2018.07.17,

Նյուսրում

Ի՞նչ արժե լրագրողների կյանքն ու առողջությունը

author_posts/gagik-aghbalyan
Գագիկ Աղբալյան
facebook

Լրագրող

Միայն 2015-2018 թվականներին Հայաստանում տեղի ունեցած քաղաքական և քաղաքացիական ընդվզումների, անհնազանդության գործողությունների լուսաբանման ընթացքում գրանցվել են լրագրողների նկատմամբ բռնությունների մի քանի տասնյակ դեպքեր։

Լրագրողներին ծեծել են, վնասել աշխատանքային գործիքները, նրանք օրերով բուժում են ստացել բուժհիմնարկներում։

Հայաստանում լրագրողի կյանքն ու առողջությունը, գույքը ապահովագրելու ավանդույթներ դեռ չկան։

ՍիվիլՆեթի խմբագրությունում շատ լավ են պատկերացնում ապահովագրության կարևորությունը։ 2015 թվականին Գյումրիում Վալերի Պերմյակովի կողմից կատարած սպանություններին հաջորդած ցույցերի ժամանակ ՍիվիլՆեթի լրագրողները հայտնվել էին ցուցարարների և իրավապահների մեջտեղում, ստացել վնասվածքներ։ Ապրիլյան հեղափոխության ժամանակ ոստիկանը հարվածել էր ՍիվիլՆեթի լրագրողին։ Սրանք տեղի ունեցած դեպքերի մի փոքր մասն են միայն։

ՍիվիլՆեթի գլխավոր խմբագիր Կարեն Հարությունյանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Հայաստանում մինչև հիմա կյանքի ապահովագրություն չկա, այնինչ ավելի քան 100 տարի առաջ մեր նախնիները Օսմանյան Թուրքիայում ապահովագրել են իրենց կյանքը։ Այդ ապահովագրության փոխհատուցումը նրանց ժառանգներն այսօր էլ ստանում են։

«Մենք պատերազմող երկիր ենք և չգիտենք առաջիկայում ինչ կլինի։ Մեր լրագրողներն առաջնագծում լինելու փորձ ունեն։ Պարզ չի, թե այդ մարդկանց հետ ինչ կարող է լինել, եթե կրկին ռազմական գործողություններ սկսվեն։ Բոլոր լրագրողները կցանկանային սոցիալական երաշխիքներ ունենալ, ապահովագրված լինել պատահարներից և իրենց նկատմամբ հնարավոր բռնություններից»,- ասում է Կարեն Հարությունյանը։

Հարցին՝ ո՞վ պետք է իրականացնի ապահովագրությունը, արդյո՞ք պետությունը պետք է սրա համար պայմաններ ստեղծի, հաշվի առնելով լրագրողների՝ հանրային կյանքում ունեցած նշանակությունը, ՍիվիլՆեթի գլխավոր խմբագիրը պատասխանեց․ «Կարծում եմ, որ հիմա կառավարության առջև ավելի հրատապ հարցեր են դրված, քան լրագրողների ապահովագրությունն է։ Բայց այս հարցը պետք է մի օր բարձրացնենք։ Պարզապես եթե մենք խոսում ենք ապահովագրությունից, նախևառաջ արձանագրենք, որ լրագրողների տարրական իրավունքներ են խախտվում խմբագրություններում։ Չեն լուծվում լրագրողների արտաժամյա աշխատելու խնդիրը կամ գիշերային հերթապահության հարցերը»։

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի խոսքով՝ ցանկացած դեպքում, եթե ապահովագրությունը մասնագիտական գործունեության համար է, դա պետք է իրականացնի գործատուն․

«Չեմ կարծում, որ դա պետք է անի պետությունը, որովհետև սա մասնավոր ոլորտ է։ Որքան էլ մեր Սահմանադրությամբ ամրագրված է, որ լրագրողը հատուկ նշանակության գործունեությամբ է զբաղվում, ես կարծում եմ՝ դա մի փոքր արհեստական ձևակերպում է։

Թեև հասկանում եմ, որ լրատվամիջոցների տնտեսական վիճակը բավականին բարդ է, և եթե նաև այս ծախսը դնենք իրենց ուսերին, պարզապես չեն կարող գոյատևել։ Կարծում եմ, որ աշխատանքային պայմանագիր կնքելու հետ միաժամանակ պետք է իրականացվի նաև ապահովագրություն»։

Նավասարդյանն առաջարկում է՝ սուղ պայմանների դեպքում գործատուն կարող է ապահովագրել միայն այն լրագրողներին, ում աշխատանքը ռիսկային է, լուսաբանում են միտինգներ, որտեղ կարող է ուժ կիրառվել։ Բայց ոչ՝ սյունյակ կամ վերլուծություններ գրողներին։ Ապահովագրական պայմանագրում պետք է ամրագրվի, որ ծախսերի ծածկումն իրականացվում է բացառապես մասնագիտական գործառույթներն իրականացնելու պահին տուժելու համար։

Հայաստանի ապահովագրական շուկայում գործող որևէ ընկերություն լրագրողների կյանքի և առողջության ապահովագրական փաթեթ չի առաջարկում։ Ինգո-Արմենիա ընկերության ներկայացուցիչ Հարություն Գևորգյանն ասում է, որ նման առաջարկ չկա, որովհետև պահանջարկ ձևավորված չէ։

«Լրագրողների համար առանձին պրոդուկտ կստեղծվի, երբ լինի մասսայական պահանջ։ Օրինակ՝ եթե լրագրողներին ներկայացնող որևէ միություն, արհմիություն պաշտոնական մակարդակում բանակցի ապահովագրող ընկերությունների հետ։ Եթե խոսքը 2-3 դեպքի մասին է, ապա դա կամ արվում է շատ բարձր գնով, կամ ընդհանրապես չի արվում։ Ապահովագրություն իրականացվում է այն դեպքում, երբ աշխատում է մեծ թվերի օրենքը՝ կա վիճակագրություն, կա օրինաչափություն»,- ասում է Հարություն Գևորգյանը։

Նա ասում է, որ թեժ կետերում, քաղաքական հուզումների էպիկենտրոնում աշխատող մասնագետների ապահովագրությունը ենթադրում է ստանդարտից բարձր ծածկույթ, որովհետև որպես կանոն, ցանկացած ապահովագրության պայմանագրի մեջ քաղաքացական ակցիաները, ավերածությունները, աղետները, երկրաշարժները, պատերազմները և այլն, ստանդարտ բացառություն են։

Հայաստանում կյանքի ապահովագրություն չկա, քանի որ ԵՄ անդամ երկրների մոդելներում ապահավոգրական ընկերությունն իրավունք ունի իրականացնել կա՛մ միայն կյանքի ապահովագրություն, կա՛մ ոչ կյանքի ապահովագրություն։ Հայաստանում աշխատող բոլոր ապահավոգրական ընկերությունները իրականացնում են ոչ կյանքի ապահովագրություն։

Լրագրողների ապահովագրության հարցը Հայաստանում քննարկվել է դեռ տարիներ առաջ՝ կարևորելով հիմնականում պատերազմական գոտում աշխատող լրագրողների ապահովագրության հարցը։

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն ասում է, որ խոսակցություն է եղել, թե դրանով պետք է զբաղվի Լրագրողների միջազգային դաշինքը, որն իր կարգավիճակով ազգային լրագրողական արհմիությունների միավորում է։

Գոյություն ունի նաև Լրագրողների անվտանգության ինստիտուտ, որը մինչև հիմա էլ ապահովագրում է թեժ կետերում աշխատող լրագրողների կյանքը։

Լրագրողներին առաջադրում են լրատվամիջոցները կամ արհմիությունները։ Պետք է հիմնավորվի, թե Ինստիտուտն ինչու պետք է իրականացնի նրանց կյանքի և առողջության ապահովագրություն։

Լրագրողների ապահովագրության միջազգային պրակտիկայի վերաբերյալ կարդացեք նաև այստեղ։

 

Գագիկ Աղբալյան

 


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *