Կա՞ արդյոք կապ և առնչություն հասարակական տրամադրությունների ու լրատվամիջոցներում դրանց բառային ձևակերպման և նախադասության շարահյուսական կառուցվածքի միջև:
Մինչ թավշյա հեղափոխությունը, բայերը, այսինքն գործողություն արտահայտող բառերը, շատ լրատվամիջոցներում գրվում կամ բանավոր արտասանվում էին կրավորական սեռով:
Այնպիսի տպավորություն էր, որ երկրում ոչ ոք ոչինչ չէր անում, այլ ամեն ինչ արվում էր սրա կամ նրա կողմից:
Ոչ թե նախագահ Սարգսյանն էր պարգևատրում, կամ մեդալ հանձնում, այլ` արժանավոր կամ անարժան մարդիկ` դերասան, երգիչ, զինվորական, ոստիկան պարգևատրվում էին Սերժ Սարգսյանի կողմից:
Ոչ թե դատախազությունն էր քրեական գործ հարուցում, այլ ինքը` քրեական գործն էր հարուցվում դատախազության կողմից: Ու այդպես էլ հստակ չէր լինում, թե ո՞ր կողմից` աջի՞ց, թե՞ ձախից, առջևի՞ց, թե՞ հետևից, վերևի՞ց, թե՞ ներքևից:
Օրինակներն անվերջ կարելի է բերել: Սակայն միայն մի դեպքում ինչ-որ բան ոչ թե նախագահի կողմից էր արվում, այլ նախագահն էր անում: Շատ հաճախ լսում էինք, որ նա պատվո ճաշ է տվել օտարերկրյա պաշտոնական պատվիրակությանը:
Մինչդեռ սա այն եզակի դեպքերից էր, որ գործողություն արտահայտող բառը պիտի կրավորական սեռով դրվեր: Սակայն պիտի տրվեր ոչ թե կողմից, այլ` անունից, այն էլ ոչ թե ճաշ, այլ`ճաշկերույթ:
Բայց կրավորական էին ոչ միայն անհատները: Կենսաթոշակների կուտակային համակարգը վատ էր ընդունվում հանրության կողմից, ժողովրդի կողմից մերժվում էր զիջումների քաղաքականությունը Ղարաբաղյան հարցում և այլն, և այլն:
Այս ամենը սկզբում զուտ ռուսերենի ազդեցությունն էր, այսինքն նախադասության ռուսաց լեզվին հատուկ կառուցվածքի փոխառում: Մյուս կողմից այն շատ համահունչ էր անհատի և հանրության` սեփական կյանքը փոխելուն միտված գործողությոնների բացակայությանը, կրավորական կեցվածքին: Ինքդ ոչինչ չես անում, բայց սպասում ես, որ ինչ-որ բան կարվի ինչ-որ մեկի կողմից:
Այս իմաստով չափազանց տեղին էր թավշյա հեղափոխության «Քայլ արա» կարգախոսը: Եվ անհատն ու հասարակությունը իսկապես քայլ արեցին, այլ ոչ թե սպասեցին, որ քայլը կարվի ուրիշների կողմից:
Ժողովուրդը քայլ արեց, հետո քայլերի շարք և երկրում ստեղծվեց նոր իրավիճակ ու նոր իշխանություն:
Դրանից հետո անմիջապես ու կրկին հայտնվեց կրավորական վիճակում` սպասելով, թե երբ է փոխվելու իր կյանքը:
Ու դարձյալ ոչ թե Ազգային ժողովն է օրենք ընդունում, այլ օրենքն է ընդունվում պատգամավորների կողմից, ոչ թե ոստիկանությունն ու Ազգային անվտանգության ծառայությունն են մեծ ու փոքր հանցագործներին ձերբակալում կամ ազատ արձակում, այլ նրանց կողմից բռնվում ու բաց են թողնվում այդ հանցագործները:
Իբր քիչ էր կրավորականի այս ընդգծված շահարկումը զանգվածային լրատվամիջոցներում, պաշտոնական հաղորդագրություններում ու հրապարակային խոսքի բոլոր մնացած ասպարեզներում, նրանց լրացնելու եկավ նաև ֆուտբոլը:
Չենք ցանկանում միանալ հանրայինի ֆուտբոլային երիտասարդ մեկնաբանների սխալներն անխնա քննադատողներին, և չենք խոսի այն մասին, թե ինչպես նրանց մեկնաբանությամբ` մրցավարը գրոհում էր դեպի դարպասն ու գոլ խփում, կամ դարպասապահը դեղին քարտ էր ցույց տալիս սեփական թիմակցին:
Մեր դիտարկման նյութը կրավորական բայերի շահարկումն ու սխալ կիրառումն է: Կրկին`ոչ թե Բելգիան է հաղթում Ճապոնիային ու Անգլիային, այլ ճապոնացիներն ու անգլիացիներն են պարտություն կրում բելգիացիներից: Լրացուցիչ ժամանակն ավելացվում է մրցավարի կողմից, գոլը խփվում է հարձակվողի կողմից:
Սակայն այստեղ ամենածեծված բառը փոխանակվելն է: Մրցակիցները փոխանակվում են գրոհներով ու մարզահագուստով, թիմակիցները պարբերաբար փոխանակվում են դիրքերով:
Բացարձակորեն անհասկանալի է, թե ինչու ոչ մի խաղի ժամանակ ոչ մի մեկնաբան չասաց իր ուզածն ամենապարզ ու հաճելի հայերենով, որ մրցակիցները մեկական գրոհ փոխանակեցին, իսկ թիմակիցները` փոխեցին իրենց խաղային դիրքերը:
Աչքով չտանք, բայց երբեք չենք լսել, որ շախմատային մեկնաբանն ասի, թե մրցակիցները քսանմեկերորդ քայլում փոխանակվեցին զինվորներով: Լավ է, որ շախմատիստները փոխանակում են զինվորները, ոչ թե իրենք փոխանակվում:
Մեր լրատվամիջոցներում ավելի սահմռկելի փոխանակումներ էլ են պատահում:
«Չե՞ք ուզում դիակներով փոխանակվենք»,- ասում է ամերիկյան գանգստերական ֆիլմի հերոսը Հանրայինի թարգմանությամբ: Նույն նախադասությունը կրկնվում է «Արմենիա»-ի արտադրած հեռուստասերիալում. «Եկել ենք առաջարկենք, որ դիակներով փոխանակվենք»:
Այսքանով հանդերձ, դժվար թե ֆուտբոլ, հայկական սերիալ կամ ամերիկյան թարգմանված ֆիլմ դիտողները քանակով ավելի շատ լինեն, քան սոցիալական ցանցերի օգտատերերը:
Ֆեյսբուք մտար թե չէ, աչքդ առաջին հերթին ծակում է «կիսվել» առաջարկը: Անհասկանալի է, թե ինչու ամեն բառ ու եզր հրաշալիորեն թարգմանելու ընդունակ մեր լեզուն ճապաղել է այս բառի վրա:
Ֆեյսբուքյան իմաստով կիսվելը նշանակում է տարածել, կրկնել և այլն: Երբեմն անխնա տարածել: Ըստ էության սա նույնն է, թե առաջարկվի` անխնա կիսվիր:
Քանի որ հույս ունենք, թե անվերադարձ անցել է 50-50 կիսվելու ժամանակը, ուրեմն պիտի ֆեյսբուքյան կիսվելն էլ իր տեղը այլ մի բառի զիջի:
Հայտնի է, որ բայի ու գրականության երեք սեռերը զուգահեռվում են մի զարմանալի օրինաչափությամբ:
Լիրիկան համադրվում է բայի կրավորական սեռի հետ, քանի որ պոետական ներհայեցումը ենթադրում է կրել իրականության ազդեցությունը և այն մաքրագործել սեփական հոգու և մտքի քավարանով:
Բայի չեզոք սեռը հուշում է գրականության էպիկական սեռը, քանի որ էպիկան պատմողից լիակատար չեզոքություն է պահանջում, և վերջապես գրական երրորդ սեռը` դրաման, իրականության վրա իր ազդեցության ձգտմամբ համահունչ է բայի ներգործական սեռին է:
Սոցցանցերում, զանգվածային լրատվամիջոցներում, հանրային խոսքի բոլոր ոլորտներում կրավորականի գերակայությունը սպառնում է հասարակությանը կրկին նետել քնարական ներհայեցումի ու էյֆորիայի գիրկը, վերածել քայլ չանող, այլ ինչ-որ մեկի կողմից քայլի սպասող փիլիսոփայորեն ծույլ զանգվածի:
Հովհաննես Երանյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: