Յանինա Մելնիկավան «Լրագրողների բելառուսական ասոցիացիայի» խորհրդի անդամ է, որը զբաղվում է պրոֆեսիոնալ լրագրության զարգացման աջակցությամբ: Նրա խոսքերով՝ Բելառուսը այնպիսի քաղաքականություն է վարում, որը նպատակ ունի հնարավորինս կրճատել անկախ մեդիաների քանակը երկրում, եւ դա արվում է օրենսդրության մակարդակով:
Ի՞նչ վիճակում են այսօր բելառուսական մեդիաները, ի՞նչ խնդիրներ ունեն:
Թեեւ մեր բնակչությունը 2.5 անգամ շատ է Հայաստանի բնակչությունից, մենք ընդամենը 4 հեռուստաալիք ունենք, ընդ որում՝ չորսն էլ պետական: Մենք չունենք մասնավոր կամ հանրային հեռուստաընկերություն:
Կա միայն մեկ անկախ հեռուստաալիք՝ Բելսատը, որը Եվրամիության նախագիծն է, եւ ֆիզիկապես գտնվում է Վարշավայում: Խնդիրը, սակայն, այն է, որ այդ հեռուստաընկերությունը հնարավորություն չունի իր ներկայացուցչությունը գրանցել երկրում, հետեւաբար այդ լրատվամիջոցում աշխատող ոչ մի լրագրող չի համարվում օրինական աշխատող եւ խախտում է օրենքը: Բելառուսի օրենսդրության համաձայն՝ լրագրող է համարվում միայն այն մարդը, ով պայմանագրային հարաբերություններով կապված է խմբագրության հետ, այսինքն՝ մեզ մոտ ազատ թղթակիցներ չկան: Արտասահմանյան մեդիաների համար աշխատող լրագրողները լրագրող չեն համարվում, նրանք համարվում են քաղաքացիներ, որոնք խախտում են օրենքը եւ դատարանի բնորոշմամբ՝ ապօրինաբար իրենց են վերագրում լրագրողի կոչումը:
Երկրի ռադիոկայանների մեծ մասը մասնավոր է, սակայն իրենք չեն որոշում իրենց լրատվական քաղաքականությունը, նրանք հիմնականում ունեն շատ կարճ նորությունների բլոկեր, որոնք, որպես կանոն, չեն լուսաբանում հասարակական-քաղաքական գործընթացները, որոնք կան երկրում, եւ սահմանափակվում են շատ մակերեսային, զվարճալի նորություններով:
Մենք ունենք 4 անկախ թերթ, որոնք դեռ շարունակում են գոյատեւել՝ 1 համապետական մեծ եւ 15 մարզային փոքր, բայց
«Արտասահմանյան մեդիաների համար աշխատող լրագրողները լրագրող չեն համարվում, նրանք համարվում են քաղաքացիներ, որոնք խախտում են օրենքը եւ դատարանի բնորոշմամբ՝ ապօրինաբար իրենց են վերագրում լրագրողի կոչումը» |
նրանք միասին վերցված ավելի քիչ տպաքանակ ունեն, քան «Սովետական Բելառուսիա» թերթի ուրբաթ օրվա համարը, որը կարող է հասնել մինչեւ 500.000-ի: Բոլոր պետական հաստատությունները եւ դրանց աշխատողները՝ ուսուցիչները, բժիշկները, պարտավոր են բաժանորդագրվել այս թերթին եւ իրենց բաժանորդագրության թերթիկները ներկայացնել Գաղափարախոսության բաժին, ինչով կհաստատեն իրենց բաժանորդագրությունը: Գերատեսչական թերթերի մեծ մասը նույն սկզբունքով է աշխատում: Այսինքն՝ մարդկանց ուղղակիորեն ստիպում են կարդալ: Ընդ որում՝ այդպիսի թերթերը նախընտրական շրջանում տարածվում են անվճար:
Ի տարբերություն պետականի՝ ոչ պետական լրատվամիջոցների համար տպագրվելու գինն ավելի թանկ է: Նրանք չեն կարող վաճառվել կրպակներում կամ գրանցվել բաժանորդագրման կատալոգներում, իսկ մեզ մոտ տարածելու այլընտրանքային ճանապարհ չկա: Եվ այս թերթերը ստիպված են տարածվել հետեւյալ կերպ. նրանք, որոնք մանրածախ առեւտրի լիցենզիա ունեն, վաճառվում են փողոցներում տատիկների կողմից, իսկ լիցենզիա չունեցողները ծրարի մեջ նամակի տեսքով ուղարկվում են այն մարդկանց, ովքեր զանգում պատվիրում են:
Առնվազն 5 տարի է, ինչ ոչ մի նոր թերթ չի բացվել մեզ մոտ: Պատճառը նախ եւ առաջ այն է, որ պետությունը ամեն կերպ փորձում է թույլ չտալ դա: ԶԼՄ-ների մասին վերջին օրենքի համաձայն՝ թերթի խմբագիր չի կարող լինել մարդ, ով ԶԼՄ-ում ղեկավար պաշտոնում չի աշխատել առնվազն 5 տարի: Հասկանալի է, որ շատ դժվար է գտնել նման մարդկանց, իսկ նրանք, ովքեր այդ աշխատանքային փորձն ունեն, չեն ընդունվում Ինֆորմացիայի նախարարությունում:
Տարբեր միջազգային կազմակերպություններ հայտարարում են, որ խոսքի ազատությունը խիստ սահմանափակ է Բելառուսում: «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության տվյալներով՝ 2011-ին՝ նախորդ տարվա համեմատ, Բելառուս-ը 154-րդ տեղից հայտնվել է 168-րդում: Ո՞րն է այդքան կտրուկ անկման պատճառը:
«Իշխանությունները ուզում էին, որ փողոց դուրս եկած մարդկանց հանդեպ կատարված դաժանությունների տեսարանը չհայտնվեր մեդիաներում, դրա համար լրագրողներին հետապնդում էին, որպեսզի սահմանափակեին նրանց կողմից նյութերի տարածումը» |
Գլխավոր պատճառը 2010 թվականի դեկտեմբերի 19-ի ընտրություններին իշխանությունների հետագա ռեակցիան էր: Լրագրողները հայտնվեցին ընդդիմադիր քաղաքական գործիչների հետ նույն շարքում եւ դարձան այդ ռեակցիայի պատանդները: Ամսի 19-ին մեր ասոցիացիան մոնիտորինգ էր իրականացնում. միայն մեկ օրում մոտ 27 լրագրող էր ձերբակալվել, 25-ը՝ ծեծվել:
Հաջորդ օրերին գրեթե ամեն օր ԿԳԲ-ի աշխատողները գնում էին լրագրողների տուն, խուզարկություններ կատարում, կալանավորում նրանց գույքը, բռնագրավում այն տեխնիկան եւ սարքերը, որոնք, նրանց կարծիքով, «կարեւոր էին հետաքննության համար»: Իշխանությունները ուզում էին, որ փողոց դուրս եկած մարդկանց հանդեպ կատարված դաժանությունների տեսարանը չհայտնվեր մեդիաներում եւ չցուցադրվեր Եվրոպայում տարբեր ամբիոններից, դրա համար լրագրողներին հետապնդում էին, որպեսզի սահմանափակեին նրանց կողմից նյութերի տարածումը:
Սակայն դա, իհարկե, հիմարություն էր իշխանությունների կողմից, որովհետեւ եթե նույնիսկ լրագրողներից խլում էին տեխնիկան, մարդիկ, ովքեր հեռախոսներ ունեին, նկարում էին եւ անգամ բանտարկյալների համար նախատեսված փոխադրամիջոցներից տարածում ինտերնետով, երբ նրանց ձերբակալում էին:
Միջազգային կազմակերպությունները Բելառուսին որակել են որպես «ինտերնետի թշնամի» երկիր: Ի՞նչ վիճակում է ինտերնետ ազատությունը:
Մեզ մոտ ինտերնետը շատ տարածված է, վերջին տվյալներով՝ բնակչության չորս միլիոնը, այսինքն՝ կեսը, մուտք ունի դեպի ինտերնետ: Այն ժամանակ, երբ իշխանությունը շատ ուժեղ սկսեց ճնշել անկախ լրատվամիջոցներին, երբ թերթերը տասնյակներով ստիպված էին լինում փակվել, իսկ լրագրողներն ուզում էին շարունակել աշխատել անկախ մեդիաներում, թերթերը տեղափոխվեցին ինտերնետ: Իշխանությունները հասկացան, որ իրենք էլ պետք է գրավեն ինտերնետը: Եվ սկսեցին անկախ կայքերն արգելափակել, հատկապես կարեւոր իրադարձությունների ժամանակ, ինչպիսին են, օրինակ, ընտրությունները:
Իշխանությունները ընտրություններին պատրաստեցին բազմահազար ընթերցողներ ունեցող կայքերի հայելային՝ իրենց տարբերակները: Ընթերցողը կարծես այցելում էր իր ուզած կայքը, սակայն այնտեղ չկար այն ինֆորմացիան, որը նա փնտրում էր:
Իշխանությունները արգելափակել էին https կայքերը՝ Gmail-ը, Facebook-ը: Միայն Twitter-ն էր աշխատում, որի միջոցով մարդիկ ինֆորմացիա էին տարածում:
Իսկ ինչպե՞ս է օգտագործվում սոցիալական մեդիան:
Սոցիալական ցանցերը հատկապես լավ օգտագործվեցին այս ամռանը՝ այսպես կոչված «լուռ ակցիաների» ժամանակ: Մետրոյի
«Եթե անհրաժեշտություն լինի, այս հարցազրույցը, ուրիշ այլ հարցազրույցներ, բարձր ամբիոններից ելույթները կդառնան քրեորեն պատժելի հանցագործության բաղադրիչ եւ կօգտագործվեն իմ դեմ» |
պայթյունից հետո երիտասարդները սոցցացներում որոշեցին ակցիա կազմակերպել՝ ամեն չորեքշաբթի երեկոյան դուրս գալ իրենց քաղաքների կենտրոնական հրապարակներ՝ առանց պաստառների կամ ինչ-որ կարգախոսներ գոռալու, պարզապես քայլել եւ ծափահարել: Ակցիայի գլխավոր գաղափարը սեփական վախը հաղթահարելն էր: Առաջին ակցիայի ժամանակ մի քանի հոգի էին մասնակցում: Հետագայում նրանց թիվը հասավ մի քանի հազարի:
Այդ ժամանակ հայտնվեց ոստիկանության հատուկ նշանակության ջոկատը եւ սկսեց մարդկանց ձերբակալել, ցրել հավաքները եւ փակել քաղաքի կենտրոնական փողոցները: Ավելի ակտիվ սկսեց աշխատել պետական մեքենան:
Սկզբում ակցիայի մասնակիցներին չէին դատում, ձերբակալելուց որոշ ժամանակ անց բաց էին թողնում: Հետո սկսեցին դատել, տուգանքներ նշանակել, որոնք հենց ակցիայի մասնակցիներն էին հավաքում եւ փոխանցում՝ ձերբակալվածին ազատ արձակելու համար:
Բլոգերներն էլ թեեւ իրենց կարծիքն արտահայտում են բլոգներում, բայց երբ այդ գրառումն ընկնում է մեկի աչքով, այն դառնում է քրեական գործի առիթ:
Ես Ձեզ հետ հրաշալի խոսում եմ, բայց բելառուսական օրենսդրությամբ՝ ես հիմա վարկաբեկում եմ իմ երիկրը, ինչը քրեորեն պատժելի արարք է: Ճիշտ է՝ դեռ ոչ մեկին դրա համար չեն դատել, բայց օրենքում այդ մասին գրված է: Եվ եթե անհրաժեշտություն լինի, այս հարցազրույցը, ուրիշ այլ հարցազրույցներ, բարձր ամբիոններից ելույթները կդառնան քրեորեն պատժելի հանցագործության բաղադրիչ եւ կօգտագործվեն իմ դեմ:
Այժմ քանի՞ լրագրող կա անազատության մեջ:
Այսօրվա դրությամբ մեր՝ 1100 անդամ ունեցող ասոցիացիայի 4 անդամ քաղբանտարկյալ է մինչեւ 5 տարի ազատազրկմամբ: Նրանցից մեկն, օրինակ, մեղադրվում է անարխիստների խմբի հետ ԿԳԲ-ի շենքը պայթեցնելու փորձի մեջ: Մնացածը այն մարդիկ են, ովքեր, բացի լրագրությամբ զբաղվելուց, դրսեւորել են նաեւ իրենց քաղաքացիական դիրքորոշումը եւ սատարել են ընդդիմադիր քաղաքական գործիչներին: Եվ, իհարկե, անազատության մեջ է նաեւ մեր կազմակերպության ամենահայտնի անդամը՝ Ալես Բելյացկին, որը մեղադրվում է հարկերը չվճարելու մեջ, սակայն նույնիսկ այն բանից հետո, երբ տարբեր մարդիկ եւ կազմակերպություններ հավաքեցին պահանջվող գումարը եւ փոխանցեցին պետության հաշվին, նրան ազատ չարձակեցին:
Առհասարակ վերջին ընտրություններից հետո շատ լրագրողներ ստիպված եղան լքել երկիրը, որովհետեւ պայքարել կամ դատարանում ինչ-որ բան ապացուցել գործնականում անհնար է: Դատարանը ֆարս է, մարդիկ այնտեղ աշխատում են նախապես գրված սցենարով:
Մեդիաների համար կա՞ն տաբու թեմաներ, եւ ի՞նչ է նրանց սպառնում այդ թեմաներին անդրադառնալիս:
Անկախ լրագրողների համար տաբու թեմաներ չկան, սակայն կա գիտակցված ինքնագրաքննություն: Մենք գիտակցում ենք, թե ինչու ենք կանգ առնում կամ խուսափում, երբ գործը հասնում է Լուկաշենկոյի անձնական կյանքի, նրա ընտանիքի եւ փողերի լուսաբանմանը: Շատ վախենալի եւ վտանգավոր է կոռուպցիայի մասին գրելը: Մենք ունենք սպանված լրագրող Վերոնիկա Չերկասովայի օրինակը. նրան գտան իր տանը՝ դանակահարության ավելի քան քսան հետքով: Լրագրողական հետաքննության համաձայն՝ պատճառը կարող էր լինել նրա հետաքննությունը՝ կապված Բելառուսի կողմից Մերձավոր Արեւելքին զենք վաճառելու հետ: Սա, իհարկե, ազդանշան է մնացած լրագրողների համար՝ չզբաղվելու նման բաներով:
Հարցազրույցը՝ Աննա Բարսեղյանի
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: