Ինչպես դառնալ խնամատար ընտանիք

Ինչպես դառնալ խնամատար ընտանիք

Ի՞նչ է պատահել:

Այսօր Հայաստանում ընտանիքից դուրս, խնամքի տարբեր հաստատություններում գտնվում է 3500 երեխա: Հայաստանի Հանրապետությունը ներդնում է խնամատարության համակարգ, որպեսզի երեխաները ընտանիքներում մեծանալու հնարավորություն ունենան:

Եթե երեխան չունի ընտանիք, կամ չի կարող ապրել իր կենսաբանական ընտանիքում, օգնության են գալիս խնամատար ընտանիքները, որոնց կայացումը պետությունը խրախուսում է:

Խնամատարության հայեցակարգն արդեն ընդունվել է: Մինչև 2018 թվականը մանկատներից և գիշերօթիկ հաստատություններից 80 երեխա կտեղափոխվի խնամատար ընտանիքներ:

Այսպես պետությունը նաև խնայողություններ կանի, քանի որ մանկատների յուրաքանչյուր երեխային հատկացվում է տարեկան մոտ 3800 ԱՄՆ դոլար, իսկ խնամատար ընտանքիների դեպքում այն 2800 դոլար է: Խնամատար համակարգի ներդրմամբ՝ 5 տարում պետությունը կխնայեր մինչև 1 միլիոն ԱՄՆ դոլար: Իսկ երեխաները ընտանիքներում ապրելու հնարավորություն ու իրավունք կունենան:

Ի՞նչ է խնամատարությունը:

Խնամատարությունը կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխային այլ ընտանիքում խնամք և դաստիարակություն տրամադրելն է:

Խնամատար ընտանիքը որոշակի ժամկետով ստանձնում է երեխայի խնամքը և դաստիարակությունը, մինչև երեխայի կենսաբանական ընտանիքի հետ վերամիավորումը կամ երեխայի 18 տարեկան դառնալը, անհայտ բացակայող ճանաչված ծնողի հայտնվելն ու երեխային իր խնամքի տակ վերցնելը և այլն:

Այժմ հստակեցվում են հոգեծնող-հոգեզավակ հարաբերությունները, սահմանվում են  խնամատարության տեսակներն ու ժամկետները: Սկսել է  խնամատար ծնողների թեկնածուների ուսումնասիրությունը:

Խնամատարության ի՞նչ տեսակներ կան:

Խնամատար ընտանիքներն, ըստ բնույթի ու ժամկետի, լինում են՝

  • ընդհանուր
  • մասնագիտացված
  • ճգնաժամային
  • արձակուրդային

Ըստ ժամկետի՝ կարճաժամկետ ու երկարաժամկետ:

Վճարվու՞մ է արդյոք խնամատար ընտանիքը:

Ամսական վճարը կազմում է 130-140 հազար դրամ՝ հաշվի առնելով երեխայի տարիքը, առողջական վիճակը և այլն:

Գումարը պետք է ծառայի երեխայի ապրուստը հոգալու, անձնական հիգիենայի պարագաների, կենցաղային իրերի, հագուստի, դեղորայքի և այլ նպատակների:
Նաև խնամատար ծնողի համար հաշվարկվում է աշխատանքային ստաժ:

Եթե երեխան ունի առողջական խնդիրներ, որոնք հնարավոր չէ լուծել հատկացված գումարի սահմաններում, պետությունը հոգում է նաև այդ ծախսերը:

Խնամատար ընտանիքն ու այդտեղ ապրող երեխան անընդհատ դիտարկվելու են սոցիալական ծառայողի կողմից: Երեխայի հարմարավետությունն ստուգող այցելությունները կարող են լինել օրվա ցանկացած ժամի ու առանց նախազգուշացման: Հաշվի է առնվելու ամեն ինչ՝ երեխայի քաշը, սնունդը, հիգիենան, հագուստը, վարքը:

Խնամատարության դիմաց տրվող գումարը ոչ մի դեպքում չպետք է ընտանիքի  ապրուստի միակ միջոցը լինի:

Ո՞վ կարող է դառնալ խնամատար ծնող:

Հայաստանի տարածքում բնակվող, ՀՀ չափահաս քաղաքացիները՝ որոշ բացառություններով: Հավակնորդ ընտանիքները պետք է վերապատրաստման դասընթացներ անցնեն, տիրապետեն մանկատներում ապրած, դժվարին իրավիճակներում հայտնված երեխաների հետ շփման ու դաստիարակության հմտություններին:

Ընտրությանը մասնակցելու են համայնքային մարմինները, որոնք տեղեկություններ ունեն ընտանիքի համբավի, կայուն եկամուտների մասին:

Խնամատար ծնող կարող են դառնալ նաև զավակ չունեցող քաղաքացիները: Բայց ոչ երեխայի ազգականները, բացառություն կարող է լինել միայն հաշմանդամություն ունեցող երեխայի դեպքում:

Ո՞ր դեպքում երեխան կարող է խնամատարության հանձնվել:

Միայն առանց ծնողական խնամքի մնացած 18 տարին չլրացած երեխան, ում ծնողները՝

  • մահացել են
  • զրկվել են ծնողական իրավունքներից
  • ճանաչվել են անգործունակ
  • խուսափում են իրենց պարտականությունները պատշաճ կատարելուց
  • դատարանի որոշմամբ ճանաչվել են անգործունակ, մահացած կամ անհայտ բացակայող
  • կամ համարվում են փաստացի առանց ծնողական խնամքի մնացած

Խնամատար ծնողները չեն ընտրում երեխային, այլ երեխայի համար են ընտրվում հարմար ծնողներ: Այս հարցում միջնորդ կողմը սոցիալական մասնագետներն են:

Խնամատարությունը նույն որդեգրու՞մն է:

Դա ո՛չ որդեգրումն է, ո՛չ խնամակալությունը: Խնամատարության դեպքում երեխան համարվում է հոգեզավակ, իսկ ծնողական իրավունքները շարունակում է ստանձնել կենսաբանական ընտանիքը: Որդեգրությունը երեխայի՝ ընտանիք տեղափոխվելու հիմնարար լուծում է, խնամատարությունը՝ ժամանակավոր:

Իսկ ի՞նչ պիտի լինի, երբ լրանա երեխայի 18 տարին:

Անհրաժեշտության դեպքում խնամքը և դաստիարակությունը կարող է տրամադրվել նաև հոգեզավակի 18 տարեկանը լրանալուց հետո՝ պետության կողմից տրամադրվող հետխնամքի աջակցության տեսքով:

Իսկ եթե՝ ոչ, ապա երեխան պետք է վերադառնա ընտանիք, կամ՝ խնամքի կենտրոններ:

Արդյո՞ք երեխային ընտանիք հանձնելու մասին պայմանագիրը կարող է վաղաժամկետ լուծվել:

Այո, հարգելի պատճառներով՝ ծնողների կողմից, կամ խնամակալության և հոգաբարձության մարմնի նախաձեռնությամբ:

Որտե՞ղ ներկայացնել խնամատար ծնող դառնալու հայտը:

Խնամատար ծնող դառնալ ցանկացող անձը կարող է դիմում գրել իր բնակության վայրի մարզպետարանի, Երևանում՝ քաղաքապետարանի աշխատակազմ կամ այցելել Երեխաների աջակցության կենտրոն հիմնադրամ: