2020.03.09,

Քննադատ

Սնանկ փորձագիտական համայնքը, խունկն ու աստղաբանները

author_posts/samvel-martirosyan
Սամվել Մարտիրոսյան
twiterfacebook

Մեդիա հետազոտող

Կորոնավիրուսը, հանրաքվեն, հնարավոր և առկա միջազգային տնտեսական ճգնաժամը, դրա հնարավոր ազդեցությունը Հայաստանի վրա, իրավիճակը Սիրիայում և ռուս-թուրքական հարաբերությունները սրանք այսօրվա ամենաարդիական թեմաներն են հայաստանյան մամուլում, սոցցանցերում, խոհանոցներում և վարսավիրանոցներում։ 

Բացի դրանցից՝ գոյություն ունեն տասնյակ, հարյուրավոր այլ կարևոր թեմաներ, որոնք մարդկանց հետաքրքրում են։ Կամ հաստատ  կհետաքրքրեին, եթե իրենք դրանց մասին տեղյակ լինեին։ 

Մամուլային տեղեկատվական հոսքերում և սոցցանցային քննարկումներում որպես իրական պատկեր ունենք բազմաթիվ անիրական կամ անհեթեթ կարծիքներ։ Իսկ որոշ կարևոր հարցերում՝ ընդհանրապես ուշադրության բացակայություն։ 

Օրինակ, բոլորիս կողմից հարգված կորոնավիրուսի թեման։

Հայաստանում արդեն մի քանի ամիս է գրեթե համաճարակային տարածում ունեն այլ գրիպային հիվանդություններ։ Դպրոցները հունվարից կիսադատարկ էին։ Սակայն չկար ոչ մի հասարակական հետաքրքրություն, առավելևս, հասարակական ճնշում կառավարության վրա դասերը հետաձգելու։ 

Արդյո՞ք կարիք կար նման գործողությունների, թե՞ ոչ։ Ես պատասխան չունեմ, քանի որ հստակ տեղեկատվություն չունեմ, թե ինչ է կատարվում իմ շուրջը։ Մյուս կողմից, օրը մի քանի անգամ ես տեղեկանում եմ, թե քանի մարդ է վարակվել Հարավային Կորեայում և Իտալիայում։ 

Որտեղի՞ց է ծնվում մասնագիտական տեղեկատվությունը։ 

Սովորաբար, մոտավորապես այսպես. նախարարությունները զանազան թեմաներով չեն զբաղվում, քանի որ մտքներով չի անցնում։ Եվ լրագրողների մի մասը սկսում է որոնել փորձագետներ։ 

Գտնում են հիմնականում Ֆեյսբուքի միջոցով կամ «հայտնի, կարևոր, կարկառուն փորձագետներ» ֆայլում, որը կա լրատվամիջոցի ամենամեծ համակարգչում։ 

Փորձագետն էլ, իր հերթին, այստեղ կամ այնտեղ կարդացել է մի քանի գիրք, որտեղ ներկայացված են քաղաքագիտության, հիպնոզի, ՆԼԾ֊ի սկզբունքները, մասոնականության առաջին երեք աստիճանների կարճ նկարագրությունը երեխաների համար, Սորոսի կենսագրությունը՝ ըստ ուղղափառ եկեղեցու կարգալույծ և փիլոնազուրկ մի շարք մտավորականների։ 

Այս ջենթլմենական պաշարը, սովորաբար, հերիքում է լայն շրջանակով փորձագիտական մեկնաբանություններ տալու համար։ 

Ավելի խորացված փորձագետները տեղյակ են նաև մի շարք յություբյան վլոգերների վերջին հայտնություններից։ Այս պատկառելի անձինք նաև ասուլիսներ են տալիս։ Վերջերս՝ հիմնականում կորոնավիրուսի և ներքաղաքական իրավիճակի մասին։ 

Օրինակ, վերջին մի քանի մամուլի ասուլիսների հայտարարված թեմաներից են՝ «Թեմա` կորոնավիրուս», «Մարտի 1. Ռ. Քոչարյանի գործ»:

Չմոռանանք վերլուծական կենտրոնները։ Այո։ Այդպիսի բաներ կան։ Պետք է լինեն։ Եվ կան։ Կան։ Սակայն, խոստովանեք, որ դժվար մի քանիսի անունը հիմա մտաբերեք։ Իսկ մեծամասնությունը կազմված է մեկ կամ երկու մարդուց, ներառյալ հաշվապահը։ Չնայած, որ անվանումը պարունակում է «ասոցիացիա», «միավորում» և այլ հոգնակի թիվ պահանջող բառեր։ 

Հանդիպե՞լ եք փորձագիտական վեճերի բուն մասնագիտական թեմաների շուրջ։ Դրանք Հայաստանի տարածքում հազվադեպ են։ Այսինքն, հանդիպելը կհանդիպեք։ Սակայն վեճերը կլինեն քաղաքական բնույթի թե ով, ում և երբ է կաշառել այս կամ այլ կարծիքը հայտնելու համար։ 

Բուն մասնագիտական վեճեր հիմնականում կարելի է հանդիպել իրավաբանների ոլորտում։ Սա առանձին մի ոլորտ է, որտեղ հենց հիմնականում միայն վեճեր են հանդիպում։ 

Բայց կողքից լսող իմ նման խեղճ չ֊իրավաբանը բան չի հասկանում։ 

Հիշում եմ, որ 2015-ի սահմանադրական հանրաքվեից առաջ մասնակցել եմ մի շարք քննարկումների, որտեղ վիճում էին իրավաբանները։ Հիմա նույնը կատարվում է ապրիլին սպասվելիք հանրաքվեի շուրջ։ 

Կողքից լսողները կարող են եզրակացնել, որ զրուցակիցները համակարծիք չեն՝ ինտոնացիաներից ելնելով։ Մոտավորապես այսքանը։ 

Բոլոր մնացած հարցերի շուրջ մենք ունենք աստղաբաններ և խունկի միջոցով իրավիճակը «շողուլի բերող» մասնագետներ։ 

Ինչը, կարծես թե, բավարարում է հասարակության նվազագույն պահանջները, քանի որ մնացած, ավելի բարդ հարցերը մարդկանց բացատրում են տաքսիստները և վարսավիրները։ 

(Խնդրում եմ, հանկարծ ոչ մի տաքսիստ կամ վարսավիր չնեղանա ինձանից։ Այս նյութի միակ լուրջ մասը հենց սա էր):

Այսիպիսով, ինչ ունենք (ավելի շուտ՝ չունենք).

  • քաղաքագետներ, տնտեսագետներ, այլագետներ, որոնց գիտական հրապարակումներն ունեն միայն ասուլիսի և ֆեյսբուքյան ստատուսի տեսք,
  • վերլուծական կենտրոններ, որոնց վերլուծություններն ունեն միայն ասուլիսների, ֆեյսբուքյան ստատուսների և բաց նամակների տեսք,
  • լայն շրջանակի փորձագետներ և մասնագետներ, որոնք մեկնաբանում են սովորաբար ամեն ինչ, սկսած եթովպական կայսրին պատկանող կատուների ինքնազգացողությունից, ավարտած՝ ամերիկյան տիեզերական ծրագրերի և այլմոլորակայինների միջև եղած ինտիմ կապերով (բարեբախտաբար, տվյալ փորձագետները նույնպես գիտական հոդվածներ չեն գրում), 
  • աստղաբաններ և խնկապետներ, որոնք վերջնական հարցերի պատասխանները տալիս են։ 

ՀԳ Իհարկե, ես չափազանցրել եմ, թող ներեն «լավ» փորձագետները։ Բայց դուք շատ քիչ եք, տիկնայք և պարոնայք։ 

Սամվել Մարտիրոսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *