Գյումրի. QR Code-ը օգնում է օրաթերթի ընթերցողին տեսանյութ դիտել

21.11.2011, Նյուսրում

«Գյումրի Ասպարեզ» օրաթերթը Հայաստանի տպագիր մամուլի պատմության մեջ առաջին անգամ QR Code է օգտագործում: Թերթի նոյեմբերի 17-ի համարում տպագրված հոդվածի ներքեւում զետեղված կոդը հնարավորություն է տալիս դիտել համապատասխան թեմայով տեսանյութը:

QR Code տեխնոլոգիա է, որը կիրառելի է սմարթֆոնների համար: Դրա միջոցով կարելի է փոխանցել տեքստ, հղում, նկար, Youtube-ում տեղադրված տեսանյութ...
«Որոշել ենք բացառիկ վիդիոնյութերը, ֆոտոները դնել ինտերնետ: Դրանք դիտելու համար թերթի ընթերցողները կօգտվեն QR Code-ից: Այս տեխնոլոգիայի օգնությամբ մենք ապահովում ենք ինտերնետ-թերթ հետադարձ կապը»,- ասում է «Գյումրի Ասպարեզ»-ի տպագրիչ Հայկ Բարսեղյանը:

«Գյումրի Ասպարեզ»-ը տպագրվում է Գյումրիում: Պարզ չէ, թե այդ քաղաքում քանի մարդ սմարթֆոն ունի: Թերթի գլխավոր խմբագիր Լեւոն Բարսեղյանը կարծում է, որ հատկապես երիտասարդները նախընտրում են այդ տիպի հեռախոսները: QR Code-ը նաեւ թերթով երիտասարդներին հետաքրքրելու հնարավորություն է: 
«Առաջին արձագանքները դրական են: Չգիտեմ ինչքան կշարունակվի, բայց զարգացման տեղ ունի»,- ասում է Լեւոն Բարսեղյանը:

«Գյումրի Ասպարեզ»-ը հրատարակվում է 2011թ.-ի հոկտեմբերից: Թերթի հիմնադիրը Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբն է: Ակումբը 24 միլիոն դրամ է ներդրել սեփական տպագրական մեքենան գնելու համար: Դրա շնորհիվ թերթը տպագրվում է Գյումրիում`ժամանակ եւ լրացուցիչ ծախսեր չի պահանջվում  թերթը Երեւանում տպագրելու համար:

127Թերթի կայացմանը օգնել է Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը, որի տրամադրած 22,5 միլիոն դրամ կազմող դրամաշնորհն օգտագործվում է «Գյումրի Ասպարեզ»-ի տեխնիկական միջոցների զարգացման, լրագրողների դասընթացների համար:

«Օրաթերթը եղել է մեր ակումբի հիմնադիր նպատակներից մեկը եւ ես համարել եմ, որ դրա կարիքը կա մարզում: Ես ոչ թե լավատես եմ, այլ իրատես եմ, որ մեր թերթը դառնալու է քաղաքի հասարակական, քաղաքական, մշակութային, սոցիալական կյանքի զարկերակը»,- ասում է Լեւոն Բարսեղյանը:
«Առաջին հինգ համարները թերթի մինուս համարներ էին, իսկ հոկտեմբերի 12-ից սկսել ենք հիմնական համարների լույս ընծայումը»,- տեղեկացնում է «Գյումրի Ասպարեզ»-ի պատասխանատու, խմբագիր Համլետ Կիրակոսյանը:

Թերթը ունի 8 էջ, տպագրվում է 500 օրինակով: Թերթի ծավալի կեսը նվիրված է  Գյումրի քաղաքին եւ Շիրակի մարզին, մյուս կեսը ներկայացնում է ընդհանուր Հայաստանի եւ աշխարհի անցուդարձը: Թերթի վերջին էջերը տրամադրված են խաչբառերին, ինտելեկտուալ խաղերին, օրվա հորոսկոպին, հեռուստատեսային ծրագրերին եւ գովազդին: Անվճար տեղադրում են ցուցադրվող ֆիլմերի ցանկը:

125Հետագայում կտեղադրեն դրամատիկական թատրոնի եւ տիկնիկային թատրոնի խաղացանկերը: Առայժմ թերթի մակերեսի միայն 10-12 տոկոսն է զբաղեցնում գովազդը:

«Փորձում ենք նաեւ ինտերնետը բերել թերթ, օրինակ, ֆեյսբուքյան հետաքրքիր քննարկումները,- ասում է Համլետ Կիրակոսյանը,- երիտասարդությանը, որ բացարձակ կապ չունի տպագիր մամուլի հետ, ջանում ենք կապել թերթին: Փորձում ենք իրականցնել սոցիալական պատվեր՝ տպագրել այն, ինչ  հետաքրքրում է գյումրեցիներին»:

Երանուհի Սողոյան, Գյումրի

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?