Դեկտեմբերի առաջին կեսին հայաստանյան մամուլը քննարկում էր արաբական շեյխերի այցը Երևան, մեղադրում էր ֆուտբոլային մրցավար Պիերլուիջի Կոլինային Հայաստանից ապօրինի երեխա որդեգրելու համար և հաշվում ամանորյա միջոցառումների բյուջեն։
Պիերլուիջի Կոլինան Հայաստանից ապօրինի ճանապարհով երեխա չի որդեգրել
Դեկտեմբերի 5-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրեց, որ օտարերկրացիների կողմից ապօրինի որդեգրման մասին ԱԱԾ հաղորդագրության հետքերով պարզել է, թե երեխաներից մեկին որդեգրել է աշխարհահռչակ ֆուտբոլային մրցավար Պիերլուիջի Կոլինան։
Թերթը չէր նշում, թե ինչպես է պարզել այս հանգամանքը և ինչ ապացույցներ ունի։ Նյութը նույնությամբ վերատպեցին Zham.am-ը, Tert.am-ը, News.am-ը և մի շարք այլ կայքեր։
Արդարադատության նախարարությունը հերքեց լուրը։ Կոչ անելով չտարածել ապատեղեկատվությունը` նախարարությունից նաև հավելեցին, որ որդեգրման գաղտնիքը որդեգրողի կամքին հակառակ հրապարակելու դեպքում նախատեսում է քրեական պատասխանատվություն:
Կոլինան նույնպես անդրադարձավ տեղեկությանը, նշելով, որ «ապշած էր» կարդալով լուրը, և որ ինքն ու կինը երբևէ չեն պլանավորել երեխա որդեգրել։
Շեյխերը Հայաստանում․ Գագիկ Ծառուկյանը և նրա գործընկերները կեղծ տեղեկություն են հաղորդում
Դեկտեմբերի սկզբին մեդիայում ակտիվորեն քննարկվում էր արաբական շեյխերի և քաղաքապետ Հայկ Մարությանի հանդիպումը։
ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ քաղաքապետարանը վանել է միլիարդատեր օտարերկրյա ներդրողներին՝ ընդհատելով նրանց հետ հանդիպումը։
Ըստ Ծառուկյանի, ներդրողները, որոնց թվում էին Արաբական Միացյալ Էմիրությունների շեյխեր, ցանկացել են Երևանում կառուցել երկու հյուրանոց և բարեգործական հիվանդանոց, բայց նրանց ներկայացուցիչները քաղաքապետի հետ հանդիպումից դուրս են եկել հիասթափված և «սառեցրել» են ներդրումները։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում պաշտպանեց Մարությանին, նշելով, որ ներդրողները հանդիպմանը եկել են ջինսերով և հանդիպման ընթացքում մի քանի անգամ զրուցել են հեռախոսով՝ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով։
Ծառուկյանը հակադարձեց՝ զանգողը շատ կարևոր մարդ էր՝ Աբու Դաբիի թագաժառանգը, որն այդ պահին գտնվում էր Հայաստանում։
Հետագայում պարզվեց, որ հանդիպմանը ներկա է եղել Ջաբեր Ալմարզուքին, որը Գագիկ Ծառուկյանի գործընկերն է և Euromotors ընկերության տնօրենը։ Ծառուկյանը բաժնեմաս ունի Euromotors-ում։ Euromotors-ը պատկանում է արաբական Princess Group ընկերությանը, որի սեփականատերը Ալմարզուքիի եղբայրն է:
Ջաբեր Ալմարզուքին հայտարարեց նաև, որ Աբու Դաբիի թագաժառանգն այդ օրերին Հայաստանում էր, և հենց նա էր իրենց զանգում (նրա խոսքերը թարգմանված ներկայացվել են Ծառուկյանին պատկանող «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում)։
Սակայն Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանատնից հերքեցին թե՛ Ծառուկյանի, թե՛ Ալմարզուքիի հայտարարությունները, նշելով, որ թագաժառանգը երբևէ Հայաստանում չի եղել։
ԱԺ պատգամավորը Փաշինյանից հանձնարարական չի ստացել
«Հրապարակ» թերթը գրել էր, թե Փաշինյանը «հանձնարարել է» ԱԺ պատգամավոր Համազասպ Դանիելյանին կուսակցությունների և ընտրական օրենսգրքի նոր նախագծերը ներկայացնել ԱԺ քվեարկության մինչև տարեվերջ։
Թերթը նաև պնդեց, որ Փաշինյանը մտադիր է փոխել կառավարման համակարգը՝ երկիրը դարձնելով կիսանախագահական։
«168 ժամ»-ին տրված հարցազրույցում Համազասպ Դանիելյանը հերքեց այս պնդումները, նշելով, որ նոր օրենքների ներկայացման ժամկետների մասին հրապարակայնորեն հայտարարվել է, իսկ լրատվամիջոցը փորձում է թափանցիկ տեղեկությունը ներկայացնել որպես գաղտնի։
«Հրապարակի» կայքում հոդվածը հասանելի չէ։
Ամանորյա միջոցառումների համար 548 մլն դրամ չի ծախսվի
Antifake.am-ը կայքը կեղծ տեղեկություն հրապարակեց այն մասին, որ ամանորյա միջոցառումների բյուջեն կազմում է 548 մլն դրամ։ «Լույս» խմբակցության ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանն էլ պնդեց, որ քաղաքապետարանը հատկացրել է 525 մլն դրամ։
