2019.12.03,

Ստուգված է

Նոյեմբերի 15-30-ը շրջանառված կեղծ և հերքված լուրերը

author_posts/arshaluys-barseghyan
Արշալույս Բարսեղյան

Լրագրող

Նոյեմբերի երկրորդ կեսին կեղծ և մանիպուլյատիվ տեղեկություններ գտնելու հարցում առավել ակտիվ էին քաղաքական ուժերը՝ ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն։ Քննարկման նյութ դարձավ Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի լրագրողական փոխայցը, որի հետ կապված ադրբեջանական ԱԳՆ-ն կեղծ տեղեկություն տարածեց։ Այս ընթացքում նաև հրապարակվեց ՀՀ երրորդ հանրապետության խորհրդարան անցած ուժերի և դրանց մեդիա կապերի մասին։

Ստուգվեց Փաշինյանի հրապարակած վիճակագրությունը

Վարչապետ Փաշինյանի՝ նոյեմբերի 27-ի գրառման մեջ պարզվեց սխալ կա։ Սխալը գտնողն էլ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն էր։ Ավելին, սխալը ոչ թե մեկն էր, այլ երկուսը․

1․ Ըստ բիտանական վերլուծական ինստիտուտի 2019 թվի Legatum Prosperity Index-ի Հայաստանը, ինչպես ասում է Փաշինյանը, զբաղեցրել է 61-րդ տեղը՝ նախորդ տարվա համեմատ բարելավելով իր դիրքը ոչ թե 27, այլ՝ 7 կետով։

2․ Աշոտյանը նաև ուղղում է, որ վարկանիշի հեղինակները երկրները համեմատում են ոչ թե 9, այլ 12 չափանիշով։

Վիճակագրական այս խառաշփոթին անդրադառնում է կառավարության «Տեղեկատվության ստուգման կենտրոն» ՊՈԱԿ-ը՝ ուղղում Աշոտյանին, այնուհետ ուղղում ինքն իրեն, բայց ոչ թե հերքում հրապարակելով, այլ ուղղակի կայքից ու որոնման համակարգերի հիշողությունից հեռացնելով նյութը։ Սակայն նույն Աշոտյանը Ֆեյսբուքում տեղադրում է հրապարակման լուսանկարը՝ մանրամասնելով ու ամրագրելով՝ «Ես ճիշտ էի, Նիկոլը սխալվեց»։

Այս լուրը ստուգել է «Փաստերի ստուգման հարթակ»-ը ու պարզել, որ վերջին՝ 2019 թվի զեկույցը կազմելիս տեղի է ունեցել մեթոդաբանության փոփոխություն: Հեղինակները հրապարակել են նախորդ տարիների արդյունքերը՝ ըստ նոր մեթոդաբանության։ Արդյունքում ստացվում է, որ ինչպես Աշոտյանն է ուղղում` Հայաստանը դիրքերը բարելավել է 7 տեղով, իսկ վարկանիշի հեղինակները երկրները համեմատում են 12 չափանիշով։

Տեխնիկական վրիպակը

«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանի այս միտքը` «Անցած մեկ և կես տարին ի ցույց դրեց «իզմերի» բացակայության ամբողջ պերճանքն ու թշվառությունը, ինչը փոխակերպվեց իշխանության անդեմ և անանուն բնույթի», մի պահ թվաց երկու հեղինակ ունի։

Այն «5-րդ ալիք» ՀԸ-ի ֆեյսբուքյան էջի #Մեջբերումներ հեշթեգի տակ նոյեմբերի 24-ին տեղադրվեց առանձին-առանձին՝ մի դեպքում վերագրվելով Ղազինյանին, մյուսում՝ Արցախի Մարդու իրավունքների նախկին պաշտպանին՝ Ռուբեն Մելիքյանին։ Արդյունքում, երկու մեջբերումները միավորվեցին մեկ նկարում ու շրջանառվեցին ֆեյսբուքյան օգտատերերի շրջանում։

Նկարը իր էջում կիսեց «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը՝ գրելով․ «Սովետական «Ադամանդե ձեռքը» ֆիլմում հայտնի արտահայտություն կար` Дитям — мороженое, бабе — цветы. Смотри, не перепутай!.. 😀»։ Պատգամավորը իր լսարանին նույն հրապարակման մեջ ավելի ուշ տեղյակ է պահում, որ Ռուբեն Մելիքյանը հերքել է, որ նման բան է ասել։ Վերջինիս պահանջով էլ «5-րդ ալիք»-ն է տեխնիկական վրիպակի մասին հրապարակում արել։

ՀՅԴ փաստերի ստուգումը

Նոյեմբերի սկզբից ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ՀՅԴ Երիտասարդական միության անդամները տեղեկատվական հարցման միջոցով ստուգեցին նախարարի՝ ճեպազրույցի ընթացքում արված հայտարարությունը, թե Դատախազությանը և Քննչական կոմիտեին դիմել են, որ՝ իրենց տրամադրեն այն քրեական գործերի ցանկերը, որոնք առնչվում էին ՀՅԴ-ականների ղեկավարած համակարգերին։

Սրան ի պատասխան, ՀՅԴ ՀԵՄ-ը հարցումներ է ուղարկում նախարարի նշած մարմինները՝ ինչպես նաև ՀՔԾ, Ոստիկանություն, ԿԳՄՍ նախարարություն ու պարզում, որ միայն ՀՀ Քննչական կոմիտեն է հարցում ստացել նախարարությունից, այն էլ նախարարի վերը նշված հայտարարությունից հետո։

Հարցումների մանրամասներին անդրադառնում է Գեղամ Մանուկյանը «Երկիրն այսօր»-ի իր՝ «Անկեղծ ասած» հավելվածում։ Լրագրողի խոսքով՝  նախարարի ճեպազրույցի ժամանակ ասածը «մեղծ ասած ոչ ճիշտ տեղեկություն» է։

Մեդիան ու խորհրդարանական ուժերը

Նոյեմբերի 25-ին Ազգային ժողովում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարում է, թե «Հայաստանի պատմության մեջ միակ խորհրդարանական ուժն ա «Լուսավոր Հայաստանը», որ մեդիա չունի»։ Մարուքյանի հայտարարությունը ստուգել է «Փաստերի ստուգման հարթակը» ու պարզել, որ նրա հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը։ Իր ղեկավարած կուսակցությունը մինչև վերջերս ուներ սատարող լրատվամիջոց՝ 1in.am-ը։

Ավելին, ոչ թե Լուսավոր Հայաստանը, այլ Հայաստանի քաղաքական կյանքում «Ազգային միաբանություն» և «Ժառանգություն» կուսակցությունները չեն ունեցել ոչ մի մեդիա ռեսուրս։

Հարթակը նաև պատմական անդրադարձ է անում Հայաստանի երրորդ հանրապետությունում խորհրդարան անցած ուժերի և նրանց մեդիա կապերին։ Օրինակ, Կոմունիստական կուսակցության խոսափողը «Սովետական Հայաստան» օրաթերթն էր, իսկ ՀՀՇ-ին սատարում էր «Հայք» պարբերականը։ ՀՀԿ-ի հետ փոխկապակցված էր «Արարատ» հեռուստաընկերությունը, իսկ խորհրդարան անցած բացառապես կանացից կազմված «Շամիրամ» կուսակցության ղեկավար Շողեր Մաթևոսյանը հանդիսանում էր «Չորրորդ իշխանություն» թերթի գլխավոր խմբագիրը և այլն։

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակի սուտը

Ադրբեջանի Արտգործնախարարության մամուլի խոսնակ Լեյլա Աբդուլաևան մանիպուլյատիվ հայտարարություն էր տարածել նոյեմբերի 17-21-ը Արցախի, Հայաստանի և Արդբեջանի լրագրողների փոխայցերի մասով։ Համաձայն նրա, Ադրբեջանում հայ լրագրողները ի թիվս լրագրողների, ՀԿ սեկտորի և ակադեմիական ներկայացուցիչների, հանդիպել են Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի հետ։

Այս լուրը Ազատության տաղավարում հերքում է «Շանթ» ՀԸ-ի մեկնաբան Արտյոմ Երկանյանը՝ այն համարելով սուտ։ Բացատրել, որ ՀԿ սեկտորի հետ հանդիպմանը ներկա է եղել «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնք» կոչվող հասարակական կազմակերպության ներկայացուցիչ․ «Նա բանավեճին առանձնապես ակտիվ չի եղել, նրա ներկայության փաստը այդ հանդիպմանը ամենևին էլ չի կարող վկայել այն մասին, որ հայ լրագրողները հանդիպում են ունեցել Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի հետ», – ասում է Երկանյանը:

Արշալույս Բարսեղյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *