2017.10.16,

Քննադատ

Ֆեյսբուքյան փորձագետներ․ դրակա՞ն, թե՞ բացասական երևույթ

author_posts/samvel-martirosyan
Սամվել Մարտիրոսյան
twiterfacebook

Մեդիա հետազոտող

Երբ կատարվում է ինչ-որ բան, որն առաջացնում է բուռն քննարկումներ, անպայման հայտնվում են ֆեյսբուքյան փորձագետներն ու ֆեյսբուքյան փորձագիտությունը:

Հերիք է հրդեհ լինի, հայտնվում են կրակի շիջման փորձագետներ, որոնք Ֆեյսբուքի միջոցով խորհուրդներ են տալիս հրշեջներին։ Հետո անմիջապես գալիս են նրանք, ովքեր սկսում են մեղադրել նորաթուխ փորձագետներին փորձագետ լինելու համար։

Ռուսաստանը Ադրբեջանին զինատեսակ է մատակարարում, և կատարվում է նույն բանը. նույն մարդիկ դառնում են փորձագետ, իսկ մյուսները սկսում են քննադատել փորձագետներին։ Շատ դեպքերում էլ, դեռ դեպքը չեղած, քննադատներն արդեն հասցնում են գրել ստատուս այն մասին, որ հենց հիմա կհայտնվեն ֆեյսբուքյան փորձագետները։

Արդյո՞ք վատ է, որ ամեն մի իրադարձություն առաջ է քաշում սոցցանցերի փորձագետների, որոնք, բնականաբար, փորձագետ չեն։ Իրականում, դա այդքան էլ վատ երևույթ չէ։ Եկեք հասկանանք, թե ինչու:

ա) Ամենակարևորը․ դա այդպես է և այդպես էլ լինելու է։ Որովհետև մարդկությունը սկզբից ստեղծել է սոցիալական ցանցերը, հետո երկու ոտքով մտել այնտեղ և մտադիր չէ մոտ ապագայում այդտեղից դուրս գալ։

Իսկ սոցցանցերը, բացի ամենից, առաջին անգամ մարդկության պատմության մեջ ստեղծել են հնարավորություն արտահայտվելու՝ բոլորի համար։ Յուրաքանչյուր մարդ երբեք հնարավորություն չի ունեցել՝ անկախ իր սոցիալական կամ տնտեսական դիրքից, ունենալ ամբիոն և կյանք բացատրել ողջ աշխարհին։

Պանդորայի տուփը բացվել է: Փակել, առավելևս, վերադարձնել ամեն ինչ հետ, չի ստացվի։

Այնպես որ, պետք է ընդունել այս վիճակը որպես օբյեկտիվ և անսասան․ մարդիկ հնարավորություն են ստացել լինելու լրատվամիջոց և փորձագետ միաժամանակ։ Եկեք ընդունեք սա որպես էկոլոգիական փաստ, որպես բնական երևույթ, որի դեմ պայքարել կարելի է միայն անձամբ գնալով մենաստան։

բ) Կոնկրետ Հայաստանում կա լուրջ փորձագետների պակաս։ Իսկական փորձագետների, որոնք մի կողմից լավ հասկանում են ինչ-որ մի ոլորտ, և, կարևորը, ունակ են այդ ոլորտին վերաբերող թեմաների մասին խոսել ոչ մասնագետների, շարքային մարդկանց հետ: Այսինքն, իրենց խոսքն ասել այնպես, որ գոնե ասածի կեսը հասկանալի լինի այդ խեղճ շարքային մարդկանց։

Բավականին շատ ոլորտներում մենք կա՛մ փորձագետ չունենք, կա՛մ իրենք խոսում են գաղտնագրված լեզվով։ Բնականաբար, շարքային մարդիկ հասկանում են, որ իրենք պետք է ինքնուրույն փորձեն հասկանալ իրավիճակը, քանի որ փորձագետը հաստատ կա՛մ ատում է ժողովրդին, կա՛մ ստում է։ Ուրիշ դեպքում այդպես չէր խոսի։

Որպես հետևանք, մարդ փորձում է ինքը դառնալ փորձագետ։ Ինչպես ասել են դասականները․ «Խեղդվողների փրկությունը հենց խեղդվողների գործն է»։

գ) Արդյո՞ք վատ է, որ մարդը փորձում է ինքնուրույն նոր բան հասկանալ։ Արդյո՞ք վատ է, որ սովորում է, թե ինչպես արագ որոնել և մարսել տեղեկատվությունը։ Կարծում եմ, հակառակը, շատ լավ է։ Սա նշանակում է, որ հասարակությունը դեռևս բաղկացած չէ վերջնականորեն արդուկած գլուխներից, որ բազմաթիվ մարդիկ փորձում են գնալ խորը, գտնել նորը։

Խնդիրը, ավելի շուտ, ուսուցչի սինդրոմն է, երբ մարդ մի բան սովորելուց հետո, պարտադիր փորձում է իր կարծիքը բոլորի վզին փաթաթել։ Իսկ սա մեր դպրոցի, կրթական համակարգի մեղքով է՝ դասագրքից սկսած, ուսուցչով վերջացրած: Այդպես են մարդկանց կրթում՝ վզներին փաթաթելով վերջին ատյանի ճշմարտությունը։

Այնպես որ, ֆեյսբուքյան փորձագետների ոճը սկիզբ է առնում մեր դպրոցից։

Իսկ եթե իսկական փորձագետները փորձեն մի քիչ ավելի շատ ժամանակ ծախսել հանրությանը տեղեկացնելու ու կրթելու համար, կարծում եմ, ֆեյսբուքում անալիտիկան կպակասի առնվազն մի քանի անգամ։

Սամվել Մարտիրոսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *