2019.10.04,

Տեսակետ

«Կարևոր է, որ ուսուցիչը չլճանա»

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան

Լրագրող, արվեստի քննադատ

Դպրոցների մասին խոսելիս՝ հաճախ հանգում ենք այն մտքին, որ դպրոցը անխուսափելի անհրաժեշտություն է, պարտավորություն, մի գործ, որը պիտի արվի մանկուց, խմբակային եղանակով ու հստակ գծած սցենարով: 

Երեխաների համար դպրոցը մի վայր է, ուր նրանք գնում են առանց հաշվի առնելու սեփական ցանկությունը: Պետք է գնան ու գնում են՝ ընդհանուր կանոններում փորձելով գտնել իրենց տեղը: Կարող են գտնել, բայց կարող են և չգտնել:

Սովորաբար բոլոր դպրոցական հարցերին նայում ենք երեխաների դիտանկյունով ու ափսոսում, որ ավելի լավ դպրոցական համակարգ չունենք, որը կարող էր բացի նրանց մանկուց ենթարկվել սովորեցնելուց, սովորեցնել նաև չենթարկվել ու շարունակել որոնել սեփական ոտնատեղը այս մեծ աշխարհում:

Մեծ աշխարհի մասնիկը լինելու տենչը հատկապես արդիական է գյուղերի դպրոցներում:

Տավուշի մարզի սահմանամերձ Այգեձոր գյուղի միակ միջնակարգ դպրոցն, օրինակ, պարտադրված դասերից հետո շփումների հնարավորություն տվող հիմնական հավաքատեղին է:

Այգեձորի միջնակարգ դպրոցն ու Հայկ Ծաղկյանը

Երևի հենց այդ գյուղի դպրոցի օրինակով կարելի է հասկանալ, թե ինչը կարելի է համարել դպրոցական ռեֆորմի անկյունաքարը, որի վրա կառուցվում է մարդակենտրոն (ոչ թե ծրագրակենտրոն) կրթության փիլիսոփայությունը:

Պարզ ասած՝  ինչը կարող է նպաստել, որ երեխաների մոտ չմարի որոնումների տենչը: Որ պարտավորությունը լինի նաև հաճելի, արկածներով լի ու անհայտ ճանապարհներ բացող:

Սյգեձորի դպրոցը ունի 183 աշակերտ, լավ շենք ու բակ, կահավորված մարզասրահ, նաև ցանկություն անելու ավելին՝ արդիականացնելու շենքն ու բակը, դասարաններն ու լաբորատորիաները:

Դպրոցի փոխտնօրեն ու քիմիայի ուսուցիչ Հայկ Ծաղկյանը կարևոր է համարում հեռանկարներ բացելը: Իսկ դպրոցն ու ուսուցիչը այդ հեռանկարների երաշխավորողն են, այլ ոչ թե զուտ գիտելիք փոխանցողը:

Զրույցը Հայկ Ծաղկյանի հետ, որը նաև էներգիայի ու ռեսուրսների օգտագործման մասին է խոսում երեխաների հետ ու փորձում ամրապնդել էկոլոգիական մտածելակերպ, սկսեցինք Գրետա Տունբերգի կերպարից:

Շվեդ դպրոցական Գրետա Տունբերգը, որը հայտնի դարձավ իր նախաձեռնած էկոլոգիական դասադուլ-շարժումով ու ՄԱԿ-ի բարձր ամբիոնից ելույթով, նոր սերնդի ձայնն է, բոլորովին թարմ կերպար (որն ի դեպ՝  կարող է դառնալ Նոբելյան խաղաղության մրցանակի հավակնորդ): 

Անչափահաս, որը շատ բան է փոխում՝ իր ծայրահեղ հուզական խոսքով, և որի ուղերձը բարդ է տեղավորել հաշվենկատ, սթափ ու «առողջ» ստանդարտներին ընտելացած հասարակության սպասելիքների մեջ:

Պատկերացնու՞մ եք, որ այդ Գրետա Տունբերգի պես մեկը Այգեձորի դպրոցից կարող է քայլ անել դեպի միջազգային հարթակներ՝ լինելով նույքան հուզական, յուրահատուկ ու ըմբոստ:

Գրետա Տունբերգի կերպարը շատ կարևոր է, քանի որ այդ աղջիկը, խոսելով ծայրահեղ էմոցիոնալ, բոլոր դեպքերում ասում է ճշմարտությունը: Կարծում եմ, հիմա մենք ավելի շատ էմոցիայի կարիք ունենք: Եվ այդ հուզված աղջկա ելույթը շատ մեծ հետք թողեց:

Իմ նպատակն էլ հենց այն է, որ գյուղի երեխաները հնարավորություն ունենան ավելի մեծ աշխարհ դուրս գալու՝ անկախ իրենց գտվելու վայրից: Այգեձորը Հայաստանի ամենակտրված գյուղերից մեկն է՝ հեռավորության տեսակետից:

Իհարկե, ունենք օրինակներ, երբ երեխաները դպրոցից հետո գնում են սովորելու, շրջագայելու թե՛ մայրաքաղաք, թե՛ արտասահման, բայց միևնույն է ուզում եմ, որ որակյալ կրթության ձգտողներն ավելի շատ լինեն, իսկ նման քայլ անողները չհամարվեն գյուղի մասշտաբով սենսացիա:

Երեխաների համար շատ կարևոր են օրինակելի վարքագծերը: Նրանք պիտի տեսնեն, ոգեշնչվեն ու հավատան, որ իրենք էլ մի օր կարող են մեծ քայլեր անել ու ավելի հետաքրքիր կյանքով ապրել:

Կարող եմ ասել, որ հիմնականում ակտիվ են աղջիկները, կուզեի, որ տղաներն էլ լինեին ավելի նախաձեռնող: Ինձ համար, այս իրավիճակը, ցավոք, անհասկանալի է:

Իսկ ինչու՞ են քիչ տղամարդ ուսուցիչները, գրեթե թանգարանային նմուշ են: 

Պատճառը պարզ է: Տղամարդ ուսուցիչների պակասը ավելի շատ բացատրվում է սոցիալական խնդիրներով, ոչ թե գենդերային օրինաչափությամբ: Ուսուցչի աշխատավարձը շատ ցածր է՝ ընտանիք պահելու համար: Բայց չէի ցանկանա դրա վրա կենտրոնանալ:

Ի վերջո, գիտությամբ զբաղվողները ավելի շատ տղամարդիկ են, բայց նախակրթական մակարդակում դա չի երևում:

Համաձայն եմ, բայց կա նաև այլ հարց՝ ուսուցչական կոլեկտիվները հիմնականում կանացի են, ինչը ազդում է նաև երեխաների վրա, որոնք դպրոցում շփվում են հիմնականում միայն կանանց հետ:

Ինչպե՞ս կարելի է հավասարակշռել դպրոցը, որ երեխաները լինեն ազատ ներքուստ, բայց ընդունեն, որ կան կանոններ:

Երևի իրենք պետք է հասկանան, որ դպրոցը իրենցն է, իրենց սեփականությունը և սեփականության զգացումից ելնելով էլ դառնան ավելի հոգատար:

Այդ հոգատարության զգացումին նպաստում է նաև ուսուցիչների մտածելակերպը, պահվածքը, պահանջները: Նաև ավանդապես առաջացող ուսուցիչ-աշակերտ կոնֆլիկտը, որն, իմ կարծիքով, ուսուցչի շնորհիվ կարելի է հասցնել նվազագույնի:

Այգեձորի դպրոցում անցնում են նաև մեդիագրագիտություն: Որքանո՞վ են այդ դասերը նպաստում ազատ մտածելակերպի ձևավորմանը: 

Իրազեկված լինելով ես դառնում ազատ ու նաև պաշտպանված:

Մեդիագրագիտության դասերը կազմակերպում ենք խմբակների տեսքով, շաբաթը մեկ անգամ՝ զրույցների ձևաչափով: Նպատակն այն է, որ երեխաները հասկանան, թե ինչ է մեդիան և ինչպես այն կարելի է օգտագործել կյանքում:

Նաև ապագա կյանքում, երբ դառնան չափահաս ու փորձեն կողմնորոշվել այս տեղեկատվական թոհուբոհի մեջ:

Ֆորմալ կրթության տեսակետից՝ նման հմտությունը պարտադիր չէ:

Երևի դա պիտի նախաձեռնի ուսուցչը, ըստ իր դասավանդած առարկայի՝ ընթացքում բացատրելով նաև կյանքի նրբությունները:

Ստուգենք ամեն ինչ՝ անգամ պատմությունը, քիմիան և բոլոր մնացած առարկաները, որոնց հիմքը կարելի է համարել այս բանաձևը՝ կասկածիր, ստուգիր, համոզվիր: Այսինքն, փորձ արա ու ուսումնասիրիր:

Քիմիայում ստուգումը (կարող ենք ասել՝ փաստերի ստուգումը) կատարվում է միայն փորձերով: 

Իհարկե, լավ կլինի, որ բոլոր առարկաների մեջ լինի քննադատական մտածողության պահանջ: Որ երեխաներն էլ չվախենան կասկածել ու ստուգել: Նույնիսկ քիմիան, որը կարծես հազար անգամ ստուգված բանաձևեր ունի: 

Այդ դեպքում ուսուցիչն էլ ավելի կզգաստանա ու ինքն իր վրա կաշխատի՝ բարձրացնելով պատրաստվածությունը: Եվ ամենակարևորը, չի լճանա:

Քննադատական տարրը պակասում է ուսուցչի աշխատանքում:

Ինձ թվում է, որ հիմա ուսուցիչը ոչ թե գիտելիք փոխանցող է (քանի որ այս դարաշրջանում ցանկացած տեղեկություն կամ փաստ երեխան կարող է արագ գտնել ինտերնետում), այլ ոգեշնչողի, տրամաբանական մղողի դեր կատարող է, թև տվողի:

Երեխան պետք է կարողանա ձևակերպել, շարադրել իր մտքերը:

Ինձ թվում է շատ լավ մասնագիտություն է լրագրությունը, որը կարող է օգնել երեխաներին հասկանալ իրենց շրջապատը: 

Եթե խորը նայենք, շարադրությունը լրագրության հիմքն է: Միևնույն է շատերը սոցցանցերում անընդհատ ինչ-որ բաներ են գրում, և լրացուցիչ գիտելիքները, թե ինչպես գրել ու ինչպես տեսանյութ պատրաստել, կարող են շատ օգնել նրանց: Անգամ եթե հետո նրանք չդառնան լրագրող:

Եթե կարճ ասենք, ո՞րն է ամենամեծ խնդիրը այսօրվա դպրոցում։

Բացի հիմնական կրթական ծրագրերից, որոնք վերանայման կարիք ունեն, երևի լուրջ խնդիր է տարբեր կրթական նախաձեռնությունների պակասը:

Հիմա կարծես կրթությունը լճացած է (դաս, տնային հանձնարարություն, նորից դաս, նորից տնային ու վերջ): Ոչ ֆորմալ քայլերը կարող են ուսուցումը ավելի հետաքրքիր դարձնել:

Մանավանդ, հաշվի առնելով մեր դպրոցի հեռավորությունը: Դժվար է հաճախել թատրոններ, համերգներ կամ մասնակից դառնալ բազմակողմանի մշակութային կյանքին: Մեզ շատ է պակասում շփումը, ու բարդ է հաղթահարել կտրվածությունը:

Հարցազրույցը Նունե Հախվերդյանի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *