Հունիսի 1-15-ը շրջանառված կեղծ և հերքված լուրերը

16.06.2019, Ստուգված է

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի փաստերի ստուգման խմբի անդամ

Հունիսի առաջին կեսին տարածված կեղծ լուրերը ասում էին, թե 2016-ի քառօրյա պատերազմի մասնակիցների ուսման վարձը չեն փոխանցել, Մանվել Գրիգորյանը կոմայի մեջ է, հաստատվել է ԲՀԿ նախագիծը, ու այսուհետ քրեականացված է 16 տարին չլրացած անձանց շրջանում ոչ ավանդական սեռական կողմնորոշում քարոզելը։

Ուսման վարձի առեղծվածը

168.am-ը հունիսի 5-ին գրել էր, թե Կառավարությունը խաբել է ապրիլյան պատերազմին մասնակցած ուսանողներին և չի փոխհատուցել ուսվարձերի զեղչերը, ինչի հետևանքով մի քանի բուհերում մեծաթիվ ուսանողների թույլ չեն տվել մտնել քննության։ Լուրին կառավարության նիստում անդրադարձավ նախարար Արայիկ Հարությունյանը, պարզաբանելով, որ «Ըստ ընթացակարգի՝ այս գործընթացը տեղի է ունեցել մարտ ամսին, երբ մենք բոլոր դիմումները հավաքագրել ենք. փոխանցումները կատարված են: Այսինքն, եթե նույնիսկ շատ էլ ցանկանայինք, չէինք կարող չեղարկել»։

Նախարարը նաև հավելել է, որ ապրիլյան պատերազմի մասնակիցների համար 2-րդ փուլ են սահմանել, որպեսզի ովքեր չէին հասցրել մասնակցեն՝ դիմեն և վստահեցրեց, որ նախարարությունը բողոք չի ստացել այդ խնդրի առնչությամբ:

Առողջական ծայրահեղ ծանր վիճակում, բայց ոչ կոմայի մեջ

Հունիսի 6-ին panorama.am-ի «Մանվել Գրիգորյանը կոմայի մեջ է» վերնագրով լուրը շրջանառվեց մի շարք կայքերում։ Կայքը գրում է, թե կտրուկ վատացել է քրեակատարողական հիմնարկում պահվող գեներալ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը, նա տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց և կոմայի մեջ է։ Կայքը նաև մեկնաբանություն էր վերցրել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանից, որն ասում է, թե «Համարյա գիտակցության կորուստով իմ պաշտպանյալը շտապ օգնության մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց»։

Գեներալի՝ կոմայի մեջ լինելու լուրը հերքել է «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի փոխտնօրեն Արտակ Մանուկյանը fip.am-ի հետ զրույցում, ասելով, որ Գրիգորյանն իրենց բժշկական կենտրոն է տեղափոխվել «ծայրահեղ ծանր» վիճակում, սակայն ոչ այդ պահին, ոչ էլ խոսակցության ժամանակ կոմայի մեջ չէ։

Նորից ու նորից Սորոսն ու ստերը

ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանի՝ հունիսի 3-ի 5-րդ ալիքին տված հարցազրույցին անդրադարձել է fip.am-ը, հյուրի խոսքում մի շարք մանիպուլյատիվ կամ իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ գտնելով։ Դրանց մեծ մասը վերաբերում է «Բաց հասարակության հիմնադրամներ»-ին, որից մեկը արդեն մի քանի անգամ հերքված լուրն է, թե այս հիմնադրամը Ավստրիայում փակվել է կանցլերի հրամանով։

Հարթակը գրում է, որ կեղծ էր նաև պնդումը, թե ԲՀՀ Հայաստան գրասենյակի շրջանառությունն 2018 թվին կազմել է 7.7 մլն դոլար։ Իրականում, 2018-ին ԲՀՀ-ն Հայաստանին տրամադրել է 1.77 մլն դոլարի և 77.97 մլն դրամի (~160 000 դոլար) 51 դրամաշնորհ։  

Fip.am-ը նաև ադրադարձել է «ՎԵՏՕ» շարժման ղեկավար Նարեկ Մալյանի նույն «Բաց հասարակություն հիմնադրամներ»-ի մասին տարածած մանիպուլյացիաներն ու կեղծ տեղեկություններին։

Ոչ թե 30 մլն դրամ և 55,000 դոլար, այլ 3,4 մլն դրամ, 2800 դոլար, 1300 եվրո

Tert.am հունիսի 6-ին հերքում տարածեց իր հրապարակման վերաբերյալ, որտեղ ասվում էր, թե ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանը համաձայն իր տարեկան հայտարարագրի ունի 30 մլն դրամ և 55,000 դոլար կարողություն։

Նախարարության պարզաբանման մեջ ասվում է, որ «Իրականում Լիլիա Շուշանյանը հայտարարագրել է 1 բնակարան և հանձնել է 8000 դոլար փոխառություն: Փոխնախարարը հայտարարագրել է հետևյալ դրամական միջոցները. 3,4 միլիոն դրամ, 2800 դոլար, 1300 եվրո: Վերջինիս եկամուտները կազմել են 16 միլիոն 731 դրամ, որը ստացվել է 3 աղբյուրից. նվիրատվություն՝ 15 միլիոն դրամ, աշխատավարձ՝ 1 միլիոն 472 հազար դրամ, այլ եկամուտներ՝ 258 հազար 600 դրամ: Ընդ որում, հայտարարագրում նշված նվիրաբերության գումարը՝ 15 մլն դրամը, նույն բնակարանի շուկայական արժեքն է»։

Պարզվում է նաև, որ փոխնախարարը ներկայացրել է ոչ թե տարեկան, այլ պաշտոնի ստանձնման հայտարարագիր։ Տարեկան հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն փոխնախարարն այս պահին չունի:

ԲՀԿ նախագիծը չէր հաստատվել

Media.am-ը գրեց այն մասին, որ մի քանի լրատվամիջոց սխալ մեկնաբանեցին կառավարության եզրակացությունը «Բարգավաճ Հայաստան»-ի առաջարկած օրենքի նախագծի վերաբերյալ։ Դրանով առաջարկվում էր լրացում կատարել քրեական օրենսգրքում՝ 16 տարին չլրացած անձանց շրջանում «ոչ ավանդական սեռական կողմնորոշում քարոզելու» վերաբերյալ։ Սակայն, հունիսի 13-ին կառավարության նիստում քննարկեցին և բացասական եզրակացություն տվեցին նախագծին, հիմնավորելով՝  նախագծում առկա էին մի շարք խնդրահարույց կետեր։ Չնայած որ որոշում կայացվեց օրենքը թողնել անփոփոխ, սակայն news.am-ը, armdaily.am-ը և Aysor.am-ը լուրը ներկայացրեցին այնպես, կարծես այդ եզրակացությունը դրական էր։

Նշանակումը սահմանադրությանը չէր հակասում

Politik.am-ի հունիսի 14-ին տեղեկությունը, թե Սփյուռքի գործերի հանձնակատարի պաշտոնում Զարեհ Սինանյանին նշանակումը սահմանադրության խախտում է, ապատեղեկատվություն է։ Այս մասին հունիսի 14-ին գրում է Տեղեկատվության ստուգման կենտրոնը՝ հղում անելով Հանրային ծառայության մասին օրենքին․

«Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոնը համարվում է հայեցողական պաշտոն։ Հետևաբար՝ այս պաշտոնում նշանկված անձը չի հանդիսանում կառավարության անդամ և չպետք է բավարարի պատգամավորին ներկայացվող պահանջները»։ Նույն Հանրային ծառայության մասին օրենքի 8-րդ հոդվածի 3.1 կետը սահմանում է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի չափանիշները՝ «բարձրագույն կրթություն ունեցող, 25 տարին լրացած, հայերենին տիրապետող, ինչպես նաև առնվազն երկու օտար լեզվի իմացությամբ անձ»:

Արշալույս Բարսեղյան

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?