2020.02.25,

Տեսակետ

«Համայնքը ինքն է ներկայացնելու չափորոշիչներ գովազդի շուկային»

author_posts/gayane-asryan
Գայանե Ասրյան

Լրագրող

Վերջին շրջանում Երևանում պակասել են գովազդային վահանակները: Որոշ հատված դատարկված է, իսկ մյուսը՝ վերջնականապես ապամոնտաժված: Քաղաքապետարանի արտաքին գովազդի և ձևավորման վարչության պետ Գարիկ Խաչատրյանն ասում է, որ արտաքին գովազդը համապատասխանեցվում է մշակված ստանդարտներին:

Նա 15 տարի աշխատել է քաղաքապետարանի տարբեր բաժիններում, մեկ տարի է զբաղվում է Երևանի արտաքին տեսքի, գովազդի խնդիրներով: Բանակցում է տնտեսվարողների հետ, որ նրանք չխաթարեն քաղաքի տեսքն ու միաժամանակ ներկայացնեն իրենց ապրանքը: 

Միայն անցած տարի 1900 գովազդային միջոց է ապամոնտաժվել (վահանականեր, լեդ էկրաններ, բաներներ) կենտրոնական փողոցների պատմամշակութային տարածքների, վերգետնյա և ստորգետնյա անցումների, շենքերի տանիքներից:

Նմանատիպ 2000 և ավելի ապամոտաժումներ կլինեն 2020-ին: 

Գարիկ Խաչատրյանը հայտնեց նաև, որ քաղաքապետարանում ստեղծվելու են նոր հանձնաժողովներ: 

Ապամոնտաժումը հեղափոխակա՞ն լուծում է:

Դա գործընթացի միայն տեսանելի մասն է: Անցած տարի գույքագրել ենք բոլոր պատմամշակութային և ճարտարապետական արժեք ներկայացող շենքերի վրա տեղադրված գովազդները: 

Կենտրոն շրջանում 120 շենքի համար ունենք գովազդային անձնագրեր, որտեղ նշված է, թե շենքի կոնկրետ հատվածում ինչ գովազդ կարելի է տեղադրել, ինչ նյութով և չափով: Փաստաթուղթը հին է, սակայն սկսել ենք գործի դնել վերջերս:

Օրինակ, Բաղրամյան 1 և Բաղրամյան 2 շենքերի, Տիգրան Մեծի պողոտայի մի մասն ամբողջությամբ բեռնաթափվել է էլեկտրոնային էկրաններից ու բաներային գովազդից և համապատասխանեցվել գովազդային սխեմային: 

Բայց բիզնեսը վճարել է գովազդի ստեղծման և տեղադրման համար:

Հիշու՞մ եք Հանրապետության հրապարակից շատ մոտ հեռավորության վրա կախված էր Տաշիր պիցցայի գովազդը: Ընկերությունն իր միջոցներով հանեց գովազդը՝ հասկանալով, որ փչացնում է քաղաքի այդ հատվածի տեսքը: Մենք չենք հակադրվում, գնում ենք բանակցությունների ճանապարհով: 

Առաջիկայում գովազդային անձնագիր են ունենալու նաև 12 վարչական շրջանների շինությունները: Համայնքներում եղած գովազդը համապատասխանեցվելու է մշակված սխեմային:

Իհարկե, չենք արգելում գովազդը, հասկանալով, որ բիզնեսը չի կարող առանց գովազդի, պարզապես հորդորում ենք աշխատել ընդունելի չափանիշներով: 

Oրինակ, ասում ենք բաներային գովազդին պետք է փոխարինի ծավալային գովազդը:

Իսկ սոցիալական գովազդը մեծ տեղ կունենա՞: Նաև հայտարարությունները:

Գովազդի մասին օրենքը սահմանում է, որ ընդհանուր գովազդի միայն 5%-ը տարեկան կարող է լինել սոցիալական գովազդ: Հիմա փոխվում է սոցիալական գովազդի սահմանումը: 

Գոյություն ունեցող սահմանմամբ, սոցիալական գովազդը ոչ առևտրային բնույթ կրող գովազդն է, մինչդեռ կարևոր է ոչ միայն ոչ առևտրային բնյութը, այլև սոցիալական ուղերձը՝ մարդկանց համար գովազդի սոցիալական կարևորությունը:

Նախատեսում ենք ստեղծել 12 հոգուց բաղկացած հանրապետական հանձնաժողով, որտեղ ներգրավված կլինեն նաև համապատասխան մասնագետներ և նրանք կորոշեն, թե որ գովազդը կարող է համարվել սոցիալական, որը՝ ոչ: 

Տեղական ինքնակառավարման մարմինն այլևս իրավասություն չի ունենա որոշել՝ ինչը համարել սոցիալական գովազդ: 

Երևանի փողոցներում այլևս չենք տեսնի համերգի կամ կինոյի այսպես կոչված սոցիալական գովազդ:

Անցած տարի վարչական տարածքներում վերանորոգել ենք նաև հայտարարությունների 363 վահանակ: Մարդիկ կարող են անվճար իրենց բոլոր հայտարարությունները տեղադրել այնտեղ: Շարունակելու ենք նորերը տեղադրել:

Մեզ շատ է անհանգստացնում շենքերի մուտքերի, կանգառների, սյուների վրայի հայտարարությունները, որոնք ժամանակ առ ժամանակ մաքրում ենք, սակայն մարդկանց վարքը փոխել դեռ չենք կարողանում:

Տարբերակ չունենք, սկսելու ենք կիրառել տուգանք վարչական իրավախախտումների մասին օրենքով: Հիմա շատ են վարկերի տրամադրման, ավտովարկերի և նման գովազդները։

Կազմակերպություններն ասում են՝ մենք չենք մեղավոր, այլ աշխատողներն են շենքերի մուտքերի մոտ փակցնում:

Մենք հայտարարելու ենք, որ ապօրինի գովազդի համար կգործի տուգանք 100 հազար դրամի չափով, իսկ վարկերի տրամադրման թույլտվություն չունեցող կազմակերպությունների համար՝ 1,5 մլն դրամի չափով:

Վերելակներում տեղադրված հայտարարությունները ինչպե՞ս են վերահսկվում:

Վերելակների համար քաղաքապետարանը չունի լիազորություն, այդ հարցով զբաղվում է համատիրությունը, շենքի լիազորը: 

Մենք հորդորում ենք նրանց ուշադիր լինել վերելակներում տեղադրվող գովազդին, բայց չենք կարող պարտավորեցնել հեռացնել կամ կանոնակարգել դրանք: 

Նոր տեղադրվող վերելակներում թույլ չենք տալու տեղադրել գովազդ, կլինեն հատուկ հայտարարությունների տախտակներ՝ փոքր ծավալի, որտեղ կլինեն շենքի բնակիչներին հետաքրքրող հայտարարություններ ու առաջարկներ:

Դաշտում արտոնյալներ չունենալու համար համայնքի ավագանին ստեղծել է հնարավորություն, որպեսզի բոլոր ենթակառուցվածները, որոնք նպատակահամար են գովազդի համար, ներկայացվեն մրցույթի և գովազդի տեղադրման հնարավորություն ունենան:

Քաղաքի տեսքը թարմացնող այլ լուծումներ լինելո՞ւ են:

Քաղաքապետարանում դիզայներական խումբ է ձևավորվում, որ կզբաղվի քաղաքի կանաչապատման խնդիրներով։ Այս մասով դեռ հայեցակարգ չունենք, մշակման փուլում ենք:

Բազմաթիվ գրություններ ենք ստանում կազմակերպություններից և անհատներից անցումներում, շենքերի վրա գրաֆիտիներ անելու թույլտվություն ստանալու համար: Քննարկում ենք միտքը, իրագործման ձևը և նոր միայն տալիս թույլտվություն: Ուղղորդում ենք նաև տարածքի հարցում, անցորդների հոսքի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրում:

Գովազդային միջոցների արդիականացման մասին ենք հիմա մտածում, տեխնիկական նոր լուծումներ են պետք քաղաքին: Գովազդային ընկերությունների հետ արդեն քննարկել ենք այդ հարցը և համայնքներին ներառել այդ աշխատանքում։ 

Այսուհետ համայնքը ինքն է ներկայացնելու չափորոշիչներ գովազդի շուկային։

Մրցութային պայմաններ կառաջարկվեն ընկերություններին, որոնք էլ ըստ նպատակահարմարության ներդրում կանեն և կօգտվեն համայնքային սեփականությունից:

Հարցազրույցը Գայանե Ասրյանի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *