Բանակում սպանությունների եւ բռնությունների թեման Հայաստանում տպագիր եւ ցանցային մեդիայում ամենաշատը քննարկվողներից է: Պե՞տք է լուսաբանել, ի՞նչ չափով, ի՞նչ ուղղվածությամբ, էթիկական ի՞նչ նրբություններ կան: Թեման մեկնաբանում են Mediamax լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանն ու Hetq.am կայքի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը:
Դավիթ Ալավերդյան
Mediamax լրատվական գործակալության գլխավոր խմբագիր
Երբ 1996-1998 թվականներին աշխատում էի Պաշտպանության նախարարության քարոզչության եւ լրատվության վարչությունում, մենք ունեինք հրահանգ՝ թաքցնել հանրությունից բանակում տեղի ունեցած դժբախտ դեպքերի եւ կորուստների մասին ամբողջ տեղեկատվությունը: Պատճառաբանվում էր, որ հակառակորդը չպետք է իմանա մեր կորուստների իրական քանակի մասին, քանզի այդ տեղեկությունները նրան կօգնեն պատկերացում կազմել, թե ինչ է կատարվում բանակում, եւ իրենք կկարողանան հետագա գործողություններն ավելի լավ պլանավորել:
Սակայն հիմա, հատկապես նոր տեխնոլոգիաների զարգացմանը համընթաց, այդպիսի տեղեկությունները գաղտնի պահելը գրեթե անհնար է: Բացի այդ՝ ՀՀ Պաշտպանության նախարարությունն ինքն այլեւս այդ իրադարձությունները գաղտնի չի պահում եւ փորձում է օպերատիվ կերպով դժբախտ պատահարների եւ ողբերգությունների մասին տեղյակ պահել հանրությանը:
Այսօր այնպիսի իրավիճակ է, որ գրեթե բոլորի ձեռքերին կա հեռախոս, եւ երբ ինչ-որ մի դեպք է տեղի ուենում, անմիջապես, նաեւ սոցիալական ցանցերի միջոցով, տարածվում է: Հաճախ այդ տեղեկությունները համացանցի օգնությամբ ավելի շուտ են հասնում հանրությանը, քան պաշտոնական հաղորդագրությունը:
Սակայն կան մի քանի բացասական հանգամանքներ, որոնք ուղեկցում են համացանցի միջոցով ինֆորմացիայի տարածմանը: Դրանցից մեկը ոչ պաշտոնական վարկածների հապճեպ մեկնբանությունն է, որովհետեւ մարդկանց միջոցով նախնական ինֆորմացիան շատ արագ հարստանում է տարբեր ոչ հավաստի, հաճախ նաեւ ապակառուցողական մեկնաբանություններով եւ, չլինելով լավատեղյակ այդ դեպքերի իրական պատճառներին կամ իրադարձությունների իրական զարգմացմանը, տարբեր վարկածներ են առաջ քաշվում, որոնք ստանում են նաեւ տարբեր տեսակի ոչ հաճելի մեկնաբանություններ, որովհետեւ որեւէ ապացույց չեն ներկայացնում: Զարգացած երկրներում, երբ հաղորդում են բանակում կորուստների մասին, բավականին հանգամանալից ներկայացնում են նաեւ պատճառները, մեր մամուլում դա չկա, եւ հենց դրանք էլ կարելի է համարել մեր լուսաբանման թերությունը:
Էթիկական չափանիշներն էլ են կաղում: Մահացած, զոհված մարդկանց մասին գրելիս պետք է հաշվի առնել մի շարք նրբություններ` կապված նրանց հարազատների հետ: Ցանկալի է սպասել դեպքի պաշտոնական վարկածի տարածմանը եւ, եթե հնարավորություն կա սեփական հետաքննությունը անցկացնելու (ինչի հնարավորությունը կարծում եմ հայկական իրականության մեջ բավականին սահմանափակված է), կարելի է ներկայացնել սեփական վարկածները, հակառակ դեպքում արժե սպասել, թե ինչ կասեն պաշտոնական աղբյուրները եւ, եթե դրանց արդյունքները չեն բավարարում, բողոքարկել կամ գուցե կասկածի տակ դնել:
