Իրենց պատմություններով կիսվելու համար մարդիկ նախ պետք է հավատան և վստահեն լրագրողներին: Աղբյուրների հետ լրագրողական աշխատանքի նրբությունների մասին այսպես սկսեց խոսել ամերիկացի լրագրող, Բոստոնի WBUR.FM հանրային ռադիոկայանի ավագ թղթակից Բրյուս Գելերմանը: Նա ավելի քան 50 լրագրողական մրցանակներ ունի և մասնագիտացած է հետաքննական, տնտեսական և գիտական լրագրության մեջ:
Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի հրավերով ամռանը եղել է Հայաստանում, տեղացի լրագրողներին օգնել է զարգացնել հետաքննական նյութերի թեմաներ, գտնել այլընտրանքային աղբյուրներ և համբերատար աշխատել նրանց հետ:
Բրյուսը համոզված է, որ եթե մարդիկ լրատվամիջոցների հետ սկսում են աշխատել, ուրեմն ուզում են իրենց պատմությունը զարգանա, տարածվի և ազդեցություն ունենա:
«Նրանք սկսում են խոսել շրջակա միջավայրի, դպրոցի, օդի աղտոտվածության և այլ խնդիրների մասին, որովհետև դրանք միայն իրենց խնդիրները չեն և հետաքրքիր են բոլորին: Դրանք այն պատմություններն են, որոնց մասին մարդիկ ուզում են լսել»,- թեմայի ընտրությունը կարևորելով ասում է ամերիկացի լրագրողը:
Բովանդակության պատվիրատուն, ըստ լրագրողի, հասարակությունն է: Իսկ այդ պատվերն այսօր իրականացնում են հիմնականում առցանց լրատվամիջոցները. «փոքրիկ մանրուքները ստիպում են լրագրողին բացել թեման, տարբեր աղբյուրներով ստուգել տվյալները, գտնել նորերը»:
Եթե դու տվյալներ չունես մինչև հոդվածը սկսելը, հոգ չէ, պետք է փորես և քո տվյալների բազան ստեղծես:
Հետաքննությունը լրագրության ամենաաշխատատար ուղղությունն է, նրա խոսքով, լավ հետաքննական պատմություն ստեղծելն իսկապես դժվար գործ է։ Օրինակ, բավարար չէ գրել կոռուպցիայի դեպքի մասին, պետք է գրել որտեղից են եկել այդ գումարները և որտեղ են գնացել: Կարևոր է պատմությունը սկսել հենց սկզբից, զարգացնել և անպայման հանգուցալուծել. «այս երեք մասերից որևէ մեկի բացակայությունը կարող է հարցերի տեղիք տալ ընթերցողներին և վստահության խնդիր առաջ բերել: Եթե մարդկանցից վերցնում ես պատմություն, ուրեմն պարտավոր ես հավուր պատշաճի նրանց վերադարձնել տեղեկատվություն»:
Հետաքննող լրագրողն ասում է, որ օրինակ հանքարդյունաբերության մասին նյութում կարևոր է հիմքում դնել մարդկանց խնդիրը, օրինակ, մոտակա գետի աղտոտվածությունը, որտեղ լողանում են երեխաները և որով ոռոգվում են գյուղի պտղատու ծառերը: Այս առաջին հայացքից ոչ մեծ խնդիրը կարող է հետաքննության մեծ նյութ դառնալ:
Եղե՛ք հետաքրքրասեր, հարցրեք ամեն ինչ, ամենքին և ամեն տեղ, ինչպես նաև ինքներդ ձեզ:
«Խոսում ենք խնդիր ունեցող ընտանիքի անդամների, հանքի ներկայացուցիչների, կառավարության հետ և անպայման հիշում, որ նրանցից յուրաքանչյուրն ունի խնդրի իր տեսլականը: Նրանց բոլոր ձայները պետք է լսելի լինեն, սա է ճիշտ բանալին: Հակառակ դեպքում նրանք կսկսեն օգտագործել սոցիալական ցանցերը և գրել իրենց պատմությունները: Ֆեսյբուքը հզոր գործիք է, առավել ևս Հայաստանում, այն նոր մեխանիզմ է մարդկանց համախմբելու սոցիալական իրողությունների շուրջ»:
Բրյուսը կարևորում է մարդկանց հետ լրագրողի կապը. «մարդիկ ինձ սոցցանցերով տեսանյութեր ու լուսանկարներ են ուղարկում, այսօր արդեն այդքան էլ կարևոր չէ անձամբ դեպքի վայրում լինելը»:
Երիտասարդ լրագրողները, Բրյուսի կարծիքով, մաքսիմալ են օգտագործում տեխնոլոգիական հնարավորությունները՝ մոնտաժի, լուսանկարների մշակման, գրաֆիկներ ստեղծելու ծրագրերը: Բայց միայն տեխնոլոգիաները բավարար չեն։
«Կարևոր է երիտասարդ լրագրողներին մոտիվացնելը: Նրանք պետք է «հիմար» հարցեր տալու թույլտվության ունենան: Տալիս եք հնարավորություն, տեսնում արդյունքը: Նրանք կարող են հարցնել ինչ ուզեն: Միևնույն ժամանակ պետք է լինեն պաստախանատու: Չստեն: Ապացուցեն, ստուգեն տեղեկությունը, լինեն ճշգրիտ և ազնիվ»,-խորհուրդ է տալիս փորձառու մասնագետը:
Եթե ձեր մայրիկն ասում է սիրում է ձեզ, ստուգեք դա: Պատմություններ ստեղծելիս, հասկացեք որն է ասելիքը և ինչպես դա ստանալ:
Տեղեկատվության փոխանցման գործում կարևոր է նաև հասարակության պատրաստվածությունը՝ ինչպես տրամադրել տեղեկությունը, ինչպես օգտագործել մեդիայի մատուցածը, որպեսզի հնարավորինս օգտակար լինի տալն ու վերցնելը:
«Լրագրողն իր ամենօրյա գործին զուգահեռ պետք է սովորեցնի կառավարությանը, բիզնեսին, տարբեր կազմակերպությունների ինչպես իր հետ աշխատեն: Նրանց պետք է ասել, եթե ուզում եք միասին աշխատենք, պետք է վստահեք ինձ, իսկ ես պատրաստվում եմ ճիշտ ներկայացնել պատմությունը»,-հավելում է նա:
Լրագրության հիմքը, ըստ մասնագետի, վստահություն է, պետք է վստահես լսարանին, աղբյուրներին, խմբագրին, իսկ վերջում ինքդ քեզ. «Ես պետք է ապացուցեմ ինքս ինձ, որ այն ինչ պատմում եմ ամբողջական է և ազնիվ»:
Կառավարության թափանցիկ աշխատանքի խնդիր միշտ կա և բոլոր երկրներում:
«Մենք ունենք Թրամփ և դա ահավոր է: Մի բան է ասում, հինգ րոպե հետո միտքը փոխում: Դա անհեթեթ է, բայց մենք ստիպված ենք մեր գործն անել, ուշադրության կենտրոնում պահել թեմաները, որոնցով նախկինում զբաղվել ենք:»
Հետևե՛ք գումարներին: Եթե ուզում եք լավ հետաքննություն, գնացեք փողերի հետևից, դրանց տակ գրեթե միշտ պատմություն կա՝ ով ստացավ, ինչպես ստացավ, որտեղ գնացին գումարները:
Լրագրողը նկատում է, որ Հայաստանում այժմ հիանալի հնարավորություն կա կառավարության հետ աշխատելու, ցանկացած տեղեկատվություն ստանալու:
Որպես կանոն, Բրյուսը երբեք նախապես հարցեր չի ունենում, ոչ թե հարցազրույց է վերցնում, այլ զրույցի է բռնվում, փորձում է մարդկանց ներգրավել խոսակցության մեջ, հետո ասել իր անելիքը, ինչ տեղեկություն է պետք, ինչ հոդվածի համար:
Գայանե Ասրյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: