Ինչպես մի քանի կայք Հովիկ Աբրահամյանին ՀՀ վարչապետ նշանակեցին

10.04.2014, Քննադատ

Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող: Աշխատում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնում:

Ապրիլի 10-ի ՀՀԿ Գործադիր մարմնի նիստի ավարտին տասնյակ լրագրողներ էին սպասում: Հայտարարված չէր, բայց համընդհանուր վստահություն կար, որ նիստից հետո հայտնի կդառնա ՀՀ 13-րդ վարչապետի անունը: 

Նոր վարչապետի մասին լուրն առաջինը հաղորդելու ցանկություն ունեցող մի քանի կայք շտապեցին նորություններ թողարկել, որոնցում հայտնում էին, թե Հայաստանի նոր վարչապետը ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն է: 

Երբ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողներին տեղեկացրեց, որ վարչապետի անունը կհայտարարեն երկուշաբթի օրը՝ ապրիլի 14-ին, Հովիկ Աբրահամյանի նշանակման մասին լուրերն արագորեն հեռացվեցին կայքերից: 

Սակայն Google-ը կայքերում հրապարակված գրառումներն այդքան արագ չի մոռանում: Google cache-ի օգնությամբ կարելի է վերականգնել Հովիկ Աբրահամյանի վարչապետության մասին հրապարակումները: 

Ահա 168.am-ի լուրի պահպանված կամ cached տարբերակը՝ «Հովիկ Աբրահամյանը՝ ՀՀ 13-րդ վարչապետ»: Հրապարակումը կարճ ժամանակում Facebook-ում 75 like էր ստացել: 

Այստեղ «Իրավունքի» cached (պահպանված) լուրն է՝ «Հովիկ Աբրահամյանը ՀՀ վարչապետ»: Իսկ asekose.am-ն ուղղակի ավետում էր՝ «ՀՀ 13-րդ վարչապետ կլինի Հովիկ Աբրահամյանը: ՀՀԿ պաշտոնապես հայտարարեց»: 

Հովիկ Աբրահամյանի մասին իրականությանը չհամապատասխանող լուրը հրապարակողներից միայն «Հետք»-ն էր (ես այլ օրինակի չհանդիպեցի, եթե կան այդպիսիք, խնդրում եմ ինձ ուղղել՝ օգտագործելով մեկնաբանությունների դաշտը), որը ոչ թե հեռացրեց լուրը կայքից, այլ փոփոխեց այն եւ ընթերցողներից ներողություն խնդրեց

Առաջին անգամը չէ, որ լրատվամիջոցները շտապում են լուրն առաջինը հաղորդել եւ սխալվում են (օրինակ Մարկ Սաղաթելյանի դեպքը): Բայց, կեղծ լուրերը կայքերից հեռացնելով, այս խնդիրը չես լուծի: Երբ լսարանիդ սխալ տեղեկատվություն ես փոխանցում, բարի եղիր նաեւ այդ քայլդ բացատրել ընթերցողիդ: Չէ՞ որ լսարանն է մեդիայի գլխավոր պատվիրատուն: Գոնե տեսականորեն: 

Գեղամ Վարդանյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?