«Հետք» առցանց լրատվամիջոցի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է այն մասին, որ Հայաստանի իշխանությունները կարողացան ոչնչացնել մեդիա դաշտը, որտեղ լրագրողներն այլեւս չեն կարողանում իրենց տեղը գտնել:
Media.am-ին տված հարցազրույցում «Հետք»-ի խմբագիրը նշել է, որ Մեդիայի դերը անասելի նվազել է, փոխարենը մեծացել է տարատեսակ կայքերի դերակատարությունը:
«Միահամուռ ուժերով անթիվ կայքեր մեդիա դաշտ են նետում մի աննշան ու ցրող թեմա, ասենք՝ համբույր, կրծքեր, արյունոտ ինքնասպանություններ ու վթարներ, եւ դրանով իսկ ոչնչացնում են լրագրողի կողմից բարձրացրած թեմաների արժեքը»,- ասել է նա:
«Հետք»-ի խմբագրի հարցադրումները առիթ են խոսելու Հայաստանում լուրջ եւ պրոֆեսիոնալ լրագրության դերի եւ անհրաժեշտության մասին: Մեկնաբանում են մեդիա խմբագիրները:
Թագուհի Թովմասյան
«Ժողովուրդ» օրաթերթի խմբագիր
Ես կիսում եմ Էդիկ Բաղդասարյանի բոլոր ասածները՝ գրեթե առանց բացառության, որովհետեւ այսօր իսկապես պրոֆեսիոնալ լրագրությունը զիջում է: Ավելի մեծ «պահանջարկ» է վայելում արագ, այսպես ասած՝ «տաք-տաք» լուրեր մատուցելը, որոնք հաճախ չճշտված են, մարդու անձնական կյանքին վերաբերող դրվագներ են եւ այլն:
Այսօր անընդհատ մատուցվում է էժնագին ինֆորմացիա, բայց ընթերցողը կարոտ է լուրջ վերլուծության, հետաքննական նյութերի, նաեւ այնպիսի նյութերի, որոնք չեք գտնի ինտերնետային որեւէ կայքում: Լրագրողը կորցրել է իր գործառույթը: Լրագրությունը դարձել է ասուլիսային կամ ձայնագրիչային:
Ես հեռու եմ այն մտքից, թե «ինչը պահանջարկն է, այդ էլ առաջարկն է»: Ո՛չ, մենք շատ հանգիստ կարող ենք մատուցել այնպիսի լրատվություն, որն ընթերցողը ցանկանում է կարդալ, բայց դա անել ավելի պրոֆեսիոնալ, ավելի բարեխիղճ:
Ընդհանրապես կարծում եմ, որ Հայաստանում հետեւողականորեն գործում է լրագրության մակարդակի անկման քաղաքականություն, հստակ իրականացվում է լրագրողների վարկաբեկման գործընթաց: Այս իրողությունը, մեղմ ասած, անակնկալ չէ, որովհետեւ Հայաստանում չկա որեւէ ոլորտ, որը չի հեղինակազրկվել:
Դավիթ Ալավերդյան
Մեդիամաքսի գլխավոր խմբագիր
Ես, իհարկե, կիսում եմ Էդիկ Բաղդասարյանի մտահոգությունները, բայց կարծում եմ, որ հիասթափություն չպիտք է լինի, որովհետեւ այդ խնդիրներն իրականում ժամանակավոր են, իսկ «Հետք»-ի նման լրատվամիջոցները շատ անհրաժեշտ են հատկապես ստրանսֆորմացիայի փուլում գտնվող երկրներում:
Ինչ վերաբերում է լրագրության դերին, ապա հենց ինքը՝ պարոն Բաղդասարյանը կարող է վկայել, թե քանի անգամ է իր ստեղծած «Հետք»-ը դարձել մարդկանց փրկության վերջին օղակը, երբ մարդիկ, անցնելով բոլոր ատյաններով եւ մեր երկրում արդարություն չգտնելով, որպես արդարության վերջին ատյան՝ դիմել են հենց «Հետք»-ին:
Եվ քանի անգամ է հենց «Հետք»-ի հրապարակումը, կատարած հետաքննությունը հիմք դարձել, որ անարդարացիորեն ազատազրկվածը ազատ արձակվի կամ կաշառք վերցնողը պատժվի:
Գուցե լուրջ, հավաստի, հավասարակշիռ լրատվամիջոցները չունեն այն մասսայականությունը, որոնք վայելում են դեղին լրատվամիջոցները, բայց դրանք ունեն ավելի մեծ ազդեցիկություն. բավական է հիշել հենց օֆշորային սկանդալը:
Ռեյտինգն ու ազդեցիկությունը միեւնույն սանդղակով չեն չափվում. բոլոր երկրներում էլ գոյություն ունեն կայքեր, որոնք իրենց էժանագին հրապարակումներով միլիոնավոր այցելություններ են հավաքում, բայց նրանց կողքին գոյություն ունեն ավելի համեստ քանակով այցելություններ ունեցող կայքեր, որոնք շատ ավելի մեծ դերակատարում ունեն հասարակության եւ երկրի համար:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: