2019.10.16,

Ստուգված է

Հոկտեմբերի 1-15-ը շրջանառված կեղծ և հերքված լուրերը

author_posts/karine-ghazaryan
Կարինե Ղազարյան

Լրագրող, սկսնակ նշանագետ

Հոկտեմբերի սկզբին Ֆեյսբուքը լի էր Սիրիայից կեղծ լուսանկարներով, իսկ լրատվամիջոցներում տարածվում էին ՊՆ նախարարի հրաժարականի և Արցախի հակամարտության մասին իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ։

Կեղծ լուսանկարներ՝ Սիրիայի քրդերի վրա հարձակման վերաբերյալ

Ֆեյսբուքում տարածվեցին մի շարք կեղծ լուսանկարներ Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությունների վերաբերյալ։

Media.am-ը պարզեց, որ դրանցից ամենատարածվողներից մեկը արվել էր 1975 թվականին` Մարոկկոյի հարավային շրջանները իսպանական գաղութատիրությունից ազատելու առիթով կազմակերպված «Կանաչ մարշ»-ի ժամանակ։

Որոշ հրապարակումներում այս նկարը ուղեկցվում էր պնդումներով այն մասին, որ քրդերը մասնակցել են Հայոց ցեղասպանության ժամանակ կատարված սպանդին։ «Ի՞նչ ցանել են, էն էլ հնձում են…» կեղծ նկարով հրապարակման մեջ գրել էր 46,000 անդամ ունեցող «Հայերով» ֆեյսբուքյան խմբի համակարգողը։

Սիրիայի քրդերի հարցը շահարկումների թեմա դարձավ նաև լրատվամիջոցներում։ Օրինակ, Pan.am-ը Ֆեյսբուքում հարցում հրապարակեց՝ քուրդ փախստականներ ընդունելու մասին։ Լրատվամիջոցը չէր նշել, որ նման հարց կառավարության և այլ պետական մարմինների օրակարգում չկա։

Աննա Հակոբյանը գործուղման կառավարական ինքնաթիռով չէր մեկնել

Հոկտեմբերի 14-ին Աննա Հակոբյանը իր ֆեյսբուքյան էջում գրեց, որ լրատվականները կեղծ լուր են տարածում այն մասին, որ նա Շվեյցարիա գործուղման է մեկներ կառավարական ինքնաթիռով, մինչդեռ նա ճանապարհորդել է սովորական չվերթով՝ էկոնոմ դասով։ Հակոբյանը նշեց նաև, որ կատակել է դրա մասին Գարեգին Բ կաթողիկոսի հետ, որը մինչ նրանց զրույցը հավատացած էր, որ ամիսներ առաջ ՀՀ առաջին տիկինը Մեհրիբան Ալիևայի հետ նույն ինքնաթիռով է ճանապարհորդել, ինչը ևս կեղծ լուր էր։

Հակոբյանի՝ Շվեյցարիա կառավարական ինքնաթիռով մեկնելու մասին հոդված կա «Հրապարակ» թերթի կայքում։ Թերթը հղում է տալիս Live24.am կայքը «վստահելի աղբյուրներին»։

Հոկտեմբերի 14-ի դրությամբ Live24.am կայքում այս թեմայով լուր չկա։ Ավելին՝ Live24.am-ը սունկ կայք է, այսինքն՝ սա իրական լրատվամիջոց չէ։

«1000 դրամների» հիմնադրամի շուրջ իրարամերժ հայտարարություններ արվեցին

Մի քանի շաբաթ շարունակ Media.am-ը փորձում էր ստուգել պաշտոնյաների իրար հակասող տվյալները՝ «1000 դրամների» հիմնադրամի վերաբերյալ։

ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հարցրեց վարչապետին, թե ու՞ր են նոր գրանցված շուրջ 60,000 աշխատողների փոխանցած 1000 դրամները։

Վարչապետը պնդեց, որ 347.8 մլն դրամով աճել են հիմնադրամ փոխանցումները, մինչդեռ հիմնադրամի տնօրենը ասում էր ավելացումը մոտ երեք անգամ քիչ է։

ՊԵԿ, վարչապետի գրասենյակ, Ֆինանասների նախարարություն և Ազգային վիճակագրական ծառայություն մի քանի հարցումներ ուղարկելով Media.am-ը կարողացավ պարզել միայն Տիգրան Ուրիխանյանի հարցի պատասխանը։ Վարչապետի և «1000 դրամների» հիմնադրամի տնօրենի՝ իրար հակասող հայտարարությունների պատճառը չպարզաբանվեց։

Պատվաստումից հետո բարդություն չի արձանագրվել

Հոկտեմբերի սկզմին լրատվամիջոցներում նորից շրջանառվեց պատվաստումերի  մասին կեղծ տեղեկություն։

Shamshyan.com-ը գրեց, որ պատվաստումից հետո 9 ամսական երեխան ծայրահեղ

ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։ Հոդվածը ուներ շուրջ 113,000 դիտում, բայց տեղեկությունը չէր համապատասխանում իրականությանը․ երեխայի մոտ հայտնաբերվել էր սուր սեպտիկ բորբոքային վիճակ, որը կապ չուներ պատվաստման հետ։

Պատվաստումների հետ կապը եղել է ընտանիքի ենթադրությունը, որը լրատվամիջոցը չէր ստուգել։ Առողջապահության նախարարությունը և «Արաբկիր» ԲԿ-ն հերքեցին տեղեկությունը։

Պատվաստումները վտանգավոր վարակներից պաշտպանվելու արդյունավետ միջոց են։ Դրանց՝ աուտիզմ և այլ բարդություններ առաջացնելու մասին տեղեկությունը դավադրության տեսություն է և չի համապատասխանում իրականությանը։

Ռուսական և ադրբեջանական մամուլի կեղծ լուրը հրապարակվեց հայկական կայքում

«Տեղեկատվության ստուգման կենտրոնը» անդրադարձել էր ռուսական «Независимая газета» պարբերականում հրապարակված և ադրբեջանական կայքերում տարածվող 5 մլրդ դոլարի դիմաց Արցախի 5 շրջանները հանձնելու մասին նյութի հայերեն թարգմանությանը։

Թարգմանությունը հրապարակել էր Antifake.am կայքը, որը թև ներկայանում է որպես փաստերի ստուգման հարթակ։

Հոդվածի թարգմանությունը կատարվել էր ընտրողաբար։ Օրինակ, Միքայել Մինասյանի հետ կապված կոռուպցիայի և Սերժ Սարգսյանի՝ Հայաստանը ԱՄՆ-ն ազդեցությանը «հանձնելու» մասին հատվածները չէին թարգմանվել։

Դավիթ Տոնոյանը հրաժարական չի տվել

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը հրաժարական կտա։ Թև լուրը հերքվեց, շատ լրատվամիջոցներ Տոնոյանի հրաժարականի մասին վերնագրերով նյութեր հրապարակեցին։

Օրինակ, SputnikArmenia կայքի «Դավիթ Տոնոյանն ազատվե՞լ է պաշտոնից. նախագահականի, ՊՆ–ի ու Փաշինյանի արձագանքը» հոդվածում նշվում էր, որ լուրը հերքվել է ՊՆ խոսնակի և վարչապետի կողմից, սակայն ո՛չ վերնագրից, ո՛չ ենթավերնագրից սա հասկանալի չէր։

Հին կեղծ լուրը նորից տարածվեց

2015 թվականի նոյեմբերին Analitik.am-ը կեղծ լուր էր հրապարակել այն մասին, թե Հյուսիսային Կորեան սպառնացել է «միջուկային զենք կիրառել և ոչնչացնել Թուրքիան»։

2019-ի հոկտեմբերին Թուրքիան ռազմական գործողություններ սկսեց Սիրիայում, և այս լուրը՝ նույն վերնագրով, հրապարակվեց Slim.am կայքում։ Նյութի տեքստը անփոփոխ էր, բայց լրացված էր ԱՄՆ նախագահի հայտարարության թարգմանությամբ։

Կեղծ լուրը տարածվեց նաև սունկ կայքերում։

Վիտալի Բալասանյանը իրականությանը չհամապատասխանող պնդումներ արեց

«Փաստերի ստուգման հարթակը» անդրադարձավ Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի հայտարարություններին։

«168 ժամ» օրաթերթում հրապարակված հարցազրույզում Բալասանյանը արել էր իրականությանը չհամապատասխանող մի շարք պնդումներ Փաշինյանի՝ սահմանադրական կարգը տապալելու, կոնգրեսական Ադամ Շիֆի հետ վարչապետի հանդիպման և այլ թեմաների շուրջ։

Նիկոլ Փաշինյանի և Բակո Սահակյանի հանդիպման մասին մանիպուլյացիաներ տարածվեցին

Հոկտեմբերի 15-ին կայացած Հայաստանի և Արցախի ղեկավարների հանդիպմանը հաջորդեցին դավադրության տեսություններ։ 7or.am կայքի խմբագիր Արգնազ Մանուկյանը և Հանրային ռադիոյի նախկին փոխտնօրեն Լիկա Թումանյանը մանիպուլյատիվ հայտարարություններ արեցին Արցախի դրոշի բացակայության և Փաշինյանի՝ Արցախի ղեկավարի «մարզպետ» անվանելու մասին։

Արցախի դրոշի առկայությունը, սակայն, արարողակարգով սահմանված չէր։ Դրոշը բացակայում էր նաև Կարեն Կարապետյանի և Սերժ Սարգսյանի՝ նույն ձևաչափով Արցախի նախագահի հետ հանդիպումների ժամանակ։

Հանդիպման տեսագրության մեջ «մարզպետ» բառը լսել հնարավոր չէր․ ձայնի որակը ցածր էր, և կարելի էր միայն ենթադրություններ կառուցել այն մասին, թե բառ է ասում վարչապետը։

Վարչապետի պաշտոնական կայքում հրապարակված մամլո հաղորդագրության մեջ օգտագործված է «Հարգելի պարոն նախագահ, հարգելի պարոն Սահակյան» ձևակերպումը։

Կարինե Ղազարյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *