700 հազար դրամ տուգանք՝ լրագրողի գործունեությունը խոչընդոտելու համար

14.03.2017, Նյուսրում

Լրագրող

Վանաձորի ավագանու ընտրությունների օրը լրագրող Շողիկ Գալստյանի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու, գույքին վնաս հասցնելու համար՝ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը Մարիամ Ավագյանին տուգանել է 700 հազար դրամով:

Դատարանը հաստատել է, որ 2016 թվականի հոկտեմբերի 2-ին կայացած ՏԻՄ ընտրությունների օրը Վանաձորի թիվ 30/47 տեղամասում Մարիամ Ավագյանը AraratNews.am-ի լրագրող Շողիկ Գալստյանի ձեռքից խլել է «Սամսունգ» տեսակի «SM-J700H/DS» մոդելի բջջային հեռախոսը ու, դիտավորությամբ հարվածելով գետնին, վնասել այն:

Դատարանը որոշել է, որ հեռախոսը, որպես ընտրական գործընթացը լուսաբանող լրագրողական գործիք, կորցրել է իր նպատակային նշանակությունը, ինչպես նաև լրագրողին պատճառվել է նյութական վնաս:

Հետքի տեսախցիկը արձանագրել էր, թե ինչպես է Մարիամ Ավագյանը կոտրում լրագրողի հեռախոսը, հետո ասում «Լավ արեցի»: Ընտրական տեղամասի առջև հավաքվածներից մեկ ուրիշ կին էլ բողոքում է, որ լրագրողն «առավոտից նկարում է»:

Մարիամ Ավագյանին դատարանը մեղավոր է ճանաչել Քրեական օրենսգրքի 149 հոդվածի 1-ին մասով (ընտրական կամ հանրաքվեի հանձնաժողովի կամ նախաձեռնող խմբի անդամի, թեկնածուի կամ նրա վստահված անձի, դիտորդի, զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչի, կուսակցության (կուսակցությունների դաշինքի) լիազորած անձի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը) նախատեսված հանցագործության կատարման մեջ, նրան դատապարտելով 700 հազար դրամ տուգանքի, ինչպես նաև զրկելով պետական և ՏԻՄ մարմիններում որևէ պաշտոն զբաղեցնելու, ինչպես նաև ընտրական հանձնաժողովի անդամ, վստահված անձ կամ դիտորդ լինելու իրավունքից մեկ տարի ժամկետով:

Մարիամ Ավագյանը դատարանում իրեն մեղավոր է ճանաչել միայն նյութական վնաս հասցնելու համար, որը փոխհատուցել է, իսկ ահա 149 հոդվածի 1-ին մասով նա իրեն մեղավոր չի ճանաչել:

Շողիկ Գալստյանը Media.am-ի հետ զրույցում ասաց, որ դատարանի վճիռն իրեն բավարարում է. «Ինձ պատճառված գույքային վնասը Մարիամ Ավագյանը փոխհատուցեց, այսինքն՝ ինձ տվեց իմ նույն հեռախոսից: Հույս ունեմ, որ այս և նմանօրինակ միջադեպերը կնպաստեն, որ դրանց կրկնությունները, չասեմ բացարձակ չլինեն, բայց գոնե նվազեն»:

«Կարծում եմ պատիժը համաչափ էր, և այդ պատճառով՝ վճիռը վերադասության կարգով չենք բողոքարկելու»,- ասում է լրագրողի փաստաբան Գրիշա Բալասանյանը :

AraratNews.am կայքի խմբագիր Մարիամ Մարգարյանը նույնպես, լրագրողի գործունեությունը խոչընդոտելու գործով դատարանի վճիռը համարում է իրավաչափ. «Ուրախ եմ, որ վճիռը կայացավ հենց այս օրերին՝ ընտրությունների նախաշեմին։ Հուսանք, որ այս ընտրությունների ընթացքում ոչ ոք չի խոչընդոտի ԶԼՄ ներկայացուցիչների աշխատանքը, մենք էլ հետևողական կլինենք, որ նման դեպքերում մեղավորները պատժվեն»։

Գագիկ Աղբալյան

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?