Նվեր լրագրողին. հայաստանյան մեդիաները տարբեր դիրքորոշումներ ունեն

09.12.2011, Նյուսրում

Լրագրողական էթիկայի վարքականոնի համաձայն` լրագրողը պետք է խուսափի շահերի հնարավոր բախումից՝ հրաժարվելով տեղեկատվական աղբյուրների նվերներից եւ գումարից:

ԱՄՆ-ի մեդիաների էթիկայի վարքականոնները լրագրողներին պարտավորեցնում են քաղաքավարի հրաժարվել տեղեկատվության աղբյուրի նվերներից՝ բացառությամբ չնչին արժեք ունեցող նվերների, ինչպիսիք են գրքերը, սկավառակները, տեսաերիզները, մատիտները եւ այլն, եւ չընդունել դրանց արժեքից ավել արժեք ունեցող նվերներ, ինչպիսիք են օրինակ՝ մի շիշ լիքյորը կամ գինին:

Այն դեպքում, երբ նվերը չընդունելը կդիտվի որպես անշնորհքություն, ընդունել եւ նվիրել որպես բարեգործություն՝ հետագայում նվիրողին տեղեկացնելով լրատվամիջոցի քաղաքականության մասին:

Հայաստանյան մեդիաները լրագրողական էթիկայի վերաբերյալ միասնական դիրքորոշում չունեն:

«Հետք»-ի խմբագիր Էդիկ Բաղդասարյանի խոսքերով՝ իրենք հրաժարվում են որեւէ նվեր վերցնելուց կամ որեւէ կուսակցության, ընկերության կամ գերատեսչության կազմակերպած խնջույքներին մասնակցելուց:

«Դա այնքան համատարած է, որ շատերը չգիտեն էլ, որ էթիկական խախտում է: Իրենց ոչ մեկը չի ասում: Խմբագիրը պետք է այդ որոշումը կայացնի»,- ասում է «Հետքի» խմբագիրը:

«Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրատվական եւ քաղաքական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանը գտնում է, որ նվեր ընդունելը իրենց լրագրողներին չի կաշկանդում օբյեկտիվ լուսաբանելու հարցում:

«Եթե նյութի մեջ տեսնեմ, որ այդ նվերը ազդեցություն կունենա նյութի վրա, լրագրողին կասեմ, որ փոխի նյութը, բայց մեր հեռուստադիտողը կտեսնի, որ նման բան չկա»,- ասում է նա:

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը գտնում է, որ հնարավոր չէ նվեր ընդունելիս մնալ անաչառ, նվերի գործոնը ազդեցություն է ունենում ոչ միայն լրագրողի, այլեւ ամբողջ լրատվամիջոցի քաղաքականության վրա:

«Լրագրողական էթիկայի տեսանկյունից աններելի եւ անընդունելի է որեւէ տեսակի նվեր կամ ծառայություն ընդունելը: Որեւէ արդարացում կամ ներողություն այդ քայլն ընդունող լրատվամիջոցի համար էթիկան չի կարող ընդունել»,- ասում է նա:

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահը գտնում է, որ յուրաքանչյուր լրատվամիջոց ինքն իր մեջ պետք է որոշի, որ ինքը էթիկապես գործող լրատվամիջոց է, ունենա իր վարքականոնը, իսկ յուրաքանչյուր լրագրող, ով կգնա այնտեղ աշխատելու, պետք է ստորագրի եւ հետեւի այդ վարքականոնին: Խախտում արձանագրելու դեպքում լրագրողը պետք է հրաժեշտ տա տվյալ լրատվամիջոցին:

«Հիմա իրավիճակն ավելի է սրվելու, որովհետեւ առաջիկայում սպասվում են երկու լարված ընտրություններ: Այդ ծառայությունները, շնորհները բազմապատկվելու են, եւ ով ոնց կարող է, փորձելու է ազդել լրագրողների վրա՝ կաշառքի կամ հրապարակային միջոցառումներ, քեֆերի, համերգների ձեւով»,- ասում է նա:

Շուշան Դոյդոյանի կարծիքով՝ լրագրողների կողմից նվերներ ընդունելն արդյունք է նաեւ ցածր վարձրատրության:

«Լրագրողը բարձր վարձատրվում է այն բանի համար, որ զերծ մնա կողմնակի ազդեցություններից: Իսկ մեր լրատվամիջոցները շատ փոքր գումար են վճարում լրագրողներին: Եվ լրագրողին այլ ճար չի մնում, քան հույսը դնել կողմնակի եկամուտների վրա եւ գնալ նվերների հետեւից»,- ասում է նա:

Այն դեպքերում, երբ լրագրողը կամ լրատվամիջոցը չի կարող նվերը չընդունել, Շուշան Դոյդոյանն առաջարկում է վերնցել նվերը եւ «մարել պարտքը»՝ պատասխան նվեր ուղարկելով նվիրողին:

«Երբեք որեւէ խմբագրություն կամ լրագրող չպետք է պարտք մնա, որ այդ պարտքը փոխհատուցի բովանդակությամբ»,- ասում է նա:

2007 թվականին Հայաստանյան 44 մեդիաներ ընդունել եւ ստորագրել են լրագրողական էթիկայի վարքականոն, որի սկզբունքներից մեկի համաձայն՝ խմբագրական անկախությունը պահպանելու համար պետք է «հրաժարվել տեղեկություններ հրապարակելու կամ չհրապարակելու համար խոստացվող վճարներից, նվերներից, ինչը մասնագիտական անկախության հետ հակասության մեջ է մտնում եւ հանգեցնում է վստահության կորստի»:

Վարքականոնը ստորագրած մեդիայի կողմից թույլ տրված էթիկական խախտումը քննում է 7 անդամից բաղկացած լրատվամիջոցների էթիկայի Դիտորդ մարմինը բողոքի առկայության դեպքում:

Բողոքը քննելուց հետո Դիտորդ մարմինը տալիս է իր եզրակացությունը, որը խախտում կատարած մեդիան պարտավոր է հրապարակել կամ հեռարձակել:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?