Վրաստանի Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչը լրագրողներին պարզաբանել է, որ Epress.am-ի լրագրողների մուտքը Վրաստան արգելվել է «Օտարերկրացիների ու քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակի մասին» 11-րդ օրենքի 1-ին հոդվածի «i» կետի համաձայն՝ «Վրաստանի օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքեր»։
Թե ինչ դեպքերի մասին է խոսքը, չի պարզաբանվում։ Ինչպես գրում է Epress-ը՝ հղում անելով իրավաբան Թամթա Միկելաձեի խոսքերին, նույն մոտեցումը կիրառվում է նաև քաղաքական ակտիվիստների ու լրագրողների նկատմամբ, ովքեր քննադատում են իշխանություններին Կովկասյան այլ երկրներում։
Հոկտեմբերի 11-ին վրաց-հայկական սահմանի «Նինոծմինդա-Բավրա» անցակետում Epress.am-ի լրագրողներին արգելել են մուտք գործել Վրաստան։
Լրագրողները պետք է այցելեին Ախալքալաք, Ախալցխա և Թբիլիսի՝ վրացական Newcaucasus.com-ի պարբերականի գործընկերների հետ համատեղ նախագծի շրջանակներում տեղացի լրագրողների, իրավապաշտպանների և քաղհասարակության ներկայացուցիչների հետ հարցազրույցներ անելու համար։
Անցակետում նրանց առանց բացատրության արգելել են մուտք գործել Վրաստան։ Ինչպես պատմում է Epress.am-ի խմբագիր Յուրի Մանվելյանը, սկզբից մտածեցին, որ կստուգեն, կնայեն ինչեր են գրել և բաց կթողնեն, բայց հետո պարզվեց, որ ոչ։
«Աշխատակիցներից մեկը մեզ ասաց, որ վերադառնանք հայկական կողմ ու տեխնիկան թողենք այնտեղ, բայց դա էլ չանցավ։ Երբ տեխնիկան թողեցինք եկանք, որ անցնենք, մեզ արդեն կոպիտ ձևով ասացին՝ դուք չե՞ք հասկացել, որ չեք կարող անցնել»։
Խմբագիրն ասում է՝ իրենց որևէ գրավոր բացատրություն չեն տվել, միայն բանավոր ասել են, որ «հավատարմագիր է պահանջվում» և «հարցազրույցի թույլտվություն», իսկ թե ով պետք է դա տար, դա էլ պարզ չէ։
Յուրի Մանվելյանը նամակ էր գրել Վրաստանի ԱԳՆ, սակայն մինչև հիմա պատասխան չկա։ Հայաստանի արտգործնախարարություն իրենից ավելի շուտ դիմել էին արդեն հայաստանյան լրագրողները։ «ԱԳՆ-ից ասել են, որ կապվել են ու սպասում են պաշտոնական պատասխանի»,-ասում է նա։
Յուրի Մանվելյանը Media.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենց մուտքն արգելելու պատճառը չգիտեն ու չեն էլ պատկերացնում, թե ինչի հետ կապված կարող է լինել․ «Միայն մի բան է հստակ, որ մեզ արգելել են լրագրող լինելու պատճառով, իսկ թե ինչու՝ չգիտենք։ Մենք օգոստոսի վերջին էլ ենք համարյա նույն թիմով ու տեխնիկայով անցել նույն անցակետով՝ առանց որևէ խոչընդոտի»։
Այժմ նրանց միայն մի բան է մտահոգում՝ ի՞նչ կլինի հետո։ «Մեզ համար Վրաստանի ՆԳՆ պատասխանը պարզ չէ։ Մինչև հիմա չգիտենք, թե ինչ կլինի, երբ կրկին գնանք Վրաստան»,-եզրափակում է խմբագիրը։
Անահիտ Դանիելյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: