«Լրատվամիջոցի ուղերձը պետք է լինի սթափեցնող»

20.04.2017, Ռեինֆորմացիա

Լրագրող, արվեստի քննադատ

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» իրավախորհրդատու  Հերիքնազ Տիգրանյանը ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները չի դիտարկում սոցիալական-հոգեբանական վիճակից անջատ: «Մարդը վաղվա օրը չի տեսնում: Նա հենց հիմա ունի խնդիր, և ով այդ խնդիրը կլուծի, կստանա նրա քվեն»,- ասում է նա:

Նա կարծում է, որ կոռուպցիայի հաղթահարման արդյունավետ քայլ կարող է լինել լրատվական դաշտի միահամուռ ու հետևողական հետաքննությունների շղթայի ստեղծումը: Ի վերջո, հրատապ թեմաների տակ կրակը պետք է վառ պահվի:

Մենք լավ քարոզարշավ ու առանց բռնության դեպքերի քվեարկություն ունեցանք: Դա ճի՞շտ տպավորություն է:

Քարոզչության ընթացքում թվում էր, որ բոլոր քաղաքական ուժերն ունեցան հավասար հնարավորություններ՝ եթերում իրենց խոսքն ասելու: Գոնե որևէ անգամ չլսեցինք դժգոհություն եթերաժամանակ չտրամադրելու կամ սահմանափակելու մասին:

Իհարկե, ողջունելի է, եթե որոշված էր ընտրությունները կազմակերպել քաղաքակիրթ ձևով: Բայց տեսանք նաև, որ չկային սուր անկյուններ ու հակադրություններ: Ստացվեց, որ տարբեր քաղաքական հայացքներ ու ծրագրեր ունեցող ուժերը մասնակցեցին ընտրություններին՝ չունենալով հակադրման կետեր, որոնց շուրջ կարելի է բանավիճել: Իսկ դա պարզապես տրամաբանությունից դուրս է, քանի որ սոցիալիստական ուղղվածության կուսակցությունը չի կարող չհակադրվել, ասենք, լիբերալներին:

Եթերում չտեսանք հակոտնյա հարաբերություններ, բայց տեսանք, որ եթերը տրամադրվեց բոլորին:

Միգուցե դա ներքին պայմանավորվածության կամ ջենթլմենային համաձայնության արդյունք էր: Այսինքն, որոշված էր վարել բարեկիրթ քարոզչություն առանց որևէ մեկին թիրախավորելու կամ սևացնելու: Ամեն դեպքում, արտաքուստ ամեն բան շատ հանգիստ ու մեղմ էր:

Եղել են եթերային բանավեճեր կազմակերպելու առաջարկներ, բայց տեսանք, որ որևէ բանավեճ, մանավանդ իշխող կուսակցության ներկայացուցիչների հետ, տեղի չունեցավ: Սա հենց իշխող կուսակցության PR ռազմավարության արդյունքն էր, որը կարծես որոշել էր, որ իր խոսքում մնալու է պասիվ, կողքից դիտարկողի դերում:

Բայց ինչու՞ էին ընդդիմադիր ուժերը մասնակցում ընտրություններին, եթե ի վերուստ ընդունել էին այդ ջենթլմենական համաձայնությունը:

Իշխող կուսակցությունն ի սկզբանե գիտի իր հեգեմոն դերի մասին և անգամ տարակույս չունի, որ հաղթող կլինի թե՛ բանավեճերում, թե՛ ընտրություններում:

Հետաքրքիր էր նաև նրանց վարած քարոզչական ստրատեգիան, երբ քարոզարշավի առաջին երկու շաբաթվա ընթացքում կուսակցության առաջին դեմքերը ոչ միայն հանրային քննարկումների չէին մասնակցում, այլև հարցազրույցներ չէին տալիս՝ թողնելով դաշտը մյուս խաղացողներին:

Եվ ընդդիմադիր ուժերը սկսեցին վիճել, թե ով է ավելի ընդդիմադիր:

Արդյունքում հանրությունը հոգնեց որոշելու, թե ով է իրական ու կեղծ ընդդիմությունը: Եվ հետո սպիտակ մաքուր դեմքով հայտնվեց Հանրապետական կուսակցությունը, որը կարողացավ իր կամքը թելադրել մյուս խաղացողներին:

Իսկ այդ իրավիճակում լրատվամիջոցները կարո՞ղ էին իրենք խթանել բանավեճեր, թե՞ ամեն ինչ անհույս է:

Կարծում եմ՝ դա արդեն անցած փուլ է: Խորհրդարանական ընտրություններում ԶԼՄ-ները նախևառաջ պետք է կարողանան իրենք իրենց գնահատել ու հասկանալ, թե որքանով նպաստեցին ընտրողի ճիշտ կողմնորոշմանը:

Հանրային հեռուստաընկերությունը կատարե՞ց իր դերը: Համենայնդեպս, բոլոր ինը ուժերին հավասարապես եթերաժամանակ տրամադրեց:

Հանրային հեռուստատեսությունը կարող է տարբեր անձերի ներկայացնել 180 աստիճան փոխված տեսանկյունով: Երբ քաղաքականության վեկտորը փոխվում է, փոխվում է նաև այդ ալիքի տրամադրվածությունը:

Հիմա Հանրայինը դաշտ տվեց մարդկանց, որոնք ընդամենը մի քանի տարի առաջ բոլորովին այլ գույներով էին ներկայացվում կամ էլ նրանց մուտքը ալիք պարզապես արգելված էր:

Տարօրինակ էր, որ տասը տարի առաջ ընդդիմադիր կուսակցության հանրահավաքները առաջին նախագահի մասնակցությամբ ալիքը որակում էր որպես ծաղրուծանակ, իսկ հիմա արդեն նրան եթեր է տրամադրում և դիմում «պարոն նախագահ», շեշտելով, որ նախագահները նախկին չեն լինում:

Իսկ ո՞վ ասաց, որ նախագահները նախկին չեն լինում: Իրականում իրերը պետք է կոչել իրենց անուններով ու այդպես չդիմել: Բայց որքան տեսանք, հանրության աչքերում Հանրայինը բարձրացավ ու ուղերձը (կամ եթերից մատուցվող ապրանքը) տեղ հասավ: Համենայնդեպս հանրության այն հատվածը, որn ընդունում է Հանրայինի ասած ամեն մի բառը: 

Խորհրդային տարիներին ասում էին, որ եթե ասաց հեռուստացույցը, ուրեմն դա վերին ատյանի ճշմարտություն է:

Մեդիան վերջին տարիներին բացահայտեց վերնախավի մի քանի լրջագույն կոռուպցիոն շղթաներ: Բայց որքան տեսնում ենք, դա չխանգարեց, օրինակ, Միհրան Պողոսյանին դառնալու պատգամավոր: Տեսանք նաև բացահայտ խախտումներով ձայներ հավաքած Արտակ Սարգսյանի տեսանյութը: Ինչու՞ այդ փաստերը ազդեցություն չեն ունենում:

Իրականում այդ դեպքերը մեդիայում գրեթե չեն արտացոլվում: Եվ հանրության այն հատվածը, որի համար ինֆորմացիայի միակ աղբյուրը հեռուստատեսությունն է, չի կարող իրական պատկերացում ունենալ, թե ինչպիսի երկրում է ապրում և ինչեր են ամեն օր կատարվում:

Ամեն դեպքում՝ ինտերնետային լրատվամիջոցները իրադարձություններին արձագանքում են ավելի օպերատիվ ու ադեկվատ: Օրինակ, հետաքրքիր է հետևել, թե ինչպես են լրատվամիջոցները լուսաբանում կառավարության նիստերը:

Կայքերը աշխատում են գտնել հետաքրքիր դրվագներ ու նյութեր, շեշտադրումներ են անում, իսկ Հանրային հեռուստատեսությունը պարզապես հեռարձակում է ողջ նիստը առանց միջամտության, այնպես, ինչպես արվում էր նախկինում պոլիտբյուրոյի նիստերի ժամանակ: Եվ այդ դեպքում չի երևում որևէ բախում, որևէ սուր խնդիր...

Արդյունքում մարդիկ տեղյակ էլ չեն, թե ինչ է կատարվում իրենց երկրում: Մի օրինակ բերեմ. վերջերս քննարկում էինք հանքարդյունաբերության խնդիրները, և ես զարմանքով բացահայտեցի, որ ոմանք չիմանալով, թե ինչ է պոչամբարը, ասում են՝ իսկ ի՞նչ վատ բան կա կառուցելու մեջ, չէ՞ որ հայերը միշտ եղել են կառուցող ազգ, թող կառուցեն պոչամբարներ:

Այսինքն, մարդկանց չի տրվում ռեալ ինֆորմացիա, թե ինչ մեծ վտանգներ կան հանքարդյունաբերության ոլորտում:

Հեռուսատատեսությունը կարողանում է փոխել կոռուպցիոն ռիսկերի թեմայի տեսանկյունը և ցուցադրել բոլորովին այլ իրավիճակ: Ասենք, քաղաքապետարանի անտրամաբանական ու անիմաստ ծախսերի մասին երբեք որևէ հեռուստաբանավեճ տեղի չի ունենում: Այդ ամենը տեղափոխված է սոցցանցեր և օնլայն կայքեր, իսկ հեռուստատեսությունը (անգամ մասնավոր) դա անտեսում է:

Երբ խնդրի շեշտադրում չի արվում, սուր անկյունները դադարում են երևալ, և խնդիրը լղոզվում է:

Մենք բոլորս էլ գիտենք, թե ինչպիսի լրատվական հնարքներով կարելի է իրավիճակը ներկայացնել ավելի գեղեցիկ ու բարվոք: Անգամ ամենաթեժ բանավեճը կարելի է այնպես մոնտաժել, որ երևան միայն հանդարտ դրվագներն ու գեղեցիկ խոսքը:

Ամեն դեպքում, հանրությանը էկրանից հաղորդվում են միայն լավ լուրեր: Եվ մի օր մարդը կբացի աչքերն ու կտեսնի, որ ապրել է խաբված:

Ինֆանտիլ հասարակությունը նաև մեդիայի՞ արդյունք է:

Երբ հատվեցին Դավթաշենի ծառերը, աղմուկ բարձրացավ, թե ինչու՞ չարձագանքեցին բնակիչները: Բայց նրանցից շատերը, որոնց աչքի առջև տեղի ունեցավ ծառահատումը, հանգիստ ընդունեցին իրավիճակը՝ ասելով, որ ծառերը փտած էին... Այսինքն, նրանց ուղեղն արդեն սովոր է այդպես աշխատել:

Եթե եթերը լցվում է միայն լավ լուրերով, հասարակությունը ընտելանում է ապրել վակուումի մեջ:

Ճիշտն ասած՝ կան այնպիսի թոք շոուներ, որոնց ուղերձը ուղղակի վտանգավոր է: Կարծես ասում են՝ տեսեք, որքան երջանիկ եք դուք, քանի որ ձեր կողքին են ապրում շատ ավելի դժբախտները: Այսպես կարելի է ձևակերպել Հանրայինի հռետորաբանությունը:

Իսկ որքանո՞վ եք կարևորում մեդիա սեփականատերերի թափանցիկության հարցը: Այդ ոլորտում կոռուպցիան ու մանիպուլյացիան միավորված են բավականին ուղիղ կերպով:

Իհարկե, այդ ոլորտում կոռուպցիոն ռիսկերը մեծ են: Այժմ լրատվամիջոցների իրական սեփականատերերի բացահայտման ու պետգնումների թափանցիկության շուրջ քննարկումներ են ընթանում: Դա նաև պարտավորություն է, որը ստանձնել է մեր պետությունը Բաց կառավարման գործընկերության և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության շրջանակներում:

Հավասար հնարավորությունները և մատչելիությունը լրատվամիջոցների դեպքում անհրաժեշտ են, քանի որ երբ բացահայտնվեն հեռուստատեսային լրատվամիջոցների իրական սեփականատերերը, չի բացառվում, որ պարզվի, թե բոլորը համակարգվում են մեկ կենտրոնից:

Ի՞նչն է թույլ տալիս այդպես եզրակացնել:

Հեռուստաընկերությունները չեն դրսևորում քաղաքացիական (էլ չասեմ, քաղաքական) համարձակ վարքագիծ: Նայեք հեռարձակվող հաղորդումների թեմաների ընտրությունն ու եթերի մարտավարությունը: Ի վերջո, մենք այդպես էլ չտեսանք, որ սոցցանցերում արծարծված հարցերը դառնան հեռուստատեսության օրակարգ: Անգամ թոք շոուներն են արհեստական ու ոչ արդիական թեմաներով:

Հիմա բոլորը խոսում են մանկավարժների ձայնագրությունների մասին, բայց եթերը այդ մասին լռում է: Կա մեկ այլ ձայնագրություն, որտեղ երևում է, թե ինչպես է խոչընդոտվում ընտրողների կամքը, կարծիքներ են հնչում, թե ինչ է ընտրակաշառքը:

Սրանք հարցեր են, որոնք հնչում են միայն պատերի ներսում (նաև սոցցանցերի), բայց դրանց քննարկումը երբեք չի ծավալվում, ասենք, Հանրայինի եթերում:

Մեկ այլ խնդիր էլ կա՝ վարձու աշխատողը չպիտի այդքան կախված լինի իր գործատուից: Աշխատանքային իրավունքը իրականում ամենախոցելիներից է: Այսինքն, եթե քո հայացքները դուր չգան գործատուին, կարող ես կորցնել աշխատանքդ, առանց հաշվի առնելու սահմանադրական իրավունքը:

Մարդու տնտեսական իրավունքները չեն հասցված սահմանադրական դատարանում վիճարկելու մակարդակի, ու հիմա մարդիկ իրենց հացի խնդիրը լուծելու համար գնում են աշխատելու նվաստացուցիչ պայմաններով:

Եվ այդ դեպքում գործատուն միշտ կարող է իրենց հրահանգել, թե ինչ անել և ում օգտին քվեարկել: Եվ սա ոչ այլ ինչ է, քան ակնհայտ հանցագործություն:

Երևի այդ պատճառով էլ լրագրողներից շատ քիչ բան է կախված: Որոշողը գլխավոր խմբագիրներն են:

Եվ սեփականատերերը:

Միգուցե եթե տարբեր լրատվամիջոցներ ձեր կազմակերպության աջակցությամբ մի լուրջ ֆիլմ-հետաքննություն անեն, ի վերջո, հանրային ալիք կբարձրանա:

Պարզապես պետք է, որ լրատվական դաշտը միահամուռ լինի: Եթե մեկ լրատվամիջոց դա անի, արագ կջլատվի կամ էլ կենթարկվի ճնշման:

Մեր կազմակերպությունը փորձում է «Հետքի» հրապարակումների հետքերով գնալ՝ իրավապահ մարմիններին դիմումներ ներկայացնելով ու ինչպես ասում են՝ «բզբզալով»: Բայց անկեղծ ասած, մեր արածը արդյունք չի տալիս, անգամ ունենում է հակառակ էֆեկտը. նա, ում մասին տեղեկություն ենք հավաքում, ավելի բարձր պաշտոն է ստանում: Եվ երբեմն թվում է, որ մենք ակամայից նրա գովանաբումն ու քարոզումն ենք անում:

Երբ տեսնում ես, որ կոռուպցիայի մեջ կասկածվող մարդիկ հովանավորներ ունեն վերևներում, հուսահատվում ու թևաթափ ես լինում:

Կարծում եմ՝ չպիտի կենտրոնանալ միայն Երևանի վրա: Եթե պետք է համատեղ լրագրողական հետաքննություն անել, ապա այն պիտի լինի շարժական: Այսինքն, լրագրողները պիտի գնան մարզեր, շփվեն մարդկանց հետ, քանի որ ճիշտն ասած, կարծրատիպերն են շատ: Լրագրողները պիտի մտնեն կյանք:

Այդ դեպքում լրագրողական հետաքննությունն ավելի արդյունավետ կլինի: Ի վերջո, շատի դեմ պայքարելը դժվար է, մանավանդ, երբ թեման ճյուղավորվում ու զարգանում է: Բայց ստացվում է, որ որևէ պաշտոնական անձի մասին լուրջ հրապարակումը կարճ ժամանակով բռնկվում է, հետո անհետևանք մարում: Իսկ եթե հոդվածները լինեն շղթայական, թեման թեժ կմնա:

Ամեն դեպքում, թեմայի տակ պետք է կրակն անընդհատ վառ պահել:

Նաև լրատվության հետևանքն է, որ մարդիկ մտածում են, թե իրենցից ոչինչ իրականում կախված չէ:

Լրատվամիջոցի ուղերձը պետք է լինի սթափեցնող: Թող լրագրողը հարցազրույց վերցնի ոչ միայն փաստը արձանագրելու նպատակով, այլ ինքն իր խոսքը ձևակերպելու, իր ուղեցույցները սահմանելու: Ուզում եմ, որ լրագրողը մտածելակերպ փոխող խոսք ունենա, այլ ոչ թե միայն փոխանցի ուրիշի ասածը:

Սովորաբար մենք լսում ենք միայն պասիվ հարցազրույցներ՝ հարց ու պատասխանի տեսքով: Ասենք գյուղի մասին ռեպորտաժում լրագրողը հարցնում է՝ ծանո՞թ եք գյուղի բյուջեին, պատասխանում է՝ մենք ի՞նչ գործ ունենք, դա գյուղապետը գիտի:

Եվ լրագրողը թեման չի շարունակում պարզելու համար, թե ինչպես պատահեց, որ գյուղապետի կարծիքով գյուղի բյուջեն իր անձնական գրպանի փողն է, ու գյուղացիները դրան չեն առարկում:

Կամ նայելով Միհրան Պողոսյանի քարոզարշավի ամփոփիչ համերգ-հավաքները, տեսնում ենք հիացած դեմքեր: Հասկանալի է, որ մարդիկ տոնախմբություն են ուզում, բայց չեն մտահոգվում, որ այդ տոնը կազմակերպել է մի մարդ, որը հանրային բյուջեի վրա նստած է զարգացրել սեփական բիզնեսն ու գրավել ներկրման շուկան: Եվ հիմա նրան ծափահարում են, փառաբանում ու նույնիսկ սրբացնում:

Չկա տարանջատում: Գյուղացիները մտածում են, որ «քյոխվա»-ն միշտ ավելի լավն է, քան գյուղ եկած փրկիչը: Փրկիչները գալիս-գնում են, իսկ «քյոխվա»-ն մնում է ու շարունակում է կեղեքել: Դա կա մեր հոգեբանության մեջ՝ թող կեղեքի, քանի որ նա մերն է:

Հարցազրույցը Նունե Հախվերդյանի

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?