Բանակում կարգ ու կանոնի խախտման դեպքերի եւ մահացությունների մասին լուսաբանելիս պետք է փորձել տեղեկատվություն ստանալ տարբեր աղբյուրներից: Եթե հնարավորություն կա, զրուցել զոհվածի ծառայակիցների, ականատեսների եւ այն բոլոր մարմինների հետ, որոնք իրականացնում են քննությունը: Միջազգային պրակտիկայում ընդունված չէ ցուցադրել զոհվածի դեմքը կամ սպանության վայրից նկարներ, որոնք սովորաբար շատ տպավորիչ են լինում: Ոչ մի դեպքում չպետք է բացահայտել զորամասի գտնվելու վայրը եւ դրա անվանումը, ծառայողների քանակը:
Կարծում եմ, որ այսօր բանակում կատարվող իրադարձությունների ոչ միայն ամբողջական պատկերն է տրվում, այլեւ նույնիսկ ինչ-որ տեղ չափից ավել է ասվում: Այսինքն` լրագրողների եւ հանրության գործողություններում զգուշավորություն չի դրսեւորվում: Երբ որ մի դեպք է տեղի ունենում, մենք բոլորս, այդ թվում նաեւ տեղեկատվական հակառակորդը` թշնամին, անմիջապես իմանում ենք, թե որ զորամասում է տեղի ունեցել, քանի հոգի է մասնակցել, ինչ չափի զորամաս է եւ այլն:
Էդիկ Բաղդասարյան
Hetq.am կայքի գլխավոր խմբագիր
Ընդհանրապես բարդ թեմա է այս թեման: Բանակի մասին գրում են, երբ սպանություն կամ ինչ-որ դեպք է լինում: Սակայն մյուս կողմից էլ կան լրատվամիջոցներ, որոնց համար շատ դժվար է մուտք գործել բանակ: Իսկ այն լրատվամիջոցները, որոնք ունեն այդ մուտքը, չեն սիրում խնդիրներ, ընդհանարպես խնդրի մասին չեն գրում, ուղղակի ռեպորտաժ են անում այցելությունների, պարգեւատրումների հետ կապված: Հնարավոր է, որ նախարարությունից առաջարկեն զորամասեր տանել, բայց այդ դեպքում էլ լրագրողն արդեն կաշկանդված է լինում: Ընդհանրապես բոլոր թեմաները լուսաբանելիս էլ պետք է զգույշ լինել, բանակի դեպքում առավել եւս, որովհետեւ բանակում մեծ թվով ներքին օրենքներ կան, որոնց խախտումն արդեն որոշակի հետեւանքներ է ունենում: Հասարակությունն ինքը պահանջներ ունի եւ ուզում է, որ բանակի մասին ճիշտ ինֆորմացիա լինի:
Հասարարակությունը չի ասում սպանության մասին հոդված գրեք, ուզում է, որ սպանության մասին ճիշտ հոդված լինի: Այսինքն՝ երբ որ սպանության կամ ինքնասպանության մասին նյութեր են լինում, այդ նյութերը պետք է հնարավորինս ճշգրտված լինեն, որովհետեւ, բացի սպանվածի ճակատագրից, բազմաթիվ այլ ճակատագրեր են լինում, զինվորներ են ձերբակալվում, կալանավորվում, գիտեմ հրամանատարների, որոնց տասնյակ տարիներ աշխատելուց հետո պաշտոնաթող են անում, պարգեւները վերցնում: Հնարավոր է, որ լրագրողի մի սխալի պատճառով բազմաթիվ այլ մարդիկ պատժվեն: Որքան շատ գրենք բանակի մասին, այնքան խնդիրները քիչ կլինեն: Հիմա շատ քիչ է գրվում:
Բանակին չպետք է անդրադառնալ միայն այն ժամանակ, երբ 20-ամյակը, 10-ամյակն կամ մայիսի 9-ն է: Դեռեւս անցյալ տարվանից ուզում եմ տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչներից կազմված մի խումբ ստեղծել, որը կկարողանա մտնել զորամասեր: Դիմել ենք Պաշտպանության նախարարություն, սակայն արձագանք չկա դեռ: Որոշել ենք նաեւ մրցույթի նման բան կազմակերպել բանակի թեմաներով լուսաբանումների համար:Ի վերջո, բոլորն էլ՝ թե՛ իշանությունները, թե՛ ընդիմությունը, թե՛ լրագրողները ընդունում են, որ բանակում խնդիրներ կան եւ այդ խնդիրների թիվ մեկ լուծողները եւ բարձրացնողները լրագրողները պետք է լինեն: Երևանի մամուլի ակումբի փորձագետ Գեղամ Բաղդասարյանի կարծիքով
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: