2012.02.14,

Քննադատ

Հրազդան․ մի քանի դաս մամուլի գծով

author_posts/samvel-martirosyan
Սամվել Մարտիրոսյան
twiterfacebook

Մեդիա հետազոտող

Վերանանք Հրազդանի ընտրությունների քաղաքական պահից, քանի որ դա այստեղ քննարկելու հարց չի։ Նայենք, թե ինչ եղավ ընտրությունների ժամանակ տեղեկատվական դաշտում։ Մի քանի նկատառում, որոնք կարեւոր են՝ հաշվի առնելով, որ Հրազդանում տեղի ունեցածն ավելի լայնորեն կիրականանա մայիսյան ընտրությունների ժամանակ։

Տվյալ նյութում կուզենայի անդրադառնալ տեղեկատվական հոսքերին, որոնք կարելի է շատ ընդհանրացված անվանել «ընդդիմադիր» (իշխանամետ տեղեկատվական հոսքերը սովորաբար ավելի անհետաքրիր ու կանխատեսելի են լինում)։ Տեսնենք, թե ինչ ազդեցություն ունեցան նման աղբյուրները համացանցում ընդհանուր տեղեկատվական դաշտի վրա:

Նկատառում N1. Հանրային լրագրությունը, սոցիալական մեդիաները, այլընտրանքային աղբյուրները չաշխատեցին։ Հրազդանում ունենալով համակիրների շատ պինդ համայնք՝ ընդդիմությանը չհաջողվեց ձեւավորել տեղեկատվական հոսքեր։ Twitter-ում Հրազդանից հոսքը, օրինակ, շատ խղճուկ էր։

Միակ տեղեկատվությունը #Hrazdan հեշթեգով տեղից հաղորդում էր երեւանցի @HimaKaren օգտատերը։ Ընդհանրապես[[wysiwyg_imageupload:182:]] այլընտրանքային մեդիաների հնարավորությունները գրեթե չօգտագործվեցին։ Այս պարագայում կարեւոր է հասկանալ, որ այլընտրանքային մեդիաները միայն բացասական տեղեկատվություն տարածելու համար չեն, այլ, օրինակ, ընդհանուր իրավիճակի մասին իրազեկությունը բարձրացնելու։

Նկատառում N2. ԶԼՄ-ների դեպքում դիտարկվեցին պրոֆեսիոնալիզմի կտրուկ տատանումներ։ Այսպես օրինակ՝ «Հրապարակը» նյութ է հրապարակում «Սասուն Միքայելյանը հաղթում է (լրացված)» վերնագրով։ Քիչ անց նույն լուրը փոխվում է լրիվ հակառակ վերնագրի՝ «Սասունը պարտվում է (լրացված)» (այս պահին Հրապարակի կայքում նյութերն անհասանելի են)։ Կամ Lurer.com-ը հրապարկում է «Ոստիկանական տեռոր Հրազդանում (տեսանյութ)» նյութը։ Տեսանյութում տեռորի հոտ էլ չկա։ Հարկ չէ բացատրել, որ նման նյութերը ոչ միայն չեն իրազեկում քաղաքացիներին, այլեւ ստեղծում են ոչ դրական մթնոլորտ։ Ընդանրապես տվյալ նյութերի վրա կարելի է երկար կանգ առնել, սակայն սրանք մի քանի օրինակներ են, որոնք նկարագրում են մի ողջ իրավիճակ՝ ԶԼՄ-ները Հրազդանում շատ դեպքերում իրենց բուն խնդիրները չէին լուծում։

[[wysiwyg_imageupload:183:]]Նկատառում N 3. Հրազդանյան տեսանյութերից մեկը, ցավոք, կուսազրկեց մեր լրատվական դաշտը։ Հիշենք անցյալ աշունը։ Ազգովն նվիրվել էինք դերասանուհիներից մեկի մեղմ ասած մերկ լուսանկարների հարցին։ Բայց բախտներս բերեց. չնայած, որ գրեթե բոլոր ցանցային ԶԼՄ-ներն օգտագործեցին այս թեման իրենց ռեյթինգը բարձրացնելու համար, սակայն ոչ ոք բուն լուսանկարները չհրապարակեց։

Այս անգամ ամեն ինչ ավելի վատ վերջացավ։ Ցանցում հայտնվեց տեսանյութ, որտեղ ՀՀԿ շտաբի մտավորական ներկայացուցիչները սարսափելի հայհոյանքներով էին շփվում անհայտ տեսախցիկավորի հետ։ Նման հայհոյանքների մամուլում ես դեռ չէի հանդիպել (էլ չասեմ, որ առօրեական կյանքում էլ ամեն օր սենց բան չես ունկնդրի)։ Ցավոք, այս տեսանյութն իրենց էջերում տեղադրեցին ոչ միայն երեկ բացված անհայտ կայքերը, այլեւ, օրինակ, շատ հարգված «Հետքը»։

Հրազդանից հետո պարզ դարձավ, որ մայիս պետք է մտնել ավելի սթափ եւ արհեստավարժ, հակառակ դեպքում խորհրդարանական ընտրությունները կվերածվեն մեդիաքաոսի։ 

Սամվել Մարտիրոսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *