Համագործակցության և դրամաշնորհների մրցույթ լրատվամիջոցների համար

11.01.2019, Հայտարարություն

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը ամերիկյան «Ինտերնյուս» կազմակերպության հետ սկսում է «Լրատվամիջոցների հզորացում Եվրոպայում և Եվրասիայում» ծրագիրը:
Շարունակելով զարգացնել նոր սերնդի մեդիա գործիքների կիրառումը լրագրության ոլորտում, արձագանքելով նորարարական գաղափարներին և աջակցելով հայաստանյան լրատվամիջոցներին՝ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը հրավիրում է համագործակցության:

Նպատակներ, գործընկերներ, անելիքներ

Ծրագրի նպատակներն են.

  • անդրադառնալ հասարակական կարևոր խնդիրներին՝ օգտագործելով ժամանակակից լրագրության հնարավորությունները, թվային պատմությունները,
  • ստեղծել մուլտիմեդիա պատմություններ նորարարական ձևաչափերի միջոցով,
  • հետևել մասնագիտական էթիկայի և լրատվամիջոցի ազատության սկզբունքներին,
  • ընդլայնել լսարանը,
  • ընդլայնել գործընկերների շրջանակը:

Ծրագրի գործընկեր կարող են դառնալ մարզային և համապետական լրատվամիջոցներ, անկախ տեսակից (հեռուստատեսություն, ռադիո, առցանց), որոնք.

  • ունեն ակտիվ առցանց ներկայություն, գործող կայք
  • ինտերնետային ներգրավվածություն սոցցանցերում և այլ հարթակներում
  • հետաքրքրված են սոցիալ տնտեսական, քաղաքական ու մշակութային խնդիրների լուսաբանմամբ
  • պատրաստ են նորարարական և փորձարարական մոտեցումների
  • կանոնավոր գործում են մեկ տարուց ավելի

Ծրագրին մասնակցելու համար հայտարարվում է մրցույթ, որի արդյունքում ընտրված լրատվամիջոցներին կտրամադրվեն փոքր դրամաշնորհներ՝ նախանշված նպատակներին հասնելու համար։

Ծրագրի մասնակիցներից  ակնկալվում է.

  • նոր առցանց գործիքներով և ֆորմատներով ստեղծել լրագրողական պատմություններ, հետաքննություններ, ակնարկներ կամ այլ մուլտիմեդիա բովանդակություն, որը կտարածվի «Հայաստան+» աշխատանքային խորագրով
  • կանոնավոր աշխատել ծրագրի խմբագիրների/պրոդյուսերների հետ տեխնիկական և ստեղծագործական խորհրդատվություն ստանալու և կիրառելու նպատակով
  • մասնակցել ծրագրի մաս կազմող դասընթացներին, անհատական խորհրդատվություններին

Մրցույթի արդյունքում կընտրվեն.

  • առնվազն 4 համապետական գործընկեր
  • առնվազն 5 մարզային գործընկեր

Համապետական գործընկերը մեկ դրամաշնորհի շրջանակում ստեղծում է 2 թեմատիկ մուլտիմեդիա փաթեթ, որոնցից յուրաքանչյուրը ներառում է մինչև 3 պատմություն։

Մարզային գործընկերը մեկ դրամաշնորհի շրջանակում արտադրում է 4 թեմատիկ մուլտիմեդիա փաթեթ, որոնցից յուրաքանչյուրը ներառում է մինչև 3 պատմություն։ Մարզային գործընկերները կաշխատեն երկու ուղղությամբ.

  • կարտադրեն պատմություններ՝ համագործակցելով համապետական գործընկերների հետ, օգտագործելով համապետական լրատվամիջոցների թեմաները, վերափոխելով դրանք համայնքի և հանրության շահերին համապատասխան,
  • կգտնեն ու կպատրաստեն նոր, սեփական թեմատիկ պատմություններ:

Պարզաբանումներ

Մեկ դրամաշնորհի չափը մինչև 2 միլիոն ՀՀ դրամ է։ Յուրաքանչյուր գործընկեր կարող է ստանալ մինչև 2 դրամաշնորհ 15 ամսվա ընթացքում։ Ծրագրի իրականացման ժամկետներն են՝ 2019թ. հունվար – 2020թ. հուլիս:

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը գործընկերներին տրամադրում է խմբագրական,  տեխնիկական ու ստեղծագործական  աջակցություն,  կազմակերպում է դասընթաց, խորհրդատվություն և խորհրդատվական այցեր (այդ թվում արտասահմանյան մասնագետների մասնակցությամբ) հետևյալ թեմաներով․  

Մուլտիմեդիա գործիքներ և թվային պատմություն  – ինչպես իրականացնել մրցույթում հաղթած հայտի նպատակները, ինչ ստեղծագործական և տեխնիկական մոտեցումներ օգտագործել մուլտիմեդիա արտադրանքի համար, ինչ նոր գործիքներ ու բաղադրիչներ ներառել աշխատանքում:

Բիզնես դասընթաց և խորհրդատվություն – Ինչպես ընդլայնել լսարանը, ինչպես և որ հարթակներում տարածել արտադրանքը, ինչպես գովազդ վաճառել առցանց տիրույթում:

Հրապարակումների նախնական թեմաներն են Հայաստանի սոցիալ - տնտեսական, քաղաքական, մշակութային, մարդու իրավունքների ու բնապահպանական խնդիրները, տարածաշրջանային հարցերը:

Գործընկերներն ազատ են ներկայացնել և հիմնավորել այլ թեմաներ:  

Չափանիշներ, արդյունքներ

Մրցույթի արդյունքներն ամփոփելու համար կձևավորվի ոլորտի  մասնագետներից բաղկացած հանձնաժողով։ Մասնակցության հայտերը կգնահատվեն ըստ ծրագրի նկարագրության, տեխնիկական և ստեղծագործական չափանիշների և առաջարկվող բյուջեի։ Հաշվի կառնվեն․

  • Հայտ ներկայացրած կազմակերպության ստեղծագործական մոտեցումը, աշխատակիցների մասնագիտական որակները և դրանց համապատասխան՝ ծրագրի նպատակներն իրագործելու ներուժը:
  • Նախկինում համանման հրապարակումների փորձը, որակն ու թեմաների բազմազանությունը:
  • Ներկայացված առաջարկի թեմաները, իրագործման քայլերը, պատմությունների գաղափարները, հստակ ու հասկանալի բացատրությունը, ինչպես նաև օգտագործվող բաղադրիչները:
  • Առաջարկվող ֆինանսական միջոցների և ժամկետների համապատասխանությունը ծրագրի բյուջեին և գործունեությանը:

Մրցույթի վերջնաժամկետը երկարացվել է մինչև 2019թ. փետրվարի 4-ը ներառյալ: Հայտերն ընդունվում են առցանց հետևյալ հղումով՝ դիմում-հայտ:

Հարցերի համար կարող եք դիմել Մեդիա նախաձեռնությունների կենտրոն, Արմեն Սարգսյանին՝ հեռ. 010583620, էլ փոստ. [email protected]:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?