«Փաստերի ստուգման հարթակը» անդրադարձավ ամանորյա միջոցառումների կազմակերպման համար հատկացվող գումարի չափին, նշելով, որ այն ընդհանուր առմամբ կազմում է շուրջ 424 մլն դրամ։
Այս գումարը ներառում է հիմնական միջոցառումներին համայնքի բյուջեից տրամադրվող 54 մլն դրամը, վարչական շրջաններին լուսավորության և հանրային միջոցառումների համար տրամադրվող շուրջ 84 մլն դրամը, վարչական շրջաններին աշխատակազմի ամանորյա կորպորատիվ միջոցառումների համար տրամադրվող 15 մլն դրամը և այս տարի առաջին անգամ պետբյուջեից տրամադրվող հավելյալ շուրջ 271 մլն դրամը։
Մարինա Խաչատրյանի հայտարարությունը անհիմն էր
Դեռ նոյեմբերին ավագանու նախկին անդամ Մարինա Խաչատրյանը հայտարարել էր, թե «Գյումրու տնակներում բնակվող կանայք արցունքն աչքերին իրենց երեխաներին վաճառում են թուրքերին»։
Հայտարարության առթիվ ոստիկանությունը ստուգումներ է անցկացրել։ Դեկտեմբերի 6-ին Գյումրու ոստիկանությունից հայտնեցին, որ դեպքի առթիվ որևէ տվյալ ձեռք չի բերվել։
Ոստիկանների հետ զրույցի ժամանակ Մարինա Խաչատրյանը խոստովանել էր, որ որևէ քաղաքացի իրեն չի ահազանգել, նա չունի տուժողների տվյալներ և հայտարարությունն արել է հիմնվելով օդում կախված լուրերի վրա։
Էկոլոգիայի մասին Լապշինի գրառման մեջ անճշտություններ կան
Բլոգեր Ալեքսանդր Լապշինը գրառում էր կատարել Հայաստանի վատ էկոլոգիական վիճակի մասին, նշելով, որ Երևանը աշխարհի 10 ամենաաղտոտված քաղաքների շարքում է։
Լապշինի գրառումը վերատպեցին News.am-ը, «168 ժամը» և այլ լրատվականներ։
Երևանի աղտոտվածության մասին տեղեկությունը սխալ է՝ Հայատանի մայրաքաղաքը չի դասվում աշխարհի 50 ամենաաղտոտված քաղաքների շարքին։
Լապշինի գրառումը պարունակում էր նաև այլ անճշտություններ։ Օրինակ, նա նշել էր, որ Հայաստանում սրտի կաթվածի տարեկան 20-30 հազար նոր դեպք է գրանցվում։ Առողջապահության նախարարության տվյալների համաձայն, սակայն, այս թիվը զգալիորեն ցածր է։
Գաղտնալսման գործով ձերբակալվածներ չկան
Դեկտեմբերի 5-ին Politik.am-ը հայտնեց, որ ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսման գործով կասկածյալը ձերբակալվել է դեռ ամիսներ առաջ։ Լրատվականը հավելեց, որ ձերբակալվածը Ռուսաստանի քաղաքացի է և ազգությամբ ռուս։
Լուրը կեղծ էր․ Քննչականից հերքեցին տեղեկությունը, նշելով, որ այս քրեական գործով ձերբակալվածներ չկան։
Քննչականի նախագահը դատախազներին «կղանք» չի անվանել
Դեկտեմբերի 10-ին «Ժամանակ» թերթը գրեց, որ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը դատախազներին անվանել է «կղանք»։
Հոդվածը վերատպեցին մի քանի կայքեր, այն մեջբերվեց Irates.am-ում հրապարակված հեղինակային հոդվածում։
Նույն օրը Քննչականից հերքեցին լուրը։ Ի դեպ, լուրն ունի 4909, իսկ հերքումը՝ 630 դիտում։
Հայաստանը չի քննարկում հակամարտության փուլային կարգավորումը
Դեկտեմբերի 4-ին Բրատիսլավայում կայացավ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը։ Հանդիպումից հետո Էլմար Մամեդյարովը հայտարարեց, թե հայկական կողմը բանակցությունների ժամանակ ներկայացրել է այդ թվում «Լավրովի պլանը», որը ենթադրում է հակամարտության փուլային լուծում։
Փուլային տարբերակը նախատեսում է հայկական զորքերի դուրս բերում և ադրբեջանցի բնակչության վերադարձ Արցախ և դրանից հետո միայն Արցախի կարգավիճակի որոշում։ Այս տարբերակը նախընտրելի է ադրբեջանական կողմի համար։
ՀՀ ԱԳ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հերքեց Մամեդյարովի հայտարարությունը։ Նա նշեց, որ բանակցությունների սեղանին այս պահին որևէ փաստաթուղթ դրված չէ։
WizzAir-ի ուղղությունները դեռ հայտնի չեն
Դեկտեմբերի 15-ին լուր տարածվեց, որ հունվարից WizzAir ավիաընկերությունը Գյումրու օդանավակայանից ուղիղ թռիչքներ կիրականացնի Փարիզ և Լոնդոն։
Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը հերքեց լուրը։ Նա նշեց, որ ավիաընկերությունը թռիչքների ուղղությունների մասին պաշտոնական հայտարարություն կանի ավելի ուշ։
Դեկտեմբերի 16-ին WizzAir-ի ներկայացուցչի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Ռևազյանը հայտարարեց, որ թռիչքները կսկսվեն գարնանը և կիրականացվեն դեպի Վիեննա և Վիլնյուս։
Կարինե Ղազարյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: