Արտահերթ հույզեր՝ դատական համակարգից

21.05.2019, Քննադատ

Լրագրող, արվեստի քննադատ

Հայաստանում դատական համակարգի զննիչ-զտիչ փոփոխությունների պահանջը դարձել է ամենաքննարկվող թեման:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը՝ կալանքը, փոխելը, Մարտի 1-ի գործի կասեցումն ու Սահմանադրական դատարան ուղարկելը, ինչպես նաև վարչապետի կոչը՝ փակել դատարանների մուտքերն ու ելքերը, առաջացրեցին բուռն արձագանք:

Օրենքները ճոճանակ են, որի վրա նստողներից շահում է նա, ով հստակ կարող է հաշվարկել ենթադրվող պտույտների հաճախականությունը, հնարավոր ռիթմն ու անգամ կտրուկ արգելափակման շանսերը:

Մարտի 1-ի գործը այնքան կտրուկ արգելակվեց, որ առաջացան լուրջ հարցեր: Եվ առաջնայինն այն է, թե ինչու՞ հաշվարկված չէր կտրուկ կանգառի հնարավորությունը, մինչդեռ թե՛ մեղադրող կողմը, թե՛ մեղադրյալն արդեն շարժվող ճոճանակ-դատարանում էին:

Դատական իշխանության արմատական ռեֆորմների հապաղումը տարակուսանքի ու անգամ զայրույթի ալիք բարձրացրեց, բորբոքեց արդեն մեկ տարի հեղափոխությունը որպես փաստ ընդունած մարդկանց հույզերը:

Ընդհանրապես հույզերն առաջանում ու տարածվում են այն միջավայրում և այն հարցերի շուրջ, որտեղ զգացվում է վստահության պակաս:

Նման բուռն արձագանք ստացան (և ստանում է) զանգվածային լրատվության դաշտը, որը դատական համակարգի հետ միասին ցանկացած իշխանության հիմնասյուններից է:

Բայց, ի տարբերություն մեդիայի, դատական համակարգը դեռ սովետական տարիներից համարվել է փակ, բարդ, ստորգետնյա կապերով ոլորտ: Այն ոչ թե աշխատել է հանրային արձագանքի վրա, այլ՝ հանրային արձագանքից հեռու, որպես գաղտնի պատժիչ մեքենա:

Մայիսի 19-ից սկսած՝ Հայաստանի դատարանները, դատավորներն ու օրենքների երաշխավորողները լուրջ կասկածներ հարուցեցին, որ ընտրված ընթացքը կառավարելի է, թեկուզ միայն այն պատճառով, որ ոչ մի քայլ չարվեց ազատվելու նախկին կիսասովետական-կիսագողական, կոռուպցիայով սնվող գործելաոճից:

Հիմա դաատական համակարգից դեպի մեդիա է ձգվում հիմնականում հուզական հոսանքը:

Իրավական լեզուն ու օրենքների մեկնաբանությունը տարիներ շարունակ թույլ չեն տվել էմոցիոնալ արձագանքների շրջանառությանը: Իսկ լրատվական դաշտը ոչ միայն հիմնվել է հույզերի վրա, այլև հրահրել դրանք, ողջ ուժով ու մանիպուլյատիվ հնարքներով՝ վախ ու անկայունություն սփռելով լսարանի մոտ:

Իրավաբանության հնարքներն այլ որակի են. որպեսզի դրանք օգտագործես, պետք է լինես պրոֆեսիոնալ: Լրագրության մեջ հակառակն է. պրոֆեսիոնալն է ազատ ակնհայտ ու խառնակիչ հնարքների կիրառումից:

Մայիսի 21-ին մենք ականատես եղանք (փոքր օրինակի վրա), թե ինչպես է աշխատում լրատվական դաշտը, որը, ինչպես դատական համակարգը, ինքնամաքրման լուրջ կարիք ունի:

Հուզական ֆոնը, որը սկզիբ առավ ԵԽԽՎ արձագանքից վարչապետի կոչին՝ կազմակերպել ակցիաներ դատարանների առջև, խտացրեցին լրատվամիջոցները:

Ու կախված այն բանից, թե ում են պատկանում կամ ում են հարում տվյալ լրատվամիջոցները, ընտրվում են լուրերի վերնագրերն ու շեշտադրումները:

«ԵԽԽՎ դիտորդներն անհանգստացած են Հայաստանի վարչապետի՝ դատարաններն արգելափակելու կոչից»,- սա Հրապարակի վերնագիրն է:

«ԵԽԽՎ-ն մտահոգություն է հայտնել Փաշինյանի՝ դատարանների մուտքերը փակելու կոչի առնչությամբ»,- գրեց tert.am-ը:

Կանխատեսելիորեն նմանատիպ վերնագիր ընտրեց նաև 168ժամը:

«ԵԽԽՎ-ից քաղաքական գործիչներին հորդորում են զերծ մնալ արդարադատությանը միջամտելուց»,- տեքստի այս հատվածն ընտրեց Panorama.am-ը:

«ԵԽԽՎ-ն բացասաբար է արձագանքել Փաշինյանի՝ դատարանների մուտքերը փակելու վերաբերյալ կոչին»,- 1in.am-ը այսպես վերնագրեց իր լուրը:

«ԵԽԽՎ-ն Հայաստանին կոչ է արել զերծ մնալ քայլերից, որոնք կարող են ընկալվել որպես ճնշում դատական համակարգի վրա»,- ավելի է ընդլայնել բացասական արձագանքը «Առավոտը»:

«Ողջունում ենք Նիկոլ Փաշինյանի՝ դատական համակարգում բարեփոխումներ անելու մասին հայտարարությունը. ԵԽԽՎ»,- կռահելի կերպով բոլորովին այլ հատված մեջբերեց «Հայկական ժամանակը»:

«ԵԽԽՎ համազեկուցողներ․ Հայաստանի վարչապետի կոչը մտահոգիչ է, բայց դատական բարեփոխումներն անհրաժեշտ են»,- գրեց Ազատությունը՝ փորձելով հավասարակշռել ուղերձը:

Թավշյա հեղափոխությունից հետո պարզ դարձավ, որ գործադիր իշխանությունը հրաժարվել է դատական իշխանությանը թելադրել իր կամքը (վարչապետը այդ պատճառով էլ դիմեց իր միակ անբեկանելի ռեսուրսին, որից էներգիա է ստանում՝ ժողովրդին):

Պարզ դարձավ նաև, որ դատական համակարգը դեռևս անկախ չէ իր որոշումներում և չի կարող լուծել արդի խնդիրները:

Ընդ որում՝ ինչպես նաև լրատվականները, որոնք կարող են դատավորների պես ասել, թե անաչառ են ու անկողմնակալ, բայց իրականում ունեն իրենց հասցեատերերն ու տերերը: Եվ հասցեատերը բնավ էլ հասարակությունը չէ:

Նունե Հախվերդյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?