Մեկնարկել է մեդիագրագիտության հարցերը քննարկելու շաբաթը:
Նոյեմբերի 1-8-ը կրթական և մշակութային հաստատություններում, լրատվամիջոցներում և ցանցային տիրույթում կկազմակերպվեն զրույցներ, քննարկումներ, հանդիպումներ և բանավեճեր` մեդիագրագիտության և քննադատական մտածողության անհրաժեշտության թեմայով:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (ԿԳՄՍՆ) և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնն (ՄՆԿ) արդեն երկրորդ տարին է առանձնացնում են այս շաբաթը, որ խոսեն գրագետ մեդիա սպառման գործնական քայլերի մասին:
Բնութագրելով շաբաթվա իմաստը՝ ԿԳՄՍ փոխնախարար Լուսինե Առաքելյանն այսօր կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց, որ շատ կարևոր է, թե մենք ինչ ենք լսում, կարդում ու վերլուծում, այսինքն` ինչպիսի տեղեկատվություն ենք ստանում ու ամենակարևորը՝ տարածում:
Մեդիագրագիտության թեման արդիական է տարբեր միջավայրերում, քանի որ մարդկանց երբեմն պետք է օգնել տարբերակել տեղեկատվական աղբյուրները՝ խորհուրդներով ու վերլուծական գործիքների հետ ծանոթությամբ:
Այն, թե ինչ աղբյուրներից ենք ստանում տեղեկատվությունը և ինչպես ենք այն վերլուծում, անպայման ազդում է մեր կայացրած որոշումների վրա:
Ի վերջո, մեդրագրագետ լինելն օգնում է վերափոխել կյանքի որակը դեպի լավը և հաշվետու դարձնել հանրային կառավարումը:
«Լրատվամիջոցներն ամեն օր պետք է այնպես անեն, որ մարդիկ դառնան մեդիագրագետ սպառող, վերլուծեն իրենց ստեղծած բովանդակությունը, տարածեն, քննարկեն, եթե իհարկե իրենց համարում են պաստախանատու լրատվամիջոց: Սա կնպաստի, որ հասարակությունը մեդիայից պահանջի ավելի որակյալ բովանդակություն»,-ասաց ՄՆԿ գործադիր տնօրեն Նունե Սարգսյանը:
Նրա խոսքով, հասարակությանը կրթել պետք է սկսել դեռ դպրոցից և այդ ուղղությամբ արդեն արվում են կոնկրետ քայլեր:
Բազմաթիվ ուսուցիչներ Հայաստանի տարբեր մարզերից մասնակցել են ՄՆԿ-ի սեմինարներին ու քննարկումներին և սկսել դասավանդման ժամանակ խոսել այս թեմայով, ոգևորել և խրախուսել դպրոցականներին՝ ոչ միայն սպառել առավելապես որակյալ մեդիա բովանդակություն, այլև դառնալ դրա ստեղծման մասնակիցը, նպաստողն ու տարածողը:
Լուսինե Առաքելյանն ասաց, որ նախարարությունն առաջարկում է մեդիագրագիտության ավելի համակարգային լուծումներ՝ կազմակերպելով տարբեր կրթական միջոցառումները ուսուցիչների համար, որ նրանք կարողանան խոսել երեխաների հետ ոչ միայն տեղեկությունները ստուգելու, վերլուծելու, այլև տարածելու կարևորության մասին:
«Մեզ համար առանցքային քայլ է մեդիագրագիտության բաղադրիչը դպրոց բերելը, մենք այն կարևորելու ենք՝ տարբեր առարկաների մեջ ինտեգրելով: Ուսուցիչներն իրենք են հետաքրքրված: Այժմ վերապատրաստում ենք նրանց, որ տարբեր առարկաների միջոցով քննդատական մտածողություն ձևավորեն»,- ասաց նա:
Սակայն, դեռ պարզ չէ, մեդիագրագիտությունն ինչպես է մտնելու հանրակրթական ծրագիր՝ որպես առանձին առարկա, թե այլ առարկաներում ինտեգրված բաղադրիչ:
«Մեդիագրագիտության շեշտադրումը մեզ համար քննադատական մտածողությունն է, որը ներառում է, թե ինչպես ճիշտ ու անվտանգ օգտվել համացանցից, չտարածել կեղծ լուրեր, զգույշ լինել անձնական տվյալների հանդեպ, ստուգել ստացած տեղեկությունները և այլն», – կարծում է ՄՆԿ մեդիագրագիտության ծրագրի ղեկավար Լուսինե Գրիգորյանը:
Նա ասաց, որ ծնողների համար քիչ են մեդիագրագիտության նյութերը, և ՄԿՆ-ն լրացնում է այս բացը հետաքրքիր փոթքասթներով ու տեսանյութերով:
Մեդիագրագիտության շաբաթվա ընթացքում մարզերի մի շարք դպրոցների աշակերտներ այցելելու են Հանրային ռադիոյի և Հանրային հեռուստատեսության խմբագրություններ:
Ուսուցիչների, աշակերտների, լրագրողների, գրադարանավարների և բոլոր հետաքրքրվածների համար լինելու են մեդիագրագիտության թեմայով սեմինարներ, քննարկումներ, տեսահոլովակների դիտումներ:
Երիտասարդ վիդեոբլոգերները պատրաստելու են թեմատիկ տեսանյութեր, իսկ քաղաքի որոշ հատվածներում ստեղծվելու է ինտերակտիվ գրաֆիտի:
Մեդիագրագիտության շաբաթվա ծրագրերի մաս դառնալու համար հարկավոր է ընդամենը ցանկություն: Հետևել տարբեր միջոցառումներին ու հեռարձակումներին կարելի է #MILWEEKARM19 և #եսմեդիագրագետեմ հեշթեգների օգնությամբ:
Օգտակարն ու հաճելին այս շաբաթ միասին են քայլելու:
Գայանե Ասրյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: