2012.05.07,

Քննադատ

Եթերում ընտրությունների ուրվականն էր

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

ԱԺ ընտրությունների օրը հեռուստատեսության համար գրեթե նույնքան պատասխանատու օր էր, որքան Եղեռնի օրը, քանի որ յուրաքանչյուր ալիք պարտավոր է այդ օրերին ուղղորդվել ոչ միայն իր սեփականատերերի շահերով, այլեւ ազգանվեր նկատառումներով:

Երկու դեպքում էլ եթերը պետք է լցնել մեկ թեմային առնչվող նյութերով (ապրիլի 24-ին անմեղ զոհվածներն են, մայիսի 6-ին՝  ազնիվ քվեարկողները): Եվ ամենակարեւորը՝ հուշել հանդիսատեսին, որ արդարությունը հաղթել է (ընտրություններում) կամ էլ վաղ թե ուշ կհաղթի (ցեղասպանության ճանաչման հարցում):

Եվ այստեղ ալիքները գործի են դնում իրենց կրեատիվ մոտեցումն ու բացառիկ ռեպորտաժներ են խոստանում դիտողին: Իսկ դա անելը բավականին բարդ գործ է, քանի որ որեւէ նոր, թարմ ու հետաքրքիր մատուցման ֆորմա չես գտնի ու նորից կվերադառաս ուղիղ միացումներին (դեպքի վայրերը Ծիծեռնակաբերդն ու ընտրատեղամասերն են), տաղավարում զրուցող հյուրերին (հերթով կարճ-կարճ խոսող) ու պաշտոնական թվերի վավերացմանը (զոհերի ու քվեների):

Նոր բան, իրոք, չես հնարի, բայց շուրջօրյա եթերը պիտի ապահովես ու փորձես ապացուցել, որ տիրապետում ես ողջ ինֆորմացիային ու միաժամանակ դիտարժան ես:

Մայիսի 6-ին հատուկ ռեժիմով աշխատեցին գրեթե բոլոր ալիքները, սակայն ակտիվ ու նորովի ներկայանալու փորձերը առավել զգացվում էին «Արմնյուզ»-ի ու «Կենտրոն»-ի աշխատաոճում: Նաեւ «Երկիր մեդիա»-ի, որն ավանդապես շեշտը դրել էր սուր ռեպորտաժների վրա:

«Արմնյուզ»-ը աշխատում էր նոն-ստոպ տարբերակով ներկայացնել հարցազրույցները, ընտրության պրոցեսի ծաղկաքաղը, ԿԸՀ կողմից կատարված քվեների հաշվարկներն ու փոքր տաղավարում հավաքված հյուրերին դրդել բանավիճել ընտրության թեմայի շուրջ: «Արմնյուզ»-ի թարմությունը հյուրերի քանակն էր ու որպես ընտրական տարր հեղինակային երգի ներմուծումը (մի քիչ խոսում, մի քիչ երգում էին): Բավականին հավակնոտ ու մարդաշատ եթեր ուներ մեր հայրենական լրատվական ալիքը եւ միեւնույն ժամանակ շատ ցաքուցրիվ ու մտացրիվ էր: Լրահոսն այնքան երկար, միապաղաղ ու «անատամ» էր, որ սակավ մարդկանց ուշադրությունն էր գրավում: «Արմնյուզ»-ն ընդհանրապես փորձում է մրցել ինտերնետի հետ (ինչը փաստում է ալիքի հեռանկարային թիրախ ունենալու մասին), սակայն այդ մրցակցության մեջ հեռուստատեսությունն ի սկզբանե պարտված է: «Արմնյուզ»-ը մեծ տեղ է հատկացնում սոցցանցերում տեղ գտած գրառումներին, կարծիքներին՝ թեմաներ «որսալով» հենց համացանցային մարդկանցից, բայց այդ «ավարը» ինքնուրույն բովանդակություն չէ, այլ երկրորդական թարմության, ֆիլտրված դայջեսթ, որը չի կարող փոխարինել լավ սարքած հեռուստատեսային ռեպորտաժն ու վերլուծությունը: Դայջեսթն ու ռեպորտաժը տարբեր ժանրեր են:

Մայիսի 6-ին «Արմնյուզ»-ի տաղավարում քիչ էին քաղաքական գործիչներն ու կուսակցությունների շտաբերի պատասխանատուները, փոխարենը շատ էին հենց համացանցի մարդիկ՝ բլոգերները, երգիչներն ու քաղաքականության հետ միջնորդավորված կապ ունեցող վերլուծաբաններն ու տեխնոլոգները: Թերեւս հենց այդ պատճառով էլ ալիքի ուղիղ եթերում արժեքավոր բանավեճ չստացվեց: Այդ օրը բոլորին հետաքրքրում էին ընտրախախտումներն ու ձայների անաչառ հաշվարկը, իսկ ուղիղ եթերում քաղաքական ուժերի ակտիվ ներկայացուցիչների բացակայությունը անարդյունք էր դարձնում քննարկումները: Չակ Նորիսի թեկնածության զվարճալի դրվագը կամ միջազգային դիտորդների լղոզված կարծիքները չեն կարող լինել այնքան գրավիչ, որքան ընտրությանը մասնակցող ընդդիմադիր կուսակցությունների տեսակետներն ու քվեների հաշվարկի ինտրիգը:

Արտակ Ալեքսանյանը ծանր ու ծավալուն բեռ էր դրել իր ուսերին՝ համոզելու համար, որ բեռը կարելի է թեթեւ ու անբռնազբոս կրել: Ինչը նրան հաջողվեց. մենք տեսանք, որ ընտրությունները փառատոնների ժամանակ փռվող կարմիր գորգի պես բան են, որի վրա պարբերաբար հյուրեր են հայտնվում, ժպտում, ձեռքով անում ու հեռանում: Եվ դա վատ չէ, քանի որ ինչպես ասում են իշխանությունները, ընտրությունները տոն են, համերգ, հրավառություն:

«Կենտրոն» ալիքի «աստղ» Պետրոս Ղազարյանը նույնպես մեծ ծավալի գործ արեց մայիսի 6-ին (ինչպես նաեւ ողջ նախընտրական շրջանում): Նա ավելի քաղաքականացված հյուրեր ուներ ու աշխատում էր ի ցույց չդնել սեփական կարծիքն ու նախապատվությունները, մանավանդ, որ «Կենտրոնը» բացեիբաց ցուցադրեց իր կուսակցական պատկանելիությունը՝ ազատելով լրագրողին անիմաստ արդարացումներից:

Մի բան հստակ է` սուր բովանդակությունն այդպես էլ տեղ չգտավ եթերում, եւ ավանդույթի համաձայն՝ ընտրությունները անցան-գնացին եթերից որպես ազատ, արդար, թափանցիկ մի ուրվական:

Նունե Հախվերդյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *