Ձեռագիր թերթեր՝ որբերի պատմություններով

29.05.2017, Քննադատ

Աշխատել է Հանրային ռադիոյի «Երևան» ծրագրում, «Առավոտ» օրաթերթում, թղթակցել «Ազատություն» ռադիոկայանին: 2006-ից 2015 թթ․աշխատել է «168 Ժամ» թերթում։ Վարում է «Վէմ» ռադիոկայանի «Հայելի» հեղինակային հաղորդաշարը: «Հայկական ժամանակ» օրաթերթի հեղինակներից է։

19-րդ դարի վերջին, 20-րդի սկզբին տպագիր մամուլին զուգահեռ լույս էին տեսնում նաև հայատառ ձեռագիր թերթեր:  

Ինչու՞ էին այդ թերթերը ձեռագիր, երբ վաղուց արդեն գործում էին տպարանները: Ովքե՞ր էին այն մարդիկ, որոնք պատրաստ էին այդ չափազանց աշխատատար, փոքր «տպաքանակով» և սահմանափակ թվով ընթերցողների համար գրել և արտագրել թերթի օրինակները:

Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի (ԳԱԹ) ֆոնդերում պահպանվել են ձեռագիր որոշ թերթերի օրինակները: Մասնավորապես՝ Մոսկվայի Լազարյան ճեմարանի հայ աշակերտների ջանքերով լույս տեսնող «Գործ» ձեռագիր թերթից պահպանվել է 16 համար:

Այն լույս է տեսել միայն երկու տարի՝ 1887-1888թթ., նախ՝ իբրև շաբաթաթերթ, հետո արդեն՝ իբրև ամսաթերթ:

«Գործ» թերթի խմբագրի ու համարի պատասխանատուի ստորագրությունները

Թե ինչ նպատակ ուներ 5-րդ դասարանի աշակերտների կողմից հրատարակվող այս ձեռագիր թերթը, կարդում ենք 1887 թ. «Գործ»-ի 8-րդ համարում. «Ինչպես հայտնի է ընթերցողիս, մենք՝ ռուսահայերս, ունենք երկու հրատարակուող ամենօրեայ թերթեր՝ «Մշակ»-ը և «Նոր դար»-ը, «Արձագանք» շաբաթաթերթը և «Աղբյուր ամսագիրը»: Մեր ընթերցողները գուցե փոքրիշատե ծանոթ են այս բոլոր թերթերի հետ, այս պատճառով ավելորդ ենք համարում այստեղ երկար ու բարակ խոսելու նոցա մասին և քննել նոցա լաւ և վատ կողմերը: Կարդալով մենք տեսակ-տեսակ գրքեր, իհարկե, մենք օգուտ ենք ստանում ամեն կողմից, բայց բավականանալ միայն հրատարակուած գրքերի ընթերցանությամբ, այդպես շատ փոքր է: Մեր խոսքը այս անգամ բնաւ փոքրներին չի վերաբերում, բայց միայն մեծ աշակերտներին, որովհետև փոքրերին ոչ այնքան հետաքրքիր է և ոչ այնքան էլ նոքա պատրաստուած են լրագիր կարդալու համար: Սակայն մեր աշակերտներին լրագիր կարդալն անհրաժեշտ է եթե ոչ մշտապես, գոնե երբեմն-երբեմն: (…) Փոխանակ տարեկան 120 և մինչև անգամ 150 ռուբլի իզուր ծախսելու ստամոքսի, հագուստի և ավելորդ մօտա (մոդա-Լ.Ա.) ընկած բաների վրայ, պետք է 3 կամ 5 ռուբլի յատկացնել լրագրի համար, որ լաւ և օգտակար կլինի»:

«Գործ»-ը երկթերթանի էր: Յուրաքանչյուր հոդվածի հեղինակն ինքն էր իր ձեռագրով գրում իր հոդվածը: Ընդ որում, թերթում պահպանված էին էջադրական կանոններով. նույն էջում հոդվածները սյունակներով էին, ոչ «լավաշ»:

Դատելով թերթի բովանդակությունից՝ այն կարելի է հասարակական-քաղաքական, մասամբ՝ գրական համարել: Ի դեպ, թերթին թղթակցել է նաև ռուս գրականագետ, հայագետ Յուրի Վեսելովսկին. իր ձեռագրով գրել է իր բանաստեղծությունները:

«Գործ» թերթում Յուրի Վեսելովսկու բանաստեղծությունը՝ հեղինակի ձեռագրով, լուսանկարը՝ ԳԱԹ արխիվիցԱհա մի հատված՝ 1887 թ 1-ին համարից. «Շատ անգամ ենք տաք վիճել, խոսել մեր ճնշված հայրենյաց ընդհանուր ապստամբության ու ազատության մասին, սակայն չենք մտածել, որ հայն իրեն չի ճանաչում, բայց առանց ինքնաճանաչության ոչ մի գործ չի կատարվում, մանավանդ այնպիսի սուրբ, ծանրակշիռ գործ, ինչպիսին է ընդհանուր ազգային ապստամբությունը: «Այո, չկա ապստամբությունից մի ուրիշ լավ միջոց կատարյալ ազատություն վայելելու համար…Մենք՝ քաջ ու սուրբ նախնյաց արժանի որդիքը, չկարողացանք պահել մեզ ժառանգություն թողած անկախությունը, ազատությունը, և այժմ անարգ ստրուկ ենք, օտարի ծառա, ինչու՞ համար…»: Սա ճեմարանի աշակերտների արձագանքն էր Ռուսաստանում հայոց պատմության դասավանդումն արգելելուն, հայկական որոշ դպրոցներ փակելուն:

Որբանոցի երեխաները, որոնք մտերմացել էին Վահան Տերյանի հետ, լուսանկարը տրամադրել է Գ. Էմին-Տերյանը

Ձեռագիր պարբերականները հատկապես մեծ տարածում գտան Ցեղասպանությունից հետո, որբանոցներում և հայկական դպրոցներում:
Այդ ծանր շրջանում շատ որբեր իրենց ծնողների ջերմությունը գտան բանաստեղծ Վահան Տերյանի հետ մտերմությամբ: Ձեռքի տակ չունենալով բանաստեղծի տպագիր երկերը՝ չափահաս, գրագետ որբերը, արտագրելով դրանք ձեռագիր հանդեսներում, տարածում էին: Թիֆլիսում, Բաքվում, Գյումրիում, այլ վայրերում, որտեղ որբանոցներ կային, գրագետ աշակերտների ջանքերով ձեռագիր հանդեսներ էին հրատարակվում, թատերական խմբակներ բացվում: Բաքվի Մարդասիրական ընկերությունը, Թիֆլիսի Բարեգործական միությունը, Մոսկվայի հայկական կոմիտեն, բարեգործական այլ կազմակերպություններ ձեռագիր հանդեսների միջոցով փորձում էին զարգացնել որբերի մտավոր կարողությունները, բացահայտել գրելու ձիրք ունեցողներին: Գյումրիում գտնվող որբանոցներում ստեղծվեցին «Փարոս», «Ծիածան», «Արագած», «Բողբոջ», «Այգ», «Ծիլ» գրական-գեղարվեստական հանդեսները:

ԳԱԹ-ում պահպանվում է նաև «Այգ» «գրական-բարոյական երկշաբաթաթերթի» հավաքածուն: Ի տարբերություն «Գործ»-ի, որը գրված էր շտապ, ոչ այնքան կանոնավոր ձեռագրով, «Այգ»-ում պահպանված էին վայելչագրության բոլոր կանոնները:

«Այգ» թերթի շապիկը, լուսանկարը՝ ԳԱԹ արխիվից

1922 թ.- մարտի 15-ի համարում, որը կազմել են Այնթապի որբանոցի 5-րդ դասարանի աշակերտները, նախապատմությունն է՝ ինչպես է հասունացել ձեռագիր այդ թերթը կազմելու գաղափարը. «Բաւական ատեն կայ որ կարգովին ծրագրած էինք Որբանոցի մէջ պզտիկ հանդէսի մը հրատարակութիւնը-պարագաներու անյարմարութիւնը և մեր վրայ ծանրացող դասերու տաժանքը մեզ ստիպած էին, որ ժամանակ մը հրաժարաինք մեր այդ նպատակէն: Սակայն գաղափարը յղացուած ըլլալով՝ ուշ-կանուխ վերջապես օր մը պիտի իրագործեինք զայն:
Անցեալ շաբաթ, Գիշերային հաւաքոյթի մը մէջ, որոշեցինք աւելի երկար չսպասել և հրատակել «Այգ»անուամբ երկշաբաթաթերթ մը: Այգ-ին նպատականը պարզ է և որոշ. մեր՝ որբերուն բարոյական և իմացական զարգացումը»:

Ձեռագիր թերթերից մեկ ուրիշը՝ «Փարոս»-ը, կազմված դարձյալ Ցեղասպանությունից փրկված որբերի կողմից, արժանացել էր «Մշակ» թերթի ուշադրությանը. «Մենք հարկավ չենք խոսում նրա («Փարոսի»-Լ.Ա.) գրական արժանիքների մասին: Մենք գրիչ վերցրինք՝ շեշտելու՝ որբերի հոգեկան վիճակն աննախանձելի է: Նրանց մանկական թոթովանք օրգանը շատ բան է պատմում մեզ: Այսպես ասած՝ խմբագրական հոդվածում ճիգ ու հրավեր կա, թե բավ է որբը վշտի ու ցավի երգեր գրե: Պետք է ուրախություն ու սեր երգեն մատաղ սրտերը: Բայց երբ թերթում ես մյուս երեսները, տեսնում ես, թե ինչպես հետևյալ էջերը մեկը մյուսից մռայլ տրամադրությամբ են համակված: (…) Որբ աշակերտների ամսաթերթը մեծ արժանիք ունի՝ որպես հարազատ դոկումենտ, որն այնպիսի աղբյուրից է բխում, որի մեջ ոչ մի եղեռնագործ իրավունք չի համարի կեղծիքի նշույլ անգամ որոնելու»(1919 թ., N 4):

Ձեռագիր թերթերը, փաստորեն, փաստաթղթեր են՝ գրված Ցեղասպանությունը տեսած, ծնողներին կորցրած երեխաների ձեռքով: Ի դեպ, հենց թերթերում իրենց գրական առաջին քայլերն են արել Հովհաննես Շիրազը, Խաչիկ Դաշտենցը և այլ գրողներ:

Լիլիթ Ավագյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?