Լրագրողին վիրավորելու դեպքերը պետք է անհետեւանք չմնան

12.03.2011, Նյուսրում

«Հետք» պարբերականի լրագրող Գրիշա Բալասանյանը  ընդդեմ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի հայց է ներկայացրել Ավան եւ Նոր-Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարան: Լրագրողը պահանջում է պատգամավորին պարտավորեցնել իրենից ներողություն խնդրել, որպես փոխհատուցում վճարել 1 մլն դրամ եւ փոխհատուցել դատական ծախսերը:

Փետրվարի 2-ին ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը հայհոյել էր «Հետք» պարբերականի լրագրող Գրիշա Բալասանյանին, երբ լրագրողը զանգահարել էր պատգամավորին՝ տեղեկանալու, թե նա ինչ բարոյական վնաս է կրել «Հայկական ժամանակի» հրապարակումից հետո, որին դատի էր տվել:

Պարբերականն հանցագործության մասին հաղորդում էր ուղարկել գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին` կցելով նաեւ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի հետ հեռախոսազրույցի ձայնագրությունը եւ նշելով, որ պատգամավորը  խոչնդոտել է լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը:

Հատուկ քննչական ծառայությունը «Հետքի» լրագրողին Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում էր ուղարկել՝ պատգամավորի արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ՝ գտնելով, որ Ռուբեն Հայրապետյանը լրագրող Գրիշա Բալասանյանի մասնագիտական գործունեությանը չի խոչընդոտել:

«Դիմել էինք, որպեսզի քրեական գործ հարուցեն, բայց չհարուցեցին: Ի վերջո նա լրագրողի՝ ինֆորմացիա ստանալու իրավունքն է ոտնահարել: Նա պաշտոնյա է, լրագրողն ուզում էր հարցազրույց անել, նա այդ հարցերի պատասխանները կարող էր տալ որպես պատգամավոր, որովհետեւ իրեն եւ իր գործունեությանն էր վերաբերում»,- ասում է «Հետքի» խմբագիր Էդիկ Բաղդասարյանը:

Իրավաբան Սիրանուշ Սահակյանը կարծում է, որ, լրագրողի հարցին չպատասխանելով, պատգամավորը չի խոչընդոտել նրա մասնագիտական գործունեությանը եւ չի խախտել նրա՝ տեղեկատվություն ստանալու իրավունքը:

«Նույնիսկ այդ կարգավիճակով՝ պատգամավորը մասնավոր սուբյեկտ է եւ տեղեկատվություն տալու կամ չտալու ազատություն ունի: Ես գտնում եմ, որ պատգամավորը նման տեղեկատվություն տալու պարտականություն չուներ: Դա այն տեղեկատվությունը չէ, որի տրամադրումը որպես պետական մարմին երաշխավորված է օրենքով: Եթե պատգամավորական գործունեության հետ կապված հարց լիներ եւ նա չպատասխաներ, դա իսկապես խնդիր կլիներ»,- ասում է իրավաբանը:

Հետքի խմբագիրը գտնում է, որ պատգամավորի արարքում քրեական այլ բան էլ կար:

«Նա խուլիգանական արարք է թույլ տվել. երկու օր հետո նա ասաց, որ ինքը գտնվում էր աչքի բժշկի մոտ, այսինքն՝ նա հայհոյել է հասարակական վայրում, իսկ հասարակական վայրում սեռական բնույթի հայհոյանքները խուլիգանություն է համարվում»,- նշում է նա:

Էդիկ Բաղդասարյանի խոսքերով՝ իրենք ավելի շատ ազդվել էին նրանից, որ Գրիշա Բալասանյանի մայրն ու քրոջ որդին լսել էին այդ հայհոյանքը:

«Գրիշան տնից էր զանգել՝ բարձրախոսը միացրած. մայրն էլ կողքին էր եղել՝ նույն սենյակում: Պատկերացնու՞մ եք մոր ներկայությամբ մորը քրֆում են»,- ասում է խմբագիրը:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը գտնում է, որ այս կոնֆլիկտը հարիր չէ քաղաքակիրթ հարաբերություններին եւ առաջին հերթին պատգամավորի կերպարին:

«Ցավոք մեր քաղաքական դաշտում շատ են այնպիսի մարդիկ, որոնք կարող են նման վարք թույլ տալ լրագրողի հանդեպ: Եւ նման մարդիկ ակտիվորեն օգտագործում են դատական մարմինները լրագրողների եւ լրատվամիջոցների հետ հաշվեհարդար տեսնելու համար: Մյուս կողմից՝ լրագրողները նույնպես պետք է հաշվի առնեն այն պայմանները, որոնցում աշխատում են, եւ մաքսիմալ հետեւեն էթիկայի կանոններին»,- ասում է նա:

Էդիկ Բաղդասարյանի խոսքերով՝ իրենց դեպքից հետո բացահայտվեցին Ռուբեն Հայրապետյանի՝ հաճախակի հայհոյելու այլ դեպքեր, որոնք ժամանակին չեն բարձրաձայնվել:

«Պարզվում է՝ բոլորի համար սովորական էր Նեմեցի հայհոյանքը: Պարզվում է՝ Նեմեց Ռուբոն բոլոր լրագրողներին հայհոյում էր, չգիտես ինչու ոչ մեկը ձայն չէր հանում: Մեզանից հետո ասացին՝ բա դուք չգիտե՞ք, որ էդպես է բոլորիս հետ խոսում: News.am-ը գրեց, որ իրենց լրագրողին էլ է էդպես վերաբերվել: Որոշ պատգամավորներ ասում են՝ բա դուք չգիտե՞ք ինքը էդպիսին է, ինչու՞ եք իրեն դիմել: Ասում եմ՝ չէ, չգիտեինք, որ էդպիսին է, բայց դա նորմա՞լ է: Տխուր իրավիճակ է»,- ասում է Բաղդասարյանը:

Աշոտ Մելիքյանը կարծում է, որ նմանտիպ կոնֆլիկտները պետք է լրագրողական համայնքում քննարկման առարկա դառնան եւ անհետեւանք չմնան:

«Ամեն նման դեպքից պետք է հետեւություններ անել եւ անհետեւանք չպետք է թողնել: Եթե լրագրողները լռեն, անտեսեն նման դեպքերը, կարծում եմ՝ այդ տիպի մարդիկ, որոնք առիթը բաց չեն թողնում վիրավորելու կամ  որեւէ ճնշում գործադրելու լրատվամիջոցի կամ լրագրողի վրա, օգտագործելու են այդ հնարավորությունը»,- ասում է նա:

«Հետք» պարբերականը նամակով դիմել էր նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ խնդրելով պատգամավորի վարքագիծը քննարկման առարկա դարձնել Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խորհրդում, որի անդամ է նաեւ Ռուբեն Հայրապետյանը, եւ համապատասխան միջոցներ ձեռնարկել, սակայն նամակը մնացել է անպատասխան:

Էդիկ Բաղդասարյանը կարծում է, որ Գրիշա Բալասանյանի հայցն ընդդեմ ԱԺ պատգամավորի չի բավարարվի՝ հաշվի առնելով մեր դատարանների առանձնահատկությունը: Իսկ իրավաբան Սիրանուշ Սահակյանը գտնում է, որ դատը շահելու համար բոլոր իրավական հիմքերն առկա են:

«Շահելու հնարավարությունը շատ մեծ է: Եթե անգամ այստեղ չշահեն, Եվրոպական դատարանով արդյունք կարելի է երաշխավորել»,- ասում է նա:

            

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?