2012.02.27,

Քննադատ

Հեռուստադամբարաններ

author_posts/armen-sargsyan
Արմեն Սարգսյան
twiter

Լրագրող

Եգիպտոսի դամբարանադաշտը պեղելիս գիտնականները քարայրներ են գտել՝ իրար վրա դարսած, պատերին հենած մումիաներով: Հնագետների կարծիքով, մումիաները տեղից տեղ էին փոխադրում հանգուցյալ մեծատոհմիկների հարազատները՝ երաշտի տարիներին:

Պատճառն այն է, որ գրգռված ամբոխը պակաս տարիների զայրույթը հանում էր մեռելներից՝ գտնելով ու ծվատելով հարկահավաքների, վերակացուների և նույնիսկ դինաստիայի անդամների խնամքով չորացված մարմինները:

Այս վարկածի լույսի ներքո զվարճալի, բայց միանգամայն տրամաբանական են մեր հեռուստադաշտի վերջին փոփոխությունները: Ես նկատի ունեմ որոշ հեռուստադեմքերի տեղափոխությունները, փոխատեղումները, ձևախեղումները, առաջքաշումներն ու հետհրումները:

Այնպես, ինչպես իր հազար տարվա դամբարանում հաստատուն տեղ ունեցող մումիային են հանում ու հենում կողքի քարայրի պատին, նույնպես էլ վարվում են որոշ հեռուստադեմքերի հետ՝ դեմ անելով նրանց հարևան ալիքի էկրանին:

Եվ ահա, փաթաթանները մի քիչ քանդված, սարկոֆագը մի քիչ վնասված՝ նրանք նորից ի ցույց են դնում իրենց՝ մռայլություն ժայթքելով և խրոխտաբար պայքարելով երկրի թշնամիների՝ Ալիևի, գրանտակերների, Եհովայի վկաների, Մարգար Օհանյանի վկաների և այլոց դեմ:

Այլ մումիաներ էլ բաց օդում անմիջապես քայքայվում են՝ ժամանակին վատ զմռսելու պատճառով, և տեղափոխողները շտապ որոշում են թաղել նրանց: Այդպիսով, հայտնիները վերածվում են սովորական դիակների՝ իրենցից բխող զրո հետևանքներով, բայց վատ հոտով:

Տեղին է հիշել, որ համբավավոր եգիպտացի դիահերձողները մեռելի քթածակերով հատուկ խողովակներով հանում էին ուղեղը, որպեսզի (մեղա-մեղա) գլուխը չփթի, դիմագծերը պահպանվեն, և դեմքը թարմ ու առույգ տեսք ունենա:

3 տարի անապատում արշավանքից տանջված, շան չարչարանք տեսած, տենդից մահացած Ինիոտեֆ 7-րդը ուղեղը հանելուց հետո երջանիկ ժպտում է: Հիմա նա ոչ մի գործ չի անում, այլ թանգարանի իր լենուբոլ սենյակում այցելուներ է ընդունում ու ժպտում:

Այդպես պատահում է նաև մեր հեռուստադամբարանների ընդարձակ «պավիլյոններում»: Ուղղակի պետք է մի 3-4 տարի «դոշ տալ», իսկ հետո կգա հատուցումը (մեդալի, կոչումի, ասում են՝ նույնիսկ մանդատի տեսքով):

Ես համարյա համոզված եմ, որ գործում էր եգիպտական դիահերձողների ինչ-որ ազգային հանձնաժողով, կամ էլ որևէ ոչ պաշտոնական գիլդիա, որ որոշում էր ուղե՞ղը հանել, մեղրի մե՞ջ ընկղմել, թե՞ թողնել մաքուր օդի հետ առաջին իսկ շփումից մաս-մաս լինի:

Ճշմարտության դեմ չմեղանչելու համար ասեմ, որ մի քանի դեպքերում տեղափոխումները մեծապես նպաստել, կարելի է ասել, երկրորդ կյանք են տվել դամբարանների «մշտական» բնակիչներին:

Մասնավորաբար, եթե Հովարդ Կարտերը Թութանհամոնին իր մերձավորներով հանդերձ չտեղափոխեր ուրիշ դամբարան, ով գիտե՝ ինչ տեսք կունենար նրա անթերի սարկոֆագը չարամիտ այցելուների ներս թափանցելուց հետո:

Հիշեցնենք, որ 18 տարեկան այս երիտասարդ պարոնի ոսկե հագուկապը կշռում է 110 կիլոգրամ… Տարբերությունն ինքներդ տեսեք. ցուցադրության ենթակա Թութանհամոնն ու իսկականը՝  «վերանորոգման» պահին:

Մեկը պատյանն է, մյուսը՝ բովանդակությունը:

Այդպես է նաև եթերում. փայլուն, շենշող, պուպուշիկ ու մռութիկ կերպարների հետևում սովորաբար լինում են հոգնած, հեռուստադիտողի թուքումուրից, աշխատավայրի անառողջ մթնոլորտից սևացած դեմքեր:

Ինչ լավ է, որ ես նրանց անձամբ չեմ ճանաչում: Լավ է, նաև, որ ընտրություններին ընդառաջ մեր վահանակի (պուլտ) համար նոր մարտկոց (էլեմենտ) եմ գնել: 

Հ.Գ. Մի քանի տեղափոխություն, և հատկապես, չտեղափոխություն թարմություն մտցրին եթերում: Իսկապե՛ս: Ես աննուղելի լավատես եմ ու սպասելիքներ ունեմ: Անկախ ընտրություններից, որոնք գնացական են, ինչպես երաշտները՝ Նեղոսի երկրում: 

Արմեն Սարգսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *