Նեղանալ չկա. Առավոտյան եթեր – «Անհամ զրույց»

17.12.2014, Քննադատ

Գրող, կինոդրամատուրգ:

Չեմ շտապի ընդհանրացնել, խոսքս չի վերաբերում բոլոր առավոտյան հաղորդումներին, այլ միայն նրանց, որոնք աչքովս ընկել են տարբեր ալիքներով։ Սրանցից ընտրածն էլ հավանաբար վատագույնը չէ, պարզապես վերջինն է, որ տեսել եմ։ «h2», «Բարի լույս, Հայաստան», հեռարձակվել է 11.12.14, ժամը 10։05 – 12:00։

Նույն հեռուստաընկերությունը եթեր է հեռարձակում նաեւ «Համով զրույց» ծրագիրը, որի վերնագրի ուղերձը եւս դեր խաղաց հաղորդաշարն ընտրելիս։

Հաղորդման ընթացքն էսպիսին էր. վարողները 5 րոպե խոսեցին դեսից-դենից, մինչեւ կարճ գովազդ մտավ, որից հետո եւս 3 րոպե խոսեցին։ Հաղորդման նախաբանը եզրափակեց... բազմափորձ հեռուստադիտողները կռահեցին՝ երաժշտական տեսահոլովակը՝ կլիպը։

Կլիպից հետո վարողները հեռուստադիտողին նախապատրաստեցին եւ ցույց տվեցին առաջին տեսանյութը սրճեփ-զարթուցիչի մասին, ապա հաղորդումն ընդմիջվեց երեւի թե մշտական խորագրով՝ սենյակային բույսերի խնամքի մասին։

Գովազդից ու հեռուստաալիքի մի շարք ծրագրերի ծանուցումից հետո, որ տեւեց 11 րոպե, տաղավարում հայտնվեցին առաջին հյուրերը՝ Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը եւ նրա տեղակալ Արթուր Հովհաննիսյանը։ Զրույցը տեւեց կես ժամ։ 5 րոպեանոց գովազդային ընդմիջումից հետո տաղավարում հյուրընկալվեցին «Նոր տանը մենակ» գեղարվեստական ֆիլմի ստեղծագործական խմբի 3 անդամները, որոնք ներկայացրին կինոնկարը՝ մոտալուտ պրեմիերայից առաջ. կես ժամ էլ երկրորդ զրույցի տեւողությունն էր։

Տաղավարում էին արտաքնապես եթերային չափանիշներին միանգամայն համապատասխանող հաղորդավարներ (նույնպես կարեւոր է) Վիկտորյա Հարությունյանը եւ Ռաֆայել Ղազանչյանը, ովքեր նյութի մատուցման տնավարիությամբ սկսեցին զարմացնել հաղորդման դեռ «տաղավարում մենակ» բաժնում։

Խոսելով գրողների եւ... ռեժիսորների գիտական կանխատեսումների ունակության մասին՝ Վիկտորյա Հարությունյանն ասաց.

«Օրինակ՝ Ժյուլ Վեռնը, երբ դեռ անգամ միտք չկար, որ պետք է գոյություն ունենան օդապարիկներ, իր ստեղծագործություններում պատմում էր թռչող գնդակների մասին»։

Պե՞տք է, թե՞ ավելորդ է նշել, որ էջեր կարելի է լցնել Ժյուլ Վեռնի գիտական կանխագուշակումների թվարկմամբ, որոնց թվում, սակայն, «թռչող գնդակները» նույնիսկ վերջին տեղում չեն լինի. Մոնգոլֆիե եղբայրներն օդապարիկն առաջին անգամ փորձարկել են Ժյուլ Վեռնից մեկ դար առաջ՝ Լյուդովիկոս XVI-ի ներկայությամբ։ Ինչ վերաբերում է ռեժիսորների պայծառատեսությանը, էդ մասին ինձ ոչինչ հայտնի չէ, բայց չեմ փորձի անվերապահորեն ժխտել, քանի որ Վիկտորյան մասնագիտությամբ դերասանուհի է եւ ինձանից լավ է ծանոթ ոլորտին։

Հաղորդման «տաղավարում մենակ» հատվածում էր նաեւ, որ հաղորդավարուհին դեսից-դենից իրենց քաղցր զրույցն ընդհատեց, որպեսզի անցում կատարի փրկարար տեսահոլովակին։ Նա հարցրեց հաղորդավարին՝ սիրու՞մ է տվյալ կատարողներին, թե՞ ոչ։ Պարզվեց… Ոչինչ էլ չպարզվեց, որովհետեւ Վիկտորյան ասաց, որ դա կարեւոր չէ (հումոր)։

Բուն «անհամ զրույցներից» առաջինի ընթացքում հաղորդավարուհին միայն եթերում իմացավ (միգուցե հաղորդավարն էլ՝ նա կարծես թե կարողացավ քողարկել), որ «h2»-ը եւ Կոմպոզիտորների միությունը միասին ծրագիր են սկսում, որի բերումով էլ հյուրերը «Բարի լույս, Հայաստան»-ի տաղավարում են։

Առանց որեւէ տեսանյութի ընթացած կեսժամանոց հարցազրույցը վերջացավ երկուստեք հայտնված համոզմունքով, որ խոսակցությունը հետաքրքիր է անցել։

Երկրորդ զրույցը նույնիսկ տեսանյութ ուներ՝ 10-րդ րոպեի մոտերքը հեռուստադիտողին ցույց տվեցին «Նոր տանը մենակ» ֆիլմի «թրեյլերը»։ Դրանից հետո Վիկտորյան հիշեց, որ ինքը դերասանուհի է ու փորձեց մասնագիտական հարցեր տալ։ Դիցուք՝ խի՞ստ է, թե՞ ոչ «Նոր տանը մենակ» ֆիլմի ռեժիսորը։ Ռեժիսորը պատասխանեց, որ դա պարտադիր չէ։ Եվս մեկ հարց. «Արտակ, սա քո առաջին ֆի՞լմն է»։ Պարզվում է, որ՝ ոչ։ Իսկ առաջին կոմեդիա՞ն է, թե՞ առաջինը «Չեզոք գոտին» էր։ «Դա («Չեզոք գոտին») կոմեդիայի հետ կապ չունի»։ Երեւի ընդհանրապես քո առաջին ֆի՞լմն էր։ «Առաջինն էլ չէր»։

Հաղորդավարը, որ երկրորդ «անհամ զրույցի» ամբողջ ընթացքում կարոտով հիշում էր իր հանդիպումները հաղորդման մասնակիցներից մեկի հետ եւ իրենց ընդհանուր ծանոթի սիրահարությունը քննարկում, ինչ-որ պահի նույնպես կտրվեց անցյալից։ Նա հետաքրքրվեց. «Ռեժիսորը սկզբից հոգեպե՞ս է պատրաստվում» ֆիլմին։ Մինչ նա եւ ռեժիսորը հարցը «տեղն էին գցում», հաղորդավարուհին անհանգիստ էր, որ իր հարցերից մեկն անպատասխան է մնացել։

«Վերջում կրկնեմ հարցս. ի՞նչ էմոցիոնալ բեռնվածությամբ է հանդիսատեսը դուրս գալիս կինոթատրոնից»։

Էստեղ տաղավարում հավաքվածները միահամուռ հիշեցին, որ հանդիսատեսը դեռ չի հասցրել կինոթատրոն մտնել, բայց ռեժիսորին համոզեցին, եւ նա պատկերացրեց, թե ինչպիսին կլինի հանդիսատեսը էմոցիոնալ բեռնվածությունը…

Ողջունելով դեկտեմբերի 11-ի իր հեռուստադիտողներին՝ Ռաֆայել Ղազանչյանը հայտնեց, որ ինքը հաղորդման ընթացքում լիցքավորվում է հեռուստադիտողներից։ Այսինքն` նա վստահ է, որ հաղորդումն, այնուամենայնիվ, նայում են։ Ուրեմն, ինչու՞ ջանքեր չգործադրել, որ լիցքավորումը լինի փոխադարձ, ինչու՞ նախապես չպատրաստվել եթերին, որը լրագրության, որպես առանձին լուրջ մասնագիտության, նվազագույն պահանջներից մեկն է։

Վահրամ Մարտիրոսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?