխանատվություն կրել գաղտնի պայմաններում հավաքած տեղեկությունների պահպանման և տարածման համար»:
Պապյանը գաղտնի տեսաձայնագրող սարքերի կիրառումը համեմատում է դրոնով նկարահանման հետ. քանի դեռ անձը համաձայնություն չի տվել նկարելու իր տարածքը, ուրեմն օրենքի խախտում կա:
«Գաղտնիության սահմանները նուրբ են, եթե լրագրողը տեղեկություն ունի, որ ինչ-որ հիմնարկում կոռուպցիոն գործարքներ են արվում և կասկածներ ունի որոշ անձանց հետ կապված, ապա կարող է հիմնարկի մոտակայքում տեսախցիկ տեղադրել: Սա նման է թաքուն ականջ դնելուն»,- բացատրում է մեդիա փորձագետը:
Հետաքննություններով զբաղվող «Հետք» հարթակը գաղտնի տեսաձայնագրման մի քանի փորձ է ունեցել: Խմբագրի տեղակալ, ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոս Լիանա Սայադյանն ասում է, որ գաղտնի տեսաձայնագրումը էթիկական նորմի խախտում է, սակայն եղել են հասարակական լուրջ կարևորության թեմաներ, որոնց հետաքննության ընթացքում իրենք խախտել են խմբագրության էթիկայի կանոնագիրը:
«Ամեն դեպք անհատական է քննարկվում խմբագրությունում, փորձում ենք հասկանալ՝ արդյո՞ք տեղեկատվության ստացման բոլոր օրինական միջոցներն արդեն սպառված են և կա խիստ կարևոր հանրային շահ, որով կկանխվեն հանցագործություններ, խաբեության դեպքեր և այլն»,- բացատրում է նա:
Դուբայում հայ կանանց թրաֆիքինգի և Երևանում կատարվող կիբերհանցագործության բացահայտման համար խմբագրությունը գիտակցված դիմել է այս ծայրահեղ քայլին և գաղտնի տեսաձայնագրում իրականացրել:
Լիանա Սայադյանի խոսքով, այս հանցագործությունները հաստատող ապացույցներ այլ ճանապարհով դժվար էր գտնել և ներկայացնել հասարակությանը:
Ինչ է ասում օրենքը
Անձնական տվյալների պաշտպանության գործակալության հրապարակած տեսահսկման ուղեցույցում ասվում է, որ տեսահսկում իրականացնող յուրաքանչյուր անձ կամ կազմակերպություն պետք է առաջնորդվի «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքով:
Փաստաբան Արմեն Հայրապետյանն ասում է, որ առանց անձի իմացության ցանկացած տեսաձայնագրություն անօրինական է (բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի), քանի որ խախտվում է անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքը:
«Կան դեպքեր, երբ կարևոր է տեսահսկման նպատակը: Oրինակ, հանրային վայրերում, աշխատավայրում, շքամուտքերում տեսահսկում կարող է արվել անձի անվտանգության, հանցագործությունների կանխման, հասարակական կարգի պահպանման և այլ նպատակներով»,- ասում է նա:
Ըստ փաստաբանի՝ պատասխանատվություն է սահմանվում նաև քրեական օրենսգրքով, եթե մարդու անձնական կամ ընտանեկան գաղտնիք համարվող տեղեկություններն առանց նրա համաձայնության օգտագործվում են հրապարակային ելույթներում, հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործություններում կամ լրատվության միջոցներում այն դեպքում, երբ դրանք նախատեսված չեն օրենքով:
Այս օրենսդրական ձևակերպումը հստակ չէ և շտկման կարիք ունի: Այդ պատճառով անձին քրեական պատասխանատվության ենթարկելը բարդ է:
«Ստացվում է՝ օրենքը պատասխանատվություն է նախատեսում միայն այն դեպքում, երբ հնարավոր է լինում ապացուցել, որ մարդու անձնական կամ ընտանեկան գաղտնիք համարվող տեղեկությունն ապօրինի հավաքվել կամ պահվել է հանրայնացնելու նպատակով: Գործնականում դա ապացուցելը բարդ է»,- ասում է Հայրապետյանը:
Հոդվածը պատիժ է նախատեսում տուգանքի ձևով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանք՝ մեկից երկու ամիս ժամկետով:
Հայրապետյանն ասում է, որ գործող օրենքը չի արգելում գաղտնի տեսաձայնագրման սարքերի ներկրումը, եթե դրանք ռազմական նշանակության և երկակի օգտագործման համար չեն: Դրա համար սահմանվում է հատուկ փորձաքննություն:
Իսկ առօրյայում գաղտնի տեսաձայնագրման սարքերի օգտագործման ծավալը աճում է: Օրինակ, սարքերը օգտագործում են ծնողները, որոնք ցանկանում են տեղյակ լինել իրենց երեխաների տեղաշարժի մասին: Կամ տարբեր կազմակերպությունների ղեկավարները, որոնք մտահոգված են չարաշահումների դեպքերով ու կարող են, ասենք, վերահսկել իրենց պատկանող ավտոմեքենաների շարժը:
Անձնականի ու հանրայինի սահմանագիծը բարդ է կարգավորել օրենքով, մանավանդ, երբ տեխնիկական միջոցները դառնում են հասանելի ու զանգվածային կենցաղային իր:
Գայանե Ասրյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: