2019.03.12,

Քննադատ

«Գոմորրա»․ Նեապոլի հպարտ քաղաքացու հետաքննությունը

author_posts/karen-avetisyan
Կարեն Ավետիսյան

Lրագրող, կինոքննադատ

Վերջերս սոցցանցերում և մամուլում լայն քննարկումների առիթ դարձան մի քանի լրագրողական հետաքննության հրապարակումներ։

Հետո քննարկվեց օրենքով գողերի վերաբերյալ Արդարադատության նախարարության նախագիծը, որով պատիժներ են սահմանվում քրեական միջավայր ստեղծողների, այդ միջավայրին բնորոշ կանոններ սահմանողների ու այդ կանոններին հետևողների համար։

Մինչ այդ իտալական հատուկ ծառայությունները տարածեցին հաղորդագրություն առ այն, որ նեապոլիտանական մաֆիայի 50-ից ավելի ներկայացուցիչներ, իսկ հետո նաև՝ որոշ պարագլուխներ, ձերբակալված են։

Վերջերս ավարտված 69-րդ Բեռլինի կինոփառատոնում «Նեապոլի պիրանյաները» ֆիլմի սցենարիստը արժանացավ «Ոսկե արջ» հեղինակավոր մրցանակի։

Իրականում, այս լուրերը գրեթե ոչնչով ուղղակիորեն փոխկապակցված չեն, սակայն կա մեկ մարդ, որը արնանման թելով և թրանման գրչով շաղկապում է այս տարապատկեր խճանկարը։

Նրա անունն է Ռոբերտո Սավիանո՝ լրագրող, գրող, զինվոր կամ պարզապես՝ հպարտ քաղաքացի։

Նեապոլիտանական սովորական արյունոտ մի օր Ռոբերտոյի հայրը փրկում է իտալական մաֆիայի կողմից մահամերձ ծեծված մի պատանու, ինչի համար նույն մաֆիայի կողմից արժանանում է նույնատիպ մահամերձ ծեծի։

Այս դրվագը շատ խորը հետք է թողնում Ռոբերտոյի գիտակցության մեջ և նա որոշում է խախտել Իտալիայում սրբացված ավանդույթը ու վենդետայի զոհ դառնալու փոխարեն ինքնուրույն վենդետա հայտարարել մաֆիային։

Հոր մասնակցությամբ այդ խիստ անձնական միջադեպից բացի, Սավիանոն չուներ օբյեկտիվ դրդապատճառների պակաս․ 21-րդ դարի սկզբին նեապոլիտանական մաֆիայի հաշվին կար շուրջ 4000 պաշտոնական սպանություններ, իսկ մաֆիայի օրական գումարային շրջանառությունը համեմատաբար աղքատ իտալական հարավում գերազանցում էր կես միլիոն եվրոն, սակայն ամենազայրացնող և համակերպվել արգելող պատճառները ոչ այնքան հաշվելի ու նյութական էին, որքան մշակութաբանական:

Տասնամյակներ շարունակ թե՛ գրական, թե՛ էկրանային մշակույթը պաշտամունք էր դարձրել մաֆիան, հասցրել այն ռոմանտիզացիայի և դյուցազներգության գրեթե դիցաբանական մակարդակի:

Մարիո Պյոզոն, Ֆրենսիս Ֆորդ Կոպոլան, Բրայան Դե Պալման ու Ալ Պաչինոն, Մառլոն Բրանդոն ու Դե Նիրոն ու մի քանի տասնյակ ուրիշներ ակամայից դարձրել էին մաֆիան եթե ոչ պաշտամունքի, ապա գոնե ակնածանքի ու էլեգանտության մի խարիզմատիկ մոդել։

Արդյունքում, երբեմն տեղի էին ունենում առողջ բանականության համար աներևակայելի դեպքեր, երբ, օրինակ, ոստիկանության շրջայցի ժամանակ հասարակ քաղաքացիները՝ ասես կենդանի վահաններ, խոչընդոտում էին ոստիկանների աշխատանքը, որպեսզի վերջիններս չվնասազերծեն տեղական մաֆիային՝ Կամորրային, անելով դա անվարձահատույց ու սրտաբուխ, մոտավորապես այնպես, ինչպես կպաշտպանեին կաթոլիկ տաճարը հերեթիկոսների չարադավան գրոհից։

Այս ամենի հետ լուռ համակերպվելը դարձել էր համընդհանուր կենսակերպ, միայն ո՛չ երիտասարդ լրագրող Ռոբերտո Սավիանոյի համար, որը կյանքի երրորդ տասնամյակում որոշում է իրականացնել լայնածավալ լրագրողական հետաքննություն ամբողջ քրեածին մաղձը պղտոր ջրի երես հանելու նպատակով։

Սավիանոն դառնում է մաֆիայի տարատեսակ արարողություններն անմահացնող մի լուսանկարչի ասիստենտ՝ նրա անտեղյակ օգնությամբ ներխուժելով Կամորրայի ընդերքը, որտեղից դուրս գալով լրագրողական հետաքննության լայնածավալ հոդվածը վերածվում է հաստափոր վեպի՝ դիպուկ բառախաղային «Գոմորրա» անվանմամբ։

«Գոմորրան» հրատարկվում, իսկ ավելի ճիշտ՝ «պայթում», 2006-ին, ավելի ուժեղ, քան Կամորրայի մահաբեր ականները՝ վաճառվելով ավելի քան 4 մլն օրինակով, թարգմանվելով 50-ից ավելի լեզուներով։

Վեպը կարդում էին բոլորը, այդ թվում և, բնականաբար, մաֆիան, որը գրողին իսկույն «դատապարտում» է մահվան, նշանակում գլխագին ու հայտարարում համաիտալական որս։

Սակայն պայթյունի բեկորները արդեն հասցրել էին սփռվել ամբողջ մտավորական աշխարհով և 6 Նոբելյան մրցանակակիրները՝ Դարիո Ֆոն, Միխայիլ Գորբաչովը, Դեսմոնդ Տուտուն, Ռիտա Լեվի Մոնտալչինին, Գյունտեր Գրասն ու Օրհան Փամուկը, ամենայն իտալական գրողի՝ Ումբերտո Էկոյի, գլխավորությամբ պարտադրում են Իտալիայի կառավարությանը երաշխավորել Սավիանոյի անվտանգությունը։

Իտալացի ռեժիսոր Մատտեո Գարոնեն, համարելով իրեն մաֆիայի միֆականացված կինոավանդույթների ակամա ժառանգորդ, էկրանավորում է «Գոմորրան», արժանանալով Կաննի կինոփառատոնի գրան-պրիի և թողնելով վերաիմաստավորման և ապասրբացման էթիկական հետքը քրեամեծար ու երեսպաշտ կինոյում։

Ինքնամաքրման միտումով Ֆիլմի պրոդյուսեր է դառնում այդ մեղքի կրողներից մեկը՝ հռչակավոր Մարտին Սկորսեզեն։

Բեկորները հասնում են նաև քաղաքացիական նշանակետին․ Իտալիայի պատմության մեջ առաջին անգամ տեղի է ունենում զանգվածային ցույց. շուրջ հարյուր հազարավոր քաղաքացիներ դուրս են գալիս փողոց՝ ի զորակցություն գրչով հրացանների դեմ անհավասար պայքար տանող իրենց հայրենակցի, որը ստիպված անցել էր ընդհատակ, որտեղ և գտնվում է առայսօր։

Կոմորրան դեռևս ոչնչացված չէ ու եթե անգամ դիցաբանությունը չի ստում, թե «մաֆիան անմա՛հ է», ապա ըստ Սավիանոյի՝ մենք ի վիճակի ենք նախևառաջ սպանել այն մեր գիտակցության մեջ՝ հրկիզելով մեր բանականության Գոմորը, քանի որ Կամորրային կամ Կոզա նոստրային՝ Իտալիայում, Տրիադային՝ Չինաստանում, Յակուձային՝ Ճապոնիայում (կամ, ասենք, գողականներին Հայաստանում) ապտակ է հասցնում ոչ այնքան վեպ կամ հոդված գրողը, որքան այն կարդացողը:

Այսինքն, մենք յուրաքանչյուրս:

Կարեն Ավետիսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *