«Մենք հացից էլ շատ կարծրատիպ ենք ուտում»

10.04.2017, Տեսակետ

Լրագրող

Ստեփանակերտում լույս տեսնող «Անալիտիկոն» վերլուծական ամսագրի խմբագիր Գեղամ Բաղդասարյանը վերջին տարիներին ապրում է Երևանում: Նա Ստեփանակերտի մամուլի ակումբի նախագահն է ու Լեռնային Ղարաբաղի լրագրողական դաշտը գիտի ներսից:

Գեղամ Բաղդասարյանը կարծիքով փետրվարին Արցախում տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեն հայաստանյան մեդիայում ակտիվ է լուսաբանվել: Պատճառները, սակայն, միանշանակ չեն:

Որքան հիշում եմ, Արցախի սահմանադրական հանրաքվեն բացառիկ իրադարձություն էր. հայաստանյան լրագրողներին անվճար տեղափոխում էին Ստեփանակերտ: Ըստ Ձեզ` ինչո՞վ է դա պայմանավորված:

Արցախյան իշխանությունները միշտ էլ ավելի բաց ու ավելի հոգատար են եղել դրսի ու հատկապես հայաստանյան լրատվամիջոցների նկատմամբ։ Քիչ չեն դեպքերը, երբ այս կամ այն տեղեկությունը հրաժարվելով ժամանակին տրամադրել տեղական այս կամ այն լրատվամիջոցին՝ նրանք դա ժամանակին տրամադրել են դրսի լրատվամիջոցներին:

Արդյունքում արցախյան լրատվամիջոցները ստիպված են եղել արցախյան իրադարձության վերաբերյալ մեջբերել կամ արտատպել հայաստանյան որևէ լրատվամիջոցի որևէ հրապարակում։

Արցախյան լրատվամիջոցները նվազ հետաքրքիր ու նվազ կարևոր են տեղի իշխանությունների համար։ Պատճառն արցախյան խղճուկ լրատվադաշտն է, որի «հեղինակներն» էլ հենց իշխանություններն են, ինչպես նաև տեղական լրատվամիջոցների տոտալ վերահսկելիությունը։ Ահա թե ինչու են իշխանությունները փորձում «նոր հորիզոններ նվաճել»։

Ընդհանրապես, դրսի լրատվամիջոցների ակտիվությամբ փորձ էր արվում քողարկել ներսի չհետաքրքրվածությունը և «դարակազմիկ ընտրությունների» տպավորություն թողնել։ Չմոռանանք նաև քարոզչական բաղկացուցիչը, որը շատ լուրջ խնդիր է չճանաչված պետության համար։

Հայաստանյան լրատվամիջոցներին ակտիվացնելու իշխանական փորձերը գուցե հիմնականում հենց դրան էին միտված, քանի որ տեղական ռեսուրսներով միջազգային ասպարեզ դուրս գալը, մեղմ ասած, հնարավոր չէ։ Կարելի է ասել, որ գոնե այդ առաքելությունը նպատակին է ծառայել։

Իսկ ընդհանրապես արցախյան իրադարձությունների նկատմամբ հայաստանյան լրատվամիջոցների անտարբերությունը միանգամայն հասկանալի է՝ տեղեկատվական առիթներ լինում են լավագույն դեպքում եռամսյակը մեկ, բայց, դե, ինքներդ եք հասկանում, որ դրանով թեման «թեժ» պահել հնարավոր չէ։

Տեղեկատվական կյանք, մեծ հաշվով, չկա։ Մնում է լուսաբանմանը ահա այսպիսի՝ արշավային բնույթ տալ, ինչն էլ սովոր են անել արցախյան իշխանությունները։

Արցախի սահմանադրական հանրաքվեի լուսաբանումը, «այո»-ի և «ոչ»-ի քննարկումը նույնպե՞ս արշավային էր:

Լուսաբանումը, իսկ ավելի ճիշտ՝ քարոզչությունը, տեսանելի-լսելի-ընկալելի էր բավարար չափով։ Ինչ վերաբերում է «այո-ոչ»-ի բավարար ներկայացմանը, ապա մեծ հաշվով դրանք ներկայացվեցին գրեթե նույն համամասնությամբ, ինչ որ կար արցախյան հրապարակային հանրային կյանքում։

Արցախյան քաղաքական և հանրային միաբևեռ դաշտերում հասկանալիորեն «ոչ»-ն անհամեմատելիորեն քիչ էր, ինչն էլ երևակվեց հայաստանյան լրատվամիջոցներում։

Այլ հարց է, որ հեռարձակող լրատվամիջոցներն էլ իրենց հերթին ավելի քիչ ուշադրություն դարձրին «ոչ»-ին, քան, ասենք, նոր մեդիան և սոցիալական ցանցերը։ Բայց բոլոր դեպքերում էլ մեղավորը, ինչպես ասում են, դառը իրականությունն է, այլ ոչ թե հայելին։

Եթե հայաստանյան լրատվամիջոցները քիչ թե շատ ակտիվ են լուսաբանում Արցախում տեղի ունեցող դեպքերը, նույնը չի կարելի ասել արցախյան լրատվամիջոցների մասին: Ըստ Ձեզ` ո՞րն է պատճառը:

Արցախյան լրատվամիջոցներն իրական կյանքին արձագանքում են իրենց սոցիալական կարգավիճակին, եղած-չեղած անկախության աստիճանին հարիր ձևով, տեղեկատվական դաշտի զարգացածությանն ու բազմազանությանը համապատասխան։

Իսկ տեղեկատվական դաշտի խղճուկ վիճակը հասկանալու համար սոսկ մի փաստն էլ բավարար է՝ եթե Հայաստանի միայն Շիրակի մարզում տարիներ շարունակ գործում էր 4 հեռուստաընկերություն, ապա հայկական երկրորդ պետությունում ի սկզբանե գործում է միայն մեկ հեռուստաընկերություն՝ Արցախի հանրային կոչվող պետական հեռուստատեսությունն իր օրական մի քանի ժամանոց եթերով։

Իսկ դուք ասում եք՝ լուսաբանում…

Ստացվում է, որ ղարաբաղյան լրատվական դաշտը խնդիրներ ունի: Որո՞նք են դրանք:

Արցախյան տեղեկատվական դաշտի խնդիրները մեկուսի գնահատելը ճիշտ չէր լինի, դրանք պետք է դիտարկել ընդհանուր հասարակական-քաղաքական կյանքի համապատկերում։

Իսկ հասարակական-քաղաքական միաբևեռության մասին մենք արդեն խոսել ենք։ Բանն այն է, որ տեղեկատվական բազմազանություն հնարավոր չէ, եթե չկա բազմազանություն քաղաքական դաշտում։

Քաղաքական դաշտի բազմազանությունն էլ իր հերթին կախված է տնտեսական դաշտի բազմազանությունից, տնտեսական լծակներին ու ռեսուրսներին տիրապետողների բազմազանությունից։

Գաղտնիք չէ, որ անխտիր բոլոր լծակներին ու ռեսուրսներին տիրապետում է իշխանությունն ու իշխանամերձ նեղ շրջանակը։ Թե այս ամենի արդյունքում որտեղից պիտի տեղեկատվական բազմազանությունը հայտնվի՝ սատանան անգամ անզորությունից կվնգստար...

Արցախի լրատվամիջոցները Հայաստանում քաղաքացիական շարժումների, ընդդիմության ակտիվության վերաբերյալ նյութեր չեն պատրաստում: Սա տեղական կարծրատի՞պ է, որ, օրինակ, չի կարելի լուսաբանել Հայաստանի ներքին խնդիրները (օրինակ` Էլեկտրիկ Երևանը):

Մենք ապրում ենք հենց կարծրատիպերի ծաղկման շրջանում, մենք հացից էլ շատ կարծրատիպ ենք ուտում, ու մեր տեղեկատվական ստամոքսն էլ վաղուց արդեն չի տարբերում սուրոգատը «օրգանիկ» լրամթերքից։

Կյանքն իր բազմազանությամբ շատ վտանգավոր է թվում մեր «տեղեկատվական առողջության» համար։ Իշխանությունները խնամքով հոգում են մեր այդ «առողջության» մասին ու վերահսկվող լրատվամիջոցներով հրամցնում այն, ինչը չի կարող խաթարել դա։

Կա խնամքով մշակված տեղեկատվական սննդակարգ։ Սա միանգամայն բնական երևույթ է մի միջավայրի համար, որտեղ լրատվամիջոցները վաղուց արդեն իրենց տեղը զիջել են քարոզչամիջոցներին։

Բացառություններն էլ, ինչպես ասում են, որակ չեն կազմում։

Հարցազրույցը՝ Անահիտ Դանիելյանի

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?